Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

ԳԼՈՒԽ 6

Նա իր սիրտը բացեց Աստծու առաջ

Նա իր սիրտը բացեց Աստծու առաջ

1, 2. ա) Ինչո՞ւ Աննան ուրախ չէր ճամփորդության պատրաստվելիս։ բ) Ինչո՞վ կարող է օգտակար լինել Աննայի օրինակը։

ԱՆՆԱՆ պատրաստություններ էր տեսնում ճամփորդության համար՝ փորձելով չկենտրոնանալ իր խնդիրների վրա։ Ամեն տարի նրա ամուսինը՝ Եղկանան, իր ամբողջ ընտանիքի հետ գնում էր Սելով՝ խորանում Եհովային երկրպագություն մատուցելու համար։ Նման տոնակատարությունները ուրախ առիթներ էին, քանի որ Եհովան հենց այդ նպատակով էր դրանք հաստատել (կարդա՛ 2 Օրենք 16։15)։ Աննան, անկասկած, մանկուց սիրում էր դրանք։ Սակայն վերջին տարիներին նրա կյանքում ամեն ինչ փոխվել էր։

2 Ճիշտ է, Աննան սիրող ու հոգատար ամուսին ուներ, սակայն նրա ամուսինը մի կին էլ ուներ, որի կյանքի միակ նպատակն ասես Աննային վշտացնելն էր։ Այդ կինը՝ Փենանան, նույնիսկ այնպես էր անում, որ Աննան ոչ թե ուրախություն ստանար տարեկան տոնակատարություններից, այլ խոր ցավ ապրեր։ Ի՞նչ էր անում Փենանան՝ իր նպատակին հասնելու համար։ Իսկ ինչպե՞ս Եհովայի հանդեպ Աննայի հավատը օգնեց նրան այդ անելանելի թվացող վիճակում։ Եթե դու էլ ես բախվում խնդիրների, որոնք խլում են ուրախությունդ, Աննայի օրինակն, անշուշտ, կարող է քաջալերական լինել քեզ համար։

«Ինչո՞ւ է քո սիրտը տխուր»

3, 4. Ի՞նչ երկու մեծ խնդիրներ ուներ Աննան, և ինչո՞վ էր մի խնդիրը տարբերվում մյուսից։

3 Աստվածաշունչն ասում է, որ Աննան երկու մեծ խնդիր ուներ։ Առաջին խնդիրը լուծելու համար նա գուցե կարողանար որևէ բան անել, սակայն երկրորդ խնդիրը լուծելն իր ուժերից վեր էր։ Առաջին խնդիրն այն էր, որ իր ամուսնու մյուս կինը ատում էր իրեն։ Իսկ երկրորդ խնդիրը՝ նա ամուլ էր։ Ինչ խոսք, ցանկացած կնոջ համար, որն ուզում է երեխա ունենալ, դժվար է համակերպվել ամուլ լինելու մտքին։ Սակայն դա հատկապես դժվար էր Աննայի համար, քանի որ նրա օրերում երեխա ունենալը շատ կարևոր էր, որպեսզի շարունակվեր ազգատոհմը։ Ուստի ամուլ լինելը խայտառակություն էր։ Այո՛, Աննային խոր ցավ էր պատճառում իր վիճակը։

4 Աննան գուցե կարողանար կրել այս նախատինքը, եթե չլիներ Փենանան։ Բազմակնության պատճառով ընտանիքում միշտ շատ խնդիրներ էին ծագում։ Մրցակցության ոգին, լարված մթնոլորտը և վիրավորված զգացմունքները սովորական բնույթ էին կրում այդպիսի ընտանիքներում։ Մինչդեռ մենամուսնության դեպքում, որը հաստատել էր Եհովան Եդեմի պարտեզում, ընտանիքը զերծ էր նման խնդիրներից (Ծննդ. 2։24)։ Հստակ է, որ Աստվածաշունչը մռայլ գույներով է ներկայացնում բազմակնությունը, և Եղկանայի ընտանիքի պատկերն էլ զերծ չէր այդ գույներից։

