Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

ԳԼՈՒԽ 3

«Բոլոր հավատ ունեցողների հայրը»

«Բոլոր հավատ ունեցողների հայրը»

1, 2. Ինչպե՞ս էր աշխարհը փոխվել Նոյի օրերից ի վեր, և ինչպե՞ս էր Աբրահամը վերաբերվում դրան։

ԱԲՐԱՀԱՄԸ * նայում էր զիկկուրատի՝ աստիճանաձև, սանդղավանդավոր աշտարակի կողմը, որը վեր էր խոյանում իր հայրենի Ուր քաղաքի վրա։ Այդ կողմից մարդկանց ձայներ էին լսվում, և ծուխ էր բարձրանում։ Քրմերը դարձյալ զոհ էին մատուցում լուսնի աստծուն։ Աբրահամը, դեմքը խոժոռելով և գլուխն օրորելով, շրջվեց ու քայլերն ուղղեց դեպի տուն։ Մինչ նա անցնում էր ամբոխի միջով, հավանաբար մտածում էր, թե որքան է կռապաշտությունը ողողել քաղաքը և ինչպես է ժանտախտի պես տարածվել Նոյի օրերից ի վեր։

2 Նոյը մահացել էր Աբրահամի ծնվելուց երկու տարի առաջ։ Երբ նա իր ընտանիքի հետ Ջրհեղեղից հետո դուրս էր եկել տապանից, զոհ էր մատուցել Եհովա Աստծուն, նա էլ, ի պատասխան, երկնակամարում ծիածան էր բարձրացրել (Ծննդ. 8։20; 9։12–14)։ Այդ ժամանակ գոյություն ուներ միայն մեկ ճշմարիտ երկրպագություն։ Իսկ այժմ, երբ Նոյից հետո տասը սերունդ էր առաջ եկել և տարածվել երկրով մեկ, քիչ թվով մարդիկ էին մաքուր երկրպագություն մատուցում Աստծուն։ Ամենուրեք մարդիկ հեթանոսական աստվածների էին պաշտում։ Նույնիսկ Աբրահամի հայր Թարան էր կռապաշտությամբ զբաղվում և, հավանաբար, կուռքեր պատրաստում (Հեսու 24։2

Ինչպե՞ս Աբրահամը դարձավ բոլոր հավատացողների հայրը

3. Ինչո՞վ էր Աբրահամը տարբերվում մյուս մարդկանցից, և ի՞նչ կարող ենք սովորել նրանից։

3 Աբրահամը տարբերվում էր բոլորից, քանի որ ճշմարիտ Աստծուն էր հավատում։ Հետագայում Պողոս առաքյալը սուրբ ոգու ներշնչմամբ գրեց, որ նա բոլոր հավատ ունեցողների հայրն է (կարդա՛ Հռոմեացիներ 4։11)։ Տեսնենք, թե ինչն օգնեց Աբրահամին ամուր հավատ զարգացնելու։ Մենք շատ բան կարող ենք սովորել նրա օրինակից։

Երկրպագությունը Ջրհեղեղից հետո

4, 5. Ումի՞ց կարող էր Աբրահամը իմանալ Եհովայի մասին, և ինչո՞ւ է դա հավանական։

4 Ինչպե՞ս է Աբրահամը իմացել Եհովա Աստծու մասին։ Այդ օրերում Եհովան հավատարիմ ծառաներ է ունեցել երկրի վրա։ Սեմը նրանցից մեկն է եղել։ Թեպետ նա Նոյի երեք որդիներից ավագը չէ, սակայն հաճախ սկզբում նրա անունն է հիշատակվում հավանաբար այն պատճառով, որ նա մեծ հավատի տեր մարդ է եղել *։ Ջրհեղեղից որոշ ժամանակ անց Նոյը Եհովայի մասին խոսեց որպես «Սեմի Աստծու» (Ծննդ. 9։26)։ Սեմը հարգանք էր դրսևորում թե՛ Եհովայի, թե՛ մաքուր երկրպագության հանդեպ։

