Ղուկաս 7։1-50

7  Հիսուսը ժողովրդին իր ողջ ասելիքը վերջացնելուց հետո գնաց Կափառնայում+։  Այնտեղ մի հարյուրապետ կար, որի ծառան, որը շատ թանկ էր իր համար, մահամերձ հիվանդ էր+։  Երբ նա լսեց Հիսուսի մասին, հրեաների երեցներին ուղարկեց նրա մոտ՝ խնդրելու նրան գալ և իր ծառային բուժել։  Նրանք էլ եկան Հիսուսի մոտ ու սկսեցին թախանձագին խնդրել նրան՝ ասելով. «Նա արժանի է, որ դու այդ բանն անես նրա համար,  որովհետև սիրում է մեր ազգը+, և նա է մեզ համար կառուցել ժողովարանը»։  Ուստի Հիսուսը գնաց նրանց հետ։ Սակայն երբ մոտենում էր հարյուրապետի տանը, հարյուրապետը իր ընկերներին ուղարկեց, որ նրան ասեն. «Տե՛ր, նեղություն մի՛ քաշիր։ Ես արժանի չեմ, որ դու իմ հարկի տակ մտնես+,  դրա համար էլ ինձ արժանի չհամարեցի քեզ մոտ գալ։ Միայն մի խոսք ասա, և իմ ծառան կբուժվի։  Ես էլ իշխանության տակ եղող մարդ եմ և ինձ ենթակա զինվորներ ունեմ. մեկին ասում եմ՝ գնա՛, և նա գնում է, մյուսին՝ արի՛, և նա գալիս է, իմ ծառային ասում եմ՝ այս բա՛նն արա, և նա անում է»+։  Լսելով այս խոսքերը՝ Հիսուսը զարմացավ նրա վրա և շրջվելով դեպի իր հետևից եկող բազմությունը՝ ասաց. «Ասում եմ ձեզ. նույնիսկ Իսրայելում այսքան մեծ հավատ չգտա»+։ 10  Երբ ուղարկված մարդիկ վերադարձան տուն, ծառային առողջացած գտան+։ 11  Դրանից հետո Հիսուսը ճանապարհ ընկավ դեպի Նային կոչվող քաղաքը։ Նրա աշակերտները ու մի մեծ բազմություն ճամփորդում էին նրա հետ։ 12  Երբ մոտեցավ քաղաքի դարպասին, տեսավ, որ այնտեղից մի մեռել+ էին դուրս բերում, որը մի այրի կնոջ մինուճար+ որդին էր։ Քաղաքից մի մեծ բազմություն նույնպես նրա հետ էր։ 13  Երբ Տերը տեսավ, խղճաց+ նրան ու ասաց. «Լաց մի՛ եղիր»+։ 14  Ապա մոտեցավ ու դիպավ պատգարակին։ Պատգարակը տանողները կանգ առան, ու նա ասաց. «Երիտասա՛րդ, քե՛զ եմ ասում, վե՛ր կաց»+։ 15  Մահացածը նստեց ու սկսեց խոսել, և Հիսուսը նրան իր մորը տվեց+։ 16  Բոլորը վախով+ լցվեցին և սկսեցին փառաբանել Աստծուն ու ասել. «Մեծ մարգարե+ է հայտնվել մեր մեջ», «Աստված իր ուշադրությունը իր ժողովրդին է դարձրել»+։ 17  Նրա մասին այս լուրը տարածվեց ողջ Հրեաստանում ու շրջակա բոլոր վայրերում։ 18  Հովհաննեսի աշակերտները այս բոլոր բաների մասին պատմեցին նրան+։ 19  Ուստի Հովհաննեսը կանչեց իր աշակերտներից երկուսին և ուղարկեց Տիրոջ մոտ՝ հարցնելու. «Դո՞ւ ես նա, որ պիտի գար, թե՞ մեկ ուրիշին սպասենք»+։ 20  Նրանք էլ, գնալով Հիսուսի մոտ, ասացին. «Հովհաննես Մկրտիչը մեզ ուղարկեց քեզ մոտ՝ հարցնելու. «Դո՞ւ ես նա, որ պիտի գար, թե՞ ուրիշին սպասենք»»։ 21  Այդ նույն ժամին նա շատերին բուժեց ախտերից+ ու ծանր հիվանդություններից, չար ոգիներ հանեց ու շատ կույրերի տեսողություն շնորհեց։ 22  Հետո ասաց այդ երկուսին. «Գնացեք+ և պատմեք Հովհաննեսին ինչ որ լսեցիք ու տեսաք. կույրերը+ տեսնում են, կաղերը քայլում են, բորոտները մաքրվում են, խուլերը լսում են, մահացածները հարություն են առնում, և աղքատներին բարի լուրն+ է քարոզվում+։ 23  Երջանիկ է նա, ով չի գայթակղվում իմ պատճառով»+։ 24  Երբ Հովհաննեսի աշակերտները գնացին, նա սկսեց Հովհաննեսի մասին ժողովրդին ասել. «Անապատ գնացիք, որ ի՞նչ տեսնեք։ Քամուց տարուբերվող մի եղե՞գ+։ 25  Ուրեմն ի՞նչ տեսնելու գնացիք։ Փափուկ վերնահագուստներ հագած մի մարդո՞ւ+։ Նրանք, ովքեր շքեղ հանդերձներով են և պերճանքի մեջ են ապրում, թագավորական պալատներում