5. Ինչո՞ւ էր Փենանան ցավ պատճառում Աննային և ինչպե՞ս։

5 Համաձայն հրեական ավանդության՝ Եղկանան սկզբում Աննայի հետ է ամուսնացել, իսկ մի քանի տարի հետո՝ Փենանայի։ Անկախ նրանից՝ այդ ավանդությունը ճիշտ է, թե ոչ, ակնհայտ է, որ Եղկանան ավելի շատ Աննային էր սիրում։ Իսկ Փենանան նախանձում էր Աննային և միջոցներ էր փնտրում նրան ցավ պատճառելու։ Փենանան մի առավելություն ուներ. նա ամուլ չէր։ Եղկանայի համար նա երեխաներ էր ծնում և ամեն մի երեխայի ծնվելուց հետո ավելի էր մեծամտանում։ Փոխանակ Աննային խղճալու և մխիթարելու՝ Փենանան նրա վերքի վրա աղ էր լցնում։ Աստվածաշնչում ասվում է, որ նա Աննային սաստիկ զայրացնում էր ու վշտացնում (1 Սամ. 1։6)։ Նա միտումնավոր ուզում էր Աննային ցավ պատճառել, և դա հաջողվում էր։

Աննան խոր ցավ էր ապրում ամուլ լինելու պատճառով, իսկ Փենանան նրան ավելի էր վշտացնում

6, 7. ա) Ինչո՞ւ Աննան չպատմեց ամուսնուն Փենանայի արարքների մասին։ բ) Արդյո՞ք Աննայի ամուլ լինելը ցույց էր տալիս, որ նա չուներ Աստծու հավանությունը (տե՛ս ծանոթագրությունը)։

6 Ամենամյա ճամփորդությունը դեպի Սելով կարծես ամենահարմար առիթն էր, որ Փենանան վշտացներ Աննային։ Եղկանան Եհովային մատուցած զոհից «Փենանային և նրա բոլոր որդիներին ու աղջիկներին մի քանի բաժին տվեց», իսկ Աննային «միայն մեկ բաժին տվեց»։ Փենանան Աննային այնքան նեղեց՝ անընդհատ հիշեցնելով նրան իր անզավակ լինելու մասին, որ Աննան սկսեց լաց լինել ու ոչինչ չկերավ։ Եղկանան նկատեց, որ իր սիրելի կինը տխուր է և չի ուտում, ուստի փորձեց նրան սփոփել՝ ասելով. «Ա՛ննա, ինչո՞ւ ես լալիս ու ոչինչ չես ուտում։ Ինչո՞ւ է քո սիրտը տխուր։ Մի՞թե ես քեզ համար տասը որդուց ավելի լավը չեմ» (1 Սամ. 1։4–8

7 Ինչ խոսք, Եղկանան լավ ամուսին էր։ Նա հասկացավ, որ Աննայի տխրության պատճառը ամուլ լինելն է, և վստահեցրեց նրան իր սիրո մեջ։ Աննայի համար, անշուշտ, մեծ նշանակություն ունեին այդ խոսքերը *։ Բայց Փենանայի վատ վերաբերմունքի մասին Եղկանան չխոսեց, և ոչ էլ Աննան իր ամուսնուն պատմեց այդ մասին։ Հավանաբար նա հասկանում էր, որ Փենանայի արարքների մասին պատմելով՝ միայն ավելի կսրեր իրավիճակը։ Կկարողանա՞ր Եղկանան ինչ-որ բան փոխել։ Մի՞թե Փենանան ավելի մեծ ատելությամբ չէր լցվի Աննայի հանդեպ, ու մի՞թե նրա երեխաներն ու ծառաները չէին հետևի նրա օրինակին։ Աննան իր տանը իրեն կզգար ինչպես մի վտարանդի։

Երբ Աննայի հետ վատ վերաբերվեցին, նա մխիթարություն փնտրեց Եհովայի մոտ

8. Երբ վատ վերաբերմունքի կամ անարդարության ենք բախվում, ինչպե՞ս է մեզ մխիթարում այն միտքը, որ Եհովան արդար Աստված է։

