Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

ԳԼՈՒԽ 11

Նա արթնությամբ սպասում էր

Նա արթնությամբ սպասում էր

1, 2. Ի՞նչ անցանկալի հանձնարարություն պետք է կատարեր Եղիան, և ինչո՞վ էին ինքն ու Աքաաբը տարբերվում։

ԵՂԻԱՆ փափագում էր առանձնանալ և աղոթել իր երկնային Հորը։ Նրա շուրջը խմբված մարդիկ հենց նոր ականատես էին եղել, թե ինչպես այս ճշմարիտ մարգարեն աղոթեց և երկնքից կրակ իջավ։ Նրանցից շատերն, անկասկած, ուզում էին շահել նրա բարեհաճությունը։ Նախքան Եղիան կբարձրանար Կարմեղոս լեռը և առանձին կաղոթեր Եհովա Աստծուն, պետք է մի անցանկալի հանձնարարություն կատարեր։ Նա պետք է խոսեր Աքաաբ թագավորի հետ։

2 Եղիան ու Աքաաբը շատ տարբեր անձնավորություններ էին։ Աքաաբը, որ արքայական հանդերձանք էր կրում, ագահ էր և թուլակամ հավատուրաց։ Եղիան հագնում էր մարգարեի հասարակ հագուստ, որը հավանաբար կենդանու կաշվից կամ էլ ուղտի կամ այծի մազից պատրաստված պատմուճան էր։ Նա անարատ մարդ էր, քաջ էր և մեծ հավատ ուներ։ Այդ օրը, որն արդեն մոտենում էր ավարտին, շատ բան էր բացահայտել այս երկու անհատների մասին։

3, 4. ա) Ինչո՞ւ էր օրը վատ ավարտ ունեցել Աքաաբի և Բահաղի բոլոր երկրպագուների համար։ բ) Ի՞նչ հարցեր ենք քննելու։

3 Այդ օրը լավ օր չէր եղել Աքաաբի և Բահաղի բոլոր երկրպագուների համար։ Հեթանոսական աստվածը, որի երկրպագությունը Աքաաբը և նրա կինը՝ Հեզաբել թագուհին, տարածել էին Իսրայելի տասցեղ թագավորության մեջ, խայտառակ պարտություն կրեց։ Բացահայտվեց, որ նա կեղծ աստված է։ Այդ անկենդան աստվածը չկարողացավ նույնիսկ մի հասարակ կրակ վառել, երբ նրա մարգարեները դիմում էին նրան սաստիկ աղաչանքներով, պարերով և ծիսականորեն արյուն թափելով։ Բահաղը չկարողացավ պաշտպանել իր 450 երկրպագուներին, որոնք մահվան արժանացան։ Այդ կեղծ աստվածը մեկ բանում էլ էր թերացել, ինչը շուտով բացահայտվելու էր։ Ավելի քան երեք տարի Բահաղի մարգարեները աղերսել էին իրենց աստծուն, որ նա վերջ դնի երաշտին, սակայն նա չէր կարողացել դա անել։ Շուտով, երաշտին վերջ դնելով, Եհովան ցույց էր տալու, որ ինքն է ճշմարիտ Աստվածը (1 Թագ. 16։30–17։1; 18։1–40

4 Իսկ եր՞բ էր Եհովան գործի անցնելու։ Ի՞նչ էր անելու Եղիան մինչ այդ։ Եվ ի՞նչ կարող ենք սովորել այս հավատարիմ մարդուց։ Այս հարցերի պատասխանները կիմանանք՝ քննելով 1 Թագավորներ 18։41–46 համարները (կարդա՛

Օրինակ՝ աղոթելու հարցում

5. Ի՞նչ ասաց Եղիան Աքաաբին, և արդյոք Աքաաբը որևէ բան սովորե՞լ էր այդ օրվա իրադարձություններից։

