Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

Ինչպես հաղթահարել անվստահության զգացումը

Ինչպես հաղթահարել անվստահության զգացումը

ԹԵՐԵՎՍ աշխարհում ամենաանպաշտպան էակները նորածին երեխաներն են։ Երբ երեխան լույս աշխարհ է գալիս, նրա ապահովությունը լիովին կախված է լինում ծնողներից։ Իսկ երբ նա սկսում է քայլել, նրան հանդիպած անծանոթ մարդիկ նրա աչքին հսկաներ են թվում, որոնցից նա վախենում է, երբ ծնողները իր կողքին չեն լինում։ Բայց հենց որ երեխան բռնում է հոր կամ մոր ձեռքը, իրեն լիովին ապահով է զգում։

Երեխայի բարօրությունը կախված է ծնողների դրսևորած սիրուց և աջակցությունից։ Երբ երեխաները հասկանում են, որ ծնողները սիրում են իրենց, նրանք իրենց ավելի ապահով են զգում։ Եվ երբ ծնողները երեխային գովում են ինչ-որ մի բան անելու համար, նա իրեն ավելի վստահ է զգում և առաջադիմում է։

Երեխայի մեծանալուն զուգընթաց, նրան ապահովության զգացում են տալիս նաև նրա մտերիմ ընկերները։ Նրանց ներկայությամբ նա ավելի վստահ է զգում իրեն, և դպրոցի միջավայրը նրա համար այնքան էլ ճնշող ու վախեցնող չի լինում։

Իհարկե, վերը նշվածը իդեալական մանկության նկարագրություն է։ Սակայն իրականությունն այն է, որ որոշ դեռահասներ դժվարությամբ են գտնում մտերիմ ընկերներ, և բազմաթիվ երեխաներ շատ քիչ աջակցություն են ստանում իրենց ծնողներից։ Մելիսան * ասում է. «Երբ տեսնում եմ որևիցե նկար, որում պատկերված է համերաշխ ընտանիք, որի անդամները միասին ինչ-որ գործ են անում, մտածում եմ. «Երանի՜ ես էլ մանկության տարիներին այսպիսի ընտանիք ունենայի»»։ Գուցե դու էլ ես այդպիսի զգացումներ ունենում։

ԱՆԱՊԱՀՈՎ ՄԻՋԱՎԱՅՐՈՒՄ ՄԵԾԱՆԱԼՈՒ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԸ

Ակներևաբար վստահության պակաս ես զգացել հատկապես հասունացման տարիքում։ Հնարավոր է՝ շատ քիչ սեր ու աջակցություն ես ստացել։ Թերևս ծնողներիդ միջև շարունակ վիճաբանություններ են եղել, որոնք էլ ի վերջո հանգեցրել են ամուսնալուծման, և գուցե դու քեզ ես մեղադրել նրանց բաժանման մեջ։ Կամ հնարավոր է, որ ծնողներիցդ մեկը վիրավորել է քեզ խոսքերով կամ ֆիզիկական բռնության է ենթարկել։

Ինչպե՞ս են իրենց դրսևորում նման անապահով միջավայրում մեծացող երեխաները։ Ոմանք պատանեկան տարիքում սկսում են թմրանյութեր օգտագործել կամ զբաղվել հարբեցողությամբ։ Ոմանք էլ միանում են որևէ հանցախմբի, քանի որ ցանկանում են ընդունված լինել շրջապատում։ Անվստահության զգացում ունեցող պատանիները, ցանկանալով ստանալ սեր ու ջերմություն, գուցե առանց երկար մտածելու ռոմանտիկ փոխհարաբերություններ հաստատեն։ Սակայն այդպիսի փոխհարաբերությունները հիմնականում երկարատև չեն լինում և բաժանման պատճառով անվստահության և անապահովության զգացումը հաճախ ավելի է խորանում։