8 Անկախ նրանից՝ Եղկանան ամեն բան գիտեր Փենանայի վատ վերաբերմունքի մասին, թե ոչ, Եհովան ամեն ինչ տեսնում էր։ Նրա Խոսքում գրված են այդ պատմության բոլոր մանրամասները, և սա նախազգուշացում է բոլոր նրանց համար, ովքեր նույնիսկ մի փոքր տեղ են տալիս նախանձին կամ ատելությանը։ Միևնույն ժամանակ բոլոր նրանք, ովքեր Աննայի պես մաքուր սիրտ ունեն և խաղաղասեր են, կարող են մխիթարվել՝ իմանալով, որ Եհովան արդար Աստված է և ամեն տեսակի անարդարություն վերացնում է ճիշտ ժամանակին ու ճիշտ ձևով (կարդա՛ 2 Օրենք 32։4)։ Ըստ երևույթին, Աննան լավ գիտեր այդ մասին, քանի որ դժվար իրավիճակում օգնության համար դիմեց Եհովային։

«Նրա երեսից տրտմությունը վերացավ»

9. Ի՞նչ ենք սովորում Սելով գնալու Աննայի պատրաստակամությունից։

9 Այդ օրը վաղ առավոտյան Եղկանայի ընտանիքը եռուզեռի մեջ էր։ Բոլորը, նույնիսկ երեխաները պատրաստվում էին ճանապարհ ընկնելու։ Սելով հասնելու համար այս մեծ ընտանիքը պետք է ավելի քան 30 կիլոմետր անցներ Եփրեմի լեռնային տարածքով *։ Ոտքով այդ ճանապարհը անցնելու համար սովորաբար մեկ կամ երկու օր էր պահանջվում։ Աննան լավ գիտեր, թե Փենանան ինչպես կարող էր իր հետ վարվել։ Սակայն Աննայի համար դա պատճառ չէր, որ տանը մնար։ Նա հիանալի օրինակ է Աստծու ժամանակակից ծառաների համար։ Անմտություն կլինի թույլ տալ, որ ուրիշի սխալ վարքը խանգարի մեզ երկրպագել Աստծուն, որովհետև եթե այդպես վարվենք, չենք ստանա այն օրհնությունները, որոնք մեզ անհրաժեշտ են դժվարություններին դիմանալու համար։

10, 11. ա) Ինչո՞ւ Աննան անմիջապես խորան գնաց։ բ) Ինչպե՞ս Աննան աղոթքով սիրտը բացեց իր երկնային Հոր առաջ։

10 Մի ամբողջ օր լեռնային ոլորուն ճանապարհներով անցնելուց հետո նրանք վերջապես մոտեցան Սելով քաղաքին։ Հեռվից երևաց քաղաքը՝ բլրի գագաթին բազմած և շրջապատված բարձր բլուրներով։ Մինչ նրանք մոտենում էին, Աննան հավանաբար մտորում էր այն մասին, թե ինչ պետք է ասի Եհովային իր աղոթքում։ Երբ տեղ հասան, ընտանիքը ճաշի նստեց։ Աննան, հարմար պահ ընտրելով, իսկույն Եհովայի խորանը գնաց։ Հեղի քահանայապետը նստած էր խորանի մուտքի մոտ։ Սակայն Աննան իր մտքերով էր տարված։ Այստեղ՝ խորանում, նա իրեն ավելի վստահ էր զգում։ Նա համոզված էր, որ Եհովան կլսի իր աղոթքը։ Եթե նույնիսկ ոչ ոք չկարողանար հասկանալ, թե ինչ թշվառ վիճակում է նա, իր երկնային Հայրը անպատճառ կհասկանար։ Աննան այլևս չկարողացավ զսպել սրտի մորմոքը և սկսեց լաց լինել։

11 Հեծկլտոցից ցնցվում էր նրա ողջ մարմինը։ Նա մտքում Եհովային էր աղոթում։ Շուրթերը դողում էին, երբ իր ցավն էր պատմում Աստծուն։ Նա երկա՜ր աղոթեց՝ սիրտը դատարկելով Հոր առաջ։ Աննան խնդրեց Աստծուն, որ օրհնի իրեն՝ զավակ պարգևելով։ Սակայն նա ոչ միայն օրհնություն խնդրեց, այլև երդվեց, որ եթե որդի ունենա, կնվիրի Եհովային, որպեսզի ողջ կյանքում նրան ծառայի (1 Սամ. 1։9–11