5 Եղիան մոտեցավ Աքաաբին և ասաց. «Վե՛ր ելիր, կեր և խմիր, որովհետև տեղատարափ անձրևի ձայն է լսվում»։ Այս չար թագավորը ինչ-որ բան սովորե՞լ էր այդ օրվա իրադարձություններից։ Աստվածաշնչում կոնկրետ ոչինչ չկա արձանագրված։ Այնտեղ չենք գտնում զղջման խոսքեր կամ որևէ խնդրանք՝ ուղղված մարգարեին, որ վերջինս օգնի իրեն մոտենալու Եհովային և ներում խնդրելու նրանից։ Աքաաբը պարզապես «վեր ելավ ուտելու և խմելու» (1 Թագ. 18։41, 42)։ Իսկ ի՞նչ կարելի է ասել Եղիայի մասին։

6, 7. Ինչի՞ մասին էր աղոթում Եղիան և ինչո՞ւ։

6 Մինչ Աքաաբը զբաղված էր ուտելով, «Եղիան բարձրացավ Կարմեղոսի գլուխը և դեպի գետին կռացավ՝ երեսը իջեցնելով ծնկների արանքը»։ Ի՞նչ էր անում Եղիան այս դիրքով։ Հակոբոս 5։18-ում նշվում է, որ նա աղոթել է, որ երաշտը վերջանա։ Ուստի հնարավոր է, որ նա Կարմեղոս լեռան գագաթին աղոթում էր իր երկնային Հորը այդ մասին։

Եղիայի աղոթքները ցույց են տալիս, որ նա շատ էր ցանկանում Աստծու կամքը կատարված տեսնել

7 Ավելի վաղ Եհովան ասել էր. «Որոշել եմ անձրև ուղարկել երկրի վրա» (1 Թագ. 18։1)։ Ուստի Եղիան աղոթում էր, որ կատարվեր այն, ինչ ասել էր իր Հայրը, ինչպես որ Հիսուսը մոտ հազար տարի անց սովորեցրեց իր հետևորդներին աղոթել այն մասին, որ կատարվի Հոր կամքը (Մատթ. 6։9, 10

8. Ի՞նչ ենք սովորում աղոթքի մասին Եղիայի օրինակից։

8 Եղիայի օրինակը մեզ շատ բան է սովորեցնում աղոթքի մասին։ Եղիան ամենաշատը ուզում էր, որ Աստծու կամքը կատարվի։ Ուստի աղոթելիս լավ կլինի հիշել. «Ինչ էլ որ մենք խնդրում ենք [Աստծու] կամքի համաձայն, լսում է մեզ» (1 Հովհ. 5։14)։ Պարզ է, ուրեմն, որ պետք է իմանանք, թե որն է Աստծու կամքը, որ մեր աղոթքները լսվեն։ Ուստի սա հիմնավոր պատճառ է, որ Աստվածաշնչի ուսումնասիրությունը մեր առօրյայի մի մասը դարձնենք։ Անկասկած, Եղիան ուզում էր նաև, որ երաշտը ավարտվի, քանի որ իր հայրենակիցները տառապում էին դրա պատճառով։ Եհովայի հրաշքը տեսնելուց հետո նրա սիրտը հավանաբար երախտագիտությամբ լցվեց։ Մենք էլ մեր աղոթքներում պետք է սրտանց արտահայտենք մեր երախտագիտությունը և խնդրենք ուրիշների բարօրության համար (կարդա՛ 2 Կորնթացիներ 1։11; Փիլիպպեցիներ 4։6

Նա վստահ էր և աչալուրջ

9. Ի՞նչ պատվիրեց Եղիան իր սպասավորին, և Եղիայի ո՞ր երկու հատկությունների մասին ենք իմանում։

9 Եղիան վստահ էր, որ Եհովան վերջ է դնելու երաշտին, սակայն չգիտեր, թե երբ։ Ի՞նչ արեց մարգարեն այդ ընթացքում։ Կարդում ենք. «[Նա] ասաց իր սպասավորին. «Խնդրում եմ, բարձրացիր և նայիր ծովի կողմը»։ Նա էլ բարձրացավ, նայեց ու ասաց. «Ոչինչ չկա»։ Նա դարձյալ ասաց. «Նորից գնա»։ Եվ այդպես յոթ անգամ» (1 Թագ. 18։43)։ Եղիայի օրինակից առնվազն երկու բան ենք սովորում։ Նախ՝ այն, որ նա վստահ էր, ապա՝ որ աչալուրջ էր։

