Անցնել բովանդակությանը

Նրանք կրում էին մանուշակագույն եռանկյունի

Նրանք կրում էին մանուշակագույն եռանկյունի

 Մոդը աշխատում է Ֆրանսիայի դպրոցներից մեկում։ Դասերի ժամանակ նա օգնում է սահմանափակ կարողություններով երեխաներին։ Վերջերս մի դասարանում աշակերտները սովորում էին Հոլոքոստի և նացիստական համակենտրոնացման ճամբարների մասին։ Այդ ճամբարների կալանավորների համազգեստի վրա եռանկյունի էր կարված, որի գույնն ու ձևը ցույց էր տալիս, թե ինչու էր տվյալ անհատը բանտարկված։

 Մանուշակագույն եռանկյունիներ կրող բանտարկյալների մասին ուսուցիչն ասաց. «Կարծում եմ՝ այդ մարդիկ համասեռամոլ էին»։ Դասերից հետո Մոդը խոսեց ուսուցչի հետ և բացատրեց, որ նացիստները մանուշակագույն եռանկյունիներով տարբերակում էին Եհովայի վկաներին։ a Նա առաջարկեց որոշ տեղեկություններ տրամադրել այդ թեմայի վերաբերյալ։ Ուսուցիչն ընդունեց Մոդի առաջարկը և խնդրեց նրան, որ այդ տեղեկությունները հայտնի նաև աշակերտներին։

 Մեկ այլ դասարանում նույն առարկան դասավանդելիս մի ուսուցչուհի աղյուսակ ցույց տվեց, որտեղ ներկայացված էին կալանավորների կրած տարբեր խորհրդանիշները։ Աղյուսակում ճշգրիտ կերպով նշված էր, որ մանուշակագույն եռանկյունիները բնորոշում էին Եհովայի վկաներին։ Դասից հետո Մոդը ուսուցչուհուն այդ թեմայով որոշ նյութեր տրամադրեց։ Ուսուցչուհին չհրաժարվեց և հնարավորություն ստեղծեց, որ Մոդը խոսի աշակերտների հետ։

Մոդի ձեռքում այն նյութերն են, որոնք նա ներկայացրել է դպրոցում

 Մոդը 15-րոպեանոց նյութ էր պատրաստել առաջին դասարանի համար, բայց ուսուցիչը նրան ասաց, որ մի ամբողջ ժամ իր տրամադրության տակ է։ Նա վավերագրական տեսանյութ ցույց տվեց նացիստների կողմից Եհովայի վկաների հետապնդման մասին։ Երբ տեսանյութում նշվեց, որ նացիստները 800 երեխաների բաժանել են իրենց Վկա ծնողներից, Մոդը կանգնեցրեց տեսանյութը և կարդաց այդ երեխաներից երեքի պատմությունը։ Տեսանյութի ավարտից հետո նա իր խոսքը եզրափակեց՝ կարդալով հրաժեշտի մի նամակ, որը 1940 թ.-ին իր ծնողներին գրել էր 19 տարեկան ավստրիացի մի Վկա՝ Գերհարդ Շտայնախերը։ Նամակը գրելուց ընդամենը մի քանի ժամ հետո նացիստները մահապատժի էին ենթարկել նրան։ b

 Մոդը նմանատիպ նյութ ներկայացրեց նաև երկրորդ դասարանի համար։ Նրա քաջության շնորհիվ այժմ երկու ուսուցիչները նացիստական համակենտրոնացման ճամբարների զոհերի մասին խոսելիս պարտադիր հիշատակում են Եհովայի վկաներին։

a Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ Գերմանիայում բանտարկում էին Եհովայի վկաներին, որոնց նաև անվանում էին Բիբելֆորշեր (Աստվածաշունչ ուսումնասիրողներ)։ Պատճառն այն էր, որ նրանք հրաժարվում էին աջակցել նացիստներին։

b Գերհարդ Շտայնախերը մահվան դատապարտվեց, քանի որ հրաժարվել էր ծառայել գերմանական բանակում։ Իր հրաժեշտի նամակում նա գրել էր. «Ես դեռ երեխա եմ։ Ես կդիմանամ, եթե միայն Տերը ինձ ուժ տա, և հենց դա եմ նրանից խնդրում»։ Հաջորդ առավոտ Գերհարդը մահապատժի ենթարկվեց։ Նրա շիրմաքարին գրված է. «Նա մահացավ Աստծու փառքի համար»։