Անցնել բովանդակությանը

Եհովայի վկաները ի՞նչ տեսակետ ունեն կրթության վերաբերյալ

Եհովայի վկաները ի՞նչ տեսակետ ունեն կրթության վերաբերյալ

 Կրթության վերաբերյալ մեր տեսակետը մենք հիմնում ենք աստվածաշնչյան սկզբունքների վրա։ Յուրաքանչյուր Վկա գործի է դնում Աստվածաշնչով մարզված իր խիղճը՝ որոշելու համար, թե ինչպես կիրառել Աստծու տված սկզբունքները, ինչպիսիք, օրինակ, նշված են ստորև։ a

 Կրթությունը շատ կարևոր է

 Կրթությունը օգնում է մարդուն «իմաստություն և խորհելու կարողություն» զարգացնել, հատկություններ, որոնք Աստվածաշունչը բարձր է գնահատում (Առակներ 2։10, 11; 3։21, 22)։ Բացի այդ, Հիսուսն իր հետևորդներին ասաց, որ սովորեցնեն այն բաները, որ ինքը պատվիրել էր (Մատթեոս 28։19, 20)։ Ուստի մենք հորդորում և օգնում ենք ժողով հաճախողներին բազմակողմանի կրթված լինել, այդ թվում՝ վարժ կարդալ, գրել և հաղորդակցվել b, ինչպես նաև այլ կրոնների ու մշակույթների մասին գիտելիքներ ձեռք բերել (1 Կորնթացիներ 9։20–22; 1 Տիմոթեոս 4։13

 Իշխանությունները նույնպես ընդունում են կրթության կարևորությունը և հաճախ երեխաներից պահանջում են, որ տարրական և միջնակարգ կրթություն ստանան։ Մենք ենթարկվում ենք այդ օրենքներին՝ հետևելով այս պատվերին. «Թող ամեն անձ հպատակվի վերին իշխանություններին», կամ՝ կառավարություններին (Հռոմեացիներ 13։1)։ Բացի այդ, հորդորում ենք մեր երեխաներին ջանասեր լինել ուսման մեջ և անել իրենց լավագույնը՝ չբավարարվելով նվազագույնով։ c Աստվածաշունչն ասում է. «Ամեն ինչ որ էլ անէք, սրտանց արէք, ինչպէս Տիրոջը, եւ ոչ թէ մարդկանց» (Կողոսացիներ 3։23, «Արարատ» թարգմանություն)։

 Կրթությունը օգնում է մեզ հոգալու մեր ընտանիքի կարիքները։ Աստվածաշունչն ասում է, որ «եթե որևէ մեկը հոգ չի տանում իրեններին և հատկապես իր ընտանիքի անդամներին, նա հավատը ուրացել է և անհավատից էլ վատն է» (1 Տիմոթեոս 5։8)։ Կրթությունը կարող է օգնել մեզ կատարելու ընտանիքին աջակցելու մեր սուրբ պարտականությունը։ Ինչպես նշվում է «Ուորլդ բուք» հանրագիտարանում, կրթության առանցքային նպատակն է «հնարավորություն տալ մարդկանց դառնալու հասարակությանը պիտանի անդամներ.... որպեսզի իրենց աշխատանքով նպաստեն տնտեսության զարգացմանը» (The World Book Encyclopedia)։ Հմտություններ ունեցող և կրթված անձնավորության համար ավելի հեշտ կլինի հոգալ իր ընտանիքի կարիքները և չկորցնել աշխատանքը, քան այն մարդու համար, ով չունի հմտություններ և հիմնական կրթություն չի ստացել (Առակներ 22։29

 Ծնողները իրենց երեխաների մասին հոգ են տանում նաև նրանով, որ նախապատրաստում են նրանց հասուն կյանքի համար, և դպրոցական կրթությունը կարող է անգնահատելի լինել այդ հարցում (2 Կորնթացիներ 12։14)։ Մենք հորդորում ենք ծնողներին հոգ տանել, որ իրենց երեխաները պարտադիր կրթություն ստանան, նույնիսկ եթե ապրում են այնպիսի տարածքներում, որտեղ այն անվճար չէ, դժվարհասանելի է կամ դեմ է մշակութային նորմերին։ d Նաև գործնական առաջարկներ ենք անում, թե ծնողներն ինչպես կարող են ներգրավված լինել երեխաների կրթության գործընթացի մեջ։ e

