Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

ԿԵՆՍԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Առանց ձեռքերի ամուր բռնել եմ ճշմարտությունը

Առանց ձեռքերի ամուր բռնել եմ ճշմարտությունը

Երբ մարդիկ զգում են, թե ուր որ է կընկնեն, սովորաբար բռնվում են ինչ-որ տեղից։ Ես չեմ կարող դա անել, քանի որ ձեռքեր չունեմ։ Յոթ տարեկան էի, երբ կյանքս փրկելու համար անդամահատեցին ձեռքերս։

Ծնվել եմ 1960 թ.-ին։ Այդ ժամանակ մայրս 17 տարեկան էր։ Հայրս լքել էր մեզ նախքան իմ ծնվելը։ Մորս հետ ապրել եմ տատիկիս ու պապիկիս մոտ՝ նախկին Գերմանական Դեմոկրատական Հանրապետության, կամ՝ Արևելյան Գերմանիայի Բուրգ փոքրիկ քաղաքում։ Այստեղ շատերը աթեիստներ էին, և մեր ընտանիքը բացառություն չէր։ Մեզ համար Աստված գոյություն չուներ։

Իմ մանկության տարիներին պապիկս շատ էր ժամանակ անցկացնում ինձ հետ։ Նա տարբեր գործեր էր հանձնարարում ինձ, օրինակ՝ ծառ բարձրանալ և սղոցով ճյուղեր կտրել։ Այդ ամենը ինձ համար զվարճալի էր ու հետաքրքիր։ Ես ապրում էի անհոգ ու երջանիկ։

ՊԱՏԱՀԱՐ, ՈՐԸ ՓՈԽԵՑ ԿՅԱՆՔՍ

Երբ յոթ տարեկան էի, մի օր սարսափելի բան պատահեց։ Այդ ժամանակ նոր էի փոխադրվել երկրորդ դասարան։ Դպրոցից տուն գնալիս բարձրացա մի էլեկտրասյան վրա։ Հասնելով 8 մետր բարձրության՝ հոսանքահարվեցի։ Երբ ուշքի եկա, հիվանդանոցում էի։ Ես չէի զգում ձեռքերս. շատ խորը այրվածքներ էի ստացել։ Վնասվածքներս այնքան ծանր էին, որ բժիշկները ստիպված եղան երկու ձեռքս էլ անդամահատել արյան վարակումը կանխելու համար։ Մայրս, տատիկս ու պապիկս անասելի վհատված էին։ Ես դեռ երեխա էի ու լիովին չէի հասկանում, թե ձեռքերից զրկվելը ինչպես էր անդրադառնալու կյանքիս վրա։

Հիվանդանոցից դուրս գրվելուց հետո կրկին սկսեցի դպրոց հաճախել։ Երեխաները ծաղրում էին ինձ, հրմշտում և վրաս տարբեր բաներ նետում, քանի որ գիտեին, որ չեմ կարող պաշտպանել ինքս ինձ։ Ես խորապես վիրավորվում էի նրանց դաժան ու նվաստացուցիչ խոսքերից։ Ի վերջո ինձ ուղարկեցին Բիրկենվերդերի՝ հաշմանդամների դպրոց, որը ֆիզիկական արատ ունեցող երեխաների համար նախատեսված գիշերօթիկ կրթական հաստատություն էր։ Դպրոցը մեր տնից շատ հեռու էր, այդ պատճառով ընտանիքիս անդամները չէին կարողանում գալ ինձ տեսության։ Ես նրանց տեսնում էի միայն արձակուրդի օրերին։ Այդպես տասը տարի ապրեցի առանց իմ հարազատների։

