Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

DEA/G. Dagli Orti/De Agostini via Getty Images

Ուլրիխ Ցվինգլի. աստվածաշնչյան ճշմարտության որոնումներով

Ուլրիխ Ցվինգլի. աստվածաշնչյան ճշմարտության որոնումներով

 Այսօր կրոնով անկեղծորեն հետաքրքրվող մարդկանց մեծ մասը հնարավորություն ունի ստուգելու, թե արդյոք իր հավատալիքները հիմնված են Աստվածաշնչի վրա։ Սակայն 16-րդ դարի արշալույսին դա անհնար էր։ Ինչո՞ւ։ Քանի որ մարդկանց մեծամասնության համար Աստվածաշունչը հասանելի չէր մայրենի լեզվով։ Դրա հետևանքով միայն եկեղեցու սակավաթիվ անդամները կարող էին եկեղեցական ուսմունքները համեմատել Աստվածաշնչի հետ, իսկ հոգևորականներից այդ հարցում գրեթե օգուտ չկար։ «Քրիստոնեական եկեղեցու պատմությունը» գրքում գրված է. «Շվեյցարիայի եկեղեցին ապականված էր։ Հոգևորականությունը տգետ էր, սնահավատ և այլասերված»։

 Այդ ժամանակաշրջանում Ուլրիխ Ցվինգլին սկսեց փնտրել աստվածաշնչյան ճշմարտությունը։ Ի՞նչ բացահայտեց նա։ Իր իմացածը ինչպե՞ս պատմեց ուրիշներին։ Եվ ի՞նչ կարող ենք սովորել նրա կյանքից ու համոզմունքներից։

Ցվինգլին սկսում է որոնումները

 Մոտ 20 տարեկանում Ցվինգլին որոշեց դառնալ կաթոլիկ քահանա։ Ինչպես պահանջվում էր քահանայի հավակնորդներից, նա սկսեց ուսումնասիրել փիլիսոփայությունը, եկեղեցու ավանդույթները և «եկեղեցու հայրերի» գրվածքները, սակայն ոչ Աստվածաշունչը։

 Ցվինգլին ինչպե՞ս բացահայտեց աստվածաշնչյան ճշմարտությունը։ Շվեյցարիայի Բազել քաղաքի համալսարանում սովորելիս նա ներկա եղավ Թոմաս Վիտենբախի դասախոսություններին, ով դատապարտում էր եկեղեցու ինդուլգենցիայի համակարգը։ a Մի կենսագրի կարծիքով՝ Ցվինգլին Վիտենբախից «իմացավ, որ Քրիստոսը մեկընդմիշտ մահացել է մեր մեղքերի համար» (1 Պետրոս 3։18)։ Երբ Ցվինգլին հասկացավ, որ Հիսուսի փրկագինը մեղքերի ներման միակ հիմքն է, մերժեց այն գաղափարը, թե եկեղեցու առաջնորդները գումարի դիմաց կարող են մեղքեր ներել (Գործեր 8։20)։ Բայցևայնպես, Ցվինգլին շարունակեց իր ուսումը և 22 տարեկանում դարձավ կաթոլիկ քահանա։

 Իր 20-ականներում Ցվինգլին հունարեն սովորեց, որպեսզի հասկանա Նոր Կտակարանի բնագիր լեզուն։ Նա նաև ուսումնասիրեց Էրազմի աշխատությունները և հասկացավ, որ Աստվածաշնչի համաձայն՝ Հիսուսը միակ միջնորդն է մարդկանց ու Աստծու միջև (1 Տիմոթեոս 2։5)։ Արդյունքում նա սկսեց կասկածի տակ դնել կաթոլիկական այն ուսմունքը, թե սրբերը կարող են Աստծու հետ հաղորդակցվելու միջոց լինել։

 30-ն անց տարիքում Ցվինգլին սկսեց է՛լ ավելի մեծ վճռականությամբ փնտրել ճշմարտությունը։ Սակայն այդ ընթացքում նա նաև ծառայում էր որպես բանակի քահանա՝ ողջ Եվրոպայով մեկ Իտալիայի համար մղվող պատերազմում։ 1515 թ.-ին տեղի ունեցած Մարինյանոյի ճակատամարտում նա ականատես եղավ, թե ինչպես են կաթոլիկները սպանում հազարավոր այլ կաթոլիկների։ Մի քանի տարի անց Ցվինգլին արտագրեց և նույնիսկ անգիր սովորեց Հունարեն Գրությունների մեծ մասը։ 1519 թ.-ին նա արդեն ապրում էր Ցյուրիխ քաղաքում, որը Շվեյցարիայի քաղաքական կենտրոնն էր։ Այնտեղ նա եկավ այն համոզման, որ եկեղեցին պետք է վերացնի աստվածաշնչյան հիմք չունեցող ցանկացած ուսմունք։ Բայց ինչպե՞ս կարող էր օգնել մյուսներին գալ այդ նույն եզրահանգմանը։

