Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

ԱՐԴՅՈՔ ՊԱՏԱՀԱԿԱՆՈՒԹՅՈ՞ՒՆ Է

Լուսատտիկ կաղամար

Լուսատտիկ կաղամար

ԳԻՇԵՐԱՅԻՆ որսորդ հավայան անպոչ կաղամարը (Euprymna scolopes) լույս է արձակում, սակայն ոչ թե երևալու համար, այլ չերևալու, լուսնից ու աստղերից թափանցող լույսի մեջ քողարկվելու համար։ Նրա գաղտնիքը իր լուսատու բակտերիաների հետ «համագործակցելու» մեջ է։ Այս համագործակցության մեջ հնարավոր է լինեն նաև այնպիսի նրբություններ, որոնք կարող են օգտակար լինել մեզ, գուցեև առաջին հայացքից ոչ այդքան բացահայտ կերպով։ Դրանք կարող են կիրառվել առողջապահության մեջ։

Նկատի առնենք հետևյալը։ Այս կաղամարը ապրում է Հավայան կղզիների ափամերձ բյուրեղյա ջրերում։ Լուսնի և աստղերի լույսի պատճառով խորքերում լողացող գիշատիչները տեսնում են վերևում լողացող կենդանիների ուրվագիծը։ Սակայն լուսատտիկ կաղամարը տակից լույս է արձակում, որն իր ինտենսիվությամբ ու ալիքների երկարությամբ (գույնով) ճիշտ և ճիշտ նման է ջրի մեջ ներթափանցող գիշերվա լույսին։ Արդյունքում ո՛չ նրա ուրվագիծն է երևում, ո՛չ էլ ստվերը։ Կաղամարի «բարձրակարգ տեխնիկան»՝ իր լուսարձակիչ օրգանը, պարունակում է կենսաբանական լուսատու բակտերիաներ, որոնք արձակում են այնքան լույս, որքան անհրաժեշտ է իրենց «տիրոջը» քողարկելու համար։

Այս բակտերիաները կարող են նաև նպաստել կաղամարի քուն-արթուն վիճակի կանոնակարգմանը։ Սա հետաքրքրում է հետազոտող-գիտնականներին, քանի որ լուսատտիկ կաղամարը, հնարավոր է, միակը չէ, որի մոտ փոխկապակցվածություն կա բակտերիաների և կենսաբանական ռիթմերի, այս դեպքում՝ ակտիվ-պասիվ վիճակի միջև։ Կաթնասունների օրգանիզմում, օրինակ, մարսողությանը մասնակցող բակտերիաները կարող են առնչություն ունենալ կենսաբանական ռիթմերի հետ։ Այս ռիթմերի խախտումը կապվում է դեպրեսիայի, շաքարային դիաբետի, գիրության և քնի խանգարումների հետ։ Ուստի կաղամարի՝ բակտերիա-տեր «համագործակցության» ուսումնասիրությունը կարող է մարդու առողջության բարելավման նոր լուծումներ տալ։

Ի՞նչ եք կարծում։ Հավայան անպոչ կաղամարի լուսարձակելու ունակությունը էվոլյուցիայի՞ արդյունք է, թե՞ ծրագրված է եղել։