12. Ի՞նչ պետք է հիշենք աղոթքի վերաբերյալ։

12 Աղոթելու հարցում Աննան հրաշալի օրինակ է Աստծու բոլոր ծառաների համար։ Եհովա Աստված հրավիրում է իր առջև բացելու մեր սիրտը և պատմելու մեր բոլոր մտահոգությունները, ինչպես որ երեխան է վստահում իր սիրելի ծնողին ու նրան ամեն ինչ պատմում (կարդա՛ Սաղմոս 62։8; 1 Թեսաղոնիկեցիներ 5։17)։ Պետրոս առաքյալը, սուրբ ոգուց ներշնչված, հետևյալ մխիթարական խոսքերը գրեց. «Ձեր ամբողջ հոգսը նրա վրա գցեք, որովհետև նա հոգ է տանում ձեր մասին» (1 Պետ. 5։7

13, 14. ա) Ի՞նչ շտապ եզրակացություն արեց Հեղին Աննայի մասին։ բ) Հավատի ի՞նչ օրինակ թողեց Աննան Հեղիին տված իր պատասխանով։

13 Ինչ խոսք, մարդիկ չեն կարող Եհովա Աստծու պես խորաթափանց ու կարեկից լինել։ Մինչ Աննան արտասվալից աղոթում էր, հանկարծ ձայն լսեց։ Հեղին էր՝ քահանայապետը, որն ուշադիր հետևում էր նրան։ Հեղին նկատել էր, թե ինչպես են դողում Աննայի շուրթերը և ինչպես է նա հեկեկում։ Սակայն հարցնելու փոխարեն, թե ինչ է պատահել՝ նա իսկույն եզրակացրեց, թե Աննան հարբած է։ Նա ասաց. «Մինչև ե՞րբ պիտի հարբած վիճակում մնաս։ Սթափվի՛ր գինովությունիցդ» (1 Սամ. 1։12–14

14 Այս ծանր պահին որքա՜ն կարող էր վիրավորել Աննային այդ անհիմն մեղադրանքը, այն էլ այնպիսի մարդու կողմից, որն Աստծու առաջ պատվավոր դիրք ուներ։ Այնուամենայնիվ Աննան դարձյալ հավատի սքանչելի օրինակ թողեց։ Նա թույլ չտվեց, որ մարդու անկատարությունը կանգնի իր ու Եհովայի միջև։ Նա հարգալից կերպով պատասխան տվեց Հեղիին և բացատրեց իր վիճակը։ Այդ ժամանակ Հեղին, հավանաբար հասկանալով իր սխալը, մեղմ տոնով ասաց նրան. «Գնա՛ խաղաղությամբ, և թող Իսրայելի Աստվածը քեզ տա այն, ինչ որ խնդրեցիր նրանից» (1 Սամ. 1։15–17

15, 16. ա) Ի՞նչ եղավ արդյունքը, երբ Աննան խորանում իր սիրտը բացեց Եհովայի առաջ։ բ) Ինչպե՞ս կարող ենք ընդօրինակել Աննային, երբ պայքարում ենք բացասական զգացումների դեմ։

15 Ինչպիսի՞ սրտով Աննան հեռացավ խորանից իր սիրտը Աստծու առաջ բացելուց և նրան երկրպագություն անելուց հետո։ Նրա մասին կարդում ենք. «Կինը գնաց իր ճանապարհով։ Նա սկսեց ուտել, և նրա երեսից տրտմությունը վերացավ» (1 Սամ. 1։18)։ Աննան թեթևացած էր։ Ասես իր ծանր բեռը ուսերից իջեցրել ու ավելի ուժեղ մեկի՝ իր երկնային Հոր ուսերին էր դրել (կարդա՛ Սաղմոս 55։22)։ Իսկ կա՞ մի բան, որ ծանր լինի Աստծու համար։ Ո՛չ. չի եղել, չկա և չի էլ լինի։

