Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

ԳԼՈՒԽ 17

«Ահա՛ Եհովայի աղախինը»

«Ահա՛ Եհովայի աղախինը»

1, 2. ա) Ի՞նչ խոսքերով ողջունեց անծանոթը Մարիամին։ բ) Ի՞նչ որոշում պետք է կայացներ Մարիամը, որը փոխելու էր նրա կյանքը։

ՄԱՐԻԱՄԸ զարմացած նայում էր իր տուն եկած անծանոթին։ Այցելուն չէր եկել նրա ծնողներին տեսնելու, նա եկել էր Մարիամի մոտ։ Վերջինս վստահ էր, որ այդ անձնավորությունը Նազարեթ քաղաքից չէ, քանի որ փոքր քաղաքում բոլորն իրար ճանաչում էին։ Բացի այդ, նա անսովոր ձևով ողջունեց Մարիամին։ Նա ասաց. «Ողջո՛ւյն, ո՛վ շնորհընկալ, Եհովան քեզ հետ է» (կարդա՛ Ղուկաս 1։26–28

2 Այս դրվագում է, որ առաջին անգամ Աստվածաշնչում հանդիպում ենք Մարիամին։ Այստեղ է, որ նա իր կյանքում պետք է լուրջ որոշում կայացներ։ Նա Հեղիի աղջիկն էր, ապրում էր Գալիլեայի Նազարեթ քաղաքում և նշանված էր ատաղձագործ Հովսեփի հետ։ Վերջինս հարուստ չէր, սակայն ամուր հավատ ուներ Աստծու հանդեպ։ Ուստի Մարիամը կարծես արդեն տեսնում էր, թե ինչպիսին է լինելու իր ապագա կյանքը. նա պետք է ապրեր պարզ կյանքով, աջակցեր Հովսեփին ու միասին երեխաներ մեծացնեին։ Սակայն անսպասելիորեն նրան այցելեց մի անձնավորություն, որը Աստծու կողմից կարևոր լուր պետք է հայտներ, ինչն էլ փոխելու էր նրա կյանքը։

3, 4. Ի՞նչը կարող է օգնել մեզ, որ Մարիամի մասին ճիշտ պատկերացում ունենանք։

3 Շատերը զարմանում են, երբ իմանում են, որ Աստվածաշունչը մանրամասնություններ չի հայտնում Մարիամի մասին։ Այնտեղ գրված չէ, թե ինչ մանկություն է ունեցել Մարիամը, ինչ անձնավորություն է եղել և ինչպիսի արտաքին տեսք է ունեցել։ Այդուհանդերձ, Աստվածաշունչը որոշ բաներ բացահայտում է նրա մասին։

4 Այն, ինչ Մարիամի մասին սովորեցնում են տարբեր կրոններ, ամենևին էլ չի համապատասխանում իրականությանը։ Մարիամին պատկերող նկարներն ու արձանիկները, նրա մասին կրոնական խրթին գաղափարները, «Աստվածամայր», «Երկնքի թագուհի» և նման այլ վերամբարձ տիտղոսները նույնպես չեն օգնում ճիշտ պատկերացում կազմելու նրա մասին։ Ուստի եկեք տեսնենք, թե ինչ է իրականում հայտնում Աստվածաշունչը Մարիամի մասին, թե ինչպիսի հավատ ուներ նա, և թե ինչպես կարող ենք ընդօրինակել նրան։

Հրեշտակի այցելությունը

5. ա) Ի՞նչ ենք իմանում Մարիամի մասին Գաբրիել հրեշտակի ողջույնին տված նրա արձագանքից։ բ) Ի՞նչ ենք սովորում Մարիամից։

