Անցնել բովանդակությանը

Ի՞նչ է Աստվածաշունչն ասում տասանորդ վճարելու մասին

Ի՞նչ է Աստվածաշունչն ասում տասանորդ վճարելու մասին

Աստվածաշնչի պատասխանը

 Ճշմարիտ երկրպագությանը աջակցելու համար հնում իսրայելացիներին պատվիրվել էր վճարել տասանորդ a, այսինքն՝ իրենց տարեկան եկամտի տասներորդ մասը։ Աստված ասել էր նրանց. «Անպատճառ տուր քո սերմի տված ամբողջ բերքի տասներորդ մասը [«տասանորդ», «Արարատ» թարգմանություն], այն, ինչ տարեցտարի կստանաս արտից» (2 Օրենք 14։22

 Տասանորդ վճարելը Մովսիսական օրենքի պահանջներից էր։ Այդ Օրենքը Աստված հնում տվել էր Իսրայել ազգին։ Քրիստոնյաները Մովսիսական օրենքի տակ չեն, ուստի նրանցից չի պահանջվում տասանորդ վճարել (Կողոսացիներ 2:13, 14)։ Փոխարենը՝ յուրաքանչյուր քրիստոնյա պետք է նվիրատվություն անի այնպես, «ինչպես իր սրտում է որոշել, ո՛չ դժկամությամբ, ո՛չ էլ հարկադրանքով, որովհետև Աստված ուրախությամբ տվողին է սիրում» (2 Կորնթացիներ 9։7

 Տասանորդը Աստվածաշնչում—«Հին Կտակարան»

 «Հին Կտակարանում» մի քանի անգամ հիշատակվում է տասանորդի մասին, հատկապես այն բանից հետո, երբ Մովսեսի միջոցով Աստված Իսրայելին տվեց Օրենքը (Մովսիսական օրենքը)։ Սակայն մինչ այդ էլ մի քանի անգամ նշվել է տասանորդի մասին։

Մովսիսական օրենքից առաջ

 Աստվածաշնչում նշված առաջին մարդը, ով տասանորդ է տվել, Աբրամն է՝ Աբրահամը (Ծննդոց 14։18–20; Եբրայեցիներ 7։4)։ Աբրամը մեկ անգամ տասանորդ է տվել որպես ընծա Սաղեմի թագավոր-քահանային։ Աստվածաշնչում բացի այս դեպքից ուրիշ ոչ մի տեղ չի հիշատակվում, որ Աբրահամը կամ նրա երեխաները տասանորդ են տվել։

 Աստվածաշնչում նշված երկրորդ անձնավորությունը, ով տասանորդ է տվել, Աբրահամի թոռ Հակոբն է։ Նա խոստացավ, որ եթե Աստված օրհնի իրեն, նա Աստծուն կտա իր ստացած ամեն ինչի «տասներորդ մասը» (Ծննդոց 28։20–22)։ Ըստ որոշ աստվածաշնչագետների՝ Հակոբը տասանորդը տվել է՝ կենդանական զոհեր մատուցելով։ Թեև նա այդպիսի խոստում տվեց Աստծուն, սակայն իր ընտանիքին չպարտադրեց տասանորդ վճարել։

Մովսիսական օրենքի ժամանակ

 Աստված իսրայելացիներին պատվիրել էր տասանորդ վճարել, որպեսզի դրանով աջակցեին երկրպագությանը և դրա հետ կապված արարողություններին։

  •   Տասանորդը տրվում էր տաճարում լիաժամ ծառայողներին՝ ղևտացիներին, այդ թվում՝ քահանաներին, ովքեր չունեին իրենց պատկանող հողատարածք, որ մշակեին (Թվեր 18։20, 21)։ Այն ղևտացիները, ովքեր քահանա չէին, մարդկանցից տասանորդ էին ստանում և այդ «տասներորդ մասի տասներորդ մասը» տալիս էին քահանաներին (Թվեր 18։26–29

  •   Ըստ երևույթին, Մովսիսական օրենքում խոսվում էր նաև երկրորդ տասանորդի մասին, որից օգուտ էին քաղում և՛ ղևտացիները, և՛ ոչ ղևտացիները (2 Օրենք 14։22, 23)։ Իսրայելացի ընտանիքներն այդ միջոցներն օգտագործում էին ամեն տարի անցկացվող սուրբ հավաքույթների համար։ Տարիներ էին լինում, երբ դրա մի մասը հատկացվում էր նաև աղքատներին (2 Օրենք 14։28, 29; 26։12

 Ինչպե՞ս էր հաշվվում տասանորդը։ Իսրայելացիները մի կողմ էին դնում տարեկան բերքի տասներորդ մասը (Ղևտական 27։30)։ Եթե ինչ-որ մեկը նախընտրեր տասանորդը վճարել դրամով, նա պետք է տասանորդի արժեքին ավելացներ դրա 20 տոկոսը (Ղևտական 27։31)։ Իսրայելացիներին նաև պատվեր էր տրվել տալ «նախիրների ու հոտերի տասներորդ մասը» (Ղևտական 27։32

