Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

ԱՐԴՅՈՔ ՊԱՏԱՀԱԿԱՆՈՒԹՅՈ՞ՒՆ Է

Թանաքաձկան գունափոխվելու կարողությունը

Թանաքաձկան գունափոխվելու կարողությունը

ԹԱՆԱՔԱՁՈՒԿԸ կարողանում է փոխել իր գունավորումը և քողարկել իրեն՝ դառնալով գրեթե անտեսանելի մարդու աչքի համար։ Համաձայն մի աշխատության՝ թանաքաձուկը «հայտնի է իր մարմնի ձևափոխման բազմազանությամբ, ինչը նա անում է մի ակնթարթում»։ Ինչպե՞ս է դա նրան հաջողվում։

Նկատի առնենք հետևյալը։ Թանաքաձուկը փոխում է իր գույները քրոմատոֆորների միջոցով, որոնք նրա մաշկի տակ գտնվող հատուկ բջիջներ են։ Դրանք ունեն պիգմենտային պարկիկներ, որոնց շուրջը բարակ մկաններ կան։ Երբ թանաքաձուկը ուզում է թաքնվել կամ գունափոխվել, նրա ուղեղը ազդանշաններ է ուղարկում պարկիկներին շրջապատող մկաններին, և դրանք կծկվում են։ Դրանից պիգմենտային պարկիկները ընդարձակվում են, ինչի արդյունքում էլ փոխվում է թանաքաձկան գույնն ու ձևը։ Իր այս հնարքը նա օգտագործում է ոչ միայն քողարկվելու, այլև զուգընկերոջը գրավելու և հնարավոր է նաև հաղորդակցվելու համար։

Անգլիայում Բրիստոլի համալսարանի ինժեներները պատրաստեցին թանաքաձկան արհեստական մաշկ։ Նրանք սև ռետինե դիսկերը տեղադրեցին փոքրիկ սարքերի արանքում, որոնք գործում են թանաքաձկան բարակ մկանների պես։ Եվ երբ էլեկտրական հոսանք անցկացրին մաշկի միջով, այդ սարքերը կծկվեցին, որի արդյունքում ռետինե դիսկերը ընդարձակվեցին՝ մգացնելով և փոխելով արհեստական մաշկի գույնը։

Ըստ ինժեներ Ջոնաթան Ռոսիտերի՝ թանաքաձկան մկանների ուսումնասիրությունը՝ «նուրբ հյուսվածքների, որոնք բնությունն այդքան վարպետորեն է պատրաստում», կարող է ոգեշնչել ստեղծելու այնպիսի գործվածքներ, որոնք վայրկյանի արագությամբ կփոխեն իրենց գունավորումը։ Ռոսիտերը ասում է, որ մարդիկ, հնարավոր է, հագնեն նման գործվածքներից կարված հագուստներ՝ քողարկվելու կամ պարզապես նորաձև տեսք ունենալու համար։

Ի՞նչ եք կարծում։ Թանաքաձկան գունափոխվելու ունակությունը էվոլյուցիայի՞ արդյունք է, թե՞ ծրագրված է եղել։