16 Երբ ընկճված ու տրտմած լինենք, թող որ մենք էլ մեր սիրտը բացենք աղոթք Լսողի առաջ (Սաղ. 65։2)։ Եթե հավատով աղոթենք, մեր տրտմությունը նույնպես կփոխարինվի «Աստծու խաղաղությամբ, որը գերազանցում է ամեն միտք» (Փիլիպ. 4։6, 7

«Մեր Աստծու նման վեմ չկա»

17, 18. ա) Ինչպե՞ս Եղկանան թիկունք կանգնեց Աննայի երդմանը։ բ) Թերևս ի՞նչ հասկացավ Փենանան։

17 Հաջորդ օրը՝ առավոտյան, Աննան Եղկանայի հետ դարձյալ եկավ Աստծու խորան։ Ամենայն հավանականությամբ նա պատմել էր ամուսնուն իր խնդրանքի և երդման մասին։ Ըստ Մովսիսական օրենքի՝ ամուսինը իրավունք ուներ անվավեր դարձնելու կնոջ երդումը, որը նա տվել էր առանց ամուսնու հետ խորհրդակցելու (Թվեր 30։10–15)։ Սակայն այդ հավատարիմ մարդը նման բան չարեց։ Փոխարենը՝ մինչ տունդարձի ճամփան կբռնեին, նա Աննայի հետ խորանում երկրպագեց Եհովային։

18 Այդ օրվանից հետո Աննան այլևս տխուր չէր։ Իսկ թե Փենանան երբ հասկացավ, որ ինքն այլևս չի կարող ցավ պատճառել Աննային, հայտնի չէ։ Բայց մի բան պարզ է. նա շուտով տեսավ, որ իր նենգ ծրագրերը ոչ մի արդյունք չեն ունենում։ Աստվածաշնչում նրա մասին այլևս չի խոսվում։

19. Ինչպե՞ս օրհնվեց Աննան, և ինչպե՞ս ցույց տվեց, որ հասկացել է, թե ո՞վ է իրեն օրհնել։

19 Աննան ներքին խաղաղություն էր վայելում և շատ չանցած՝ նաև մեծ ուրախություն ապրեց։ Նա հղիացավ։ Երբ արու զավակ ծնեց, նրա անունը Սամուել դրեց, որը նշանակում է «Աստծու անունը», քանի որ չէր մոռացել, թե ում շնորհիվ էր այդ օրհնությունը ստացել։ Հավանաբար նա այսպես անվանեց իր որդուն՝ հիշելով, որ իր աղոթքում Աստծու անունն էր կանչել։ Այդ տարի Աննան Եղկանայի հետ չգնաց Սելով, այլ երեխայի հետ տանը մնաց։ Նա երեք տարի կերակրեց նրան, մինչև որ երեխան կաթից կտրվեց։ Այդ ընթացքում նա իրեն նախապատրաստում էր այն օրվան, երբ բաժանվելու էր իր սիրելի որդուց։

20. Ինչպե՞ս Աննան ու Եղկանան կատարեցին Եհովային տված իրենց խոստումը։

20 Բաժանումը հեշտ չէր լինելու։ Իհարկե Աննան գիտեր, որ խորանում ծառայող կանայք հոգ կտանեին Սամուելի մասին։ Բայց չէ՞ որ Սամուելը դեռ շատ փոքր էր։ Ո՞ր մի մայրը չէր կարոտի իր փոքրիկին։ Այնուամենայնիվ, Աննան ու Եղկանան երեխային բերեցին Սելով ոչ թե դժկամությամբ, այլ երախտագիտությամբ լի սրտով։ Նրանք զոհեր մատուցեցին Աստծու տանը և Սամուելին ներկայացրին Հեղի քահանայապետին՝ հիշեցնելով նրան տարիներ առաջ Աննայի տված երդման մասին։

Աննան իսկական օրհնություն էր իր որդու՝ Սամուելի համար

21. Ինչպե՞ս է Աննայի աղոթքը ցույց տալիս նրա մեծ հավատը (տե՛ս նաև «Աննայի երկու հիշարժան աղոթքները» շրջանակը)։