Անապահով միջավայրում մեծացող պատանիները, նույնիսկ եթե խուսափում են այդպիսի լուրջ խնդիրներից, միևնույնն է թերարժեքության զգացում են ունենում։ Աննան ասում է. «Ես համոզված էի, որ ոչ մի բանի համար պիտանի չեմ, քանի որ մայրս շարունակ հենց դա էր ասում.... Չեմ հիշում մի դեպք, որ նա ինձ գովասանքի խոսք ասած լինի կամ ջերմություն ցուցաբերած լինի իմ հանդեպ»։

Միայն ծանր մանկության պատճառով չէ, որ մարդիկ անվստահության և անապահովության զգացումով են համակվում։ Անվստահության պատճառ կարող են լինել ամուսնալուծությունը, ծերության բերած դժվարությունները և անգամ արտաքին տեսքի հետ կապված մտահոգությունները։ Ինչ էլ որ լինի պատճառը, այդպիսի զգացումները կարող են խլել մեր ուրախությունը և վնասել ուրիշների հետ մեր փոխհարաբերությունները։ Ինչպե՞ս կարող ենք հաղթահարել այդ զգացումները։

ԱՍՏՎԱԾ ՀՈԳՈՒՄ Է ՄԵՐ ՄԱՍԻՆ

Մենք կարիք ունենք իմանալու, որ մենակ չենք։ Ուրախալի է, որ կա մեկը, ով ցանկանում է օգնել բոլորիս։ Այդ անձնավորությունը Աստված է։

Աստված Եսայիա մարգարեի միջոցով ասել է. «Խուճապի մի՛ մատնվիր, որովհետև ես քո Աստվածն եմ, ես կամրացնեմ ու կօգնեմ քեզ, արդար աջովս ամուր կբռնեմ քեզ» (Եսայիա 41:10, 13)։ Անչափ մխիթարական է իմանալ, որ Աստված ցանկանում է, այսպես ասած, բռնել մեր ձեռքը։ Ուստի չպետք է անհանգստանանք կամ խուճապի մատնվենք։

Աստվածաշնչում խոսվում է Աստծու հավատարիմ ծառաների մասին, որոնք ունեցել են լուրջ մտահոգություններ, բայց սովորել են ապավինել Աստծուն։ Աննան՝ Սամուելի մայրը, մտածում էր, թե ինքը ոչ ոքի պետք չէ, քանի որ չէր կարողանում երեխա ունենալ։ Նա հաճախ ծաղրի էր ենթարկվում իր ամլության համար։ Այդ ամենի պատճառով Աննան ուտելու ախորժակ չէր ունենում և հաճախ արտասվում էր (1 Սամուել 1:6, 8)։ Բայց Աստծու առաջ իր սիրտը բացելուց հետո նա այլևս տխուր ու ընկճված չէր (1 Սամուել 1:18

Սաղմոսերգու Դավիթը նույնպես երբեմն անապահովության և անվստահության զգացում է ունեցել։ Տարիներ շարունակ Սավուղ թագավորը հետապնդում էր նրան։ Դավթի վրա նույնիսկ մի քանի անգամ մահափորձ արվեց։ Նա երբեմն այնպիսի զգացում էր ունենում, թե խորտակվում է «ջրերի» պես իր վրա հասած դժվարությունների մեջ (Սաղմոս 55:3–5; 69:1)։ Այդուհանդերձ, նա գրեց. «Ես խաղաղությամբ կպառկեմ ու խաղաղությամբ կքնեմ, քանի որ միայն դու ես, ո՛վ Եհովա, ինձ ապահովությամբ բնակեցնում» (Սաղմոս 4:8

Ե՛վ Աննան, և՛ Դավիթը իրենց մտահոգությունների բեռը գցեցին Եհովայի վրա ու տեսան, որ նա իսկապես աջակցում է իրենց (Սաղմոս 55:22)։ Ինչպե՞ս կարող ենք մենք էլ այսօր նույն կերպ վարվել։

