Անցնել բովանդակությանը

«Եհովան փրկեց մեր կյանքը»

«Եհովան փրկեց մեր կյանքը»

 2005 թ.-ին Հնդկաստանից Սոբագիա անունով մի կին կորցրեց իր թանկագին ամուսնուն։ Վերջինս միշտ ինչպես հարկն է հոգ էր տանում կնոջ և 3-ամյա դստեր՝ Մեգանայի մասին։ Նրա մահից հետո Սոբագիան հազիվ էր ծայրը ծայրին հասցնում։

 Իսկ որ ամենասարսափելին էր, ուրիշները երես թեքեցին Սոբագիայից։ Հարազատները նրա ու դստեր հետ այնպես էին վարվում, ինչպես մուրացկանների։ Անընդհատ կրկնում էին, որ նա բեռ է իրենց համար։ Մխիթարություն գտնելու նպատակով Սոբագիան սկսեց հաճախել տեղի եկեղեցի։ Սակայն այնտեղ նրան վերևից էին նայում, քանի որ աղքատ էր։ Սոբագիան սկսեց աշխատանք փնտրել, որ ֆինանսապես կախում չունենա ուրիշներից։ Չնայած բազում ջանքերին՝ նա չկարողացավ աշխատանք գտնել։

 Սոբագիան ասում է. «Ինձ թշվառ էի զգում, ուստի որոշեցի ինքնասպան լինել։ Սակայն հասկանում էի, որ աղջիկս առանց ինձ շատ խնդիրներ է ունենալու։ Ուստի որոշեցի երկուսիս կյանքին էլ վերջ դնել»։ Լի անարժեքության ու չսիրված լինելու զգացումով՝ Սոբագիան գնաց թույն գնելու։

 Տունդարձի ճանապարհին՝ գնացքում, Էլիզաբեթ անունով մի Վկա մոտեցավ նրան և սկսեց զրուցել։ Սոբագիան ասաց, որ գործազուրկ է։ Էլիզաբեթն էլ առաջարկեց օգնել նրան գործ փնտրելու հարցում։ Նաև ասաց, որ գնում է Աստվածաշնչի ուսումնասիրության։ Դա զարմացրեց Սոբագիային։ Թեև նա բազում եկեղեցիներ էր հաճախել, բայց երբեք չէր լսել, որ մարդիկ Աստվածաշունչ ուսումնասիրեն։ Էլիզաբեթն առաջարկեց, որ Սոբագիան այցելի իրեն և Աստվածաշնչի ուսումնասիրության մասին ավելին իմանա։

 Երբ Սոբագիան տուն հասավ, դեռ հետ չէր կանգնել ինքնասպանության մտքից։ Սակայն բարեկամներից մեկը Մեգանային տեղ էր տարել։ Ուստի Սոբագիան որոշեց սպասել, մինչև դուստրը վերադառնա, և հետո իրականացնել իր ծրագիրը։

 Այդ ընթացքում նա այցելեց Էլիզաբեթին, ով ջերմորեն հյուրընկալեց նրան։ Էլիզաբեթը ցույց տվեց «Ի՞նչ է սովորեցնում Աստվածաշունչը իրականում» գիրքը։ Սոբագիային գրավեց «Որտե՞ղ են գտնվում մահացածները» գլուխը, քանի որ վերջերս էր կորցրել իր ամուսնուն։ Հենց այդ օրը Սոբագիան սկսեց Աստվածաշունչ ուսումնասիրել։

 Էլիզաբեթը հրավիրեց Սոբագիային հաջորդ շաբաթ սպասվող համաժողովին։ Եվ նա ընդունեց հրավերը։ Սոբագիան այնքա՜ն էր տպավորվել ծրագրից, որ որոշեց Եհովայի վկա դառնալ։ Իսկ երբ համաժողովից տուն վերադարձավ, աշխատանքի առաջարկ ստացավ։

 Սոբագիան շարունակեց Աստվածաշունչ ուսումնասիրել։ Նա հրաժարվեց ինքնասպանության մտքից, քանի որ վերագտավ կյանքի իմաստը։ Թե՛ նա, թե՛ հետագայում իր դուստրը՝ Մեգանան, մկրտվեցին։ Այսօր երկուսն էլ ռահվիրաներ են։ Մեգանան հեռակա կամավոր է ծառայում Հնդկաստանի թարգմանչական գրասենյակներից մեկում։

Սոբագիան և Մեգանան

 Մայր ու դուստր անչափ երախտապարտ են, որ գնացքում Էլիզաբեթը մոտեցավ Սոբագիային, անկեղծ հետաքրքրություն ցույց տվեց և պատմեց ճշմարտության մասին։ Նրանք նաև անչափ շնորհակալ են Եհովային։ Մեգանան ասում է. «Եթե այդ օրը ճշմարտությունը չիմանայինք, վաղո՜ւց արդեն մահացած կլինեինք։ Հիմա մենք շատ երջանիկ ենք։ Անհամբերությամբ սպասում ենք, որ գրկենք մեր հորը, սովորեցնենք Եհովայի մասին և պատմենք, թե Նա ինչպես փրկեց մեր կյանքը»։