ՄԵԾԱՆՈՒՄ ԵՄ ԱՌԱՆՑ ՁԵՌՔԵՐԻ

Շատ բաներ սովորեցի նորովի անել՝ ձեռքերի փոխարեն օգտագործելով ոտքերս։ Պատկերացնո՞ւմ եք՝ ինչպես է հնարավոր հաց ուտել՝ պատառաքաղը կամ գդալը ոտքերի մատներով բռնած։ Ժամանակի ընթացքում վարպետացա այդ հարցում։ Նաև կարողանում էի ոտքերիս օգնությամբ մաքրել ատամներս և սանրել մազերս։ Նույնիսկ սկսեցի մարդկանց հետ խոսելիս ոտքերով ժեստեր անել։ Այո՛, ոտքերս ինձ համար դարձան ձեռքեր։

Պատանեկան տարիքում սիրում էի կարդալ գիտաֆանտաստիկ գրականություն։ Երբեմն պատկերացնում էի, թե ունեմ գերժամանակակից պրոթեզային ձեռքեր, որոնց օգնությամբ կարողանում եմ անել ամեն բան։ Տասնչորս տարեկանում սկսեցի ծխել։ Դա ինձ ինքնավստահություն էր ներշնչում, և ինձ թվում էր, թե ոչնչով չեմ տարբերվում մյուս մարդկանցից։ Իմ այդ պահվածքով ուզում էի ասել. «Այո՛, ես էլ կարող եմ դա անել։ Ծխողները կայացած, հասուն մարդիկ են, անկախ նրանից ձեռքեր ունեն, թե ոչ»։

Ես ձգտում էի միշտ ինչ-որ բանով զբաղված լինել, ուստի ներգրավվեցի հասարակական գործունեության մեջ։ Դարձա Գերմանական ազատ երիտասարդության միության անդամ։ Դա պետության կողմից ֆինանսավորվող սոցիալիստական կազմակերպություն էր, որտեղ աշխատում էի որպես քարտուղար, ինչը կազմակերպության շրջանակներում պատասխանատու պաշտոն էր համարվում։ Նաև հաճախում էի երգի ու պոեզիայի խմբակներ և զբաղվում էի հաշմանդամային տարբեր սպորտաձևերով։ Վերապատրաստում անցնելուց հետո սկսեցի աշխատել մեր քաղաքում գտնվող մի ընկերությունում։ Ժամանակի ընթացքում ավելի ու ավելի հաճախ էի պրոթեզ կրում, որովհետև ցանկանում էի ինձ լիարժեք մարդ զգալ։

ԸՆԴՈՒՆՈՒՄ ԵՄ ԱՍՏՎԱԾԱՇՆՉՅԱՆ ՃՇՄԱՐՏՈՒԹՅՈՒՆԸ

Մի օր, մինչ սպասում էի գնացքի, որ գնամ աշխատանքի, մի մարդ մոտեցավ ինձ։ Նա ասաց, որ Աստված կարող է այնպես անել, որ կրկին ձեռքեր ունենամ։ Ես շփոթվեցի։ Իհարկե ցանկանում էի ձեռքեր ունենալ, բայց դա ինձ համար անհնարին մի բան էր։ Ես աթեիստ էի ու համոզված էի, որ Աստված չկա։ Այդ օրվանից՝ այդ մարդուն տեսնելիս, խուսափում էի նրանից։

Որոշ ժամանակ անց իմ աշխատակիցներից մեկը ինձ հրավիրեց իրենց տուն։ Սուրճի սեղանի շուրջ նրա ծնողները սկսեցին խոսել Աստծու՝ Եհովայի մասին։ Առաջին անգամ էի լսում, որ Աստված անուն ունի (Սաղմոս 83։18)։ Սակայն մտքումս ասացի. «Ինչ էլ լինի Աստծու անունը, միևնույնն է, նա գոյություն չունի։ Ես կապացուցեմ, որ այս մարդիկ սխալ են»։ Իմ տեսակետի մեջ լիովին համոզված՝ ես համաձայնեցի զրուցել աստվածաշնչյան թեմաների շուրջ։ Սակայն այդպես էլ չկարողացա ապացուցել, որ Աստված գոյություն չունի։

