Անցնել բովանդակությանը

ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԸ ՀԱՐՑՆՈՒՄ ԵՆ

Դաջվածք անե՞մ, թե՞...

Դաջվածք անե՞մ, թե՞...

 Ինչո՞ւ է այն գրավում շատ մարդկանց

 «Իմ կարծիքով՝ որոշ դաջվածքներ արվեստի գեղեցիկ գործեր են»,— ասում է Ռայան անունով մի երիտասարդ։

 Կան բաներ, որ գուցե ազդեն տատու անելու վերաբերյալ քո որոշման վրա։ Օրինակ՝ Ջիլիան անունով մի դեռահաս աղջիկ ասում է. «Ես դպրոց էի գնում մի աղջկա հետ։ Երբ նա փոքր էր, նրա մայրը մահացավ։ Այդ պատճառով պատանեկան տարիքում նա իր ծոծրակի վրա դաջեց իր մոր անունը։ Կարծում եմ՝ այդպիսի տատուն կարող է շատ գեղեցիկ լինել»։

 Անկախ նրանից, թե ինչու ես ուզում տատու անել, պետք է երկար ու խորը մտածես, նախքան կորոշես որևէ բան մշտական դաջել մարմնիդ վրա։ Ի՞նչ հարցեր պետք է քննես, եթե մտածում ես տատու անելու մասին։ Աստվածաշնչյան ո՞ր սկզբունքները կարող են օգնել քեզ, որ լավագույն որոշումը կայացնես։

 Ի՞նչ հարցեր պետք է տաս

 Ի՞նչ վտանգներ կան առողջության համար։ «Դաջվածքներ անելիս կտրվածքներ են արվում մաշկի վրա, իսկ դա նշանակում է, որ հնարավոր է՝ մաշկային վարակներ և այլ բարդություններ լինեն,— ասվում է Մեյո կլինիկայի վեբ կայքում։— Երբեմն ներկանյութի շուրջ գրանուլոմա կոչվող ուռուցքներ են առաջանում։ Դաջվածքների պատճառով կարող են նաև գոյանալ կելոիդներ՝ ուռուցիկ հատվածներ, որ առաջանում են սպիական հյուսվածքի գերաճից»։ Կայքում նաև նշվում է. «Եթե դաջվածքի գործիքները ախտահարված են հիվանդ մարդու արյամբ, կարելի է արյունածին տարբեր վարակներ ձեռք բերել»։

 Ինչպե՞ս դա կազդի քո համբավի վրա։ Ուզես թե չուզես, արտաքինդ շատ բան է ասում քո մասին, օրինակ՝ հասուն անձնավորություն ես, թե ոչ, վստահելի ես, թե անպատասխանատու։ «Երբ տեսնում եմ, որ ինչ-որ մեկը տատու ունի, մեխանիկորեն մտածում եմ, որ խրախճանքներ սիրող մարդ է»,— ասում է Սամանտա անունով մի դեռահաս աղջիկ։

 18-ամյա Մելանին տատու ունենալու մասին այսպիսի տեսակետ է հայտնում. «Իմ կարծիքով՝ տատուները թաքցնում են քո իրական տեսքը և ներքին գեղեցկությունը։ Նրանք, ովքեր տատուներ ունեն, ասես չեն ուզում, որ մարդիկ տեսնեն, թե իրականում ովքեր են իրենք։ Այդ պատճառով թաքնվում են տատուների հետևում»։

 Հնարավո՞ր է՝ ափսոսաս։ Ժամանակի ընթացքում քաշի ավելացմանը կամ նույնիսկ մեծանալուն զուգընթաց դաջվածքը մաշկի վրա կարող է ձգվել, և պատկերը՝ աղավաղվել։ «Տեսել եմ, թե տարիներ անց տատուները ինչ տեսք են ունենում. դրանք բոլորովին էլ դուրեկան չեն»,— ասում է Ջոզեֆ անունով մի երիտասարդ։

