Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

Երբ հարազատ եք կորցնում

Երբ հարազատ եք կորցնում

«Երբ մեծ եղբայրս անսպասելիորեն մահացավ, ես ինձ անզոր էի զգում։ Անգամ ամիսներ անց, երբ հանկարծ հիշում էի նրան, սուր ցավ էի զգում, ասես դանակով սիրտս խոցեին։ Երբեմն էլ զայրանում էի։ Մտածում էի. «Ախր ինչո՞ւ պիտի եղբայրս մահանար»։ Ինձ մեղավոր էի զգում, որ նրա հետ ավելի շատ ժամանակ չէի անցկացրել» (Վանեսա, Ավստրալիա)։

ԵԹԵ հարազատ եք կորցրել, հավանաբար դուք էլ եք ունենում ծանր զգացումներ, ինչպիսիք են՝ տխրություն, միայնություն, անզորություն։ Գուցե երբեմն զայրանում եք, վախով եք լցվում կամ ձեզ մեղավոր եք զգում։ Հնարավոր է՝ անգամ մտածում եք. «Էլ ի՞նչ իմաստ ունի ապրելս»։

Համոզված եղեք, որ խոր վիշտ ապրելը թուլության նշան չէ։ Դա ցույց է տալիս, թե ձեզ համար որքան թանկ էր մահացած անհատը։ Իսկ կարո՞ղ եք ինչ-որ չափով մեղմել ձեր սրտի ցավը։

ԻՆՉՊԵՍ ԵՆ ՈՄԱՆՔ ՀԱՂԹԱՀԱՐԵԼ

Անգամ եթե զգում եք, որ ցավն անդարմանելի է, հետևյալ խորհուրդները գուցե օգտակար լինեն։

ՎԻՇՏ ԱՊՐԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԺԱՄԱՆԱԿ ՄԻ՛ ՍԱՀՄԱՆԵՔ

Ամեն մարդ յուրովի է վիշտ ապրում։ Եվ այդ ժամանակահատվածը տարբեր մարդկանց դեպքում տարբեր է լինում։ Լաց լինելը սովորաբար օգնում է որոշ չափով թեթևացում ապրել։ Վանեսան, ում խոսքերը մեջբերվեցին ավելի վաղ, ասում է. «Անընդհատ լաց էի լինում։ Ցավս արտահայտելու կարիք էի զգում»։ Սոֆիան, որի քույրը անսպասելիորեն մահացել էր, ասում է. «Իրականության մասին մտածելը և այդ ապրումների միջով անցնելը շատ ցավոտ է։ Դա նման է բորբոքված վերքը բացելուն ու մաքրելուն. ցավն ուղղակի անտանելի է, բայց այդպես վարվելը նպաստում է, որ վերքը բուժվի»։

ԱՐՏԱՀԱՅՏԵՔ ՁԵՐ ՄՏՔԵՐՆ ՈՒ ԶԳԱՑՈՒՄՆԵՐԸ

Բնական է, որ երբեմն ցանկանաք մենակ մնալ։ Սակայն վիշտը չափազանց ծանր բեռ է, անհնար է մենակ կրել։ Տասնյոթամյա Ջերիդը, որը կորցրել է հորը, ասում է. «Իմ զգացումների մասին խոսում էի ուրիշների հետ։ Հազիվ թե խելամիտ բաներ ասած լինեմ, բայց լավ էր, որ հնարավորություն ունեի զգացածս արտահայտելու»։ Ջենիսը, որի մասին խոսեցինք առաջին հոդվածում, նշում է զգացածը արտահայտելու մեկ այլ օգուտի մասին. «Ուրիշների հետ զրուցելը անչափ մխիթարական է։ Ես զգում էի, որ ինձ հասկանում են, ու միայնության զգացումը այդքան ուժգին չէր լինում»։

ԸՆԴՈՒՆԵՔ ՕԳՆՈՒԹՅՈՒՆԸ

Մի հոգեբան ասում է. «Հարազատ կորցրած այն մարդիկ, ովքեր հենց սկզբնական շրջանում [երբ հոգեկան ցնցում են ապրում] թույլ են տալիս, որ ընկերներն ու ազգականները օգնեն իրենց, ավելի հեշտությամբ են հաղթահարում վիշտ ապրելու մյուս փուլերը»։ Ասա ընկերներիդ, թե ինչպես կարող են օգնել քեզ. նրանք հավանաբար ուզում են օգնել, բայց չգիտեն՝ ինչպես (Առակներ 17։17

ԱՎԵԼԻ ՄՏԵՐՄԱՑԵՔ ԱՍՏԾՈՒ ՀԵՏ

Թինան ասում է. «Երբ քաղցկեղի պատճառով ամուսինս անսպասելիորեն մահացավ, այլևս չէի կարող առաջվա պես նրան պատմել իմ խորին մտքերն ու զգացմունքները, ուստի Աստծու առաջ էի սիրտս բացում։ Ամեն օր խնդրում էի, որ օգնի՝ այդ օրն էլ ապրեմ»։ Թարշան, ով 22 տարեկան էր, երբ նրա մայրը մահացավ, ասում է. «Ինձ համար մխիթարության աղբյուր էր ամեն օր Աստվածաշունչ ընթերցելը։ Դրա շնորհիվ միշտ որևէ քաջալերական միտք էի գտնում մտածելու»։

ՄՏԱԾԵՔ ՀԱՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

Թինան պատմում է. «Սկզբում հարության հույսով չէի մխիթարվում, քանի որ հենց այդ պահին էի ամուսնուս կարիքը զգում, իսկ տղաներս՝ իրենց հոր։ Սակայն այժմ, երբ արդեն չորս տարի է անցել, ես փայփայում եմ այդ հույսը։ Դա իմ փրկարար օղակն է։ Պատկերացնում եմ այն ժամանակը, երբ նորից կտեսնեմ նրան, և դա ինձ անսահման ուրախություն ու խաղաղություն է տալիս»։

Ինչ խոսք, դժվար թե ձեր սրտի ցավը միանգամից թեթևանա։ Բայց նկատեք, թե ինչ հուսադրող խոսքեր է ասում Վանեսան. «Մտածում ես, որ երբեք չես կարողանա ազատվել այդ ցավից, բայց կգան օրեր, երբ ամեն բան այդքան էլ մռայլ չի թվա»։

Հիշեք. չնայած դատարկության զգացումը գուցե այդպես էլ չանցնի, բայց արժե՛ ապրել։ Աստծու ջերմ հոգատարության ներքո դուք դեռ կարող եք վայելել հաճելի ընկերակցություն և իմաստալից կյանք։ Եվ մոտ ապագայում Աստված հարություն կտա ձեր մահացած հարազատին։ Աստված ուզում է, որ դուք կրկին գրկեք նրան։ Այդ ժամանակ ձեր սրտի ցավը լիովին կփարատվի։