Մարկոս 1։1-45

1  Հիսուս Քրիստոսի մասին բարի լուրի սկիզբը։  Եսայիա մարգարեի գրքում գրված է. «(Ահա ես ուղարկում եմ իմ պատգամաբերին քո երեսի առաջ, նա կպատրաստի քո ճանապարհը)*+։  Լսեցե՛ք, մեկը բարձրաձայն կանչում է անապատում. «Պատրաստե՛ք ճանապարհը Եհովայի համար, ուղղե՛ք նրա շավիղները»»+։  Հովհաննես Մկրտիչը եկավ անապատ և մկրտություն էր քարոզում՝ որպես զղջման խորհրդանիշ մեղքերի ներման համար+։  Ուստի Հրեաստանի ողջ երկիրը և Երուսաղեմի բոլոր բնակիչները գնում էին նրա մոտ և Հորդանան գետում մկրտվում նրա կողմից՝ բացահայտորեն խոստովանելով իրենց մեղքերը+։  Հովհաննեսը ուղտի մազից պատրաստված հագուստ էր հագնում և մեջքին կաշվե գոտի+ ուներ։ Նա մորեխ+ ու վայրի մեղր+ էր ուտում։  Հովհաննեսը քարոզում էր՝ ասելով. «Ինձանից հետո գալիս է մեկը, որն ինձանից ավելի զորավոր է, և ես արժանի չեմ կռանալու և նրա սանդալների կապերն արձակելու+։  Ես ձեզ ջրով մկրտեցի, բայց նա սուրբ ոգով կմկրտի»+։  Այդ օրերին Հիսուսը եկավ Գալիլեայի Նազարեթից և Հովհաննեսի կողմից մկրտվեց Հորդանանում+։ 10  Ջրից դուրս գալուց անմիջապես հետո նա տեսավ երկինքը բացվելիս և ոգին աղավնու նման իր վրա իջնելիս+։ 11  Եվ մի ձայն լսվեց երկնքից. «Դո՛ւ ես իմ սիրելի Որդին, ես քեզ հավանել եմ»+։ 12  Ոգին անմիջապես մղեց Հիսուսին գնալու անապատ+։ 13  Նա քառասուն օր+ մնաց անապատում և Սատանայի կողմից փորձության ենթարկվեց+։ Այնտեղ նա գազանների հետ էր, իսկ հրեշտակները ծառայում էին նրան+։ 14  Հովհաննեսի ձերբակալությունից հետո Հիսուսը գնաց Գալիլեա+։ Այնտեղ նա քարոզում էր Աստծու բարի լուրը+ 15  և ասում. «Նշանակված ժամանակը լրացել է+, և մոտեցել է Աստծու թագավորությունը։ Զղջացե՛ք+ ու հավատացե՛ք բարի լուրին»։ 16  Գալիլեայի ծովի* եզերքով քայլելիս նա տեսավ Սիմոնին+ և Սիմոնի եղբայր Անդրեասին, որոնք իրենց ցանցերը ծովն էին նետում, քանի որ ձկնորսներ էին+։ 17  Հիսուսն ասաց նրանց. «Իմ հետևի՛ց եկեք, և ես ձեզ մարդկանց որսորդներ* կդարձնեմ»+։ 18  Նրանք էլ իսկույն թողեցին իրենց ցանցերն ու գնացին նրա հետևից+։ 19  Մի փոքր առաջ գնալով՝ նա տեսավ Զեբեդեոսի որդի Հակոբոսին ու նրա եղբայր Հովհաննեսին, որոնք նավակի մեջ իրենց ցանցերն էին նորոգում+, 20  և առանց հապաղելու՝ կանչեց նրանց։ Նրանք էլ իրենց հորը՝ Զեբեդեոսին, վարձու աշխատողների հետ նավակի մեջ թողնելով, գնացին նրա հետևից։ 21  Եվ նրանք եկան Կափառնայում+։ Հենց որ շաբաթ եղավ, նա մտավ ժողովարան ու սկսեց սովորեցնել։ 22  Մարդիկ զարմանում էին նրա սովորեցնելու կերպի վրա+, որովհետև նրանց սովորեցնում էր ինչպես իշխանություն ունեցող մեկը և ոչ թե ինչպես դպիրները+։ 23  Հենց այդ ժամանակ մի մարդ կար նրանց ժողովարանում, որ անմաքուր ոգու ազդեցության տակ էր։ Նա բղավեց+. 