5 Մարիամին այցելողը մարդ չէր։ Այդ անձնավորությունը Գաբրիել հրեշտակն էր։ Երբ նա Մարիամին «շնորհընկալ» անվանեց, վերջինս «խիստ հուզվեց» և սկսեց մտածել, թե ինչու հրեշտակը նման ձևով ողջունեց իրեն (Ղուկ. 1։29)։ Մարիամը չէր ակնկալում, որ հասարակության կողմից շնորհընկալ կհամարվի։ Իրականում հրեշտակը նկատի ուներ, որ նա Եհովայի հավանությանն է արժանացել։ Եվ չնայած դա շատ կարևոր էր Մարիամի համար, սակայն նա չհպարտացավ։ Մարիամը մի կարևոր բանում համոզված էր. Աստված հակառակվում է գոռոզներին, բայց սիրում և աջակցում է խոնարհներին (Հակ. 4։6)։ Եթե մենք էլ ենք ուզում արժանանալ Աստծու հավանությանը, նույն մտածելակերպը պետք է ունենանք։ Ճիշտ չի լինի մեծամտանալ ու կարծել, թե արդեն Աստծուն հաճելի անձնավորություն ենք։

Մարիամը չհպարտացավ, երբ իմացավ, որ արժանացել է Աստծու հավանությանը

6. Ի՞նչ առանձնաշնորհման մասին հայտնեց հրեշտակը Մարիամին։

6 Մարիամի խոնարհությունն իրոք որ մեծ արժանիք էր։ Այդ հատկությունը շատ կարևոր էր, քանի որ հրեշտակը պատրաստվում էր նրան հայտնել, որ նա մեծ առանձնաշնորհում է ունենալու։ Նա ասաց, որ Մարիամը պետք է երեխա ունենա, և այդ երեխան կարևոր անձնավորություն է դառնալու։ Գաբրիելը ասաց. «Եհովա Աստված նրան կտա նրա հոր՝ Դավթի գահը, նա հավիտյան կթագավորի Հակոբի տան վրա, ու նրա թագավորությանը վերջ չի լինի» (Ղուկ. 1։32, 33)։ Մարիամն անկասկած գիտեր, որ ավելի քան հազար տարի առաջ Աստված Դավթին խոստացել էր, որ նրա ժառանգներից մեկը պետք է հավիտյան իշխի (2 Սամ. 7։12, 13)։ Ուստի նրա որդին լինելու էր Մեսիան, որին Աստծու ժողովուրդը դարեր շարունակ սպասել էր։

Գաբրիել հրեշտակը հայտնեց Մարիամին, թե նա ինչ մեծ առանձնաշնորհում է ստացել

7. ա) Ի՞նչ է ցույց տալիս հրեշտակին ուղղած Մարիամի հարցը։ բ) Ի՞նչ կարող են այսօր երիտասարդները սովորել Մարիամից։

7 Դեռ ավելին, հրեշտակն ասաց, որ նրա որդին «Բարձրյալի Որդի» կկոչվի։ Ինչպե՞ս կարող էր մարդը Աստծու Որդի ծնել։ Եվ ինչպե՞ս կարող էր Մարիամը երեխա ունենալ, եթե նա նշանված էր Հովսեփի հետ, սակայն դեռ ամուսնացած չէր։ Ուստի նա հարցրեց հրեշտակին. «Ինչպե՞ս է դա հնարավոր, եթե ես երբեք հարաբերություն չեմ ունեցել տղամարդու հետ» (Ղուկ. 1։34)։ Ուշադրության է արժանի այն, որ Մարիամը ամոթով չխոսեց իր կուսության մասին։ Ընդհակառակը՝ նա թանկ էր գնահատում իր անարատությունը։ Այսօր, սակայն, շատ երիտասարդներ շտապում են ձերբազատվել իրենց կուսությունից և նույնիսկ հակված են ծաղրելու նրանց, ովքեր այդպես չեն վարվում։ Ինչ խոսք, աշխարհը փոխվել է, սակայն Եհովայի տեսակետը նույնն է մնացել (Մաղ. 3։6)։ Ինչպես Մարիամի օրերում, այնպես էլ այսօր նա գնահատում է նրանց, ովքեր հետևում են իր բարոյական չափանիշներին (կարդա՛ Եբրայեցիներ 13։4

