Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

ԻՆՉՊԵՍ ԵՆ ՕԳՏԱԳՈՐԾՎՈՒՄ ՁԵՐ ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Տեխսպասարկում ենք Թագավորության սրահները

Տեխսպասարկում ենք Թագավորության սրահները

ԱՊՐԻԼԻ 1, 2024

 «Սիրում եմ մեր Թագավորության սրահը։ Այնտեղ ես իմ հոգևոր ընտանիքի հետ եմ»— ասում է Կոլումբիայից Նիկոլ անունով մի քույր։ Դո՞ւք էլ նույն զգացումներն ունեք։

 Ամբողջ աշխարհում Եհովայի վկաները հավաքվում են մոտ 63 000 Թագավորության սրահներում։ Այս շինություններում Աստծուն պաշտելը հարմար է ու հաճելի։ Բայց մի բան էլ կա։ Կոլումբիայից Դեյվիդ անունով մի ռահվիրա ասում է. «Մեր Թագավորության սրահը զարդարում է մեր ուսմունքը։ Շատ այցելուներ զարմանում են, թե ինչպես ենք շինությունը այդքան լավ վիճակում պահում»։ Եվ սա պատահական չէ։ Մենք ջանքեր ենք ներդնում, որ մաքրենք ու տեխսպասարկենք Թագավորության սրահները։ Ինչպե՞ս է այդ գործը կազմակերպվում։

Ինչպե՞ս է կազմակերպվում տեխսպասարկումը

 Թագավորության սրահից օգտվող ժողովներն են պատասխանատու դրա տեխսպասարկման համար։ Այդ նպատակով եղբայրներն ու քույրերը կանոնավոր մաքրում են Թագավորության սրահը։ Նրանք նաև կանխարգելիչ աշխատանքներ և փոքր վերանորոգումներ են կատարում։

 Թագավորության սրահի տեխսպասարկման աշխատանքները կատարելու նպատակով նախագծման/շինարարության տեղի բաժինը (ՆՇՏԲ) եղբայրներ է նշանակում, որ կրթեն ժողովի եղբայրներին ու քույրերին։ Յուրաքանչյուր տեխսպասարկման ուսուցիչ հոգ է տանում 6-10 Թագավորության սրահների մասին։ Նա այցելում և սովորեցնում է քարոզիչներին՝ ինչպես հոգ տանել իրենց Թագավորության սրահի մասին։ Երեք տարին մեկ նա շինության գնահատում է իրականացնում և հայտնաբերում անվտանգության ու տեխսպասարկման խնդիրները։

Տեխսպասարկման ուսուցիչները օգնում են մեզ Թագավորության սրահները սարքին վիճակում պահել

 Մեր հավատակիցները շա՜տ են գնահատում այդ եղբայրների կողմից տրված ուսուցումը։ Հնդկաստանից Ինդհումաթի անունով մի քույր ասում է. «Հրաշալի կրթություն էր։ Հաճելի էր իմանալ, թե ինչպես հոգ տանենք մեր Սրահի մասին»։ Քենիայից Էվանս անունով մի եղբայր էլ նշում է. «Մենք սովորեցինք կանխել մեծ ծախսերը՝ թույլ չտալով, որ փոքր խնդիրները վերածվեն մեծի»։

Փակում ենք ծախսերը

 Թագավորության սրահի օգտագործման և տեխսպասարկման տարեկան ծախսերը կարող են հասնել հարյուրավոր կամ նույնիսկ հազարավոր դոլարների։ a Դա կախված է Սրահի տեղակայումից, հնությունից, և թե քանի ժողով է օգտվում դրանից։ Ինչպե՞ս են փակվում այդ ծախսերը։

 Թագավորության սրահի տեխսպասարկման աշխատանքները կատարվում են կամավոր նվիրատվությունների շնորհիվ։ Ղազախստանից Ալեքսանդր անունով մի եղբայր նշում է. «Բյուջեի մի մասը օգտագործվում է ինտերնետային կապի և կոմունալ ծախսերի, ինչպես օրինակ՝ ջրի ու էլեկտրականության համար։ Մի մասն էլ օգտագործվում է անհրաժեշտ իրեր, ինչպես օրինակ՝ թղթե անձեռոցիկներ, ձեռնոցներ, մաքրության պարագաներ և ներկեր գնելու համար»։ Ավելացած գումարն էլ նվիրաբերվում է համաշխարհային գործի համար, որպեսզի ամբողջ աշխարհում հնարավոր լինի իրականացնել ավելի մեծ տեխսպասարկման աշխատանքներ։

