Անցնել բովանդակությանը

ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԸ ՀԱՐՑՆՈՒՄ ԵՆ

Պատրա՞ստ եմ առանձին ապրելու

Պատրա՞ստ եմ առանձին ապրելու

 Առանձին ապրելու միտքը կարող է ոգևորիչ և միևնույն ժամանակ վախեցնող լինել։ Ինչպե՞ս կարող ես իմանալ, թե արդյոք պատրաստ ես ինքնուրույն ապրելու։

 Քննիր դրդապատճառներդ

 Շատ պատճառներ կան, որ գուցե որոշես առանձին ապրել, սակայն դրանցից ոչ բոլորն են ողջամիտ։ Օրինակ՝ Մարիո անունով մի երիտասարդ խոստովանում է. «Ես ուզում էի առանձին ապրել, քանի որ այդպես կարող էի խուսափել տանը ունեցած իմ պարտականություններից»։

 Սակայն, իրականում, եթե հեռանաս տնից, թերևս ավելի քիչ ազատություն կունենաս։ «Եթե առանձին ապրես,— ասում է 18-ամյա Անյան,— ստիպված կլինես ինքդ ապրելու տեղ գտնել, կերակուր հայթայթել ու փակել ծախսերդ։ Իսկ ծնողներդ կողքիդ չեն լինի, որ օգնեն քեզ»։

 Ամփոփում։ Դու պետք է հասկանաս՝ ինչու ես ուզում առանձին ապրել, որպեսզի իմանաս, թե արդյոք պատրաստ ես դրան։

 Հաշվիր ծախսը

 Հիսուսն ասել է. «Եթե ձեզանից մեկը ցանկանա աշտարակ կառուցել, մի՞թե նախ չի նստի և չի հաշվի ծախսը՝ տեսնելու, թե բավականաչափ միջոցներ ունի՞ այն ավարտելու համար» (Ղուկաս 14։28)։ Ինչպե՞ս կարող ես հաշվել առանձին ապրելու ծախսը։ Մտածիր ստորև բերված հարցերի շուրջ։

 

 Աստվածաշունչն ասում է. «Փողը պաշտպանություն է տալիս» (Ժողովող 7։12

  •  Դժվարությա՞մբ ես փող տնտեսում։

  •  Անխնա վատնո՞ւմ ես փողը։

  •  Հաճա՞խ ես ուրիշներից պարտքով փող վերցնում։

 Եթե այս հարցերից որևէ մեկին դրական պատասխան ես տալիս, ապա ինքնուրույն ապրելու քո երազանքը կարող է վերածվել մղձավանջի։

 «Իմ եղբայրը սկսեց առանձին ապրել, երբ 19 տարեկան էր։ Մեկ տարում նրա խնայողությունները վերջացան, վարկը չմարելու պատճառով նա կորցրեց մեքենան, նրա վարկային պատմությունը արատավորվեց, և նա մեր ծնողներից թույլտվություն խնդրեց, որ տուն վերադառնա» (Դանիելե)։

 Ինչ կարող ես անել հիմա։ Հարցրու ծնողներիդ, թե ընդհանուր առմամբ որքան են կազմում նրանց ամսական ծախսերը։ Ինչի՞ համար են վարձ մուծում, ինչպե՞ս են տնօրինում իրենց բյուջեն, որ վճարեն վարձերը, և ինչպե՞ս են խնայողություններ անում։

 Ամփոփում։ Եթե հիմա իսկ ապրելով ձեր տանը՝ սովորես, թե ինչպես տնօրինել փողը, նախապատրաստված կլինես, երբ ինքնուրույն ապրելիս ֆինանսական դժվարությունների բախվես։