Աստվածաշնչյան մարգարեություններն ուսումնասիրելու շնորհիվ իմ աթեիստական գաղափարները հետզհետե հօդս էին ցնդում։ Ես իմացա, որ Աստծու կողմից տրված մարգարեությունները կատարվել են ամենայն ճշգրտությամբ, թեև գրվել են դեպքերից հարյուրավոր, նույնիսկ հազարավոր տարիներ առաջ։ Մեր աստվածաշնչյան զրույցներից մեկի ժամանակ աշխարհում տիրող իրավիճակը համեմատեցինք Մատթեոս 24-րդ, Ղուկաս 21-րդ և 2 Տիմոթեոս 3-րդ գլուխներում գրված մարգարեությունների հետ։ Ճիշտ ինչպես մի շարք ախտանշանների առկայությունն է բժշկին օգնում ճիշտ ախտորոշում տալու, այնպես էլ այս մարգարեություններում նշված իրադարձությունների շղթան օգնեց ինձ հասկանալու, որ իսկապես ապրում ենք Աստվածաշնչում հիշատակված «վերջին օրերում»։ * Պարզապես ապշել էի. իմ աչքով տեսնում էի այդ մարգարեությունների կատարումը։

Ես վստահ էի, որ այն, ինչ սովորում եմ, ճշմարտությունն է։ Ուստի սկսեցի աղոթել Եհովա Աստծուն, նաև թողեցի ծխելը, թեև ավելի քան տասը տարի մոլի ծխող եմ եղել։ Մոտ մեկ տարի շարունակեցի ուսումնասիրել Աստվածաշունչը։ 1986 թ. ապրիլի 27- ին գաղտնի մկրտվեցի լոգարանում, քանի որ այդ ժամանակ Արևելյան Գերմանիայում Եհովայի վկաների գործունեությունն արգելքի տակ էր։

ՕԳՆՈՒՄ ԵՄ ՈՒՐԻՇՆԵՐԻՆ

Արգելքի տարիներին հավաքվում էինք փոքր խմբերով ինչ-որ մեկի տանը, այդ պատճառով շատ քիչ հավատակիցների էի ճանաչում։ Թեև չէի սպասում, բայց պետական իշխանություններն ինձ թույլ տվեցին գնալ Արևմտյան Գերմանիա, որտեղ Վկաների գործունեությունն արգելված չէր։ Կյանքումս առաջին անգամ ներկա եղա Եհովայի վկաների համաժողովի և տեսա հազարավոր եղբայրների ու քույրերի։ Դա աննկարագրելի ուրախություն էր ինձ համար։

Բեռլինի պատի փլուզումից հետո Եհովայի վկաների գործունեության վրա դրված արգելքը հանվեց։ Վերջապես կարող էինք ազատորեն երկրպագել Եհովային։ Ես ցանկանում էի ավելի շատ մասնակցել քարոզչական գործին։ Բայց վախենում էի խոսել անծանոթների հետ։ Թերարժեքության զգացում ունեի, որի պատճառը իմ ֆիզիկական տկարությունն էր, նաև այն, որ մանկության տարիներիս մեծ մասն անցկացրել էի հաշմանդամների գիշերօթիկ դպրոցում։ Բայց 1992 թ.-ին փորձեցի մեկ ամսվա մեջ քարոզել 60 ժամ, և դա ինձ հաջողվեց։ Ես մեծ ուրախություն ստացա։ Ուստի որոշեցի այդքան քարոզել ամեն ամիս և մոտ երեք տարի շարունակ հենց այդպես էլ անում էի։

Միշտ հիշում եմ Աստվածաշնչում գրված հետևյալ խոսքերը. «Ո՞վ է տկար, և ես տկար չեմ» (2 Կորնթացիներ 11։29)։ Ճիշտ է, ես ձեռքեր չունեմ, բայց ունեմ բանականություն և կարող եմ խոսել։ Ուստի փորձում եմ իմ լավագույնն անել ուրիշներին օգնելու համար։ Իմ ֆիզիկական տկարությունը նպաստում է այն բանին, որ ավելի կարեկից լինեմ և խորությամբ հասկանամ նրանց, ովքեր նույնպես ֆիզիկական սահմանափակումներ ունեն։ Ես լավ գիտեմ՝ ինչ է զգում մարդը, երբ շատ է ցանկանում մի բան անել, բայց չի կարող։ Փորձում եմ քաջալերել այդպիսի մարդկանց։ Ուրիշներին օգնելով՝ ինձ իսկապես երջանիկ եմ զգում։