8. Ինչպե՞ս կարող էր անկատար Մարիամը կատարյալ սերունդ տալ։

8 Թեև Մարիամը Աստծու հավատարիմ ծառա էր, նա անկատար էր։ Ուստի ինչպե՞ս կարող էր կատարյալ երեխա ծնել՝ Աստծու Որդի։ Գաբրիելն ասաց. «Սուրբ ոգին կգա քեզ վրա, և Բարձրյալի զորությունը հովանի կլինի քեզ։ Դրա համար էլ այն երեխան, որ պիտի ծնվի, կկոչվի սուրբ, Աստծու Որդի» (Ղուկ. 1։35)։ Սուրբ նշանակում է «մաքուր», «անարատ»։ Սովորաբար երեխաները անկատարություն են ժառանգում ծնողներից, քանի որ վերջիններս մեղավոր են։ Սակայն այս պարագայում Եհովան մի առանձնահատուկ հրաշք էր գործելու։ Նա երկնքից իր Որդու կյանքը փոխադրելու էր Մարիամի արգանդ և իր գործուն ուժի՝ սուրբ ոգու միջոցով «հովանի» էր լինելու Մարիամին՝ պաշտպանելով երեխային մեղքի ազդեցությունից։ Արդյոք Մարիամը հավատա՞ց հրեշտակի խոստմանը։ Ինչպե՞ս նա արձագանքեց։

Մարիամի արձագանքը

9. ա) Ինչո՞ւ են սկեպտիկները կասկածի ենթարկում Մարիամի մասին պատմությունը։ բ) Ինչպե՞ս Գաբրիելը զորացրեց Մարիամի հավատը։

9 Սկեպտիկները, այդ թվում նաև քրիստոնյա աշխարհի աստվածաբանները կասկածում են, որ կույս աղջիկը կարող էր երեխա ծնել։ Չնայած իրենց ստացած կրթությանը՝ նրանք չեն հասկացել մի պարզ ճշմարտություն։ Ինչպես ասաց Գաբրիելը, «չկա մի խոսք, որ Աստված ասի ու չկարողանա կատարել» (Ղուկ. 1։37)։ Մարիամը Գաբրիելի խոսքերը ընդունեց որպես ճշմարտություն, քանի որ մեծ հավատ ուներ։ Սակայն նա դյուրահավատ չէր։ Մարիամին, ինչպես ցանկացած տրամաբանող անհատի, անհրաժեշտ էին փաստեր, որոնց վրա նա կհիմներ իր հավատը։ Գաբրիելը պատրաստվում էր ավելի շատ տեղեկություն տալ նրան։ Նա խոսեց Մարիամի՝ տարիքն առած բարեկամ Եղիսաբեթի մասին, որը ամուլ էր։ Աստված հրաշքով այնպես էր արել, որ նա հղիացել էր։

10. Ինչո՞ւ չպետք է մտածենք, թե Մարիամի համար հեշտ էր հանձն առնել այդ առանձնաշնորհումը։

10 Ի՞նչ պետք է այժմ աներ Մարիամը։ Նա արդեն ստացել էր իր հանձնարարությունը և գիտեր, որ Աստված իրագործելու է այն ամենը, ինչ ասաց Գաբրիելը։ Ինչ խոսք, չպետք է մտածենք, թե Մարիամի համար հեշտ կլիներ հանձն առնել այդ առանձնաշնորհումը։ Նախ՝ Մարիամը պետք է այդ մասին խոսեր Հովսեփի հետ։ Կամուսնանա՞ր արդյոք Հովսեփը նրա հետ, երբ իմանար, որ նա հղի է։ Բացի դրանից, այդ առանձնաշնորհումը կարող էր չափազանց ծանր թվալ Մարիամին, քանի որ պետք է իր մեջ կրեր Աստծու համար ամենաթանկ էակին՝ նրա սիրելի Որդուն, պետք է հոգ տաներ նրա մասին և պաշտպաներ չար աշխարհից։ Իրոք որ դա մեծ պատասխանատվություն էր։

11, 12. ա) Ինչպե՞ս են ամուր հավատ ունեցող որոշ հավատարիմ մարդիկ արձագանքել Աստծուց ստացած հանձնարարությանը։ բ) Ի՞նչ է արտացոլում Գաբրիելին տված Մարիամի պատասխանը։