 Կրթության վերաբերյալ հարկավոր է օբյեկտիվ տեսակետ ունենալ

 Մենք մանրամասնորեն ուսումնասիրում ենք կրթություն ստանալու տարբերակները։ Աստվածաշունչն ասում է. «Անփորձը հավատում է ամեն խոսքի, բայց խորագետը կշռադատում է իր քայլերը» (Առակներ 14։15)։ Մենք կիրառում ենք այս սկզբունքը՝ մանրամասնորեն ուսումնասիրելով լրացուցիչ կրթություն ստանալու համար առկա տարբերակները, ինչպես նաև հաշվի առնելով դրանց արժեքը և դրական ու բացասական կողմերը։ Օրինակ՝ մասնագիտացված դասընթացները հաճախ շատ արդյունավետ են և քիչ ժամանակ են պահանջում։

 Հոգևոր կրթությունը ավելի մեծ արժեք ունի։ Ի տարբերություն ցանկացած այլ կրթության՝ Աստվածաշնչի վրա հիմնված հոգևոր կրթությունը տալիս է Աստծու մասին կյանք փրկող գիտելիքներ (Հովհաննես 17։3)։ Այն սովորեցնում է բարոյական արժեքներ՝ «թե ինչ է արդարությունը, արդարադատությունը և ուղղամտությունը՝ բարեգործության ամբողջ ընթացքը» (Առակներ 2։9)։ Պողոս առաքյալը ժամանակակից համալսարանական կրթության պես կրթություն էր ստացել, սակայն ընդունեց, որ «Քրիստոս Հիսուսի մասին գիտելիքները գերազանց արժեք» ունեն (Փիլիպպեցիներ 3։8; Գործեր 22։3)։ Նմանապես այսօր, թեև շատ Եհովայի վկաներ բարձրագույն կրթություն են ստացել, սակայն համոզված են, որ հոգևոր կրթությունը ավելի արժեքավոր է։ f

Հոգևոր կրթությունը բարոյական արժեքներ է սերմանում

 Բարձրագույն կրթությունը կարող է բարոյական և հոգևոր վտանգների առաջ կանգնեցնել

 Աստվածաշնչյան մի առակում ասվում է. «Խորագետը տեսնում է փորձանքը և թաքնվում» (Առակներ 22։3)։ Եհովայի վկաները գիտեն, որ որոշ համալսարանների կամ նմանատիպ բարձրագույն ուսումնական հաստատությունների միջավայրը կարող է բարոյապես և հոգևորապես վտանգավոր լինել։ Այդ պատճառով շատ Վկաներ նախընտրում են իրենց և իրենց երեխաներին հեռու պահել նման միջավայրից։ Նրանք գիտեն, որ բարձրագույն ուսումնական հաստատություններում հաճախ ջատագովվում են այնպիսի սխալ կարծիքներ, ինչպիսիք են, օրինակ, ստորև նշվածները։

  •   Սխալ կարծիք։ Փողը երջանկություն և ապահովություն է տալիս

     Բարձրագույն կրթությունը հաճախ պրոպագանդվում է որպես բարձր վարձատրվող աշխատանք ունենալու ամենավստահելի միջոցը։ Այդ պատճառով գնալով մեծանում է այն ուսանողների թիվը, որոնք սովորում են համալսարանում՝ գլխավորապես ավելի շատ փող աշխատելու նպատակով։ Ոմանք հույս ունեն, որ փողը երջանկություն և ապահովություն կտա իրենց, սակայն Աստվածաշունչը ցույց է տալիս, որ այդպիսի մտածելակերպը ունայն է (Ժողովող 5։10)։ Բայց, որ ամենակարևորն է, Աստվածաշունչը նաև սովորեցնում է, որ «բոլոր վնասակար բաների արմատը փողասիրությունն է», ինչը հաճախ պատճառ է դառնում, որ մարդիկ կորցնեն իրենց հավատը (1 Տիմոթեոս 6։10)։ Եհովայի վկաները ամեն ջանք թափում են, որ չընկնեն «հարստության հրապույրի» ծուղակը (Մատթեոս 13։22

  •   Սխալ կարծիք։ Հեղինակություն կամ դիրք ունենալու համար հարկավոր է բարձրագույն կրթություն ստանալ

     Օրինակ՝ Վրաստանի նախկին վարչապետ Նիկա Գիլաուրին գրել է, թե իր հայրենիքում ինչ տարածված տեսակետ կա. «Վրաստանում համալսարանական դիպլոմը գրեթե պարտադիր է, քանի որ այն համարվում է հասարակական դիրքի խորհրդանիշ... [Անցյալում] այն երիտասարդները, ովքեր չունեին որևէ կրթական աստիճան, անպատվություն էին բերում իրենց ընտանիքին»։ g Սրան հակառակ՝ Աստվածաշունչը նախազգուշացնում է, որ աշխարհում աչքի ընկնող դիրք չփնտրենք։ Հիսուսն իր օրերի փառատենչ կրոնական առաջնորդներին ասաց. «Ինչպե՞ս կարող եք հավատալ, երբ դուք իրարից եք փառք ընդունում» (Հովհաննես 5։44)։ Համալսարանական միջավայրը կարող է խրախուսել գոռոզամտության ոգի, որն Աստված ատում է (Առակներ 6։16, 17; 1 Պետրոս 5։5