«Նախկինում երբեք նման քարոզ չէինք լսել»

 Ցվինգլին վստահ էր, որ մարդիկ կմերժեն կրոնական ստերը, երբ իմանան աստվածաշնչյան ճշմարտությունը։ Ուստի, երբ ընտրվեց Ցյուրիխի հայտնի Գրոսմյունստեր եկեղեցու քահանա, նա մի համարձակ քայլ արեց. քարոզներ կարդալիս որոշեց չընթերցել լատիներեն պատարագամատույցից, b որից հոգևորականությունը դարեր շարունակ մեջբերումներ էր անում։ Փոխարենը նա ուսուցանում էր Ավետարանները հենց Աստվածաշնչից՝ գլուխ առ գլուխ, սկզբից մինչև վերջ։ Եկեղեցու հայրերի բացատրություններից օգտվելու փոխարեն նա թույլ էր տալիս, որ Աստվածաշունչն ինքն իրեն բացատրի՝ դյուրըմբռնելի հատվածների միջոցով լույս էր սփռում դժվարհասկանալի հատվածների վրա (2 Տիմոթեոս 3։16

Sergio Azenha/Alamy Stock Photo

Գրոսմյունստեր եկեղեցին (Ցյուրիխ)

 Իր քարոզներում Ցվինգլին ընդգծում էր Աստվածաշնչի գործնական արժեքը։ Նա սովորեցնում էր Աստվածաշնչում գրված բարոյական չափանիշները, քարոզում էր, որ սխալ է երկրպագել Հիսուսի մայր Մարիամին, աղոթել սրբերին, ինդուլգենցիաներ վաճառել, ինչպես նաև դատապարտում էր հոգևորականների այլասերվածությունը։ Մարդիկ ինչպե՞ս արձագանքեցին։ Նրա առաջին քարոզից հետո ոմանք ասացին. «Նախկինում երբեք նման քարոզ չէինք լսել»։ Մի պատմաբան Ցվինգլիի կաթոլիկ ունկնդիրների մասին հետևյալն է գրել. «Նրանք, ովքեր հեռացել էին եկեղեցուց՝ զզված քահանաների հիմարությունից և այլասերվածությունից, այժմ վերադառնում էին»։

 1522 թ.-ին հոգևորականությունը փորձեց մղել Ցյուրիխի քաղաքական գործիչներին, որ սաստեն եկեղեցու ուսմունքներին դեմ գնացող մարդկանց։ Դրա հետևանքով Ցվինգլին մեղադրվեց հերետիկոսության մեջ։ Չցանկանալով զիջումների գնալ իր համոզմունքների հարցում՝ նա հրաժարվեց կաթոլիկ քահանա լինելուց։

Ի՞նչ արեց Ցվինգլին

 Ցվինգլին այլևս քահանա չէր, սակայն շարունակում էր քարոզել և համոզել մյուսներին, որ ընդունեն իր հայացքները։ Քարոզների շնորհիվ նա հայտնի դարձավ և կարողացավ ազդեցություն բանեցնել Ցյուրիխի քաղաքական գործիչների վրա։ Քաղաքական ազդեցության միջոցով նա փորձեց կրոնական հեղաշրջում իրականացնել Ցյուրիխում։ Օրինակ՝ 1523 թ.-ին Ցվինգլին փորձեց համոզել Ցյուրիխի դատական իշխանություններին, որ արգելեն Աստվածաշնչին հակասող ցանկացած կրոնական ուսմունք։ Իսկ 1524 թ.-ին դրդեց նրանց, որ կռապաշտությունը անօրինական սահմանեն։ Քաղաքացիական դատավորները տեղի քարոզիչների և ժողովրդի աջակցությամբ վերացրին շատ խորաններ, կուռքեր, պատկերներ և մասունքներ։ «Ցվինգլի. Աստծու զինված մարգարե» գրքում ասվում է. «Չհաշված վիկինգների կողմից եկեղեցիների թալանը՝ սա ամենամեծ ավերածությունն էր, որ տեսել էր արևմտյան եկեղեցին»։ 1525 թ.-ին Ցվինգլին մղեց իշխանություններին, որ եկեղեցիները վերածեն հիվանդանոցների և վանականներին ու միանձնուհիներին թույլ տան ամուսնանալ։ Նա նաև առաջարկեց պատարագները փոխարինել Աստվածաշնչի վրա հիմնված պարզ արարողակարգով (1 Կորնթացիներ 11։23-25)։ Պատմաբանները ասում են, որ Ցվինգլիի ջանքերը միավորեցին Ցյուրիխի կրոնական ու քաղաքական համակարգերը և հիմք դրեցին Ռեֆորմացիայի ու բողոքական եկեղեցու կազմավորման համար։

