Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ԸՆՏԱՆԻՔԻՆ | ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐ

Ինչպես իսկական ընկերներ ունենալ

Ինչպես իսկական ընկերներ ունենալ

ԽՆԴԻՐ

Ժամանակակից տեխնոլոգիաները հնարավորություն են տալիս առանց որևէ անհարմարության կապ հաստատելու ավելի շատ մարդկանց հետ, քան նախկինում։ Այդուհանդերձ, հնարավոր է՝ զգաս, որ մարդկանց հետ քո փոխհարաբերությունները մակերեսային են։ Մի երիտասարդ դա արտահայտեց հետևյալ կերպ. «Այնպիսի տպավորություն է, ասես իմ ընկերներն այսօր կան, բայց վաղը կողքիս չեն լինի։ Իսկ հայրս ունի ընկերներ, որոնց հետ մտերիմ է արդեն տասնյակ տարիներ»։

Ինչո՞ւ է այդքան դժվար մեր օրերում մտերիմ ընկերներ ունենալ ու մնայուն ընկերություն հաստատել։

ԻՆՉ ՊԵՏՔ Է ԻՄԱՆԱՍ

Մասամբ զարգացած տեխնոլոգիաներն են մեղավոր։ Տեքստային հաղորդագրությունները, սոցիալական ցանցերը և այլ մեդիա-միջոցներ հնարավոր են դարձրել ընկերների հետ կապ պահպանել առանց նրանց կողքին լինելու։ Իմաստալից զրույցներին փոխարինելու են եկել կարճ sms-ներն ու թվիթները։ Մի քանի տարի առաջ լույս տեսած մի գրքում ասվում է. «Մարդիկ ավելի քիչ են երես առ երես շփվում.... Ուսանողները ավելի շատ էկրանի առաջ են ժամանակ անցկացնում, քան իրար հետ» (Artificial Maturity

Որոշ դեպքերում մեդիա շփումը կարող է պատրանք ստեղծել, թե ընկերությունը ավելի մտերիմ է, քան իրականում կա։ 22-ամյա Բրայենն * ասում է. «Վերջերս նկատեցի, որ միշտ ես եմ առաջինը հաղորդագրություն գրում ընկերներիս իմանալու համար, թե ինչպես են։ Որոշեցի այդպես չանել, որ տեսնեմ, թե նրանցից քանիսը ինձ կգրեն։ Անկեղծ ասած՝ շատ քչերը ինձ հիշեցին։ Պարզ էր, որ ոմանք այդքան էլ մտերիմ չէին, ինչքան ես էի կարծում»։

Բայց մի՞թե հաղորդագրություն ուղարկելը կամ մեդիան չեն օգնում, որ ընկերները կապ պահեն իրար հետ և դրանով ամրացնեն իրենց ընկերությունը։ Իհարկե օգնում են, հատկապես երբ այդ ընկերների հետ շփվում ես նաև օֆլայն։ Այդուհանդերձ, հաճախ ժամանակակից տեխնոլոգիաները կամուրջի պես են. օգնում են, որ մարդիկ կապ պահեն իրար հետ, ոչ թե մտերմանան։

ԻՆՉ ԿԱՐՈՂ ԵՍ ԱՆԵԼ

Պարզիր քեզ համար, թե ինչ է իսկական ընկերությունը։ Աստվածաշունչը ընկերոջը նկարագրում է որպես մեկի, ով «եղբորից ավելի մտերիմ է» (Առակներ 18:24)։ Այսպիսի՞ ընկեր ես ուզում ունենալ։ Իսկ դու այսպիսի՞ ընկեր ես։ Այս հարցերի պատասխանները գտնելու համար գրի առ երեք հատկություն, որ կուզեիր տեսնել ընկերոջդ մեջ։ Այնուհետև գրիր քո երեք հատկությունները, որոնցով նպաստում ես ձեր ընկերությանը։ Հարցրու ինքդ քեզ. «Իմ օնլայն ընկերներից ովքե՞ր են դրսևորում այն հատկությունները, որոնք ես արժևորում եմ։ Իսկ ըստ նրանց՝ ես ինչ հատկություններով եմ նպաստում մեր ընկերությանը»։ Աստվածաշնչյան սկզբունք՝ Փիլիպպեցիներ 2:4։

Առաջնահերթություններ դիր։ Օնլայն ընկերությունները հաճախ ձևավորվում են ընդհանուր հետաքրքրությունների հիման վրա, ինչպիսին է օրինակ՝ հոբբին։ Սակայն ընդհանուր արժեքներ ունենալը ավելի կարևոր է, քան նույն հետաքրքրությունները։ 21-ամյա Լիանը ասում է. «Ես գուցե շատ ընկերներ չունեմ, բայց իմ ընկերներն օգնում են, որ ձգտեմ ավելի լավ մարդ դառնալ»։ Աստվածաշնչյան սկզբունք՝ Առակներ 13:20։

Շփվիր ընկերներիդ հետ առանց տեխնիկայի օգնության։ Ոչինչ չի կարող փոխարինել երես առ երես շփմանը, քանի որ ուրիշ ինչպե՞ս կզգաս ձայնի տոնի, դեմքի արտահայտության կամ շարժուձևի գրեթե աննշմար փոփոխությունները։ Աստվածաշնչյան սկզբունք՝ 1 Թեսաղոնիկեցիներ 2:17։

Նամակ գրիր։ Որքան էլ հնաոճ թվա, այդուհանդերձ նամակ գրելով ցույց ես տալիս, որ ստացողը թանկ է քեզ համար, և ուշադիր ես նրա հանդեպ։ Նման ուշադրությունը հազվադեպ բան է այսօրվա բազմազբաղ աշխարհում։ Օրինակ՝ Շերի Թերքլը իր «Միայնակ միասին» գրքում գրում է մի երիտասարդի մասին, ով չի հիշում, որ կյանքում ինչ-որ մեկից նամակ ստացած լինի։ Խոսելով այն ժամանակների մասին, երբ մարդիկ նամակ էին գրում, երիտասարդն ասում է. «Երանի եմ տալիս այդ օրերին, թեև ես ծնված չեմ եղել» (Alone Together)։ Ինչո՞ւ չօգտվել այս «հնաոճ տեխնոլոգիայից» ընկերություն անելու համար։

Հետևություն։ Իսկական ընկերությունը ավելին է, քան կապի մեջ լինելը։ Դրա համար անհրաժեշտ է, որ դու և ընկերդ դրսևորեք սեր, կարեկցանք, համբերություն և ներողամտություն։ Այս հատկությունները նպաստում են, որ ընկերությունը գոհունակություն պատճառի և մնայուն լինի։ Բայց դժվար է դրանք դրսևորել՝ շփվելով միայն օնլայն։

^ պարբ. 8 Այս հոդվածում որոշ անուններ փոխված են։