Եղիան փափագով սպասում էր, թե երբ է Եհովան գործի անցնելու

10, 11. ա) Ինչպե՞ս Եղիան ցույց տվեց, որ վստահում է Եհովայի խոստմանը։ բ) Ինչո՞ւ կարող ենք մենք էլ վստահել Աստծուն ու նրա խոստումներին։

10 Քանի որ Եղիան վստահում էր Եհովայի խոստմանը, փափագով սպասում էր, թե երբ է Եհովան գործի անցնելու։ Ուստի իր սպասավորին ուղարկեց մի բարձր տեղ, որ նա տեսնի, թե արդյոք հորիզոնում անձրևի նշաններ չեն երևում։ Վերադառնալով՝ սպասավորը հայտնեց հետևյալ ոչ հուսադրող լուրը. «Ոչինչ չկա»։ Հորիզոնում ոչինչ չէր երևում, երկինքը անամպ էր։ Մի՞թե սա տարօրինակ չէ։ Չէ՞ որ Եղիան Աքաաբ թագավորին ասել էր. «Տեղատարափ անձրևի ձայն է լսվում»։ Ինչպե՞ս կարող էր մարգարեն նման բան ասել, եթե երկնքում ամպեր չկային։

11 Եհովան անձրև էր խոստացել, և Եղիան, լինելով նրա մարգարեն և ներկայացուցիչը, վստահ էր, որ նա կկատարի իր խոստումը։ Եղիան այնքան վստահ էր, որ կարծես արդեն լսում էր հեղեղի ձայնը։ Հիշենք, թե ինչպես է Աստվածաշունչը նկարագրում Մովսեսին. «[Նա] շարունակեց հաստատուն մնալ, ասես տեսնում էր Նրան, ով անտեսանելի է»։ Իսկ քեզ համար Աստված իրակա՞ն է։ Նա տալիս է մեզ բոլոր հիմքերը հավատալու իրեն և իր խոստումներին (Եբր. 11։1, 27

12. Ինչպե՞ս Եղիան ցույց տվեց, որ աչալուրջ է, և ինչպե՞ս արձագանքեց սպասավորի հայտնած լուրին։

12 Այժմ քննենք, թե որքան աչալուրջ էր Եղիան։ Նա իր սպասավորին հետ ուղարկեց ոչ թե մեկ կամ երկու անգամ, այլ յոթ անգամ։ Պատկերացրու, թե որքան էր նրա սպասավորը հոգնել գնալ-գալուց, իսկ Եղիան շարունակում էր սպասել նշանի և չէր հուսահատվում։ Ի վերջո, յոթերորդ անգամ վերադառնալուց հետո սպասավորը ասաց. «Ծովից մի փոքր ամպ է բարձրանում՝ մարդու ձեռքի չափ»։ Կարո՞ղ ես պատկերացնել այդ սպասավորին, որը ձեռքով ցույց է տալիս, թե ինչ չափի է Մեծ ծովի վրա հայտնված փոքրիկ ամպը։ Այդ փոքր ամպը սպասավորի համար գուցե ոչինչ չէր նշանակում, մինչդեռ Եղիայի համար այն մեծ նշանակություն ուներ։ Նա իր սպասավորին հրատապ հրահանգներ տվեց. «Գնա ու Աքաաբին ասա. «Լծիր և իջիր, որ անձրևը քեզ չհասնի»» (1 Թագ. 18։44

13, 14. ա) Ինչպե՞ս կարող ենք ընդօրինակել Եղիային աչալուրջ լինելու հարցում։ բ) Ի՞նչ պատճառներ ունենք հրատապությամբ գործելու համար։