21 Դրանից հետո Աննան դարձյալ աղոթքով դիմեց Աստծուն, և Աստված արժանի համարեց, որ այն գրի առնվի իր ներշնչյալ Խոսքում։ 1 Սամուել 2։1–10 համարներն ընթերցելիս յուրաքանչյուր տողում կնկատես, թե որքան մեծ հավատ ուներ Աննան։ Նա փառաբանեց Եհովային՝ խոսելով այն մասին, թե ինչ զարմանալի կերպով է նա օգտագործում իր զորությունը, ինչպես է խոնարհեցնում հպարտներին, օրհնում խեղճին, մարդկանց կյանքից զրկում կամ կյանք տալիս։ Նա գովաբանեց իր Հորը նրա անգերազանցելի սրբության, արդարության և հավատարմության համար։ Այո՛, Աննան ամեն պատճառ ուներ ասելու. «Մեր Աստծու նման վեմ չկա»։ Եհովան վստահելի է և անփոփոխ, նա ապաստան է բոլոր ընկճվածների և հարստահարվածների համար, ովքեր իրենից օգնություն են խնդրում։

22, 23. ա) Ինչո՞ւ կարող ենք վստահ լինել, որ Սամուելը իրեն սիրված էր զգում ծնողների կողմից։ բ) Ինչպե՞ս Եհովան շարունակեց օրհնել Աննային։

22 Փոքրիկ Սամուելը, անկասկած, երջանիկ էր, որ իր մայրը Եհովայի հանդեպ այդպիսի մեծ հավատ ուներ։ Ամենայն հավանականությամբ նա կարոտում էր իր մորը, սակայն երբեք իրեն լքված չէր զգում ծնողների կողմից։ Ամեն տարի Աննան մի վերնահագուստ էր կարում Սամուելի համար և իր հետ բերում Սելով, որպեսզի նա հագնի խորանում ծառայություն անելիս։ Այդ վերնահագուստի վրա արված ամեն մի կար խոսում էր որդու հանդեպ նրա մեծ սիրո և հոգատարության մասին (կարդա՛ 1 Սամուել 2։19)։ Կարող ենք մտովի պատկերացնել, թե ինչպես էր նա հագցնում որդուն նոր պատմուճանը, հետո հիացմունքով նայում նրան և քնքուշ ու քաջալերական խոսքեր ասում։ Սամուելի համար իրոք որ օրհնություն էր նման մայր ունենալը։ Նա էլ իր հերթին օրհնություն եղավ ոչ միայն իր ծնողների, այլև ամբողջ Իսրայել ազգի համար։

23 Աննան նույնպես իրեն երբեք լքված չզգաց։ Եհովան օրհնեց նրան, և նա Եղկանայի համար հինգ զավակ ծնեց (1 Սամ. 2։21)։ Սակայն Աննայի ամենամեծ օրհնությունը իր և իր Հոր՝ Եհովայի միջև ջերմ փոխհարաբերությունն էր, որը տարիների ընթացքում ավելի ու ավելի էր ամրանում։ Թող որ ընդօրինակելով Աննայի հավատը՝ դու էլ վայելես Եհովայի օրհնությունները։

^ պարբ. 7 Չնայած Աստվածաշնչում գրված է, որ Եհովան «փակել էր» Աննայի արգանդը, սակայն ոչ մի տեղ չենք կարդում, որ Աստծու այս հավատարիմ և խոնարհ ծառան չուներ նրա հավանությունը (1 Սամ. 1։5)։ Պետք է հիշել, որ երբ Աստվածաշունչն ասում է, թե Աստված ինչ-որ բան է արել, երբեմն նկատի ունի, որ նա այդ բանը պարզապես թույլ է տվել որոշ ժամանակով։

^ պարբ. 9 Այս հաշվարկը հիմնված է այն ենթադրության վրա, որ Եղկանայի հայրենի քաղաքը՝ Ռաման, Հիսուսի օրերի Արիմաթեա քաղաքն է։