ԵՐԵՔ ԽՈՐՀՈՒՐԴ, ՈՐ ԿՕԳՆԵՆ ԱՎԵԼԻ ՎՍՏԱՀ ՈՒ ԱՊԱՀՈՎ ԶԳԱԼՈՒ

1. Սովորիր վստահել քո երկնային Հորը՝ Եհովային։

Հիսուսը հորդորեց, որ ճանաչենք իր Հորը՝ «միակ ճշմարիտ Աստծուն» (Հովհաննես 17:3)։ Աստծու վերաբերյալ Պողոս առաքյալը հավաստիացրեց. «Նա մեզանից յուրաքանչյուրիցս հեռու չէ» (Գործեր 17:27)։ Իսկ Հակոբոսը գրեց. «Մոտեցեք Աստծուն, և նա կմոտենա ձեզ» (Հակոբոս 4:8

Անապահովության զգացումը հաղթահարելու համար անչափ կարևոր է իմանալ, որ ունենք երկնային Հայր, որը սիրում է մեզ ու հոգ է տանում մեր մասին։ Իհարկե գուցե ժամանակ պահանջվի, որ սկսենք լիովին վստահել Աստծուն, բայց շատերն են համոզվել, որ դա իսկապես օգնում է հաղթահարելու մտահոգությունները։ Քարոլայնը ասում է. «Երբ մտերմացա իմ երկնային Հոր՝ Եհովայի հետ, զգացի, որ վերջապես կա մեկը, ում կարող եմ պատմել իմ ամենախորունկ զգացումների մասին։ Դա ինձ մեծ թեթևացում բերեց»։

Իսկ Ռեյչլը ասում է. «Եհովան էր, որ օգնեց ինձ ապահով ու վստահ զգալու այն ժամանակ, երբ մնացել էի միայնակ՝ առանց իմ ծնողների։ Ես խոսում էի նրա հետ և խնդրում էի, որ օգնի ինձ հաղթահարելու խնդիրներս։ Եվ նա իսկապես օգնեց ինձ»։ *

2. Ձեռք բեր հոգևոր ընտանիք։

Հիսուսն իր աշակերտներին սովորեցրեց, որ միմյանց համարեն եղբայրներ ու քույրեր։ Նա ասաց. «Դուք բոլորդ եղբայրներ եք» (Մատթեոս 23:8)։ Հիսուսը ցանկանում էր, որ իր ճշմարիտ հետևորդները սիրեն միմյանց և կազմեն մի մեծ հոգևոր ընտանիք (Մատթեոս 12:48–50; Հովհաննես 13:35

Եհովայի վկաների ժողովներում մարդիկ անկեղծորեն ջանում են ջերմության ու մխիթարության աղբյուր լինել որպես իսկական հոգևոր ընտանիք (Եբրայեցիներ 10:24, 25)։ Շատերն են զգացել, որ ժողովի հանդիպումները, «սպեղանու» նման, բուժում են իրենց զգացական վերքերը։

Իվա անունով մի աղջիկ ասում է. «Մեր ժողովում կար մի քույր, որի հետ շատ մտերիմ էի, և որը հասկանում էր, թե ինչ ծանր զգացումներ ունեմ։ Նա լսում էր ինձ, կարդում էր ինձ համար և աղոթում էր ինձ հետ։ Նա հավաստիացնում էր, որ ես միայնակ չեմ։ Նաև օգնում էր, որ հանգամանորեն խոսեմ իմ խնդիրների մասին և սիրտս թեթևացնեմ։ Նրա աջակցության շնորհիվ ես սկսեցի ինձ ավելի ապահով ու վստահ զգալ»։ Իսկ Ռեյչլը ավելացնում է. «Ժողովում ես գտա «հայր» և «մայր»։ Ժողովի անդամները օգնում էին, որ ինձ սիրված ու ապահով զգամ»։

