Անցնել բովանդակությանը

ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉԸ ՓՈԽՈՒՄ Է ԿՅԱՆՔԵՐԸ

Կյանքս վերահսկողությունից դուրս էր եկել

Կյանքս վերահսկողությունից դուրս էր եկել
  • Ծննդյան տարեթիվը՝ 1971

  • Երկիրը՝ Տոնգա

  • Նախկինում՝ թմրամոլ, կալանավոր

ԻՄ ԱՆՑՅԱԼԸ

 Ընտանիքս Տոնգայից է։ Այս երկիրը կազմված է մոտ 170 կղզիներից և գտնվում է Խաղաղ օվկիանոսի հարավ-արևմուտքում։ Տոնգայում մենք պարզ կյանքով էինք ապրում. չունեինք էլեկտրականություն և որևէ փոխադրամիջոց։ Բայց ունեինք հոսող ջուր և մի քանի հավ էինք պահում։ Դպրոցական արձակուրդներին ես ու երկու եղբայրներս հորս օգնում էինք մշակելու մեր պլանտացիան, որտեղ աճեցնում էինք բանան, քաղցրահամ կարտոֆիլ, տարո և մանիոկա։ Բերքի վաճառքից ստացված գումարը հավելյալ եկամուտ էր, բացի այն չնչին գումարից, որ հայրս ստանում էր՝ պատահական աշխատանքներ անելով։ Ինչպես և շատ կղզաբնակներ՝ մեր ընտանիքը նույնպես մեծ հարգանք ուներ Աստվածաշնչի հանդեպ և կանոնավորաբար եկեղեցի էր հաճախում։ Այնուամենայնիվ, մենք հավատում էինք, որ լավ կյանքի տանող միակ ճանապարհը հարուստ երկիր տեղափոխվելն էր։

 Երբ 16 տարեկան էի, քեռիս մեր ընտանիքին օգնեց տեղափոխվելու Կալիֆոռնիա (ԱՄՆ)։ Դա մշակութային շատ դժվար փոփոխություն էր մեզ համար։ Թեև մեր տնտեսական վիճակը բարելավվեց, սակայն մենք ապրում էինք աղքատ թաղամասում, որտեղ տարածված էին դաժան հանցագործություններն ու թմրամոլությունը։ Հաճախ գիշերները հրաձգությունների ձայներ էինք լսում։ Մեր հարևանների մեծ մասը վախենում էր հանցագործ ավազակախմբերից։ Շատ մարդիկ հրազեն էին կրում, որպեսզի պաշտպանեին իրենց կամ լուծեին վիճաբանությունները։ Այդպիսի վիճաբանություններից մեկի հետևանքով իմ կրծքավանդակում հրազենի մի փամփուշտ է մնացել։

 Բարձր դասարաններում ուզում էի նմանվել մյուս երիտասարդներին։ Աստիճանաբար ավելի ու ավելի մխրճվեցի վայրագ խրախճանքների, հարբեցողության, բռնության և թմրամոլության ճահճի մեջ։ Ժամանակի ընթացքում կոկաինի նկատմամբ կախվածություն ձեռք բերեցի։ Թմրադեղեր գնելու համար սկսեցի գողությամբ զբաղվել։ Թեև ընտանիքիս անդամները կանոնավորաբար եկեղեցի էին հաճախում, սակայն ես ճիշտ առաջնորդություն չէի ստանում, որպեսզի կարողանայի դիմադրել սխալ վարվելու հասակակիցներիս ճնշմանը։ Ինձ հաճախ ձերբակալում էին բռնի գործողություններ կատարելու համար։ Կյանքս վերահսկողությունից դուրս էր եկել։ Ի վերջո հայտնվեցի կալանավայրում։

ԻՆՉՊԵՍ ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉԸ ՓՈԽԵՑ ԻՄ ԿՅԱՆՔԸ

 1997 թ.-ն էր։ Մի օր, երբ դեռ անազատության մեջ էի, կալանավորներից մեկը նկատեց, որ ձեռքիս Աստվածաշունչ կա։ Սուրբ Ծննդյան տոնն էր՝ օր, որը տոնգացիները շատ սուրբ են համարում։ Նա հարցրեց ինձ՝ արդյոք գիտեմ, թե Աստվածաշունչը իրականում ինչ է ասում Քրիստոսի ծննդյան մասին։ Բայց ես գաղափար անգամ չունեի։ Նա ցույց տվեց ինձ Հիսուսի ծննդյան վերաբերյալ աստվածաշնչյան պարզ արձանագրությունը, և ես հասկացա, որ Սուրբ Ծնունդի հետ կապված բազմաթիվ ավանդական տարրեր նույնիսկ չեն հիշատակվում այնտեղ (Մատթեոս 2։1–12; Ղուկաս 2։5–14)։ Ես ապշել էի, և ինձ հետաքրքրեց, թե էլ ինչ է ասում Աստվածաշունչը։ Այդ մարդը հաճախում էր կալանավայրում Եհովայի վկաների՝ ամեն շաբաթ անցկացվող ժողովի հանդիպումներին, և ես որոշեցի միանալ նրան։ Նրանք քննարկում էին Աստվածաշնչի «Հայտնություն» գիրքը։ Թեև քիչ բան էի ըմբռնում նրանց ասածներից, բայց հասկացա, որ այն, ինչ նրանք սովորեցնում էին, Աստվածաշնչից էր։

