Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

ԳԼԽԱՎՈՐ ԹԵՄԱ | ԴՈՒՔ ԿԱՐՈՂ ԵՔ ՀԱՍԿԱՆԱԼ ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉԸ

Ինչո՞ւ է կարևոր հասկանալ Աստվածաշունչը

Ինչո՞ւ է կարևոր հասկանալ Աստվածաշունչը

«Աստվածաշունչը հայտնի կրոնական գիրք է։ Բայց մեզ՝ չինացիներիս համար այն օտար գիրք է և ոչ մի կապ չունի մեզ հետ» (ԼԻՆ, ՉԻՆԱՍՏԱՆ)։

«Ես նույնիսկ իմ կրոնի՝ հնդուիզմի սուրբ գրքերը չեմ կարողանում հասկանալ։ Էլ ինչպե՞ս կարող եմ հասկանալ Աստվածաշունչը» (ԱՄԻՏ, ՀՆԴԿԱՍՏԱՆ)։

«Ես հարգանքով եմ վերաբերվում Աստվածաշնչին, քանի որ այն հին գիրք է, և որքան գիտեմ, աշխարհի ամենաշատ վաճառվող գրքերից է։ Բայց ինքս երբեք Աստվածաշունչ չեմ տեսել» (ՅՈՒՄԻԿՈ, ՃԱՊՈՆԻԱ)։

Ամբողջ աշխարհում բազմաթիվ մարդիկ մեծ հարգանքով են վերաբերվում Աստվածաշնչին։ Սակայն հաճախ նրանք շատ քիչ բան գիտեն կամ էլ ընդհանրապես ոչինչ չգիտեն այդ գրքի բովանդակության մասին։ Եվ սա վերաբերում է ոչ միայն Ասիայում ապրող միլիոնավոր մարդկանց, այլև այն երկրներում ապրող մարդկանց, որտեղ Աստվածաշունչը լայնորեն տարածված է։

Սակայն թերևս հարցնեք. «Կարևո՞ր է արդյոք հասկանալ Աստվածաշունչը»։ Այո՛, կարևոր է, քանի որ եթե հասկանաք՝ ինչ է գրված այդ սուրբ գրքում, բազմաթիվ օգուտներ կքաղեք։ Այդ գիրքը կարող է օգնել, որ՝

  • ունենաք բավարարվածության զգացում և լինեք երջանիկ,

  • լուծեք ընտանեկան խնդիրները,

  • չափից շատ չմտահոգվեք,

  • բարելավեք ձեր փոխհարաբերությունները մարդկանց հետ,

  • իմաստնորեն տնօրինեք փողը։

Օրինակ՝ Յոշիկոն, որն ապրում է Ճապոնիայում, ցանկանում էր իմանալ՝ ինչի մասին է Աստվածաշունչը, ուստի որոշեց անձամբ կարդալ այն։ Ի՞նչ եղավ արդյունքը։ Նա ասում է. «Աստվածաշունչն օգնեց ինձ գտնելու կյանքի իմաստը և ապագայի ամուր հույս ձեռք բերելու»։ Ապա ավելացնում է. «Ես այլևս դատարկություն չեմ զգում»։ Ամիտը, որի խոսքերը մեջբերվեցին հոդվածի սկզբում, նույնպես որոշեց անձամբ ուսումնասիրել Աստվածաշունչը։ Նա ասում է. «Ես ուղղակի ապշել էի։ Աստվածաշունչը պարունակում է գործնական խորհուրդներ բոլոր մարդկանց համար»։

Աստվածաշունչը մեծ ազդեցություն է ունեցել միլիոնավոր մարդկանց կյանքի վրա։ Դուք էլ կարող եք անձամբ ուսումնասիրել այդ գիրքը և տեսնել, թե այն ինչ օգուտներ կբերի ձեզ։