Խոշոր տեխսպասարկման աշխատանքներ

 Եթե Թագավորության սրահի տեխսպասարկման համար անհրաժեշտ գումարը գերազանցում է 2-3 ամսվա շահագործման ծախսերը, ապա երեցները խորհրդակցում են ՆՇՏԲ-ի տեխսպասարկման ուսուցչի հետ։ Եթե ՆՇՏԲ-ն հավանություն է տալիս նախագծին, այն ֆինանսավորվում է համաշխարհային գործի համար արված նվիրատվություններից։ 2023 թ. ծառայողական տարվա ընթացքում այսպիսի 8 793 նախագծեր են իրականացվել, որոնց ընդհանուր ծախսը կազմել է 76,6 միլիոն դոլար։ Խոսենք այդ նախագծերից երկուսի մասին։

 Անգոլայում 15 տարվա մի Թագավորության սրահ որոշ խնդիրներ ուներ։ Էլեկտրականության համակարգը իր պիտանելիության ժամկետը հատելու սահմանին էր։ Պատերը ճաքած էին, իսկ հարևաններն ասել էին, որ ջրի արտահոսք է լինում դեպի իրենց տներ։ ՆՇՏԲ-ն այս խնդիրները լուծելու քայլեր ձեռնարկեց։ Նախագծի ծախսերը կազմեցին 9 285 դոլար։ Հարևանները շատ ուրախ էին և տպավորված այն բանից, թե ինչպես այդ գործը գլուխ բերվեց։

Վերանորոգված Թագավորության սրահը՝ Անգոլայում

 Լեհաստանում Թագավորության սրահներից մեկի կտուրը ծակվել էր, գորգածածկ հատակն էլ այնքան էր մաշվել, որ այլևս վերանորոգման ենթակա չէր։ ՆՇՏԲ-ն հավանություն տվեց, որ կտուրը վերանորոգվի ու անջրանցիկ դարձվի, իսկ գորգը ամբողջությամբ փոխվի։ Նախագծի ծախսերը կազմեցին 9 757 դոլար։ Արդյունքում այս Թագավորության սրահը մի քանի տարի խոշոր վերանորոգման կարիք չի ունենա։

Թագավորության սրահի վերանորոգման ընթացքը՝ Լեհաստանում

Տեխսպասարկում, որը փառավորում է Եհովային

 Տեխսպասարկման աշխատանքները ոչ միայն խնայում են թանկ նվիրատվությունները, այլև փառք են բերում Եհովային։ Տոնգայից Շոն անունով մի եղբայր ասում է. «Տեխսպասարկման աշխատանքների շնորհիվ կարողանում ենք երկրպագել Եհովային մաքուր, կոկիկ և սարքին Թագավորության սրահում, ինչը համայնքում դրականորեն է անդրադառնում մեր Աստծու անվան վրա։ Մեծ հպարտությամբ ենք հրավիրում մարդկանց մեր Թագավորության սրահ»։

Ինչպե՞ս կարող եք օգնել

 Բոլորս էլ կարող ենք մասնակցել մեր երկրպագության վայրերի մաքրության ու տեխսպասարկման աշխատանքներին։ Ավստրալիայից Մարինո անունով մի տեխսպասարկման ուսուցիչ ասում է. «Յուրաքանչյուրս կարող է իր բաժինն ունենալ Թագավորության սրահների մասին հոգ տանելու պատվավոր գործում։ Այդպես վարվելով՝ խնայում ենք նվիրատվությունները և նպաստում, որ դրանք օգտագործվեն ավելի հրատապ գործերում»։

 Հնդկաստանից Ջոել անունով մի եղբայր հաճույքով մասնակցում է իրենց Թագավորության սրահի տեխսպասարկմանը։ Նա ասում է. «Եղբայրներիս հետ աշխատելը օգնում է ինձ պատկերացնել, թե ինչպիսին կլինի կյանքը նոր աշխարհում»։ Իսկ Նիկոլը, ում խոսքերը մեջբերված են վերևում, ասում է. «Վերջերս եղբայրները սանհանգույցի արտահոսքի հարցն էին լուծում, իսկ ես օգնում էի չորացնել հատակը։ Թեպետ ինքս չմասնակցեցի բուն խնդրի լուծմանը, բայց նպաստեցի, որ պատահարները կանխվեն»։

 Եթե դուք էլ եք ցանկանում մասնակցել ձեր Թագավորության սրահի տեխսպասարկմանը, խոսեք ձեր երեցների հետ։ Բացի այդ՝ կարող եք նվիրատվությունների միջոցով աջակցել ոչ միայն ձեր, այլև ամբողջ աշխարհով մեկ սփռված տարբեր Թագավորության սրահների տեխսպասարկմանը։ Նվիրատվություններ կարող եք անել ձեր Սրահի նվիրատվության արկղում կամ էլ donate.pr418.com կայքի միջոցով։ Խորապես գնահատում ենք ձեր առատաձեռն ոգին։

Բոլորս էլ կարող ենք հոգ տանել Թագավորության սրահների մասին

a Բոլոր տեղերում խոսքը ԱՄՆ դոլարի մասին է։