11 Աստվածաշունչը ցույց է տալիս, որ նույնիսկ ամուր հավատ ունեցող հավատարիմ մարդիկ են երբեմն երկմտել ու մտածել, որ չեն կարող կատարել Աստծուց ստացած դժվար հանձնարարությունները։ Օրինակ՝ Մովսեսը առարկեց՝ ասելով, որ ինքը չի կարող Աստծու խոսնակը լինել, քանի որ վարժ չի խոսում (Ելք 4։10)։ Երեմիան ասաց, որ ինքը «դեռ պատանի» է՝ չափազանց երիտասարդ Աստծու կողմից ստացած հանձնարարությունը կատարելու համար (Երեմ. 1։6)։ Իսկ Հովնանը փախավ իր հանձնարարությունը կատարելուց (Հովն. 1։3)։ Ինչպե՞ս կվարվեր Մարիամը։

12 Մարիամի հետևյալ խոսքերը արտացոլում են նրա խոնարհությունն ու հնազանդությունը։ Նա ասաց Գաբրիելին. «Ահա՛ Եհովայի աղախինը։ Թող քո խոսքի համաձայն լինի ինձ» (Ղուկ. 1։38)։ Աղախինը տան ամենացածր ծառան էր, և նրա կյանքը ամբողջությամբ իր տիրոջ ձեռքերում էր։ Ահա թե ինչ էր զգում Մարիամը իր Տիրոջ հանդեպ։ Նա իրեն ապահով էր զգում Եհովայի ձեռքերում, գիտեր, որ Աստված նվիրված է նրանց, ովքեր նվիրված են իրեն, նաև համոզված էր, որ Եհովան կօրհնի, եթե ինքը այդ դժվար հանձնարարությունը կատարելիս իր լավագույնն անի (Սաղ. 18։25

Մարիամը գիտեր, որ ինքը Եհովայի ապահով ձեռքերում է

13. Ինչպե՞ս կարող է օգնել մեզ Մարիամի օրինակը, երբ դժվար կամ անհնարին թվացող հանձնարարություն ենք ստանում Աստծուց։

13 Երբեմն Աստված մեզնից պահանջում է անել մի բան, որն, ըստ մեզ, դժվար է և նույնիսկ անհնար։ Սակայն Աստվածաշունչը հավաստիացնում է, որ մենք հիմնավոր պատճառներ ունենք ապավինելու Եհովային, ինչպես որ Մարիամն արեց (Առակ. 3։5, 6)։ Կվարվե՞նք այդպես։ Եթե այո, ապա Աստված կվարձատրի մեզ և կօգնի ավելի ամուր հավատ զարգացնելու։

Այցելություն Եղիսաբեթին

14, 15. ա) Ինչպե՞ս Եհովան վարձատրեց Մարիամին, երբ նա եկավ Եղիսաբեթի և Զաքարիայի տուն։ բ) Ի՞նչ ենք իմանում Մարիամի մասին Ղուկաս 1։46–55 համարներից։

14 Եղիսաբեթի մասին Գաբրիելի հայտնած լուրը մեծ նշանակություն ուներ Մարիամի համար։ Աշխարհում ապրող բոլոր կանանցից ո՞վ կարող էր ավելի լավ հասկանալ իրեն։ Մարիամն անմիջապես ուղևորվեց դեպի Հուդայի լեռնային շրջանները։ Այդ ճանապարհորդությունը հավանաբար երեք կամ չորս օր տևեց։ Երբ Մարիամը մտավ Եղիսաբեթի և Զաքարիա քահանայի տուն, Եհովան վարձատրեց նրան և է՛լ ավելի զորացրեց նրա հավատը։ Լսելով Մարիամի ողջույնը՝ Եղիսաբեթը անմիջապես զգաց, որ մանուկն իր արգանդի մեջ խաղաց։ Նա սուրբ ոգով լցվեց և Մարիամի մասին խոսեց որպես «իր Տիրոջ մոր»։ Աստված հայտնել էր Եղիսաբեթին, որ Մարիամի որդին դառնալու էր նրա Տերը՝ Մեսիան։ Այնուհետև Աստծու ներշնչմամբ Եղիսաբեթը գովաբանեց Մարիամին նրա հավատարմության ու հնազանդության համար՝ ասելով. «Երջանիկ ես դու, որ հավատացիր» (Ղուկ. 1։39–45)։ Այո՛, ամեն բան, որ Եհովան խոստացել էր Մարիամին, իրականանալու էր։