5 Աբրահամը ճանաչո՞ւմ էր Սեմին։ Հնարավոր է։ Պատկերացրու Աբրահամին փոքր տարիքում։ Որքա՜ն ոգևորիչ կլիներ նրա համար իմանալ, որ իր կենդանի նախահայրերի մեջ կա մեկը, ով ավելի քան 400 տարվա կյանք է տեսել։ Սեմը տեսել էր ծայրահեղ չարությամբ լցված նախաջրհեղեղյան աշխարհը, մեծ Ջրհեղեղը, որը սրբել էր երկրի երեսից չարությունը, առաջին ազգերի ծագումը, երբ մարդկությունը սկսել էր շատանալ երկրի վրա, և Բաբելոնի աշտարակի շինարարության ժամանակ Նեբրովթի ապստամբությունը։ Սեմը չէր մասնակցել այդ ապստամբությանը և հավատարիմ էր մնացել Եհովային, այդ պատճառով, երբ Աստված խառնեց աշտարակը կառուցողների լեզուն, դա չանդրադարձավ Սեմի ու նրա ընտանիքի վրա։ Նրանք շարունակեցին խոսել այն լեզվով, որով Նոյն էր խոսում։ Այդ ընտանիքից էր սերել Աբրահամը։ Անկասկած, նա խորապես հարգել է Սեմին։ Նրա ծնվելուց հետո Սեմը դեռ երկար տարիներ է ապրել։ Ուստի հնարավոր է՝ Աբրահամը Եհովայի մասին Սեմից է իմացել։

Աբրահամը մերժեց կռապաշտությունը, որը տարածված էր Ուր քաղաքում

6. ա) Ինչպե՞ս Աբրահամը ցույց տվեց, որ դասեր է քաղել Նոյի օրերում տեղի ունեցած Ջրհեղեղից։ բ) Ինչպիսի՞ կյանքով էին ապրում Աբրահամն ու Սառան։

6 Որն էլ լինի պարագան, Աբրահամը Ջրհեղեղի դեպքից դասեր էր քաղել։ Նա ձգտում էր Աստծու հետ քայլել, ինչպես որ արել էր Նոյը։ Դա էր պատճառը, որ Աբրահամը մերժում էր կռապաշտությունը և տարբերվում էր Ուր քաղաքի բնակիչներից, հավանաբար նույնիսկ իր ընտանիքի անդամներից։ Նրան հաջողվեց հրաշալի կողակից գտնել։ Նա ամուսնացավ Սառայի * հետ, որը ոչ միայն շատ գեղեցիկ կին էր, այլև մեծ հավատ ուներ Եհովայի հանդեպ։ Չնայած որ Աբրահամն ու Սառան անզավակ էին, սակայն միասին ուրախությամբ ծառայում էին Եհովային։ Նրանք նաև հոգ էին տանում Աբրահամի եղբորորդուն՝ Ղովտին, որը որբ էր մնացել։

7. Ինչպե՞ս կարող են Հիսուսի հետևորդներն ընդօրինակել Աբրահամին։

7 Աբրահամը երբեք չթողեց Եհովային և Ուր քաղաքի կուռքերին չերկրպագեց։ Նա և Սառան չէին ուզում նմանվել այնտեղի կռապաշտ հասարակությանը։ Եթե ուզում ենք անկեղծ հավատ ունենալ, պետք է նույն ոգին դրսևորենք։ Մենք նույնպես չպետք է նմանվենք մյուսներին։ Հիսուսն ասել է, որ իր հետևորդները «աշխարհի մի մասը» չեն լինելու, ինչի համար էլ աշխարհը ատելու է նրանց (կարդա՛ Հովհաննես 15։19)։ Եթե քեզ մերժված ես զգում ընտանիքիդ անդամների կամ ուրիշ մարդկանց կողմից, քանի որ որոշել ես Եհովային ծառայել, հիշիր, որ դու մենակ չես։ Դու Աստծու հետ ես քայլում, ինչպես որ Աբրահամն ու Սառան են քայլել։

«Հեռացիր քո երկրից»

