Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

ԴԱՍ 12

Ինչպե՞ս կարող ես մոտենալ Աստծուն

Ինչպե՞ս կարող ես մոտենալ Աստծուն

1. Աստված բոլո՞ր աղոթքներն է լսում։

Աստված բոլոր մարդկանց հրավիրում է իրեն մոտենալու աղոթքի միջոցով (Սաղմոս 65։2)։ Սակայն նա չի լսում բոլոր աղոթքները։ Օրինակ՝ ամուսնու աղոթքը Եհովան չի լսի, եթե նա վատ վերաբերվի իր կնոջը (1 Պետրոս 3։7)։ Երբ իսրայելացիները համառորեն չար արարքներ էին անում, Աստված չէր լսում նրանց աղոթքները։ Պարզ է, ուրեմն, որ աղոթքը առանձնաշնորհում է։ Այնուհանդերձ, Աստված կլսի նույնիսկ լուրջ մեղք գործողների աղոթքները, եթե վերջիններս զղջան։ Կարդա՛ Եսայիա 1։15; 55։7։

Դիտեք «Աստված բոլո՞ր աղոթքներն է լսում» տեսանյութը։

2. Ինչպե՞ս պետք է աղոթենք։

Աղոթքը մեր երկրպագության մի մասն է, դրա համար մենք պետք է աղոթենք միայն մեր Ստեղծչին՝ Եհովային (Մատթեոս 4։10; 6։9)։ Եվ քանի որ անկատար ենք, մենք պետք է Հիսուսի անունով աղոթենք, քանի որ նա մահացավ մեր մեղքերի համար (Հովհաննես 14։6)։ Եհովան չի ցանկանում, որ կրկնենք անգիր արված կամ գրված աղոթքներ։ Նա ուզում է, որ աղոթքները բխեն մեր սրտից։ Կարդա՛ Մատթեոս 6։7; Փիլիպպեցիներ 4։6, 7։

Մեր Ստեղծիչը կարող է լսել նույնիսկ լուռ ասված աղոթքները (1 Սամուել 1։12, 13)։ Նա ուզում է, որ միշտ աղոթենք, օրինակ՝ օրը սկսելուց առաջ, օրվա վերջում, ճաշից առաջ, խնդիրների բախվելիս։ Կարդա՛ Սաղմոս 55։22; Մատթեոս 15։36։

3. Ինչո՞ւ են քրիստոնյաները հանդիպումներ կազմակերպում։

Աստծու հետ մտերմանալը հեշտ չէ, քանի որ ապրում ենք այնպիսի մարդկանց շրջապատում, ովքեր այդքան էլ չեն հավատում Աստծու գոյությանը և ծաղրանքով են վերաբերվում նրա այն խոստմանը, որ երկրի վրա խաղաղություն է հաստատվելու (2 Տիմոթեոս 3։1, 4; 2 Պետրոս 3։3, 13)։ Այդ պատճառով մենք ունենք մեր հավատակիցների քաջալերիչ ընկերակցության կարիքը։ Նրանք էլ մեր կարիքն ունեն։ Կարդա՛ Եբրայեցիներ 10։24, 25։

Աստծուն սիրող մարդկանց հետ ընկերակցելը կօգնի մեզ մտերմանալու նրա հետ։ Եհովայի վկաների հանդիպումները միմյանց հավատով քաջալերվելու լավ առիթներ են։ Կարդա՛ Հռոմեացիներ 1։11, 12։

4. Ինչպե՞ս կարող ես մոտենալ Աստծուն։

Դու կարող ես մոտենալ Աստծուն, եթե խորհրդածես այն ամենի շուրջ, ինչ սովորել ես նրա Խոսքից։ Մտածիր նրա գործերի, խորհուրդների և խոստումների շուրջ։ Աղոթքն ու խորհրդածությունը մեր սիրտը երախտագիտությամբ են լցնում Աստծու սիրո և իմաստության հանդեպ։ Կարդա՛ Հեսու 1։8; Սաղմոս 1։1–3։

Աստծուն կարող ես մոտենալ միայն այն դեպքում, եթե վստահես և հավատաս նրան։ Հավատը նման է կենդանի օրգանիզմի, որը սնուցման կարիք ունի։ Ուստի պետք է միշտ սնուցես քո հավատը՝ խորհրդածելով այն հիմքերի մասին, որոնց վրա կառուցված է հավատդ։ Կարդա՛ Մատթեոս 4։4; Եբրայեցիներ 11։1, 6։

5. Աստծուն մոտենալը ինչպե՞ս կարող է օգտակար լինել քեզ համար։

Եհովան հոգ է տանում իրեն սիրողների մասին։ Նա կարող է պաշտպանել այն ամենից, ինչը գուցե վտանգի նրանց հավատը և հավիտենական կյանքի հույսը (Սաղմոս 91։1, 2, 7–10)։ Աստված նախազգուշացումներ է տալիս այն ապրելակերպի մասին, որը կարող է վնասել մեր առողջությունը և խլել ուրախությունը։ Եհովան սովորեցնում է մեզ կյանքի լավագույն ուղին։ Կարդա՛ Սաղմոս 73։27, 28; Հակոբոս 4։4, 8։