Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

 ԳԼԽԱՎՈՐ ԹԵՄԱ

Մարդը վերջնականապես կկործանի՞ երկիրը

Մարդը վերջնականապես կկործանի՞ երկիրը

«Մի սերունդ գնում է, մի սերունդ գալիս է, բայց երկիրը մնում է հավիտյան» (ՍՈՂՈՄՈՆ ԹԱԳԱՎՈՐ, Մ.Թ.Ա. 11-ՐԴ ԴԱՐ) *։

Այս խոսքերը գրի առնողի համար, որն ապրել է հին ժամանակներում, մարդու կյանքի վաղանցիկ լինելը կտրուկ հակադրվում էր երկրի հարատև լինելուն։ Իսկապես, հազարավոր տարիներ սերունդներ են եկել ու գնացել, բայց Երկիր մոլորակը մնացել է կայուն ու հաստատուն. մինչև հիմա այն ապահովում է կյանքի գոյությունը։

Ինչպես նկատել են ոմանք, Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո աշխարհը փոխվում է սրընթաց արագությամբ ու շատ մեծ մասշտաբով։ Մեկ մարդու կյանքի տևողության ընթացքում զգալի առաջխաղացում է նկատվել տրանսպորտի, կապի և այլ տեխնոլոգիաների հարցում, ինչի արդյունքը եղել են աննախադեպ տնտեսական փոփոխությունները։ Շատերը այնպիսի կենսամակարդակ ունեն, որը նախկինում անհնար է թվացել։ Գրեթե եռապատկվել է երկրի բնակչությունը։

Սակայն այս ամենի համար թանկ գին է վճարվել։ Մարդու գործունեության հետևանքով երկրի վրա խախտվել է նյութերի բնական շրջանառությունը։ Որոշ գիտնականներ ասում են, որ մենք ոտք ենք դրել մի նոր երկրաբանական դարաշրջան, որը կոչվում է «Անտրոպոցեն»՝ դարաշրջան, երբ մարդու ազդեցությունը մեր մոլորակի վրա ավելի ու ավելի նկատելի է դառնում։

Աստվածաշունչը կանխագուշակել էր, որ գալու էր այնպիսի ժամանակ, երբ մարդը «կործանելու էր երկիրը» (Հայտնություն 11։18)։ Որոշ մարդիկ մտածում են, որ մենք ապրում ենք հենց այդպիսի ժամանակներում։ Որքա՞ն վնաս է դեռ հասցվելու երկրին։ Հետդարձի  ճամփա չկա՞։ Մի՞թե մարդը վերջնականապես կկործանի երկիրը։

ՀԵՏԴԱՐՁԻ ՃԱՄՓԱ ՉԿԱ՞

Արդյոք երկիրը դեպի կործանո՞ւմ է գնում, և հետդարձի ճամփա չկա՞։ Որոշ գիտնականների կարծիքով՝ կլիմայական փոփոխությունների հետևանքները դժվար է կանխատեսել։ Այդ պատճառով նրանք մտահոգված են, որ գուցե մենք մոտենում ենք բեկումնային կետի, երբ հանկարծահաս ու անսպասելի կլիմայական փոփոխությունները կարող են աղետալի հետևանքներ բերել։

Նկատի առնենք Արևմտյան Անտարկտիկայի սառցե ծածկույթը։ Ըստ ոմանց՝ եթե համերկրային ջերմաստիճանը շարունակ բարձրանա, ապա սառցե ծածկույթի հալքը անխուսափելի կլինի։ Բանն այն է, որ սառույցը բնականից անդրադարձնում է արեգակի ճառագայթները։ Սակայն սառույցի շերտի բարականալուն և նվազելուն զուգընթաց ներքևում գտնվող օվկիանոսի ջրերի մուգ մակերևույթը, որն ավելի քիչ է անդրադարձնում ճառագայթները, ի վերջո ենթարկվում է դրանց ազդեցությանը, ավելի շատ էներգիա է կլանում, ինչի հետևանքով ավելի շատ սառույց է հալչում։ Հնարավոր է՝ ավերիչ ու մարդու հսկողությունից դուրս ցիկլ առաջանա։ Իսկ հալվող ջրերի պատճառով ծովի մակարդակի բարձրացումը աղետալի կլինի հարյուր միլիոնավոր մարդկանց համար։

ԱՃՈՂ ԷԿՈԼՈԳԻԱԿԱՆ «ՊԱՐՏՔ»

Զանազան ծրագրեր են մշակվել «մոլորակի արտակարգ իրավիճակը» հարթելու համար։ Երկար տարիներ է, ինչ տարբեր մոտեցումներ են ցուցաբերվում, որոնցից մեկը կայուն զարգացումն է՝ սոցիալ-տնտեսական զարգացում մոլորակի էկոլոգիական սահմաններում։ Ի՞նչ արդյունքներ են եղել։