 Երբ Վկաները Աստվածաշնչի ուսումնասիրություն առաջարկեցին ինձ, ուրախությամբ համաձայնվեցի։ Առաջին անգամ իմացա աստվածաշնչյան այն խոստման մասին, որ ապագայում երկրի վրա դրախտ է լինելու (Եսայիա 35։5–8)։ Ինձ համար պարզ դարձավ, որ Աստծուն հաճեցնելու համար պետք է լուրջ փոփոխություններ անեմ իմ կյանքում։ Հասկացա, որ եթե չհրաժարվեմ վատ սովորություններիցս, Եհովա Աստված թույլ չի տա, որ ապրեմ իր խոստացած դրախտում (1 Կորնթացիներ 6։9, 10)։ Այդ պատճառով վճռեցի փոխել պոռթկուն բնավորությունս, թողնել ծխելը և երբեք այլևս չհարբել ու թմրադեղեր չօգտագործել։

 1999 թ.-ին՝ նախքան ազատազրկմանս ժամկետի ավարտը, իշխանությունները տեղափոխեցին ինձ ներգաղթյալների ճամբար։ Մեկ տարուց ավելի ոչ մի կապ չունեի Վկաների հետ։ Բայց վճռել էի շարունակել փոփոխություններ անել։ 2000 թ.-ին կառավարությունը չեղյալ արեց Միացյալ Նահանգներում մնալու իմ թույլտվությունը և ինձ արտաքսեց երկրից։

 Վերադառնալով Տոնգա՝ ես ամեն ինչ արեցի, որ գտնեմ Եհովայի վկաներին, և երբ գտա, վերսկսեցի Աստվածաշնչի ուսումնասիրությունս։ Ինձ դուր էր գալիս այն, ինչ սովորում էի։ Շատ տպավորվեցի, երբ տեսա, որ կղզում բնակվող Վկաները իրենց սովորեցրածը հիմնավորում էին Սուրբ Գրքով, ճիշտ ինչպես Միացյալ Նահանգներում ապրող Վկաները։

 Հայրս հայտնի մարդ էր մեր համայնքում, քանի որ եկեղեցում բարձր դիրք էր զբաղեցրել։ Այդ պատճառով սկզբում ընտանիքս անակնկալի եկավ և վրդովվեց, երբ իմացավ որ ընկերակցում եմ Եհովայի վկաների հետ։ Սակայն հետագայում ծնողներս ուրախացան՝ տեսնելով, որ աստվածաշնչյան սկզբունքներն օգնում են ինձ փոխելու կյանքս։

Բազմաթիվ տոնգացի տղամարդկանց պես՝ ամեն շաբաթ ես շատ ժամեր էի վատնում՝ կավա խմելով

 Ամենադժվար փոփոխություններից մեկը, որ պետք է անեի, կապված էր մի խմիչքի հետ, որն իմ մշակույթում շատերն են չարաշահում։ Բազմաթիվ տոնգացի տղամարդիկ ամեն շաբաթ շատ ժամեր են վատնում՝ խմելով կավա՝ թմրեցուցիչ խմիչք, որը պատրաստվում է պղպեղի արմատներից։ Երբ վերադարձա իմ հայրենի երկիր, սկսեցի գրեթե ամեն երեկո կավայի ակումբ գնալ։ Այնքան էի կավա խմում, որ համարյա թե կորցնում էի գիտակցությունս։ Այդ խնդիրը մասամբ պայմանավորված էր նրանով, որ ընկերակցում էի աստվածաշնչյան սկզբունքները չհարգող մարդկանց հետ։ Ի վերջո, ինձ օգնեցին հասկանալու, որ իմ սովորություններով վիրավորում եմ Աստծուն։ Ուստի փոփոխություններ արեցի իմ կյանքում, որ ունենամ Աստծու օրհնությունն ու հավանությունը։

 Սկսեցի հաճախել Եհովայի վկաների բոլոր հանդիպումներին։ Շնորհիվ այն բանի, որ ընկերակցում էի այնպիսի մարդկանց հետ, ովքեր ջանում էին հաճեցնել Աստծուն, կարողացա դիմադրել գայթակղություններին։ 2002 թ.-ին մկրտվեցի ու դարձա Եհովայի վկա։

ԻՆՉ ՕԳՈՒՏՆԵՐ ԵՄ ՍՏԱՑԵԼ

 Աստծու համբերությունը մեծ օգուտներ է բերել ինձ։ Աստվածաշնչում ասվում է. «Եհովան.... համբերատար է ձեր հանդեպ, որովհետև չի ցանկանում, որ որևէ մեկը կործանվի, այլ որ բոլորը զղջան» (2 Պետրոս 3։9)։ Ինչ խոսք, նա կարող էր վաղուց վերջ դնել այս ապականված հին համակարգին, սակայն թույլ է տվել, որ այն բավականին ժամանակ գոյատևի, որպեսզի ինձ նման մարդիկ կարողանան իր հետ ընկերական փոխհարաբերություններ զարգացնել։ Ես ուրախ եմ իմանալու, որ Եհովան կարող է իմ միջոցով օգնել ուրիշներին նույնն անելու։

 Եհովայի աջակցությամբ այլևս չեմ ընթանում կործանման ուղով։ Չեմ զբաղվում գողությամբ՝ արատավոր ցանկություններիս հագուրդ տալու համար։ Փոխարենը՝ փորձում եմ օգնել իմ մերձավորներին, որ դառնան Աստծու ընկերը։ Եհովայի վկաների հետ ընկերակցելու շնորհիվ հանդիպեցի Տեային, որը դարձավ իմ սիրելի կինը։ Մենք ունենք փոքր որդի, և մեր ընտանիքը շատ երջանիկ է։ Միասին ուրիշներին պատմում ենք ապագայի վերաբերյալ աստվածաշնչյան հույսի մասին, համաձայն որի՝ մարդիկ հավիտյան ապրելու են դրախտային խաղաղ պայմաններում։