Մատթեոս 20։1-34

20  «Երկնքի թագավորությունը նման է մի տանտիրոջ, որը վաղ առավոտյան դուրս եկավ՝ իր խաղողի այգու համար աշխատողներ վարձելու+,  և աշխատողների հետ համաձայնության գալով օրվա համար մեկ դինար* վճարել+՝ նրանց ուղարկեց իր խաղողի այգին։  Երրորդ ժամի*+ կողմերը դարձյալ դուրս եկավ ու տեսավ ուրիշների, որ անգործ կանգնել էին հրապարակում+,  և ասաց նրանց. «Դուք նույնպես գնացեք իմ խաղողի այգին, և ինչ որ արժան է, կտամ ձեզ»։  Նրանք էլ գնացին։ Ապա վեցերորդ*+ և իններորդ* ժամերի+ կողմերը դարձյալ դուրս եկավ ու նույն բանն արեց։  Եվ վերջապես տասնմեկերորդ ժամի* կողմերը դուրս եկավ և ուրիշների էլ տեսավ կանգնած ու ասաց նրանց. «Ինչո՞ւ եք ամբողջ օրը այստեղ անգործ կանգնել»։  Նրանք պատասխանեցին. «Որովհետև ոչ ոք չի վարձել մեզ»։ Նա էլ ասաց. «Դուք նույնպես գնացեք իմ խաղողի այգին»+։  Երեկոյան+ այգու տերն ասաց իր գործավարին. «Կանչիր աշխատողներին և տուր նրանց վարձը+՝ վերջիններից սկսած մինչև առաջինները»։  Երբ եկան տասնմեկերորդ ժամին վարձվածները, նրանցից յուրաքանչյուրը մեկ դինար ստացավ։ 10  Իսկ երբ առաջինները եկան, կարծեցին, թե իրենք ավելի շատ կստանան, բայց նրանք նույնպես մեկական դինար ստացան։ 11  Վարձը ստանալուց հետո նրանք սկսեցին տրտնջալ տանտիրոջ+ դեմ՝ 12  ասելով. «Այդ վերջինները մեկ ժամ աշխատեցին, բայց դու նրանց հավասարեցրիր մեզ, որ օրվա ծանրությունն ու սաստիկ շոգը կրեցինք»։ 13  Բայց նրանցից մեկին պատասխանելով՝ նա ասաց. «Բարեկա՛մ, ես քեզ ոչ մի անիրավություն չեմ անում։ Չէ՞ որ դու ինձ հետ մեկ դինարով համաձայնվեցիր+, 14  ուրեմն քոնը վերցրու ու գնա։ Ես ուզում եմ այս վերջինին տալ նույնը, ինչ որ քեզ+։ 15  Մի՞թե իրավունք չունեմ իմ ունեցածի հետ ուզածիս պես վարվելու։ Թե՞ աչքդ չար է+, որ ես բարի եմ»+։ 16  Այսպես՝ վերջինները առաջիններ կլինեն, իսկ առաջինները՝ վերջիններ»+։ 17  Երբ Հիսուսը պատրաստվում էր Երուսաղեմ գնալ, ճանապարհին տասներկու աշակերտներին+ առանձին մի կողմ տարավ ու ասաց. 18  «Հիմա գնում ենք Երուսաղեմ, և մարդու Որդին պիտի մատնվի ավագ քահանաների ու դպիրների ձեռքը, որոնք մահվան կդատապարտեն նրան+, 19  ապա կմատնեն ուրիշ ազգերի մարդկանց, որպեսզի նրան ծաղրեն, խարազանեն ու ցցին գամեն+։ Իսկ երրորդ օրը նա հարություն կառնի»+։ 20  Այդ ժամանակ Զեբեդեոսի+ կինը իր երկու որդիների հետ մոտեցավ նրան, խոնարհվեց և սկսեց նրանից ինչ-​որ բան խնդրել+։ 21  Նա էլ հարցրեց նրան. «Ի՞նչ ես ուզում»։ Նա պատասխանեց. «Խոսք տուր, որ քո թագավորության մեջ իմ այս երկու որդիները կնստեն մեկը քո աջ կողմը, իսկ մյուսը՝ քո ձախ կողմը»+։ 22  Հիսուսն էլ ասաց. «Դուք չգիտեք, թե ինչ եք խնդրում։ Կարո՞ղ եք խմել այն բաժակից+, որը ես եմ խմելու»։ Նրանք ասացին. «Կարո՛ղ ենք»։ 23  Նա էլ ասաց. «Դուք անշուշտ կխմեք իմ բաժակից+, բայց իմ աջ ու ձախ կողմը նստելը ես չէ, որ տալիս եմ։ Այդ տեղերը նրանցն են, ում համար պատրաստել է իմ Հայրը»+։ 24  Երբ մնացած տասը լսեցին այդ մասին, վրդովվեցին երկու եղբայրների վրա+։ 25  Բայց Հիսուսն իր մոտ կանչեց նրանց ու ասաց. «Դուք գիտեք, որ ազգերի իշխանները տիրում են ժողովրդի վրա, և մեծամեծները իշխանություն են բանեցնում նրանց վրա+։ 26  Ձեր մեջ չպետք է այդպես լինի+. այլ ով ուզում է մեծ լինել ձեր մեջ, պիտի ձեր սպասավորը լինի+, 27  և ով ուզում է առաջինը լինել ձեր մեջ, պիտի ձեր ծառան լինի+, 28  ինչպես որ մարդու Որդին եկավ, որ ոչ թե իրեն ծառայեն, այլ որ ինքը ծառայի+ և իր կյանքը* փրկանք տա շատերի փոխարեն»+։ 29  Երբ նրանք դուրս էին գալիս Երիքովից+, մի մեծ բազմություն էր գնում նրա հետևից։ 30  Ճանապարհի եզրին երկու կույր մարդիկ էին նստած, և երբ նրանք լսեցին, որ Հիսուսն է անցնում իրենց մոտով, աղաղակեցին. «Տե՛ր, ողորմի՛ր մեզ, Դավթի՛ Որդի»+։ 31  Սակայն ժողովուրդը խստորեն պատվիրեց նրանց, որ լռեն, բայց նրանք է՛լ ավելի բարձր էին աղաղակում. «Տե՛ր, ողորմի՛ր մեզ, Դավթի՛ Որդի»+։ 32  Հիսուսը կանգ առավ, կանչեց նրանց ու հարցրեց. «Ի՞նչ եք ուզում, որ անեմ ձեզ համար»։ 33  Նրանք էլ ասացին. «Տե՛ր, թող մեր աչքերը բացվեն»+։ 34  Խղճահարվելով՝ Հիսուսը դիպավ նրանց աչքերին+, և նրանք անմիջապես սկսեցին տեսնել ու գնացին նրա հետևից+։

Ծանոթագրություններ

Դինարը հռոմ. արծաթե դրամ էր, որը կշռ. էր 3,85 գ։ Մեկ դինարը հողագործի մի ամբողջ օրվա աշխատավարձն էր։ Տե՛ս հավելված 17։
Արևածագից հաշված՝ մոտ առավոտյան ժ. 9։00։
Մոտ կեսօրվա ժ. 12։00։
Մոտ ժ. 15։00։
Մոտ ժ. 17։00։
Բռց.՝ «հոգին»։