Ցավոք, համաշխարհային ֆինանսական ճգնաժամի նման՝ երկրի էկոլոգիական «պարտքը» շարունակ, առանց դանդաղելու աճում է։ Մարդիկ մեր մոլորակի ռեսուրսները շարունակում են սպառել ավելի արագ, քան դրանք կարող են բնականորեն վերականգնվել։ Հնարավո՞ր է արդյոք ինչ-որ բան անել։ Մի բնապահպան անկեղծորեն ընդունել է. «Մենք պարզապես անտեղյակ ենք, թե ինչպես հաջողությամբ ղեկավարել մոլորակը»։ Դա ներդաշնակ է Աստվածաշնչում նշված հետևյալ փաստին. «Քայլող մարդը չի կարող ուղղություն տալ իր քայլերին» (Երեմիա 10։23

Մյուս կողմից՝ Սուրբ Գիրքը վստահեցնում է, որ Աստված՝ Արարիչը, թույլ չի տա, որ մարդը էկոլոգիական տեսանկյունից սնանկացնի մեր մոլորակը։ Սաղմոս 115։16-ում կարդում ենք. «Երկիրը [Աստված] մարդկանց որդիներին է տվել»։ Այո՛, մեր մոլորակը  «բարի պարգև» է մեր երկնային Հորից (Հակոբոս 1։17)։ Կակնկալե՞նք, որ Աստծու պարգևը ժամանակավոր լինի, ասես այն պիտանելիության ժամկետ ունի։ Իհա՛րկե ոչ։ Եվ դա ակնհայտորեն երևում է նրանից, թե ինչպես է ստեղծված մեր մոլորակը։

ԻՆՉ Է ՆՊԱՏԱԿԱԴՐԵԼ ԱՐԱՐԻՉԸ

Աստվածաշնչի «Ծննդոց» գիրքը մանրամասնորեն պատմում է, թե ինչպես է Աստված հոգատարությամբ արարել երկիրը։ Սկզբում երկրի մասին ասվում է, որ այն «անձև ու դատարկ էր, և խավար կար»։ Սակայն հատուկ կերպով նշվում է մոլորակի վրա «ջրերի» գոյության մասին, որոնք կենսական են կյանքի համար (Ծննդոց 1։2)։ Հետո Աստված ասաց. «Թող լույս լինի» (Ծննդոց 1։3)։ Ակներևաբար, արևի ճառագայթները ներթափանցեցին մթնոլորտ, և երկրի վրա լույսն առաջին անգամ տեսանելի դարձավ։ Այնուհետև պատմվում է ցամաքի ու ծովերի առաջացման մասին (Ծննդոց 1։9, 10)։ Ապա հայտնվեցին «խոտը, բուսականությունը, որ սերմ է տալիս.... և ծառերը, որոնք սերմ ունեցող պտուղ են տալիս» (Ծննդոց 1։12)։ Այսպիսով պատրաստ էին քիմիական պրոցեսների համար անհրաժեշտ տարրերը և կյանքի համար կենսական շրջապտույտները, օրինակ՝ ֆոտոսինթեզը։ Ի՞նչ նպատակով էր այսպիսի հանգամանալից պատրաստություն արվել։

Հնում ապրած Եսայիա մարգարեն Աստծու մասին ասաց, որ նա «երկիրը Կազմավորողն ու Ստեղծողն է, Նա, ով հաստատեց այն, զուր տեղը չարարեց, այլ բնակվելու համար ստեղծեց այն» (Եսայիա 45։18)։ Հստակ է՝ Աստծու նպատակն է, որ երկիրը հավիտյան բնակեցված լինի մարդկանցով։

Ցավոք, մարդու սխալ գործունեության պատճառով Աստծու գեղեցիկ պարգևը կործանման եզրին է։ Այդուհանդերձ, Արարչի նպատակը չի փոխվել։ Հին ժամանակներում ապրած մի մարդ ասել է. «Աստված մարդ չէ, որ սուտ խոսի, ոչ էլ մարդու որդի է, որ ափսոսա։ Մի՞թե նա կասի և չի անի» (Թվեր 23։19)։ Իրականում, փոխանակ թույլ տալու, որ երկիրը վերջնականապես կործանվի, արագորեն մոտենում է այն ժամանակը, երբ Աստված «կկործանի նրանց, ովքեր կործանում են երկիրը» (Հայտնություն 11։18

