Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

Նա Կայիափայի ընտանիքից էր

Նա Կայիափայի ընտանիքից էր

Ժամանակ առ ժամանակ հնագիտական հայտնագործությունները ուղղակի կամ անուղղակի կերպով հաստատում են աստվածաշնչյան որևէ կերպարի իրական լինելը։ 2011թ.-ին իսրայելացի հնագետները տեղեկություն հրապարակեցին մի գտածոյի մասին։ Դա 2000 տարվա հնություն ունեցող՝ զարդանախշերով մի կրաքարե աճյունատուփ էր, որի մեջ պահում էին մահացածի ոսկորները այն բանից հետո, երբ նրա մարմինը քայքայվում էր։

Աճյունատուփի վրա գրված է. «Մարիամ՝ դուստր Եշուայի՝ որդի Մաազիայի քահանա Կայիափայի՝ Բեթ-Իմրիից»։ Այն քահանայապետը, որը մասնակցել է Հիսուսի հարցաքննությանը և մահվան է դատարպարտել նրան, Կայիափան էր (Հովհ. 11։48–50)։ Հրեա պատմիչ Հովսեպոս Փլավիոսը հիշատակել է այս քահանայապետին՝ ասելով. «Հովսեփ, որ Կայիափա էր կոչվում»։ Ըստ ամենայնի, աճյունատուփը նրա ազգականներից մեկինն էր։ Ավելի վաղ գտնվել էր մի աճյունատուփ, որի վրա գրված էր՝ «Եհոսեֆ բար Կայիափա» (Հովսեփ՝ Կայիափայի * որդի), ինչից կարելի է եզրակացնել, որ այն հենց Հովսեփ քահանայապետին էր պատկանում։ Ուստի Մարիամը ինչ-որ կապ ուներ Կայիափայի հետ։

Իսրայելի հնագիտական վարչության տրամադրած տեղեկության համաձայն՝ Մարիամի աճյունատուփը վերցվել է գողերից, որոնք այն գտել էին մի հին գերեզման թալանելիս։ Ուսումնասիրությամբ հաստատվել է այս գտածոյի և դրա մակագրության իսկությունը։

Բացի այդ, աճյունատուփը մեզ մի նոր բան է հայտնում։ Այն հիշատակում է «Մաազիա» անունը։ Մաազիան այն 24 քահանայական խմբերից վերջինի անունն էր, որոնք, իրար հաջորդելով, ծառայում էին Երուսաղեմի տաճարում (1 Տար. 24։18)։ Ըստ Իսրայելի հնագիտական վարչության՝ աճյունատուփի մակագրությունից երևում է, որ Կայիափայի ընտանիքը Մաազիայի խմբից էր։

Մակագրության մեջ նաև հիշատակվում է «Բեթ-Իմրի» անունը։ Այս անվան իմաստի հետ կապված կա երկու վարկած։ Իսրայելի հնագիտական վարչությունն ասում է. «Ըստ առաջին վարկածի՝ Բեթ-Իմրին քահանայական ընտանիքի, այսինքն՝ Եմմերի որդիների անունն է (Եզր. 2։36, 37; Նեեմ. 7։39–42)։ Եմմերի հետնորդների մեջ մտնում էին Մաազիայի խմբի անդամներ։ Ըստ երկրորդ վարկածի՝ [Բեթ-Իմրին] այն տեղանքի անունն է, որտեղ թաղվել է հանգուցյալը կամ նրա ողջ ընտանիքը»։ Ինչևէ, Մարիամի աճյունատուփը փաստում է, որ Աստվածաշունչը խոսում է իրական ընտանիքներից եղող իրական մարդկանց մասին։

^ պարբ. 3 Կայիափայի աճյունատուփի մասին տե՛ս «Դիտարան», 2006թ., հունվարի 15, էջ 10–13։