Անցնել բովանդակությանը

ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԸ ՀԱՐՑՆՈՒՄ ԵՆ

Ինչպե՞ս բարելավեմ զրույց վարելու ունակություններս

Ինչպե՞ս բարելավեմ զրույց վարելու ունակություններս

 Ինչո՞ւ խոսել դեմ առ դեմ

 Ոմանք ասում են, որ դեմ առ դեմ խոսելը դժվար է ու սթրեսային, հատկապես, երբ համեմատում ենք տեքստային հաղորդագրություն գրելու հետ։

 «Դեմ առ դեմ խոսելիս ավելի շատ ես լարվում, որովհետև չես կարող փոփոխել կամ ջնջել ասածդ» (Աննա)։

 «Հաղորդագրություն գրելը, ասես, նկարահանված ծրագիր լինի, իսկ դեմ առ դեմ խոսելը՝ ուղիղ եթեր։ Ուշքս ու միտքս միայն մի բան է՝ հանկարծ չփչացնեմ ամեն ինչ» (Ջին)։

 Վաղ, թե ուշ՝ քեզ զրույց վարելու հմտություններ են պետք գալու. օրինակ, երբ ցանկանաս նոր ընկերներ ձեռք բերել, աշխատանք գտնել ու այն չկորցնել կամ էլ ռոմանտիկ հարաբերություն սկսել մեկի հետ, իհարկե, երբ պատրաստ լինես դրան։

 Իրականում, դեմ առ դեմ զրույցը այդքան էլ ահավոր չէ։ Դու կարող ես սովորել զրույց վարել, անգամ եթե բնույթով ամաչկոտ ես։

 «Երբեմն գուցե սխալ բաներ ասես ու քեզ վատ զգաս։ Բոլորիս հետ էլ լինում է։ Սրտիդ շատ մոտ մի՛ ընդունիր ու թեթև նայիր» (Նիլ)։

 Ինչպե՞ս սկսել զրույցը

  •   Հարցեր տուր։ Մտածիր՝ դիմացինիդ ինչ թեմա է հետաքրքրում, ու հետո այն զրույցի վերածիր։ Օրինակ.

     «Ամռանը հանգստանալու գնացե՞լ ես»։

     «Ընտիր կայք է։ Հեչ օգտվե՞լ ես»։

     «Լսե՞լ ես, որ...»։

     Կարող ես ավելի կոնկրետ հարցեր էլ տալ։ Մտածիր, թե ինչ ընդհանուր բան ունես տվյալ մարդու հետ։ Օրինակ՝ գուցե նույն դպրոցն եք հաճախում, նույն վայրում եք աշխատում։ Գտիր ձեր նմանությունները ու դրանց վրա՛ հիմնիր հարցերդ։

     «Այնպիսի հարցեր մտածիր, որոնք հետաքրքրում են քեզ, ու շատ կուզեիր լսել, թե մյուսները ինչ կպատասխանեն դրանց» (Մարիցա)։

     Զգուշացում։ Մի՛ նմանվիր քննիչի, ով հարցախեղդ է անում։ Նաև աշխատիր խիստ անձնական հարցեր չտալ։ Զրուցակցիդ գուցե անհարմար դրության մեջ գցես, եթե ասես. «Ինչի՞ց ես ամենաշատը վախենում։ Ինչո՞ւ ես միշտ կապույտ հագնում»։ Երկրորդ հարցը կարող է նույնիսկ քննադատական հնչել։

     Նաև հարցաքննողի տպավորություն չես թողնի, եթե դիմացինիդ պատասխանից առաջ կամ հետո ասես, թե դու ինչ ես մտածում քո տված հարցի վերաբերյալ։ Այլ խոսքով՝ վարիր զրույց, ոչ թե հարցազրույց։

    Քո հարցերով քննիչի տպավորություն չե՞ս թողնում

     Աստվածաշնչյան սկզբունք. «Մարդու սրտի մտադրությունները [մտքերը] խոր ջրերի [ջրհորի ջրի] պես են, բայց խորաթափանց մարդը դուրս կհանի դրանք» (Առակներ 20։5

  •   Լավ լսող եղիր։ Զրույցի հաջող ընթացքը մեծապես կախված է քո լսելո՛ւ ունակությունից, ո՛չ թե խոսելու։

     «Նպատակ եմ դրել ամեն անգամ մի նոր բան իմանալ այն մարդու մասին, ում հետ խոսում եմ։ Դրանից հետո փորձում եմ հիշել նրա ասածը, որպեսզի հաջորդ անգամ զրուցելիս տեղին հարց տամ» (Թամարա)։

     Զգուշացում: Մի՛ մտահոգվիր, թե հաջորդը ինչ ես ասելու։ Եթե ուշադիր լսես, դիմացինիդ ասածի հիման վրա կկարողանաս շարունակել զրույցը։

     Աստվածաշնչյան սկզբունք. «Ամեն մարդ պետք է արագ լինի լսելու մեջ, դանդաղ՝ խոսելու մեջ» (Հակոբոս 1։19

  •    Անկեղծորեն հետաքրքրվիր։ Զրույցից շատ ավելի մեծ հաճույք կստանաս, եթե հետաքրքրվես քո զրուցակցով։

     «Երբ ցույց ես տալիս, որ անկեղծորեն հետաքրքրված ես դիմացինի ասածով, զրույցը ավելի հաճելի է դառնում, նույնիսկ եթե ընթացքում մի քանի անհարմար պահեր են լինում» (Մարի)։

     Զգուշացում։ Խիստ անձնական հարցեր մի՛ տուր։ Գուցե չափն անցնես, եթե նման կոմպլիմենտ անես. «Ի՜նչ սիրուն վերարկու է։ Ինչքանո՞վ ես առել»։

     Աստվածաշնչյան սկզբունք. «Ոչ միայն ձեր շահը փնտրեք, այլ նաև ուրիշներինը» (Փիլիպպեցիներ 2։4

 Ինչպե՞ս կարող ես եզրափակել զրույցը։ Ջորդան անունով մի երիտասարդ ասում է. «Նպատակ դիր զրույցն ավարտել դրական նոտայի վրա։ Օրինակ, եթե ասես՝ «Հաճելի էր քեզ հետ զրուցել» կամ «Քեզ լավ օր եմ ցանկանում», դա կարող է հաջորդ անգամ լավ զրույցի հիմք դառնալ»։