13 Մի բանում էլ Եղիան մեզ համար հիանալի օրինակ է։ Մենք նույնպես ապրում ենք այնպիսի ժամանակներում, երբ Աստված շուտով իրագործելու է իր նպատակները։ Եղիան սպասում էր երաշտի ավարտին, իսկ Աստծու ծառաներն այսօր սպասում են այս ապականված աշխարհի վերջին (1 Հովհ. 2։17)։ Մինչ Եհովա Աստված գործի կանցնի, մենք պետք է Եղիայի պես աչալուրջ լինենք։ Աստծու Որդին՝ Հիսուսը, իր հետևորդներին խորհուրդ տվեց. «Արթո՛ւն եղեք, որովհետև չգիտեք, թե որ օրն է ձեր Տերը գալու» (Մատթ. 24։42)։ Արդյո՞ք Հիսուսը նկատի ուներ, որ իր հետևորդները ոչինչ չէին իմանալու այն մասին, թե երբ էր գալու վերջը։ Ո՛չ, քանի որ նա մանրամասնորեն նկարագրել էր, թե ինչ իրավիճակ էր տիրելու աշխարհում վերջը գալուց առաջ։ Բոլորս էլ կարող ենք տեսնել, թե ինչպես է կատարվում «աշխարհի վախճանի» նշանը (կարդա՛ Մատթեոս 24։3–7

Փոքրիկ ամպը բավական էր, որ Եղիան համոզվեր, որ Եհովան շուտով գործի է անցնելու։ Վերջին օրերի նշանը հիմնավոր պատճառ է հրատապությամբ կատարելու մեր ծառայությունը

14 Այդ նշանի յուրաքանչյուր մաս զորեղ և համոզիչ փաստ է։ Մի՞թե այդ փաստերը բավական չեն, որ հրատապությամբ կատարենք մեր ծառայությունը։ Հորիզոնում հայտնված մի փոքրիկ ամպը բավական էր, որ Եղիան համոզվեր, որ Եհովան շուտով գործի է անցնելու։ Արդյոք իրականացա՞ն հավատարիմ մարգարեի հույսերը։

Եհովան թեթևացում և օրհնություններ է բերում

15, 16. Ի՞նչ տեղի ունեցավ, և հավանաբար ի՞նչ հույսեր ուներ Եղիան Աքաաբի հետ կապված։

15 Շարունակության մեջ կարդում ենք. «Այդ ժամանակ երկինքը մթնեց ամպերով, և քամի ու հորդառատ անձրև սկսեց։ Աքաաբը հեծավ և գնաց Հեզրայել» (1 Թագ. 18։45)։ Իրադարձությունները շատ արագ զարգացան։ Մինչ Եղիայի սպասավորը մարգարեի խոսքերը կհայտներ Աքաաբին, փոքրիկ ամպը մեծացավ, տարածվեց երկնքում, և երկինքը մթնեց։ Ուժգին քամի բարձրացավ։ Վերջապես երեք ու կես տարի անց անձրև թափվեց Իսրայելի հողի վրա։ Անձրևի կաթիլները ներծծվեցին չորացած հողի մեջ։ Երբ անձրևը վերածվեց հեղեղի, Կիսոն գետը վարարեց՝ սրբել-տանելով Բահաղի սպանված մարգարեների արյունը։ Կամակոր իսրայելացիներին նույնպես հնարավորություն տրվեց երկրից մաքրելու Բահաղի երկրպագության սարսափելի հետքերը։

Հորդառատ անձրև սկսվեց

16 Եղիան, անշուշտ, հույս ուներ, որ ժողովուրդը կվերացներ Բահաղի երկրպագությունը Իսրայելից։ Հավանաբար նա մտածում էր, թե ինչպես Աքաաբը կարձագանքի տեղի ունեցածին։ Նա կզղջա՞ր և հետ կկանգնե՞ր Բահաղի ապականված երկրպագությունից։ Այդ օրվա իրադարձությունները պետք է որ մղեին նրան այդպիսի փոփոխություններ անելու։ Իհարկե, մենք չենք կարող իմանալ, թե այդ պահին ինչի մասին էր մտածում Աքաաբը։ Աստվածաշնչում միայն ասվում է, որ թագավորը «հեծավ և գնաց Հեզրայել»։ Արդյոք տեղի ունեցածից նա ինչ-որ բան սովորե՞ց։ Վճռե՞ց փոփոխություններ կատարել իր կյանքում։ Հետագա իրադարձություններից կարելի է ենթադրել, որ ոչ։ Սակայն Եղիայի և Աքաաբի համար օրը դեռ չէր վերջացել։