 «Դաջվածքների պատկերներն ու նախշերը հաճախ հնաոճ են դառնում,— ասում է 21-ամյա Ալենը։— Այն, ինչ մի ժամանակ մարդու համար կարևոր էր, ընդամենը մի քանի տարի հետո կարող է այդքան էլ կարևոր չլինել»։

 Ալենի նկատառումը ճիշտ է։ Փաստն այն է, որ տարիքի հետ փոխվում են մարդկանց տեսակետը, ճաշակը և այն, ինչ սիրում են, բայց տատուները չեն փոխվում։ «Անշուշտ, կլինեն բաներ, որոնց համար տարիներ անց կափսոսամ, բայց չէի ցանկանա, որ դրանց թվում լիներ դաջվածք, որն ինձ միայն կհիշեցներ իմ անհեթեթ զգացմունքների մասին»,— ասում է Թերեզա անունով մի երիտասարդ կին։

 Ի՞նչ աստվածաշնչյան սկզբունքներ կարող եմ հաշվի առնել

 Հասուն անհատը նախքան որևէ բանի վերաբերյալ որոշում կայացնելը ժամանակ է հատկացնում, որ ծանրութեթև անի՝ տեսնելու համար հարցի տարբեր կողմերը (Առակներ 21:5; Եբրայեցիներ 5:14)։ Քննենք աստվածաշնչյան հետևյալ սկզբունքները, որոնք վերաբերում են դաջվածքներ անելուն։

  •  «Երեխանե՛ր, հնազանդվեք ձեր ծնողներին ամեն ինչում, քանի որ դա է հաճելի Տիրոջը» (Կողոսացիներ 3:20)։

      Ինչպիսի՞ն կլինեն հետևանքները, եթե ապրես ծնողներիդ հետ, բայց չհարգես նրանց առաջնորդությունը։

  •  «Թող ձեր զարդարանքը չլինի արտաքուստ. մազեր հյուսելը, ոսկյա զարդեր կրելը կամ հանդերձներ հագնելը։ Այլ ձեր զարդարանքը թող լինի սրտի ծածուկ մարդը՝ հանդարտ ու մեղմ ոգու անապականելի հագուստը հագած» (1 Պետրոս 3:3, 4)։

      Քո կարծիքով՝ ինչո՞ւ է Աստվածաշունչը այդքան կարևորում «սրտի ծածուկ մարդուն»։

  •  «Կանայք [պետք է] իրենց զարդարեն.... համեստությամբ և ողջամտությամբ (1 Տիմոթեոս 2:9)։

      Ի՞նչ է նշանակում «համեստություն» բառը։ Ինչո՞ւ է համեստությունն ավելի գրավիչ, քան մարմնանկարչությունը (բոդի-արտ)։

  •  «Ձեր մարմինները ներկայացնեք որպես զոհ՝ կենդանի, սուրբ և Աստծուն ընդունելի, այսինքն՝ սուրբ ծառայություն մատուցեք ձեր բանականությամբ» (Հռոմեացիներ 12:1)։

      Ինչո՞ւ է Աստծու համար կարևոր, թե դու ինչպես ես վարվում քո մարմնի հետ։

 Հաշվի առնելով այս գործոնները՝ շատերը որոշել են դաջվածք չանել։ Նրանք այլ բան են ընտրել։ Թերեզան, որի խոսքերը մեջբերվեցին հոդվածում, ասում է. «Եթե կա որևէ արտահայտություն կամ կարգախոս, որը քեզ շատ է դուր գալիս, կամ մեկը, ով կարևոր է քեզ համար, ապրիր այդ խոսքերով կամ այդ մարդուն ասա, թե որքան կարևոր է նա քեզ համար։ Դաջվածք անելու փոխարեն՝ քո գործերով ցույց տուր զգացմունքներդ ու հայացքներդ»։