Ցյուրիխի Աստվածաշնչի 1536 թ. հրատարակությունը (Եհովայի վկաների գլխավոր վարչություն, Ուորվիք, Նյու Յորք)

 Ցվինգլիի կարևորագույն աշխատանքը Աստվածաշնչի թարգմանությունն էր։ 1520-ականներին նա մի խումբ աստվածաշնչագետների հետ միասին հանձն առավ Աստվածաշունչը թարգմանելու գործը։ Նրանց մեթոդը շատ պարզ էր։ Նախ կարդում էին աստվածաշնչյան յուրաքանչյուր համար՝ օգտվելով բնագիր եբրայերենից և հունարենից, ինչպես նաև վստահելի թարգմանություններից, այդ թվում՝ հունարեն «Յոթանասնից» և լատիներեն «Վուլգատա» թարգմանություններից։ Ապա քննարկում էին համարի իմաստը ու գրի առնում եզրակացությունները։ Աստծու Խոսքի բացատրության և թարգմանության հարցում նրանց ներդրած ջանքերի արդյունքը դարձավ 1531 թ.-ին լույս տեսած Ցյուրիխի միահատոր Աստվածաշունչը։

 Թեև Ցվինգլին անկեղծ անձնավորություն էր, բայցև անհանդուրժող էր ու ագրեսիվ։ Օրինակ՝ 1525 թ.-ին նա միացավ անաբապտիստների դեմ դատավարությանը, ովքեր հակառակվում էին նրա այն համոզմունքին, թե մանուկները պետք է մկրտվեն։ Երբ հետագայում դատարանը որոշեց մահապատժի ենթարկել մանուկների մկրտությանը դեմ մարդկանց, Ցվինգլին չհակառակվեց այդ խիստ վճռին։ Նա նաև ստիպեց քաղաքական առաջնորդներին, որ ռազմական ուժ կիրառելով՝ նոր հավատալիքներ պարտադրեն հասարակությանը։ Այնուամենայնիվ, Շվեյցարիայի որոշ կաթոլիկ շրջաններ անսասան մնացին նրա ռեֆորմների ներքո, ինչը քաղաքացիական պատերազմի հանգեցրեց։ Ցվինգլին մարտի դաշտ ուղեկցեց Ցյուրիխի զինվորներին և այնտեղ էլ 47 տարեկանում սպանվեց։

Ցվինգլիի ժառանգությունը

 Անկասկած, Ուլրիխ Ցվինգլին իր հետքն է թողել պատմության էջերում, թեպետ այնքան էլ հայտնի չէ, որքան ազդեցիկ բողոքական ռեֆորմատորներ Մարտին Լյութերը և Ժան Կալվինը։ Նա Լյութերից ավելի կտրուկ եղավ հռոմեական կաթոլիկ եկեղեցու ուսմունքները մերժելու հարցում և ճանապարհ հարթեց Կալվինի համար։ Այդ պատճառով Ցվինգլիին անվանում են «Ռեֆորմացիայի երրորդ դեմքը»։

 Ցվինգլիի թողած ժառանգությունը թե՛ դրական է, թե՛ բացասական։ Իր հայացքները տարածելու համար նա ներքաշվեց քաղաքականության և պատերազմների մեջ։ Այդպիսով Ցվինգլին չհետևեց Հիսուս Քրիստոսի օրինակին, ով չէր խառնվում քաղաքականությանը և իր աշակերտներին պատվիրել էր սիրել թշնամիներին, ոչ թե սպանել նրանց (Մատթեոս 5։43, 44; Հովհաննես 6։14, 15

 Այնուամենայնիվ, Ցվինգլին Աստվածաշնչի ջանասեր ուսումնասիրող էր և վճռական էր պատմելու իր սովորածը։ Նա բացահայտեց աստվածաշնչյան շատ ճշմարտություններ և օգնեց ուրիշներին նույնն անել։

a Ինդուլգենցիաները եկեղեցու առաջնորդների կողմից հրապարակվող հրամանագրեր էին, որոնք իբր թուլացնում էին կամ նույնիսկ չեղարկում այն պատիժը, որին մարդիկ մահանալուց հետո արժանանալու էին քավարանում։

b Պատարագամատույցը գիրք է, որում զետեղված են ընտրված աստվածաշնչյան համարներ՝ տարվա ընթացքում ընթերցելու նպատակով։