Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

ԳԼԽԱՎՈՐ ԹԵՄԱ | ԻՆՉՈ՞Ւ ԱՐԺԵ ԱԶՆԻՎ ԼԻՆԵԼ

Ի՞նչ օգուտներ է բերում ազնվությունը

Ի՞նչ օգուտներ է բերում ազնվությունը

«Վստահ ենք, որ մաքուր խիղճ ունենք, որովհետև ուզում ենք ամեն ինչում ազնվությամբ վարվել» (Եբրայեցիներ 13:18

Աստվածաշնչի բնագրում օգտագործված հունարեն բառը, որ երբեմն թարգմանվել է «ազնվություն», բառացի նշանակում է մի բան, ինչը ամբողջությամբ լավն է ու բարի։ Այն կարող է նաև նշանակել վեհ ու գեղեցիկ հատկություն։

Քրիստոնյաները լրջությամբ են վերաբերվում Պողոս առաքյալի գրած հետևյալ խոսքերին. «Ուզում ենք ամեն ինչում ազնվությամբ վարվել»։ Ի՞նչ է հարկավոր անել դրա համար։

ՆԵՐՔԻՆ ՊԱՅՔԱՐ ՄՂԵԼ

Շատ մարդիկ ամեն առավոտ մինչև տնից դուրս գալը իրենց նայում են հայելու մեջ, քանի որ ուզում են լավ տեսք ունենալ։Սակայն կա մի բան, որը շատ ավելի կարևոր է, քան գեղեցիկ սանրվածք և նորաձև հագուստ ունենալը։ Իրականում, ավելի կարևոր է մեր ներքին էությունը, քանի որ դա կարող է կա՛մ արժեզրկել, կա՛մ ընդգծել մեր արտաքին գեղեցկությունը։

Աստծու Խոսքում նշվում է, որ մենք հակված ենք վատը անելու։ Ծննդոց 8:21-ում կարդում ենք. «Մարդու սիրտն իր մանկությունից հակված է դեպի չարը»։ Ուստի ազնիվ լինելու համար պետք է պայքարենք սխալ անելու մեր բնածին հակման դեմ։ Պողոս առաքյալը վառ կերպով նկարագրեց, թե ինչ պայքար է մղում մեղքի դեմ։ Նա ասաց. «Իմ ներսի անձնավորությամբ ես իրոք հաճույք եմ ստանում Աստծու օրենքից, բայց իմ անդամներում ուրիշ օրենք եմ տեսնում, որը պատերազմում է իմ մտքի օրենքի դեմ և ինձ գերի է տանում մեղքի օրենքին, որն իմ անդամներում է» (Հռոմեացիներ 7:22, 23

Ճիշտ է, մեր սիրտը մղում է մեզ սխալներ անելու, և մենք հակված ենք անազնիվ կերպով վարվելու, բայց դա չի նշանակում, որ մենք ստիպված ենք ենթարկվել մեր սրտի թելադրանքին։ Մենք ունենք ընտրության ազատություն։ Մենք կարող ենք մերժել սխալ մտքերը և ազնվությամբ վարվել, չնայած նրան, որ մեր շրջապատում անազնվությունը սովորական բան է։

ԻՆՉՊԵՍ ՀԱՂԹԵԼ ՊԱՅՔԱՐՈՒՄ

Ազնիվ լինելու համար պետք է ունենանք բարձր և կայուն բարոյական չափանիշներ։ Սակայն, ցավոք, մարդկանց մեծ մասը ավելի շատ իր հագուկապի մասին է մտածում, քան իր բարոյական չափանիշների։ Ուստի զարմանալի չէ, որ նրանք հաճախ արդարացնում են հանգամանքների բերումով որոշ անազնիվ արարքներ անելը։ Անազնվության մասին մի գրքում հետևյալն է նշվում. «Հիմնականում մենք աշխատում ենք ստելիս չափը չանցնել, որ կարողանանք պահպանել ազնիվ մարդու մեր համբավը» (The (Honest) Truth About Dishonesty)։ Սակայն կա՞ն արդյոք հուսալի չափանիշներ, որոնք կարող են օգնել մեզ որոշելու՝ արդյոք տեղին է երբեմն անազնիվ վարվելը, թե անազնվության ցանկացած դրսևորում սխալ է։ Այո՛, այդպիսի չափանիշներ կան։

Ամբողջ աշխարհում ապրող միլիոնավոր մարդիկ համոզվել են, որ Աստվածաշունչը հենց այդպիսի վստահելի առաջնորդություն է տալիս, քանի որ այնտեղ գրված բարոյական չափանիշները կատարյալ են և անզուգական (Սաղմոս 19:7)։ Աստվածաշունչը պարունակում է իմաստուն սկզբունքներ ընտանեկան կյանքի, աշխատանքի, բարոյականության և հոգևոր հարցերի վերաբերյալ։ Այս գիրքը անցել է ժամանակի փորձությունը։ Այնտեղ գրված օրենքներն ու սկզբունքները գործնական են բոլոր ազգերի, ռասաների, ցեղերի ու ժողովուրդների համար։ Ուսումնասիրելով Աստվածաշունչը, խորհրդածելով այնտեղ գրված մտքերի շուրջ և կյանքում կիրառելով այդ գրքի խորհուրդները՝ մենք կսովորենք ամեն հարցում լինել ազնիվ ու անկեղծ։