Մարիամի և Եղիսաբեթի ընկերությունը երկուսի համար էլ մեծ օրհնություն էր

15 Եղիսաբեթին տված Մարիամի պատասխանը կարդում ենք Ղուկաս 1։46–55 համարներում (կարդա՛)։ Այդ խոսքերը շատ բան են բացահայտում նրա մասին։ Օրինակ՝ տեսնում ենք, որ Մարիամը երախտագետ անձնավորություն էր. նա փառաբանեց Եհովային, որ օրհնել էր իրեն և արժանացրել էր Մեսիայի մայրը լինելու պատվին։ Մարիամը նաև մեծ հավատ ուներ։ Նա ասաց, որ Եհովան վայր է գցում գոռոզներին և օգնում է խեղճերին, որոնք ուզում են ծառայել իրեն։ Այդ խոսքերից տեսնում ենք նաև, թե նա որքան լավ գիտեր սուրբ գրքերը։ Եբրայերեն Գրություններից նա ավելի քան 20 մեջբերում կատարեց *։

16, 17. ա) Ի՞նչ ենք սովորում Աստծու Խոսքի հանդեպ Մարիամի ու Հիսուսի վերաբերմունքից։ բ) Ընկերներ ընտրելու հարցում ի՞նչ օրինակ են մեզ համար Մարիամն ու Եղիսաբեթը։

16 Հստակ է, որ Մարիամը շատ էր խորհրդածում Աստծու Խոսքի շուրջ։ Այդուհանդերձ, նա խոնարհություն դրսևորեց. իր մտքերն արտահայտելու փոխարեն՝ սուրբ գրքերից մեջբերումներ արեց։ Հետագայում այդպես վարվեց նաև Հիսուսը։ Նա ասաց. «Ինչ որ սովորեցնում եմ, իմը չէ, այլ ինձ ուղարկողինն է» (Հովհ. 7։16)։ Ուստի լավ կլինի հարցնենք ինքներս մեզ. «Դրսևորո՞ւմ եմ այդպիսի խոր հարգանք Աստծու Խոսքի հանդեպ, թե՞ նախընտրում եմ իմ սեփական գաղափարներն արտահայտել»։

17 Մարիամը Եղիսաբեթի տանը ապրեց մոտ երեք ամիս։ Անկասկած, այդ ընթացքում նրանք փոխադարձաբար քաջալերվեցին (Ղուկ. 1։56)։ Նրանց օրինակը ցույց է տալիս, թե ինչ մեծ օրհնություն է լավ ընկեր ունենալը։ Եթե ընտրենք այնպիսի ընկերներ, որոնք սիրում են մեր Աստծուն՝ Եհովային, ապա, անկասկած, հոգևորապես կառաջադիմենք և ավելի կմտերմանանք Աստծու հետ (Առակ. 13։20)։ Եկավ ժամանակը, որ Մարիամը տուն վերադառնա։ Ի՞նչ կասեր Հովսեփը, երբ իմանար, որ նա հղի է։

Մարիամն ու Հովսեփը

18. Ի՞նչ հայտնեց Մարիամը Հովսեփին, և ինչպե՞ս արձագանքեց Հովսեփը։

18 Հավանաբար Մարիամը չսպասեց այնքան, մինչև որ իր հղիությունը ակնհայտ դառնար և հետո միայն տեղեկացներ այդ մասին Հովսեփին։ Անկասկած, նա պետք է խոսեր Հովսեփի հետ։ Մարիամը թերևս անհանգստանում էր, թե ինչպես այդ համեստ աստվածավախ մարդը կարձագանքի իր ասածին։ Այնուամենայնիվ, նա պատմեց Հովսեփին ողջ եղելությունը։ Կարելի է պատկերացնել, թե որքան մտահոգվեց Հովսեփը։ Նա ուզում էր հավատալ Մարիամին, բայց, միևնույնն է, թվում էր, թե իր նշանածը անհավատարմություն է գործել։ Աստվածաշունչը չի նշում, թե ինչ էր մտածում կամ ինչպես էր տրամաբանում Հովսեփը։ Սակայն տեղեկանում ենք, որ նա որոշեց բաժանվել Մարիամից, քանի որ այն ժամանակ նշանված զույգերը ամուսնացած էին համարվում։ Բայց քանի որ նա չէր ուզում Մարիամին հանրության առջև խայտառակել, որոշեց գաղտնի բաժանվել (Մատթ. 1։18, 19)։ Ըստ ամենայնի, Մարիամի սիրտը շատ էր ցավում՝ տեսնելով, թե ինչպես է այս բարի մարդը տանջվում։ Այդուհանդերձ, նա չդառնացավ Հովսեփի հանդեպ։