24  «Ի՞նչ գործ ունես մեզ հետ, Հիսո՛ւս նազովրեցի+։ Եկել ես կործանելո՞ւ մեզ։ Գիտեմ+, թե դու ով ես՝ Աստծու Սուրբը»+։ 25  Բայց Հիսուսը սաստեց նրան. «Պապանձվի՛ր և դո՛ւրս եկ նրա միջից»+։ 26  Եվ անմաքուր ոգին, ցնցելով նրան ու իր ողջ ձայնով գոռալով, դուրս եկավ նրա միջից+։ 27  Բոլորն այնքան ապշեցին, որ սկսեցին իրար մեջ քննարկել ու ասել. «Սա ի՞նչ է։ Մի նոր ուսմո՛ւնք է։ Նա նույնիսկ անմաքուր ոգիներին է իշխանությամբ հրամայում, և հնազանդվում են նրան»+։ 28  Եվ նրա համբավը իսկույն տարածվեց բոլոր ուղղություններով՝ Գալիլեայի բոլոր կողմերը+։ 29  Ժողովարանից անմիջապես դուրս գալով՝ Հակոբոսի և Հովհաննեսի հետ նրանք գնացին Սիմոնի+ և Անդրեասի տուն։ 30  Սիմոնի զոքանչը+ ջերմության մեջ պառկած էր+, և այդ մասին իսկույն հայտնեցին նրան։ 31  Նա էլ մոտեցավ նրան, ձեռքից բռնելով՝ վեր կացրեց, և ջերմությունը թողեց նրան+, ու նա սկսեց ծառայել նրանց+։ 32  Երեկոյան, երբ արևն արդեն մայր էր մտել, մարդիկ Հիսուսի մոտ բերեցին բոլոր հիվանդներին+ ու դիվահարներին+։ 33  Ամբողջ քաղաքը հավաքվել էր դռան առաջ։ 34  Նա տարբեր հիվանդություններով+ տառապող բազում մարդկանց բուժեց, և շատ դևեր հանեց, բայց թույլ չէր տալիս դևերին խոսել, որովհետև գիտեին, որ նա Քրիստոսն է+։ 35  Վաղ առավոտյան, երբ դեռ մութ էր, նա վեր կացավ և դուրս գալով՝ գնաց ամայի մի տեղ+ ու սկսեց աղոթել+։ 36  Սիմոնը և նրա հետ եղողները գնացին նրան փնտրելու 37  և երբ գտան, ասացին. «Բոլորը քեզ են փնտրում»։ 38  Բայց նա ասաց. «Եկեք ուրիշ տեղ գնանք՝ մոտակա գյուղաքաղաքները, որպեսզի այնտեղ էլ քարոզեմ+, որովհետև հենց այս նպատակով եմ եկել»+։ 39  Եվ գնաց ու ողջ Գալիլեայով մեկ քարոզում էր նրանց ժողովարաններում և դևեր էր հանում+։ 40  Նրա մոտ մի բորոտ եկավ ու ծնկի եկած աղաչում էր նրան. «Եթե միայն ուզենաս, կարող ես մաքրել ինձ»+։ 41  Նա էլ խղճահարվեց+ և ձեռքը մեկնելով՝ դիպավ նրան ու ասաց. «Ուզո՛ւմ եմ։ Մաքրվի՛ր+»։ 42  Եվ հենց այդ պահին բորոտությունն անհետացավ նրանից, և նա մաքրվեց+։ 43  Նա էլ անմիջապես ուղարկեց նրան և խստորեն պատվիրեց. 44  «Տե՛ս, ոչ մեկի չպատմես, այլ գնա, ցույց տուր քեզ քահանային+ և մաքրվելուդ համար մատուցիր Մովսեսի պատվիրած բաները+՝ նրանց վկայություն լինելու համար»+։ 45  Բայց այդ մարդը հեռանալով սկսեց պատահածի մասին բոլորին հայտարարել և այդ լուրը ամենուրեք տարածել, այնպես որ Հիսուսն այլևս չէր կարողանում բացահայտ որևէ քաղաք մտնել, այլ դրսում՝ ամայի տեղերում էր մնում։ Սակայն բոլոր կողմերից նրա մոտ էին գալիս+։

Ծանոթագրություններ

Տե՛ս Մաղաքիա 3։1-ը, որտեղից վերցված է փակագծերի միջի հատվածը։
Տե՛ս Թվ 34։11-ում «Քեներեթի ծով»–ի ծնթ.։
Բռց.՝ «ձկնորսներ»։