Բարի լուրը ուրիշներին պատմելը ինձ երջանկություն է պարգևում

ԱՄԵՆ ՕՐ ԶԳՈՒՄ ԵՄ ԵՀՈՎԱՅԻ ՕԳՆՈՒԹՅՈՒՆԸ

Պետք է խոստովանեմ, որ երբեմն ընկճվում եմ. շատ եմ ուզում լիարժեք մարդ լինել։ Ճիշտ է, առօրյա շատ բաներ կարողանում եմ ինքնուրույն անել, բայց ինձանից շատ ժամանակ, ջանքեր և ուժ է պահանջվում։ Ուստի ամեն առավոտ օրս սկսում եմ հետևյալ նշանաբանով. «Ամեն բան անելու ի զորու եմ շնորհիվ նրա, ով զորացնում է ինձ» (Փիլիպպեցիներ 4։13)։ Եհովան ամեն օր ինձ տալիս է անհրաժեշտ ուժը, որ կարողանամ անել առօրյա գործերս։ Նա երբեք չի թողել ինձ։ Ես էլ երբեք չեմ թողնի նրան։

Եհովան ինձ օրհնել է մեկ այլ առումով ևս. նա տվել է ընտանիք, ինչի կարիքը միշտ զգացել եմ թե՛ մանկության և թե՛ պատանեկության տարիներին։ Ես ունեմ հիանալի կին՝ Էլկեն, որը ջերմ ու կարեկից անձնավորություն է։ Բացի այդ, ձեռք եմ բերել համաշխարհային ընտանիք՝ միլիոնավոր հոգևոր եղբայրներ ու քույրեր։

Իմ սիրելի կնոջ՝ Էլկեի հետ

Ինձ շատ է մխիթարում Աստծու տված այն խոստումը, որ դրախտ երկրում նա «ամեն բան նոր է» անելու, այսինքն՝ վերականգնելու է ամեն բան, այդ թվում ձեռքերս (Հայտնություն 21։5)։ Այս խոստումը ինձ համար ավելի իրական է դառնում, երբ մտածում եմ այն հրաշքների մասին, որ Հիսուսն արեց երկրի վրա եղած ժամանակ։ Նա մի ակնթարթում բուժեց անդամալույծների և անգամ վերականգնեց մի մարդու կտրված ականջը (Մատթեոս 12։13; Ղուկաս 22։50, 51)։ Եհովայի խոստումները և Հիսուսի կատարած հրաշքները ինձ վստահեցնում են, որ շուտով լիարժեք մարդ կլինեմ։

Սակայն ինձ համար մեծագույն օրհնությունը Եհովա Աստծուն ճանաչելն է։ Նա դարձել է իմ հայրն ու իմ ընկերը, ինձ մխիթարողն ու զորացնողը։ Ես ունեմ նույն զգացումները, ինչ Դավիթ թագավորն ուներ։ Նա գրել է. «Եհովան իմ զորությունն է.... Ես օգնություն ստացա, և սիրտս ցնծում է» (Սաղմոս 28։7)։ Ցանկանում եմ իմ ողջ կյանքում սրտիս մեջ փայփայել այս հիանալի ճշմարտությունը։ Ու թեև ձեռքեր չունեմ, բայց ամուր բռնել եմ այն։

^ պարբ. 17 Վերջին օրերի նշանի մասին ավելի մանրամասն տեղեկություն կարող եք գտնել «Ի՞նչ է սովորեցնում Աստվածաշունչը իրականում» գրքի 9-րդ գլխում, որի վերնագիրն է «Արդյո՞ք ապրում ենք «վերջին օրերում»»։ Գիրքը հրատարակվել է Եհովայի վկաների կողմից և առկա է www.pr418.com/hy կայքում։