17, 18. ա) Ինչպե՞ս Եղիան Կարմեղոսից հասավ Հեզրայել։ բ) Ինչո՞ւ էր դա արտասովոր (տե՛ս նաև ծանոթագրությունը)։

17 Եհովայի մարգարեն ճանապարհ ընկավ այն նույն ուղով, որով գնացել էր Աքաաբը։ Երկինքը մթնել էր, ճանապարհն էլ երկար էր ու թաց։ Սակայն ինչ-որ տարօրինակ բան տեղի ունեցավ։

18 Կարդում ենք. «Եհովայի ձեռքը Եղիայի վրա էր. նա իր հանդերձի փեշերը գոտու տակ ամրացրեց և Աքաաբի առաջից ամբողջ ճանապարհը վազելով՝ փախավ Հեզրայել» (1 Թագ. 18։46)։ Հստակ է, որ «Եհովայի ձեռքը» Եղիային արտասովոր ուժ էր տվել։ Հեզրայելը գտնվում էր մոտ 30 կիլոմետր հեռավորության վրա, իսկ Եղիան երիտասարդ չէր *։ Կարելի է պատկերացնել, թե ինչպես է մարգարեն իր երկար հագուստի փեշերը բարձրացնելով կապում գոտկատեղին, որպեսզի կարողանա ազատ շարժել ոտքերը, և վազում անձրևից թրջված ճանապարհով. նա այնքան արագ է վազում, որ հասնում է արքայական կառքին և նույնիսկ առաջ անցնում։

19. ա) Ո՞ր մարգարեությունների մասին է հիշեցնում մեզ Եղիայի հետ պատահածը։ բ) Ինչո՞ւմ էր վստահ Եղիան, երբ վազում էր դեպի Հեզրայել։

19 Ի՜նչ մեծ օրհնություն էր դա Եղիայի համար։ Նա այնքան մեծ ուժով ու եռանդով էր լցվել, որ չէր ունեցել նույնիսկ երիտասարդ տարիքում։ Սա մեզ հիշեցնում է այն մարգարեությունները, որոնցում Աստված խոստանում է հավատարիմ մարդկանց ուժ ու կատարյալ առողջություն տալ գալիք երկրային դրախտում (կարդա՛ Եսայիա 35։6; Ղուկ. 23։43)։ Եղիան այդ թաց ճանապարհով վազելիս անկասկած գիտեր, որ իր Հոր՝ միակ ճշմարիտ Աստված Եհովայի հավանությունն ունի։

20. Ինչպե՞ս կարող ենք արժանանալ Եհովայի օրհնություններին։

20 Եհովան ցանկանում է օրհնել իր ծառաներին։ Եկեք ձգտենք հասնել նրա օրհնություններին. դրա համար արժե ամեն ջանք թափել։ Եղիայի նման՝ մենք պետք է աչալուրջ լինենք և ուշադրություն դարձնենք այն ակնհայտ փաստերին, որոնք ցույց են տալիս, որ Եհովան շուտով գործի է անցնելու։ Մենք նույնպես հիմնավոր պատճառներ ունենք ամբողջովին վստահելու Եհովայի՝ «ճշմարտության Աստծու» խոստումներին (Սաղ. 31։5

^ պարբ. 18 Այս դեպքից կարճ ժամանակ անց Եհովան Եղիային հանձնարարեց ուսուցանել Եղիսեին, որը հայտնի դարձավ որպես Եղիայի ձեռքերին ջուր լցնող (2 Թագ. 3։11)։ Եղիսեն ծառայում էր որպես Եղիայի սպասավոր և ամեն բան անում էր այդ տարեց մարդուն օգնելու համար։