  •   Սխալ կարծիք։ Յուրաքանչյուր անհատ պետք է սահմանի ճշտի ու սխալի վերաբերյալ իր չափանիշները

     Եհովայի վկաները ընդունում են ճշտի ու սխալի վերաբերյալ Աստծու սահմանած չափանիշները (Եսայիա 5։20)։ Սակայն ինչպես ասվում էր մի հանդեսում հրապարակված հոդվածում, համալսարաններում հասակակիցների ճնշումը շատ ուսանողների դրդում է «ճշտի ու սխալի վերաբերյալ իրենց մեջ արմատավորված գիտելիքներին հակառակ որոշումներ կայացնել»։ h Այս դիտարկումը ներդաշնակ է աստվածաշնչյան հետևյալ սկզբունքին. «Վատ ընկերակցությունները ապականում են օգտակար սովորությունները» (1 Կորնթացիներ 15։33)։ Բարձրագույն ուսումնական հաստատություններում հաճախ տարածված են և նույնիսկ խրախուսվում են Աստծու կողմից դատապարտելի այնպիսի արարքներ, ինչպիսիք են հարբեցողությունը, թմրադեղերի գործածությունը և արտամուսնական սեռական հարաբերությունը (1 Կորնթացիներ 6։9, 10; 2 Կորնթացիներ 7։1

  •   Սխալ կարծիք։ Բարձրագույն կրթությունը աշխարհը բարեփոխելու լավագույն միջոցն է

     Մենք ընդունում ենք, որ շատերը ձգտում են բարձրագույն կրթություն ստանալ ոչ թե հարստանալու, հեղինակություն ունենալու կամ անթույլատրելի հաճույքներ վայելելու համար, այլ իրենց և աշխարհը բարեփոխելու նպատակով։ Դրանք վեհ նպատակներ են, բայց Եհովայի վկաները ուրիշ ուղի են ընտրել։ Հիսուսի նման՝ մենք Աստծու Թագավորությունն ենք համարում ավելի լավ աշխարհում ապրելու միակ հույսը (Մատթեոս 6։9, 10)։ Սակայն միևնույն ժամանակ ձեռքներս ծալած չենք սպասում, թե երբ Թագավորությունը կլուծի աշխարհում ծառացած խնդիրները։ Փոխարենը՝ Հիսուսի նման՝ ողջ երկրով մեկ հայտնում ենք «թագավորության այս բարի լուրը»՝ ամեն տարի հազարավոր մարդկանց օգնելով բարեփոխելու իրենց կյանքը (Մատթեոս 24։14 i

a Այն Վկա պատանիները, ովքեր դեռևս ապրում են իրենց ծնողների հետ, ենթարկվում են կրթության վերաբերյալ նրանց ցանկություններին, քանի դեռ դրանք չեն հակասում Աստծու օրենքներին (Կողոսացիներ 3։20

b Այդ նպատակով մենք հրատարակել ենք գրագիտության համար նախատեսված ձեռնարկների ավելի քան 11 միլիոն օրինակ։ Այդ ձեռնարկներից է «Վարժվիր գրել-կարդալու մեջ» գրքույկը։ Նաև ամբողջ աշխարհում 120 լեզուներով անցկացնում ենք գրագիտության անվճար դասընթացներ։ 2003–2017 թթ.-ին մոտ 70 000 մարդու սովորեցրել ենք կարդալ և գրել։

c Տես «Արժե՞ թողնել դպրոցը» հոդվածը։

d Օրինակ՝ մենք խրախուսում ենք ծնողներին իրենց տղաներին ու աղջիկներին ուղարկել դպրոց։ Տես «Դիտարանի» 2003 թ. մարտի 15-ի թողարկման «Հարկ կա՞, որ իմ երեխան դպրոց հաճախի» հոդվածը։

f Տես jw.org կայքի «Տեսակետներ կյանքի ծագման մասին» բաժինը։

g «Practical Economics: Economic Transformation and Government Reform in Georgia 2004—2012», էջ 170։

h «Journal of Alcohol and Drug Education», հատոր 61, № 1, ապրիլ, 2017, էջ 72։

i jw.org կայքի «Աստվածաշունչը փոխում է կյանքերը» բաժնում կարող եք կարդալ այն անհատների կենսագրությունները, ովքեր վկայում են Աստծու Խոսքի և Թագավորության լուրի զորության մասին։