Սակայն անազնվության դեմ պայքարում հաղթելու համար բավական չէ պարզապես աստվածաշնչյան ճշգրիտ գիտելիքներ ստանալ։ Մենք ապրում ենք բարոյապես քայքայված աշխարհում, որը մեզ վրա ճնշում է բանեցնում, որ ընդունենք իր ցածր չափանիշները։ Ուստի պետք է աղոթենք Աստծուն, որ նա օգնի մեզ մեր պայքարում (Փիլիպպեցիներ 4:6, 7, 13)։ Այդպես վարվելով՝ կունենանք վճռականություն ու քաջություն անելու այն, ինչ ճիշտ է, և ազնիվ լինելու ամեն ինչում։

ԱԶՆՎՈՒԹՅԱՆ ՕԳՈՒՏՆԵՐԸ

Հիտոշին, որի մասին նշվեց առաջին հոդվածում, մեծ օգուտներ ստացավ՝ ազնիվ աշխատողի համբավ ունենալով։ Այժմ նա աշխատում է մի գործատիրոջ մոտ, ով գնահատում է նրա ազնվությունը։ Հիտոշին ասում է. «Ուրախ եմ, որ գտել եմ այնպիսի աշխատանք, որը հնարավորություն է տալիս ինձ պահպանելու իմ մաքուր խիղճը»։

Ուրիշներն էլ են համոզվել, որ ազնվությունը օգուտներ է բերում։ Նկատի առնենք մի քանի մարդկանց օրինակներ, ովքեր մեծ օգուտներ են քաղել՝ կիրառելով Աստվածաշնչի հետևյալ սկզբունքը՝ «ուզում ենք ամեն ինչում ազնվությամբ վարվել»։

  • Մաքուր խիղճ

    «13 տարեկանում հեռացա դպրոցից և սկսեցի զբաղվել գողությամբ։ Իմ նյութական միջոցների 95 տոկոսը ձեռք էի բերում անազնիվ ճանապարհով։ Հետագայում ամուսնացա, և ես ու ամուսինս սկսեցինք ուսումնասիրել Աստվածաշունչը Եհովայի վկաների հետ։ Մենք սովորեցինք, որ Եհովա * Աստված ատում է անազնվությունը, ուստի որոշեցինք փոխել մեր ապրելակերպը։ 1990-ին մենք նվիրեցինք մեր կյանքը Եհովային և մկրտվեցինք՝ դառնալով Եհովայի վկաներ (Առակներ 6:16–19

    Նախկինում իմ տունը լի էր գողացված ապրանքներով, սակայն այժմ իմ տանը նման բաներ չկան, ուստի հիմա ես մաքուր խիղճ ունեմ։ Երբ մտածում եմ այն մասին, որ տարիներ շարունակ անազնիվ գործեր եմ արել, սիրտս երախտագիտությամբ է լցվում Եհովա Աստծու հանդեպ այն բանի համար, որ նա իմ հանդեպ մեծ ողորմություն է դրսևորել։ Այնքան հաճելի է, որ կարողանում եմ հանգիստ քնել՝ իմանալով, որ ունեմ Եհովայի հավանությունը» (Շերիլ, Իռլանդիա)։

    «Երբ իմ գործատերը իմացավ, որ ես հաճախորդներից մեկի առաջարկած կաշառքը չեմ վերցրել, ասաց. «Դու շատ վստահելի անձնավորություն ես, և դա քո Աստծու շնորհիվ է։ Մեր ընկերության մեջ քո նման աշխատակից ունենալը իսկական օրհնություն է»։ Ամեն ինչում ազնիվ լինելով՝ Եհովա Աստծու առաջ մաքուր խիղճ եմ ունենում։ Նաև օգնում եմ իմ ընտանիքի անդամներին և ուրիշներին, որ նրանք էլ ազնիվ լինեն» (Սոնի, Հոնկոնգ)։

  • Մտքի խաղաղություն

    «Ես աշխատում եմ միջազգային մի բանկում որպես քարտուղար։ Այս գործում ավելի մեծ կարևորություն է տրվում հարստանալուն, քան ազնիվ լինելուն։ Կա տարածված մի տեսակետ. «Ոչ մի վատ բան չկա մի փոքր անազնվության մեջ, եթե դրա շնորհիվ կարող ես հարստանալ և նպաստել երկրի տնտեսական վիճակի բարելավմանը»։ Բայց ազնիվ լինելու շնորհիվ մտքի խաղաղություն ունեմ։ Ես վճռել եմ միշտ ազնիվ լինել, անկախ նրանից, թե ինչ հանգամանքներում կհայտնվեմ։ Իմ գործատերերը գիտեն, որ ես չեմ խաբի նրանց, ոչ էլ սուտ կասեմ ի շահ նրանց» (Թոմ, Միացյալ Նահանգներ)։

  • Ինքնահարգանք

    «Աշխատանքի վայրում որոշ ապրանքներ բացակայում էին, և իմ գերադասը հորդորեց, որ դրա հետ կապված սուտ ասեմ, բայց ես հրաժարվեցի։ Երբ վերջապես բացահայտվեց, թե ովքեր են գողերը, իմ գործատերը շնորհակալություն հայտնեց ինձ ազնիվ լինելու համար։ Այս անազնիվ աշխարհում ազնիվ լինելու համար քաջություն է անհրաժեշտ։ Բայց ազնիվ լինելով՝ ձեռք ենք բերում մարդկանց վստահությունն ու հարգանքը» (Կաորի, Ճապոնիա)։

Իսկապես, ազնվությունը շատ օգուտներ է բերում՝ մաքուր խիղճ, մտքի խաղաղություն և ինքնահարգանք։ Ուստի անկասկած կհամաձայնեք, որ արժե ազնիվ լինել։

^ պարբ. 18 «Եհովան» Աստծու անունն է, ինչպես գրված է Աստվածաշնչում։