8, 9. ա) Ի՞նչ անմոռանալի դեպք տեղի ունեցավ Աբրահամի կյանքում։ բ) Ո՞րն էր Եհովայի պատգամը Աբրահամին։

8 Մի օր Աբրահամի կյանքում անմոռանալի դեպք տեղի ունեցավ։ Նա Եհովա Աստծուց պատգամ ստացավ։ Աստվածաշունչը մանրամասնորեն չի տեղեկացնում, թե դա ինչպես եղավ, սակայն ասում է, որ «Փառքի Աստվածը հայտնվեց» այդ հավատարիմ մարդուն (կարդա՛ Գործեր 7։2, 3)։ Հնարավոր է՝ հրեշտակի միջոցով Աբրահամին ցույց է տրվել տիեզերքի Գերիշխանի անսահման փառքի ցոլքը։ Կարող ենք միայն պատկերացնել, թե որքան տպավորված կլիներ Աբրահամը՝ տեսնելով կենդանի Աստծու և անկենդան կուռքերի միջև տարբերությունը։

9 Ո՞րն էր Աստծու պատգամը Աբրահամին։ «Հեռացիր քո երկրից, քո հարազատներից և եկ այն երկիրը, որը ցույց կտամ քեզ»։ Եհովան չնշեց, թե կոնկրետ որ երկիրը պետք է Աբրահամը գնար, այլ միայն ասաց, որ ցույց կտա նրան։ Աբրահամը պետք է հեռանար իր հայրենի երկրից ու հարազատներից։ Հին Մերձավոր Արևելքի մշակույթներում ընտանիքը կարևոր դեր էր խաղում։ Ընտանիքին ու հարազատներին թողնել հեռանալը ամենավատ բան էր համարվում՝ մահից էլ վատ։

10. Ինչո՞ւ էր Աբրահամի և Սառայի համար զոհողություն հեռանալ իրենց հայրենի Ուր քաղաքից։

10 Թողնել Ուր քաղաքը իրոք որ մեծ զոհողություն էր։ Այն հարուստ, առևտրական քաղաք էր (տե՛ս « Ինչպիսին էր Ուր քաղաքը» շրջանակը)։ Պեղումները բացահայտել են, որ այնտեղի տները եղել են շքեղ ու հարմարավետ։ Որոշ տներ ունեցել են տասից ավել սենյակներ ընտանիքի անդամների և ծառաների համար, որոնք դասավորված են եղել ներքին գավիթի շուրջը։ Այնտեղի կյանքը հարմարավետ էր դարձնում նաև ջրատար համակարգի առկայությունը՝ հոսող ջուրը, զուգարանը և կոյուղին։ Հիշիր նաև, որ Աբրահամն ու Սառան երիտասարդ չէին։ Աբրահամը հավանաբար 70-ն անց էր, իսկ Սառան՝ 60-ն անց։ Անշուշտ, Աբրահամն ուզում էր, որ իր կինը հարմարավետ կյանքով ապրի և խնամված լինի, ինչը որ յուրաքանչյուր լավ ամուսին ցանկանում է իր կողակցի համար։ Պատկերացրու, թե ինչ հարցերի և մտահոգությունների մասին են նրանք զրուցել՝ կապված այդ տեղափոխության հետ, որքան է Աբրահամը ուրախացել, երբ Սառան համաձայնվել է հեռանալ Ուրից։ Իր ամուսնու պես՝ Սառան պատրաստ էր հետևում թողնելու հարմարավետ կյանքը։

11, 12. ա) Նախքան Ուրից մեկնելը ի՞նչ պատրաստություններ պետք է տեսնեին Աբրահամն ու Սառան և ի՞նչ պետք է որոշեին։ բ) Ինչպե՞ս կնկարագրես մեկնման առավոտը։