19. Ինչպե՞ս Եհովան օգնեց Հովսեփին ճիշտ որոշում կայացնելու։

19 Եհովան օգնեց Հովսեփին հասկանալու, թե ինչպես ճիշտ կլինի վարվել։ Աստծու հրեշտակը երազում երևաց նրան ու ասաց, որ Մարիամի հղիությունը իրականում հրաշք է։ Որքա՜ն մխիթարվեց նա, երբ լսեց այդ լուրը։ Հովսեփը հետևեց Եհովայի առաջնորդությանը։ Նա ամուսնացավ Մարիամի հետ և ստանձնեց Եհովայի Որդուն հոգ տանելու առանձնահատուկ պատասխանատվությունը (Մատթ. 1։20–24

20, 21. Ի՞նչ կարող են սովորել զույգերը Մարիամից և Հովսեփից։

20 Ամուսնացած զույգերը, ինչպես նաև նրանք, ովքեր պատրաստվում են ամուսնանալ, կարող են շատ բան սովորել 2000 տարի առաջ ապրած այս երիտասարդ ամուսիններից։ Երբ Հովսեփը տեսնում էր, թե ինչպես է իր երիտասարդ կինը կատարում մայրական պարտականությունները, նա անկասկած ուրախանում էր, որ Եհովայի հրեշտակը առաջնորդություն է ցույց տվել իրեն։ Հովսեփը հասկանում էր, որ լուրջ որոշումների առաջ կանգնելիս կարևոր է վստահել Եհովային (Սաղ. 37։5; Առակ. 18։13)։ Որպես ընտանիքի գլուխ՝ նա անշուշտ հոգատար էր և բարի։

21 Իսկ ի՞նչ կարող ենք սովորել Մարիամից։ Նա ցույց տվեց, որ Հովսեփին վերաբերվում է որպես ապագա ընտանիքի գլխի՝ սպասելով, որ նա որոշում կայացնի, և շարունակելով վստահել նրան։ Դա այդքան էլ հեշտ չէր, քանի որ Հովսեփը սկզբում դժվարանում էր հավատալ Մարիամին։ Մարիամը հասկացավ, թե որքան կարևոր է լինել համբերատար։ Այսօրվա քրիստոնյա կանայք կարող են դասեր քաղել նրա օրինակից։ Այս դեպքերը թե՛ Հովսեփին, թե՛ Մարիամին սովորեցրին անկեղծ լինել ու բաց հաղորդակցություն պահել (կարդա՛ Առակներ 15։22

22. Ի՞նչ հիմքի վրա կառուցեցին Հովսեփն ու Մարիամը իրենց ամուսնությունը, և ի՞նչ էր սպասում նրանց ապագայում։

22 Այդ երիտասարդ զույգը իրենց ամուսնությունը լավ հիմքի վրա կառուցեց։ Երկուսն էլ շատ էին սիրում Եհովա Աստծուն և ձգտում էին լինել հոգատար ծնողներ և պատասխանատվությամբ կատարել իրենց պարտականությունները։ Իհարկե, դժվարությունները դեռ առջևում էին։ Սակայն նրանք մեծ օրհնություններ էին վայելելու՝ մեծացնելով Հիսուսին, որը հետագայում դառնալու էր երբևէ ապրած մեծագույն մարդը։

^ պարբ. 15 Մարիամը ակներևաբար մեջբերեց Սամուելի մայր Աննայի խոսքերը, որն ամուլ էր, սակայն Աստված օրհնեց նրան՝ զավակ պարգևելով (տե՛ս «Աննայի երկու հիշարժան աղոթքները» շրջանակը 6-րդ գլխում)։