  ԻՆՔՆԱԿԱՐԳԱՊԱ՞Հ ԵՍ

 Աստվածաշունչն ասում է. «Յուրաքանչյուր մարդ իր բեռն է կրելու» (Գաղատացիներ 6։5

  •  Հետաձգելու սովորությո՞ւն ունես։

  •  Կատարո՞ւմ ես պարտականություններդ՝ առանց ծնողներիդ հիշեցման։

  •  Հաճա՞խ ես խախտում տանը լինելու ծնողներիդ սահմանած ժամը։

 Եթե այս հարցերից որևէ մեկին դրական պատասխան ես տալիս, դու հավանաբար ավելի դժվարությամբ պատասխանատվություն կկրես, երբ ինքնուրույն ապրես։

 «Երբ դու ես քո գլխի տերը, ստիպված ես ժամանակ տրամադրել այն բաներին, որոնք քեզ առանձնապես հաճույք չեն պատճառում։ Ոչ ոք քեզ չի հիշեցնի դրանք անելու մասին, այդ պատճառով պետք է ինքդ քեզ մղես անելու դրանք և կարողանաս հետևել առօրյա գրաֆիկին» (Ջեսիկա)։

 Ինչ կարող ես անել հիմա։ Ամբողջ ամսվա ընթացքում փորձիր տանը հնարավորինս շատ պատասխանատվություններ վերցնել։ Օրինակ՝ ինքնուրույն մաքրիր տունը, լվա հագուստդ, առևտուր արա, ամեն երեկո կերակուր պատրաստիր և հետո լվա ափսեները։ Դա կօգնի քեզ հասկանալու, թե ինչ է քեզ սպասում առանձին ապրելիս։

 Ամփոփում։ Ինքնակարգապահությունը կարևոր է, եթե ուզում ես ինքնուրույն ապրել։

Առանց նախապատրաստվելու առանձին ապրելը նման է ինքնաթիռից ցատկելուն՝ չիմանալով պարաշյուտից օգտվելու ձևը

  ԶԳԱՑԱՊԵՍ ԿԱՅՈ՞ՒՆ ԵՍ

 Աստվածաշունչն ասում է. «Հեռացրեք ձեզանից այս ամենը՝ զայրույթը, բարկությունը, չարությունը, վիրավորական խոսքերը» (Կողոսացիներ 3։8

  •  Քեզ համար դժվա՞ր է լեզու գտնել ուրիշների հետ։

  •  Դժվարանո՞ւմ ես վերահսկել տրամադրությունդ։

  •  Միշտ ուզում ես, որ ամեն ինչ քո՞ ուզածով լինի։

 Եթե այս հարցերից որևէ մեկին դրական պատասխան ես տալիս, քեզ համար հավանաբար դժվար կլինի ապրել սենյակակցի, իսկ հետագայում՝ կողակցիդ հետ։

 «Սենյակակիցների հետ ապրելը ի հայտ բերեց իմ թույլ կողմերը։ Սովորեցի, որ ուրիշներից չպետք է ակնկալեմ, որ կհանդուրժեն իմ մռայլ տրամադրությունը, երբ սթրեսի մեջ եմ։ Ես պետք է ավելի լավ լուծում գտնեի սթրեսը հաղթահարելու համար» (Հելենա)։

 Ինչ կարող ես անել հիմա։ Սովորիր լեզու գտնել ծնողներիդ և եղբայրներիդ ու քույրերիդ հետ։ Ի վերջո, այն, թե ինչպես ես հարմարվում նրանց թերություններին, ում հետ ապրում ես հիմա, ցույց է տալիս, թե ինչպես կհարմարվես մեկ ուրիշի թերություններին, ում հետ կապրես հետագայում։

 Ամփոփում։ Առանձին ապրելը պատասխանատվություններից փախչելու միջոց չէ։ Դա ունակություն է, որը պատրաստվածություն է պահանջում։ Խորհուրդ հարցրու նրանցից, ովքեր հաջողություն են ունեցել այդ հարցում։ Հարցրու, թե հետադարձ հայացք գցելով՝ ինչը այլ կերպ կանեին կամ ինչ կուզեին իմանալ այն ժամանակ, որ հիմա գիտեն։ Լավ կլինի՝ ցանկացած լուրջ որոշում կայացնելիս այդպես վարվես։