11 Աբրահամն ու Սառան շատ գործ ունեին անելու. պետք է հավաքեին իրերը և պատրաստվեին ճանապարհ ընկնելու։ Ի՞նչ կվերցնեին իրենց հետ և ի՞նչ կթողնեին հետևում։ Նրանց կյանքում ամենաթանկը մարդիկ էին։ Ի՞նչ էին անելու Աբրահամի տարեց հորը՝ Թարային։ Նրանք որոշեցին նրան իրենց հետ վերցնել։ Ակներևաբար, Թարան պատրաստակամորեն համաձայնվեց տեղափոխվել նրանց հետ, քանի որ Աստվածաշնչում գրված է, որ նա վերցրեց իր ընտանիքի անդամներին և դուրս եկավ Ուր քաղաքից։ Թարան, անկասկած, թողել էր կռապաշտությունը։ Նրանց հետ էր նաև Աբրահամի եղբորորդի Ղովտը (Ծննդ. 11։31

12 Եկավ մեկնման առավոտը։ Ուղտերն * ու էշերը բեռնավորած, հոտերը մեկտեղ խմբած՝ ընտանիքի անդամներն ու ծառաները հավաքվել էին քաղաքի պարիսպներից դուրս։ Բոլորի հայացքը ուղղված էր դեպի Աբրահամը. յուրաքանչյուրը կազմ-պատրաստ սպասում էր հրահանգի։ Վերջապես հասավ ժամանակը, և նրանք ճանապարհ ընկան՝ ընդմիշտ իրենց հետևում թողնելով Ուր քաղաքը։

13. Ինչպե՞ս են այսօր Եհովայի ծառաները Աբրահամի և Սառայի ոգին դրսևորում։

13 Այսօր Եհովայի ծառաներից շատերը որոշում են տեղափոխվել այնպիսի վայրեր, որտեղ Թագավորության քարոզիչների մեծ կարիք կա։ Ոմանք որոշում են նոր լեզու սովորել իրենց ծառայությունը ընդլայնելու նպատակով կամ էլ ծառայության նոր մեթոդներ փորձել։ Այսպիսի որոշումները սովորաբար զոհողություններ են պահանջում՝ որոշ հարմարավետություններից հրաժարվելու պատրաստակամություն։ Շատ գովելի է, երբ Եհովայի ծառաները նման պատրաստակամություն են դրսևորում՝ ընդօրինակելով Աբրահամին և Սառային։ Եթե այդպիսի հավատ դրսևորենք, կարող ենք վստահ լինել, որ Եհովան մեզ ավելին կտա, քան մենք զոհել ենք։ Նա իրեն հավատարիմ մարդկանց անվարձահատույց չի թողնում (Եբր. 6։10; 11։6)։ Նա վարձատրեց նաև Աբրահամին։

Անցնում են Եփրատ գետը

14, 15. Ի՞նչ ճանապարհ անցավ քարավանը, և ինչո՞ւ Աբրահամը որոշեց մի որոշ ժամանակ մնալ Խառանում։

14 Քարավանը հանգիստ քայլերով առաջ էր շարժվում։ Կարելի է պատկերացնել Աբրահամին ու Սառային ճանապարհի մի մասը հեծած անցնելիս, իսկ մի մասը՝ ոտքով, լսել նրանց զրույցը, որ միախառնվում էր բեռնակիր կենդանիների փոկերին ամրացրած զանգակների ղողանջին։ Այս ճանապարհորդության ընթացքում ամենաանփորձ ճամփորդն իսկ վարժվել էր հմտորեն վրան խփելու և հավաքելու, ինչպես նաև օգնելու տարիքն առած Թարային զգուշորեն նստել ուղտի կամ էշի թամբին։ Անցնում էին օրեր, շաբաթներ, քարավանը Եփրատ գետի երկայնքով շարժվում էր դեպի հյուսիս-արևմուտք, հաստատուն կերպով գնում էր առաջ ու հետ չէր նայում։

15 Ի վերջո մոտ 960 կիլոմետր անցնելուց հետո նշմարվեցին փեթակների նմանվող տներ։ Քարավանը հասավ Խառան՝ բարգավաճ քաղաք, որտեղ հատվում էին Արևելքի և Արևմուտքի առևտրական ճանապարհները։ Նրանք կանգ առան և մի որոշ ժամանակ հանգրվանեցին այստեղ։ Հավանաբար Թարան ի վիճակի չէր շարունակելու ճանապարհը։