ԵՐԿԻՐԸ ՄԵՐ ՏՈՒՆՆ Է ՀԱՎԻՏՅԱՆ

Իր հռչակավոր Լեռան քարոզում Հիսուս Քրիստոսը ասաց. «Երջանիկ են նրանք, ովքեր հեզ են, որովհետև նրանք կժառանգեն երկիրը» (Մատթեոս 5։5)։ Հետո նույն քարոզում Հիսուսը հայտնեց այն միջոցը, որի շնորհիվ երկիրը կփրկվի կործանումից։ Նա իր հետևորդներին սովորեցրեց աղոթել. «Թող գա քո թագավորությունը։ Թող կատարվի քո կամքը ինչպես երկնքում,  այնպես էլ երկրի վրա»։ Այո՛, Աստծու Թագավորությունը, կամ՝ կառավարությունը կիրագործի երկրի առնչությամբ Աստծու նպատակը (Մատթեոս 6։10

Թագավորության բերած ուշագրավ փոփոխությունների մասին Աստված հայտնում է. «Ահա ամեն բան նոր եմ անում» (Հայտնություն 21։5)։ Արդյոք դա նշանակո՞ւմ է, որ Աստված նոր երկիր է ստեղծելու։ Ո՛չ, քանի որ խնդիրը մեր մոլորակը չէ։ Աստված կվերացնի նրանց, ովքեր պատասխանատու են մոլորակի ճգնաժամի համար՝ «նրանց, ովքեր կործանում են երկիրը», այսինքն՝ ներկայիս մարդկային համակարգը իր կառավարություններով։ Այն կփոխարինվի «մի նոր երկնքով ու մի նոր երկրով»՝ նոր երկնային կառավարությամբ՝ Աստծու Թագավորությամբ, որը կիշխի երկրային նոր հասարակության վրա (Հայտնություն 21։1

Մարդու պատճառով առաջացած էկոլոգիական «պարտքը» մարելու համար Աստված կրկին հավասարակշռության կբերի այսպես ասած էկոլոգիական «բյուջեն»։ Նկարագրելով այն, թե ինչ է անելու Աստված՝ սաղմոսերգուն սուրբ ոգու ներշնչմամբ գրեց. «Երկրի հանդեպ քո հոգածությունն ես ցույց տալիս, որ լիացնես այն, դու առատապես հարստացնում ես այն»։ Քանի որ կլիման կկարգավորվի, և, որ ամենակարևորն է, Աստծու օրհնությունը կլինի, երկիրը դրախտի կվերածվի և առատ սնունդ կտա (Սաղմոս 65։9–13

Ըստ Մոհանդաս Գանդիի քարտուղար Պյարելալի՝ Հնդկաստանի հոգևոր առաջնորդը ասել էր. «Երկիրը բավականաչափ բարիք է տալիս յուրաքանչյուր մարդու կարիքը բավարարելու համար, բայց ոչ յուրաքանչյուր մարդու ագահությանը հագուրդ տալու համար»։ Աստծու Թագավորությունը կանդրադառնա երկրի խնդիրների արմատին՝ փոփոխություն անելով մարդկանց սրտում։ Եսայիա մարգարեն կանխագուշակեց, որ Թագավորության ղեկավարման ներքո մարդիկ իրար «չեն վնասի և ոչինչ չեն ավերի» երկրի վրա (Եսայիա 11։9)։ Փաստ է, որ այսօր իսկ տարբեր ծագում ունեցող միլիոնավոր մարդիկ սովորում են Աստծու վեհ չափանիշների մասին։ Նրանք սովորում են սիրել Աստծուն ու մերձավորին, երախտագիտության ոգի դրսևորել, հոգ տանել շրջակա միջավայրին, պահպանել բնական ռեսուրսները և այնպիսի կյանքով ապրել, որը թիկունք կկանգնի Արարչի նպատակին։ Այդ մարդիկ պատրաստվում են ապրելու դրախտային երկրում (Ժողովող 12։13; Մատթեոս 22։37–39; Կողոսացիներ 3։15

Երկիրը այնքան անզուգական է, որ չի կարող էկոլոգիական տեսանկյունից սնանկացում ապրել

Արարչագործության մասին «Ծննդոց» գրքի արձանագրությունը եզրափակվում է հետևյալ խոսքերով. «Աստված նայեց իր ստեղծած բոլոր բաներին ու տեսավ, որ այդ ամենը շատ լավ է» (Ծննդոց 1։31)։ Իրոք որ, երկիրը այնքան անզուգական է, որ չի կարող էկոլոգիական տեսանկյունից սնանկացում ապրել։ Մեզ համար մխիթարական է իմանալ, որ մեր մոլորակի ապագան մեր սիրառատ Արարչի՝ Եհովա Աստծու ապահով ձեռքերում է։ Նա խոստանում է. «Արդարները կժառանգեն երկիրը և հավիտյան կբնակվեն նրա վրա» (Սաղմոս 37։29)։ Թող որ դու էլ լինես «արդարների» թվում, որոնք երկիրը հավիտյան իրենց տունը կդարձնեն։

^ պարբ. 3 Մեջբերում Աստվածաշնչից՝ Ժողովող 1։4-ից։