Անցնել բովանդակությանը

ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԸ ՀԱՐՑՆՈՒՄ ԵՆ

Ինչո՞ւ ազնիվ լինել

Ինչո՞ւ ազնիվ լինել

 Ինչու ոմանք ազնիվ չեն

 Մեր օրերում ազնիվ լինելը գուցե այդքան էլ ցանկալի բան չէ։ Հնարավոր է՝ ոմանք հետևյալ կերպ են մտածում.

  •   «Եթե ծնողներիս ճիշտն ասեմ, ինձ կպատժեն, դրա համար էլ խաբում եմ նրանց»։

  •   «Եթե այս քննության ժամանակ չարտագրեմ, կկտրվեմ»։

  •   «Եթե սա չգողանամ, պիտի փող հավաքեմ, որ գնեմ»։

 «Բայց ի՞նչ խնդիր,— գուցե ասեն ոմանք,— չէ՞ որ բոլորն են անազնիվ»։

 Սա սխալ կարծիք է, քանի որ շատ-շատերը, այդ թվում նաև բազմաթիվ երիտասարդներ ազնիվ են ու համոզված, որ արժե ազնիվ լինել։ «Մարդ ինչ որ ցանի, այն էլ կհնձի»,— ասում է Աստվածաշունչը (Գաղատացիներ 6:7)։ Այլ խոսքով՝ մեր արարքները իրենց հետևանքներն ունեն՝ թե՛ լավ, թե՛ վատ։

 Նկատի առ, թե ինչ դառը պտուղներ են «քաղել» նրանք, ովքեր ստել են։

  «Ես մորս չասացի, որ տղայի հետ եմ խոսում։ Նա գլխի ընկավ, որ ստեցի։ Երբ երրորդ անգամ նույն բանի համար ստեցի, մորս համբերությունը սպառվեց։ Երկու շաբաթ ինձ պատժեցին, և մեկ ամիս զրկվեցի իմ բջջային հեռախոսից ու հեռուստացույց դիտելուց։ Դրանից հետո այլևս սուտ չեմ խոսում» (Անիտա)։

 Մտածիր։ Ինչո՞ւ գուցե երկար ժամանակ պահանջվի, որ Անիտան կրկին վերականգնի մոր վստահությունը իր հանդեպ։

 Աստվածաշունչն ասում է. «Հիմա, երբ արդեն ձեր վրայից հանել եք ստությունը, ամեն մեկդ ճշմարտությունը խոսեք ձեր մերձավորի հետ» (Եփեսացիներ 4:25

  «Ես խաբել էի ծնողներիս ու մտածում էի՝ լավ եմ պրծել։ Սակայն վերջերս նրանք ստիպեցին ինձ կրկին պատմել եղելությունը։ Իմ «պատմությունն» այնքան հեռու էր ճշմարտությունից, որ մոռացել էի, թե ինչ ստեր էի փչել։ Բայց երբ հենց սկզբից ճշմարտությունն ես ասում, նման խնդիր չես ունենում» (Էնթնի)։

 Մտածիր։ Նման վիճակում չհայտնվելու համար ի՞նչ պիտի աներ Էնթնին։

 Աստվածաշունչն ասում է. «Կեղծ շուրթերը գարշելի են Եհովայի համար, բայց հավատարմությամբ վարվողները հաճելի են նրան» (Առակներ 12:22

  «Մի ընկերուհի ունեմ, ով շատ է սիրում ճոխացնել դեպքերը։ Նա այնքան է չափազանցնում եղելությունը, որ ինձ համար դժվար է հավատալ ու վստահել նրան, թեև շատ եմ սիրում նրան ու փորձում եմ շատ չվերլուծել նրա ասածները» (Իվոնե)։

 Մտածիր։ Ինչպես են չափազանցնելն ու «փոքրիկ» ստերը անդրադառնում Իվոնեի ընկերուհու հեղինակության վրա։

 Աստվածաշունչն ասում է. «Ուզում ենք ամեն ինչում ազնվությամբ վարվել» (Եբրայեցիներ 13:18

Ճաքճքված հիմքը կարող է թուլացնել ողջ շենքը, նմանապես անազնվության պատճառով քո լավ անունը կարող ես կորցնել

 Ինչ օգուտ ազնիվ լինելուց

 Իսկ հիմա նկատի առ, թե ինչ քաղցր պտուղներ կարող ես քաղել, եթե ազնիվ լինես։

  «Իմ առջևից քայլող կինը պատահաբար իր փողը գցեց գետնին։ Ես ձայն տվեցի նրան և վերադարձրի գումարը։ Նա անչափ շնորհակալ էր ու ասաց. «Դու շատ բարի ես։ Քչերն են այնքան ազնիվ, որ նման բան անեն»։ Ես ինձ լավ զգացի, որ գովեստի արժանացա ճիշտ բան անելու համար» (Վիվիան)։

 Մտածիր։ Ինչո՞ւ էր կինը զարմացել նման ազնիվ արարքից։ Ի՞նչ օգուտ բերեց ազնվությունը Վիվիանին։

 Աստվածաշունչն ասում է. «Երջանիկ են նրանք, ովքեր.... ամեն ժամանակ արդարությամբ են վարվում» (Սաղմոս 106:3

  «Մենք ընտանիքով աշխատում ենք մաքրության ծառայություններ մատուցող ընկերությունում։ Երբ գրասենյակներ ենք մաքրում, երբեմն գետնին ընկած կոպեկ ենք գտնում ու այն դնում ենք մոտակա գրասեղանին։ Աշխատողներից մեկը նյարդայնանում էր, որ մենք այդքան ազնիվ ենք։ «Ախր ընդամենը կոպեկ է»,—ասում էր նա։ Բայց գիտեք ինչ էր լինում արդյունքում. նա միշտ վստահում է մեզ» (Ջուլիա)։

 Մտածիր։ Ի՞նչ օգուտ կունենա Ջուլիայի ազնիվ լինելու համբավը, երբ նա բնութագրի կարիք ունենա այլ աշխատանքի համար։

 Աստվածաշունչն ասում է. «Լավագույնդ արա, որպեսզի քո անձը Աստծու առջև ներկայացնես որպես հավանության արժանացած մեկը, իբրև մի աշխատող, որն ամաչելու ոչ մի պատճառ չունի» (2 Տիմոթեոս 2:15

  «64 ժամի փոխարեն ես ստացա 80 ժամ աշխատանքի վճարման չեկ։ Թեև վատ չէր լինի, որ այդ փողը իմը լիներ, բայց ես չէի կարող այն ինձ պահել։ Սխալմունքի մասին հայտնեցի հաշվապահին։ Նա շատ շնորհակալ էր։ Ճիշտ է, ընկերությունը հարուստ էր, բայց ես չէի ուզում ինձ պահել այդ գումարը, քանի որ դա գողանալու պես մի բան կլիներ» (Բեթանի)։

 Մտածիր։ Արդյոք կա՞ տարբերություն ընկերությունից ես գողանում, թե որևէ մեկից. երկու դեպքում էլ դա անազնվություն է։

 Աստվածաշունչն ասում է. «Խարդախ մարդը գարշելի է Եհովայի համար, բայց Նրա մտերմությունը ուղղամիտների հետ է» (Առակներ 3:32