16, 17. ա) Ի՞նչը ուժ տվեց Աբրահամին շարունակելու ճանապարհը։ բ) Ինչպե՞ս Եհովան օրհնեց Աբրահամին Խառանում։

16 Խառանում Թարան 205 տարեկան հասակում մահացավ (Ծննդ. 11։32)։ Աբրահամը մխիթարություն գտավ, երբ Եհովան նորից խոսեց նրա հետ։ Նա կրկնեց այն պատվերները, որ տվել էր դեռևս Ուր քաղաքում, և նոր խոստումներ տվեց։ Աբրահամը պետք է «մեծ ազգ» դառնար, և երկրի բոլոր ընտանիքները նրա միջոցով օրհնվելու էին (կարդա՛ Ծննդոց 12։2, 3)։ Աստծու հաստատած այս ուխտը նոր ուժ տվեց Աբրահամին շարունակելու իր ճանապարհը։

17 Այս անգամ Աբրահամի քարավանը ավելի մեծ էր նախորդից, քանի որ Եհովան օրհնել էր նրան Խառանում։ Աստվածաշնչից իմանում ենք, որ Խառանում նրանք ունեցվածք և ծառաներ էին ձեռք բերել (Ծննդ. 12։5)։ Դա անհրաժեշտ էր Աբրահամին՝ ազգ դառնալու համար։ Միշտ չէ, որ Եհովան հարստություն է տալիս իր ծառաներին։ Սակայն նա տալիս է այն ամենը, ինչ անհրաժեշտ է նրանց՝ իր կամքը կատարելու համար։ Ուստի Աբրահամը, հավաքելով իր ողջ ունեցվածքը, շարունակեց ճանապարհը, ինքն էլ չիմանալով, թե ուր։

Ուր քաղաքի հարմարավետ կյանքը թողնելով՝ Աբրահամն ու Սառան պատրաստ էին կրելու սպասվող դժվարությունները

18. ա) Ո՞ր օրը նշանակալից դարձավ Աբրահամի և հետագայում Աստծու ժողովրդի համար։ բ) Հետագայում ի՞նչ կարևոր իրադարձություններ տեղի ունեցան նիսանի 14-ին (տե՛ս « Կարևոր օր աստվածաշնչյան պատմության մեջ» շրջանակը)։

18 Խառանից մի քանի օր ճանապարհ անցնելով՝ քարավանը հասավ Կարքեմիշ, որտեղ սովորաբար քարավանները անցնում էին Եփրատ գետի մյուս կողմը։ Այն, ինչ տեղի ունեցավ այստեղ, հետագայում կարևոր նշանակություն էր ունենալու Աստծու ժողովրդի համար։ Ակներևաբար մ.թ.ա. 1943թ. նիսան ամսվա 14-րդ օրն էր, երբ Աբրահամն իր քարավանի հետ անցավ Եփրատ գետը (Ելք 12։40–43)։ Այնտեղից դեպի հարավ ձգվում էր այն երկիրը, որը Եհովան խոստացել էր ցույց տալ Աբրահամին։ Այդ օրվանից Աբրահամի հետ կապած Աստծու ուխտը ուժի մեջ մտավ։

19. Եհովան ի՞նչ խոստացավ Աբրահամին, ու թերևս ի՞նչ հիշեցրեց Աբրահամին «սերունդ» բառը։

19 Աբրահամը, շարժվելով դեպի հարավ, այդ երկրով անցավ մինչև Սյուքեմ և քարավանը կանգնեցրեց Մորեի մեծ ծառերի մոտ։ Այստեղ Աստված դարձյալ խոսեց Աբրահամի հետ։ Այս անգամ նա խոստացավ, որ նրա սերունդն է տիրելու ողջ երկրին։ Արդյո՞ք այդ խոստումը Աբրահամին հիշեցրեց այն «սերնդի» մասին, որի վերաբերյալ Եհովան մարգարեություն էր տվել Եդեմում, և որը պետք է փրկեր մարդկությանը (Ծննդ. 3։15; 12։7)։ Հնարավոր է։ Նա սկսեց տեսնել, թեպետև աղոտ, թե ինչ դեր էր ունենալու ինքը Եհովայի նպատակների մեջ։