են գտնվում+։ 26  Ուրեմն ի՞նչ տեսնելու գնացիք։ Մարգարե՞+։ Այո՛, ասում եմ ձեզ, մարգարեից էլ առավել մեկին+։ 27  Սա նա է, որի մասին գրված է. «Ահա ես ուղարկում եմ իմ պատգամաբերին քո երեսի առաջ+, որը քեզանից առաջ կպատրաստի քո ճանապարհը»+։ 28  Ասում եմ ձեզ. կանանցից ծնվածների մեջ չկա մեկը, որ Հովհաննեսից ավելի մեծ+ լինի, սակայն Աստծու թագավորության մեջ փոքրը նրանից մեծ է»+։ 29  (Երբ ամբողջ ժողովուրդը և հարկահավաքները լսեցին այս, ընդունեցին, որ Աստված արդար է+, քանի որ Հովհաննեսի մկրտությամբ էին մկրտվել+։ 30  Իսկ փարիսեցիներն ու նրանք, ովքեր լավատեղյակ էին Օրենքից, արհամարհեցին իրենց ուղղված Աստծու խորհուրդը+, քանի որ չէին մկրտվել Հովհաննեսի կողմից)։ 31  Հիսուսը շարունակեց. «Ո՞ւմ հետ համեմատեմ այս սերնդի մարդկանց, ո՞ւմ են նրանք նման+։ 32  Նրանք նման են երեխաների, որոնք հրապարակում նստած՝ ձայն են տալիս միմյանց ու ասում. «Մենք ձեզ համար սրինգ նվագեցինք, բայց դուք չպարեցիք, ողբացինք, բայց դուք լաց չեղաք»+։ 33  Նմանապես, Հովհաննես Մկրտիչը եկավ, ո՛չ հաց էր ուտում, ո՛չ գինի խմում, իսկ դուք ասում եք՝ դև ունի+։ 34  Մարդու Որդին եկավ, թե՛ ուտում է, թե՛ խմում, բայց դուք ասում եք. «Ահա որկրամոլ և գինի խմելուն անձնատուր եղած մարդ, հարկահավաքների և մեղավորների ընկեր»+։ 35  Ինչևէ, իմաստությունը+ արդարացվում է իր բոլոր զավակներով»+։ 36  Փարիսեցիներից մեկը խնդրում էր Հիսուսին, որ միասին ճաշեն։ Նա էլ եկավ այդ փարիսեցու տուն+ և թիկնեց սեղանի շուրջ։ 37  Մի կին, որն այդ քաղաքում ճանաչված էր որպես մեղավոր, իմանալով, որ նա փարիսեցու տանը ճաշի է նստել՝ անուշահոտ յուղով լի ալաբաստրե+ մի անոթ բերեց 38  և հետևի կողմից նրա ոտքերի մոտ կանգնած՝ լաց էր լինում, արցունքներով թրջում էր նրա ոտքերը և գլխի մազերով սրբում։ Նա համբուրում էր նրա ոտքերն ու անուշահոտ յուղով օծում։ 39  Դա տեսնելով՝ փարիսեցին, որ նրան հրավիրել էր, իր մտքում ասաց. «Եթե այս մարդը մարգարե+ լիներ, կիմանար, թե ով կամ ինչպիսի կին է իրեն դիպչողը, և որ նա մեղավոր է»+։ 40  Հիսուսն ասաց նրան. «Սիմո՛ն, քեզ ասելու բան ունեմ»։ Նա էլ ասաց. «Ասա՛, Ուսուցի՛չ»։ 41  «Երկու մարդ պարտք էին մի պարտատիրոջ. մեկը պարտք էր հինգ հարյուր դինար*+, մյուսը՝ հիսուն։ 42  Եվ քանի որ նրանք ոչինչ չունեին վճարելու, նա երկուսին էլ մեծահոգաբար ներեց+։ Նրանցից ո՞ր մեկը նրան ավելի շատ կսիրի»։ 43  Սիմոնը պատասխանեց. «Կարծում եմ՝ նա, որին ավելի շատ ներեց»։ Նա էլ ասաց. «Ճիշտ դատեցիր»։ 44  Ապա շրջվեց դեպի կինը և Սիմոնին ասաց. «Տեսնո՞ւմ ես այս կնոջը։ Ես քո տուն մտա, դու ոտքերս լվանալու համար ջուր չտվիր+, բայց այս կինը իմ ոտքերը արցունքներով թրջեց և մազերով սրբեց։ 45  Դու ինձ մի համբույր+ էլ չտվիր, բայց այս կինը, ինչ մտել եմ այստեղ, չդադարեց ոտքերս համբուրելուց։ 46  Դու իմ գլուխը չօծեցիր յուղով+, բայց այս կինը իմ ոտքերը անուշահոտ յուղով օծեց։ 47  Դրա համար ասում եմ քեզ. նրա մեղքերը, թեպետև շատ են, բայց ներված են+, որովհետև նա շատ սիրեց. իսկ ում քիչ է ներվում, նա քիչ է սիրում»։ 48  Ապա կնոջն ասաց. «Քո մեղքերը ներված են»+։ 49  Նրա հետ սեղանի շուրջ թիկնածները սկսեցին մտածել. «Ո՞վ է այս մարդը, որ նույնիսկ մեղքեր է ներում»+։ 50  Իսկ նա ասաց այդ կնոջը. «Քո հավատը փրկեց քեզ+, գնա խաղաղությամբ»+։

Ծանոթագրություններ

Տե՛ս Մթ 20։2-ի ծնթ.։