3. Սեր և բարություն դրսևորիր ուրիշների հանդեպ։

Երբ մարդիկ սեր ու բարություն են դրսևորում միմյանց հանդեպ, նրանց միջև ամուր ընկերական փոխհարաբերություններ են հաստատվում։ Հիսուսն ասել է. «Ավելի շատ երջանկություն կա տալու, քան ստանալու մեջ» (Գործեր 20:35)։ Մենք անկասկած կհամոզվենք, որ որքան շատ ենք սեր դրսևորում, այնքան շատ ենք ստանում այն ուրիշներից։ Հիսուսն իր աշակերտներին ասել է. «Տվեք, և մարդիկ կտան ձեզ» (Ղուկաս 6:38

Մարդկանց հանդեպ սեր դրսևորելով և նրանցից նույնը ստանալով՝ մենք շատ ավելի ապահով ենք զգում մեզ։ Ինչպես ասում է Աստվածաշունչը, «սերը երբեք չի վերջանում» (1 Կորնթացիներ 13:8)։ Մարիան ասում է. «Ես գիտեմ, որ ինքս իմ մասին ունեցած որոշ բացասական տեսակետներ իրականում ճիշտ չեն։ Երբ օգնում եմ ուրիշներին, չեմ մտածում ինքս իմ մասին և այդպես խուսափում եմ բացասական մտածելակերպից։ Երբ ուրիշների համար ինչ-որ բան եմ անում, բավարարվածության զգացում եմ ունենում»։

ԱՊԱՀՈՎՈՒԹՅՈՒՆ ԲՈԼՈՐԻ ՀԱՄԱՐ

Վերոհիշյալ խորհուրդները «կախարդական դեղատոմսեր» չեն, որոնք անմիջապես լիակատար թեթևացում են բերում։ Բայց դրանք կարող են մեծապես օգնել քեզ։ Քարոլայնը ասում է. «Ես հիմա էլ երբեմն անվստահության զգացում եմ ունենում։ Սակայն այժմ իմ ինքնագնահատականը բարձրացել է։ Ես գիտեմ, որ Աստված հոգ է տանում իմ մասին և ունեմ շատ մտերիմ ընկերներ, որոնք նույնպես օգնում են, որ ինձ վստահ ու ապահով զգամ»։ Նմանատիպ զգացումներ ունի նաև Ռեյչլը։ Նա ասում է. «Ժամանակ առ ժամանակ տխրությունը համակում է ինձ։ Բայց ես ունեմ հոգևոր եղբայրներ ու քույրեր, որոնցից կարող եմ խորհուրդ հարցնել, և որոնք օգնում են, որ դրական մտածելակերպ ունենամ։ Իսկ ամենակարևորը՝ ես ունեմ երկնային Հայր, որի հետ խոսում եմ ամեն օր։ Դա ամենամեծ օգնությունն է ինձ համար»։

Աստվածաշունչը խոստանում է, որ շուտով հաստատվելու է մի նոր աշխարհ, որտեղ բոլորն իրենց երջանիկ ու ապահով կզգան

Մեզ համար մխիթարական է իմանալ, որ շուտով մտահոգությունները մեկընդմիշտ կվերանան։ Աստվածաշունչը խոստանում է, որ շուտով հաստատվելու է մի նոր աշխարհ, որտեղ բոլորն իրենց երջանիկ ու ապահով կզգան։ Աստծու խոսքում գրված է. «Ամեն մեկը կնստի իր որթատունկի ու թզենու տակ, և ոչ ոք նրանց չի վախեցնի» (Միքիա 4:4)։ Այդ ժամանակ անպաշտպան չենք զգա, և ոչ ոք մեզ չի վնասի։ Նույնիսկ անցյալի խոր զգացական վերքերը «չեն հիշվի» (Եսայիա 65:17, 25)։ Աստված և նրա Որդին՝ Հիսուս Քրիստոսը, կհաստատեն «ճշմարիտ արդարություն», և արդյունքում ամենուր կլինի «հանգստություն ու ապահովություն դարեդար» (Եսայիա 32:17

^ պարբ. 5 Բոլոր անունները փոխված են։

^ պարբ. 21 Եհովայի վկաները Աստվածաշնչի անվճար ուսումնասիրություն են առաջարկում բոլոր նրանց, ովքեր ցանկանում են մտերմանալ Աստծու հետ։