20. Ինչպե՞ս Աբրահամը ցույց տվեց իր երախտագիտությունը Եհովայի հանդեպ։

20 Աբրահամը անչափ երախտապարտ էր այն պատվի համար, որին Եհովան նրան արժանացրել էր։ Իրեն խոստացված երկրի միջով անցնելիս (ինչ խոսք, զգուշորեն, քանի որ այն դեռ բնակեցված էր քանանացիներով) Աբրահամը կանգ առավ և զոհասեղաններ շինեց Եհովայի համար, առաջինը՝ Մորեի մեծ ծառերի մոտ, իսկ հետո՝ Բեթելում։ Նա կանչեց Եհովայի անունը՝ հավանաբար արտահայտելով իր խորին երախտագիտությունը իր սերնդի ապագա օրհնությունների համար։ Ամենայն հավանականությամբ նա նաև քարոզեց քանանացիներին (կարդա՛ Ծննդոց 12։7, 8)։ Ինչ խոսք, առջևում Աբրահամին հավատի մեծ փորձություններ էին սպասում։ Սակայն նա հետ չէր նայում, չէր ափսոսում, որ հետևում թողել է տուն և բարեկեցիկ կյանք։ Նա առաջ էր նայում։ Եբրայեցիներ 11։10-ում նրա մասին գրված է. «Նա սպասում էր իսկական հիմքեր ունեցող քաղաքին, որի կառուցողն ու ստեղծողը Աստված է»։

21. Ի՞նչ գիտենք մենք, որի մասին չգիտեր Աբրահամը, և դա ի՞նչ անելու է մղում քեզ։

21 Այսօր մենք՝ Եհովայի ծառաներս, ավելի շատ բան գիտենք փոխաբերական «քաղաքի»՝ Աստծու Թագավորության մասին, քան Աբրահամը։ Գիտենք, որ այդ Թագավորությունը իշխում է երկնքում և շուտով վերջ է դնելու ներկայիս չար աշխարհին, և որ Աբրահամին խոստացված Սերունդը՝ Հիսուս Քրիստոսը, այժմ իշխում է որպես Թագավոր։ Մենք պատիվ կունենանք տեսնելու այն ժամանակները, երբ Աբրահամը կրկին ողջ կլինի և կիմանա, թե ինչպես է կատարվել Աստծու նպատակը։ Կուզե՞ս տեսնել այն օրերը, երբ Եհովայի բոլոր խոստումները կատարված կլինեն։ Եթե այո, ապա շարունակիր անել այն, ինչ Աբրահամն արեց. եղիր անձնազոհ, հնազանդ և երախտագետ ամեն առանձնաշնորհման համար, որ Եհովան տալիս է քեզ։ Եթե ընդօրինակես բոլոր հավատացողների հոր՝ Աբրահամի հավատը, նա կդառնա նաև քո հայրը։

^ պարբ. 1 Աբրահամի անունը այս ժամանակահատվածում Աբրամ է եղել։ Տարիներ անց Աստված նրա անունը փոխեց Աբրահամ, որը նշանակում է «բազմության հայր» (Ծննդ. 17։5

^ պարբ. 4 Աբրահամը նույնպես հաճախ առաջինն է նշվում Թարայի որդիների մեջ, թեև առաջնեկը չէ։

^ պարբ. 6 Սառայի անունը այս ժամանակահատվածում Սարա է եղել։ Հետագայում Աստված նրա անունը փոխեց Սառա, որը նշանակում է «իշխանուհի» (Ծննդ. 17։15

^ պարբ. 12 Որոշ գիտնականներ կասկածում են, որ Աբրահամի ժամանակներում ուղտերին պահել են որպես ընտանի կենդանիներ։ Սակայն նրանց կասկածները հիմնավորված չեն։ Աստվածաշունչը մի քանի անգամ նշում է, որ Աբրահամը ընտանի կենդանիների մեջ ունեցել է նաև ուղտեր (Ծննդ. 12։16; 24։35