 Իրենց նախրից տասանորդ տալու համար իսրայելացիները պետք է ընտրեին իրենց գոմից դուրս եկող ամեն տասներորդ կենդանուն։ Ըստ Օրենքի՝ ընտրելուց հետո նրանք չպետք է զննեին կամ փոխեին կենդանիներին, ոչ էլ նրանց փոխարեն դրամ վճարեին (Ղևտական 27:32, 33)։ Սակայն երկրորդ տասանորդը հնարավոր էր դրամով վճարել։ Դա ավելի հեշտ կլիներ այն իսրայելացիների համար, որոնք պետք է երկար ճանապարհ կտրեին, որպեսզի մասնակցեին տոնակատարություններին (2 Օրենք 14։25, 26

 Ե՞րբ էին վճարում տասանորդը։ Իսրայելացիները այն վճարում էին ամեն տարի (2 Օրենք 14։22): Սակայն ամեն յոթերորդ տարում բացառություն էր արվում։ Այդ տարին կոչվում էր Շաբաթ տարի կամ հանգստի տարի, որի ժամանակ իսրայելացիները հողը չէին մշակում (Ղևտական 25։4, 5)։ Այս հատուկ հանգամանքը հաշվի առնելով՝ հնձի ժամանակ տասանորդ չէր հավաքվում։ Յուրաքանչյուր Շաբաթ տարվան հաջորդող երրորդ և վեցերորդ տարիներին իսրայելացիները երկրորդ տասանորդի մի մասը հատկացնում էին նաև աղքատներին և ղևտացիներին (2 Օրենք 14։28, 29

 Ի՞նչ պատիժ էր սահմանված տասանորդը չվճարելու համար։ Մովսիսական օրենքը պատիժ չէր սահմանում տասանորդը չվճարելու համար։ Տասանորդը բարոյական պարտավորություն էր։ Իսրայելացիները Աստծու առաջ պետք է ասեին, որ տվել են տասանորդը և նրա օրհնությունը խնդրեին (2 Օրենք 26։12–15)։ Եթե իսրայելացին տասանորդը չէր վճարում, Աստված համարում էր, որ իրեն կողոպտել են (Մաղաքիա 3։8, 9

 Արդյո՞ք տասանորդը ծանր բեռ էր։ Ո՛չ։ Եհովան իր ժողովրդին խոստացել էր, որ եթե նրանք բերեին տասանորդը, նա իր օրհնությունները կթափեր, և նրանք ոչ մի բանի պակաս չէին զգա (Մաղաքիա 3։10)։ Սակայն իսրայելացիները տուժում էին, երբ տասանորդը չէին տալիս։ Այդպիսով նրանք կորցնում էին Աստծու օրհնությունը։ Իսկ նրանց կողմից անտեսված քահանաներն ու ղևտացիները ստիպված էին լինում թողնելու իրենց ծառայությունը և աշխատելու, ինչի հետևանքով իսրայելացիները զրկվում էին նրանց ծառայությունից օգուտ ստանալու հնարավորությունից (Նեեմիա 13։10; Մաղաքիա 3։7

 Տասանորդը Աստվածաշնչում—«Նոր Կտակարան»

 Հիսուսի երկրային կյանքի ընթացքում Աստծուն պաշտող մարդիկ դեռ պետք է տասանորդ վճարեին։ Սակայն Հիսուսի մահից հետո այն այլևս ուժի մեջ չէր։

Հիսուսի ժամանակներում

 Աստվածաշնչի այն մասից, որը հայտնի է «Նոր Կտակարան» անունով, տեսնում ենք, որ իսրայելացիները շարունակում էին տասանորդ վճարել, քանի դեռ Հիսուսը երկրի վրա էր։ Նա գիտեր, որ իսրայելացիները պետք է տասանորդ վճարեն, սակայն դատապարտեց կրոնական առաջնորդներին, ովքեր բծախնդրորեն տալիս էին տասանորդները, բայց «արհամարհում էին Օրենքի ավելի ծանրակշիռ բաները՝ արդարությունը, ողորմությունը և հավատարմությունը» (Մատթեոս 23։23

Հիսուսի մահից հետո

 Հիսուսի մահից հետո այլևս տասանորդ տալու անհրաժեշտություն չկար։ Հիսուսի զոհաբերական մահը վերջ դրեց Մովսիսական օրենքին, այդ թվում՝ «տասանորդ հավաքելու» պատվերին (Եբրայեցիներ 7։5, 18; Եփեսացիներ 2։13–15; Կողոսացիներ 2։13, 14

a Ըստ մի բառարանի՝ տասանորդը «եկամտի տասներորդ մասն է՝ առանձնացված հատուկ նպատակի համար... Տասանորդը, որի մասին խոսվում է Աստվածաշնչում, գործածվում էր կրոնական նպատակով» (Harper’s Bible Dictionary, էջ 765)։