Անցնել բովանդակությանը

ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԸ ՀԱՐՑՆՈՒՄ ԵՆ

Ինչո՞ւ եմ միշտ ասում այն, ինչ չպետք է ասեի

Ինչո՞ւ եմ միշտ ասում այն, ինչ չպետք է ասեի

 «Երբեմն կարողանում եմ ղեկավարել լեզուս, բայց լինում են պահեր, երբ թվում է, թե այն մտքիցս առաջ է ընկնում» (Ջեյմս)։

 «Երբ լարված եմ, անմտածված եմ խոսում, իսկ երբ հանգիստ եմ, ասում եմ ավելին, քան պետք է։ Միշտ մի բան փչացնում եմ» (Մարի)։

 Աստվածաշունչն ասում է, որ «լեզուն կրակ է», և ավելացնում. «Որքա՜ն փոքր կրակ է պետք, որ մի մեծ անտառ այրվի» (Հակոբոս 3։5, 6)։ Հաճա՞խ ես խոսքերիդ պատճառով կրակի մեջ ընկնում։ Եթե այո, այս հոդվածը կարող է օգնել քեզ։

 Ինչո՞ւ եմ ասում այն, ինչ չպետք է ասեի

 Անկատարություն։ Աստվածաշունչն ասում է. «Եթե մեկը խոսքի մեջ չի սայթաքում, նա կատարյալ մարդ է» (Հակոբոս 3։2)։ Անկատարության պատճառով բոլորս հաճախ սայթաքում ենք ոչ միայն քայլելիս, այլև խոսելիս։

 «Քանի որ միտքս ու լեզուս կատարյալ չեն, հիմարություն կլինի, եթե ասեմ, որ կարող եմ ամբողջությամբ վերահսկել դրանք» (Աննա)։

 Շատախոսություն։ Աստվածաշունչն ասում է. «Խոսքերի շատության դեպքում հանցանքն անպակաս է» (Առակներ 10։19)։ Շատ ավելի հավանական է, որ շատախոս մարդիկ, ովքեր քիչ են լսում ուրիշներին, սխալ բան ասեն ու վիրավորեն նրանց։

 «Միշտ չէ, որ ամենախելացի մարդը նա է, ով միայն ինքն է խոսում։ Հիսուսը երկրի վրա երբևէ ապրած ամենախելացի մարդն էր, այնուամենայնիվ, երբեմն պարզապես լռում էր» (Ջուլիա)։

 Հեգնանք։ Աստվածաշունչն ասում է. «Կա մարդ, որ անմտածված է խոսում և սրի պես խոցում է» (Առակներ 12։18)։ Անմտածված խոսքի ձևերից մեկը հեգնանքն է՝ կծու խոսքը, որը նվաստացնում է ուրիշներին։ Ովքեր հեգնելու սովորություն ունեն, գուցե ասեն. «Ես ընդամենը կատակում էի»։ Սակայն մարդկանց նվաստացնելը ծիծաղելի չէ։ Աստվածաշունչը պատվիրում է. «Վիրավորական խոսքը թող հեռացվի ձեզանից, ինչպես նաև ամեն չարություն» (Եփեսացիներ 4։31

 «Ես սիրում եմ սրամիտ բաներ ասել և զվարճալի լինել. սրանք բաներ են, որոնք տանում են հեգնանքի, ինչի պատճառով հաճախ խնդիրների մեջ եմ ընկնում» (Օկսանա)։

Ինչպես որ դուրս սեղմված ատամի մածուկը չես կարող հետ լցնել, այնպես էլ չես կարող հետ վերցնել այն խոսքերը, որոնք արդեն ասել ես

 Սանձել լեզուն

 Գուցե հեշտ չլինի սովորել վերահսկել լեզուն, բայց աստվածաշնչյան սկզբունքները կարող են օգնել քեզ այդ հարցում։ Օրինակ՝ նկատի առ հետևյալը։

 «Խոսե՛ք ձեր սրտերի հետ.... և լո՛ւռ մնացեք» (Սաղմոս 4։4

 Երբեմն լավագույն արձագանքը չարձագանքելն է։ «Այն, ինչ զգում եմ բարկացած ժամանակ, թերևս չզգամ ավելի ուշ,— ասում է Լաուրա անունով մի երիտասարդ կին։— Հանդարտվելուց հետո սովորաբար ուրախանում եմ, որ չեմ ասել այն, ինչ ուզում էի ասել այդ պահին»։ Նույնիսկ մի քանի վայրկյան կանգ առնելը կարող է հետ պահել քեզ սխալ բաներ ասելուց։

 «Մի՞թե ականջը չի քննում խոսքերը, ինչպես որ քիմքն է զգում ուտելիքի համը» (Հոբ 12։11

 Դու կխուսափես բազմաթիվ խնդիրներից, եթե հետևյալ հարցերի միջոցով ինքնաքննություն անես և մտածես, թե ինչ ես ուզում ասել։

 «Խոնարհամտությամբ ուրիշներին ձեզանից ավելի բարձր համարեք» (Փիլիպպեցիներ 2։3

 Այս խորհուրդը կօգնի քեզ ուրիշների մասին լավը մտածելու։ Արդյունքում՝ կկարողանաս զսպել լեզուդ և խոսելուց առաջ մտածել։ Նույնիսկ եթե ուշ է, և դու արդեն վիրավորել ես ինչ-որ մեկին, խոնարհություն դրսևորիր և հնարավորինս արագ ներողություն խնդրիր (Մատթեոս 5։23, 24)։ Ապա ջանք թափիր, որ սանձես լեզուդ։