Անցնել բովանդակությանը

Արդյոք Աստված էվոլյուցիայի միջոցո՞վ է արարել կյանքի տարբեր տեսակները

Արդյոք Աստված էվոլյուցիայի միջոցո՞վ է արարել կյանքի տարբեր տեսակները

Աստվածաշնչի պատասխանը

 Ո՛չ։ Աստվածաշնչում հստակ ասվում է, որ Աստված է արարել մարդկանց, ինչպես նաև տարբեր «տեսակի» a կենդանիներին ու բույսերը (Ծննդոց 1։12, 21, 25, 27; Հայտնություն 4։11)։ Այնտեղ գրված է, որ մարդկային ողջ ընտանիքը սերել է Ադամից ու Եվայից՝ մեր նախածնողներից (Ծննդոց 3:20; 4:1)։ Աստծու Խոսքը թիկունք չի կանգնում այն տեսությանը, ըստ որի՝ Աստված էվոլյուցիայի միջոցով է ստեղծել կյանքի տարբեր տեսակները (այս ուսմունքը երբեմն կոչվում է թեիստական էվոլյուցիա)։ Սակայն միևնույն ժամանակ Աստվածաշունչը չի հակասում գիտական այն դիտարկումներին, որոնց համաձայն՝ յուրաքանչյուր տեսակի մեջ կան տարատեսակներ։ b

 Աստված էվոլյուցիայի միջոցո՞վ է գործել

 «Թեիստական էվոլյուցիա» եզրույթը ընդգրկում է տարատեսակ գաղափարներ։ Ըստ «Բրիտանական հանրագիտարանի»՝ այդ արտահայտությունն ընդգրկում է այն գաղափարը, թե «բնական ընտրությունը այն մեխանիզմներից մեկն է, որի միջոցով Աստված ղեկավարում է բնաշխարհը» (Encyclopædia Britannica)։

 Թեիստական էվոլյուցիան կարող է նաև ընդգրկել հետևյալ գաղափարները։

  •   Բոլոր կենդանի օրգանիզմները սերել են ընդհանուր նախածնողներից հեռավոր անցյալում։

  •   Կյանքի մի տեսակը զարգանալով կարող է վերածվել բոլորովին այլ տեսակի (այս գաղափարը երբեմն անվանում են «մակրոէվոլյուցիա»)։

  •   Աստված ինչ-որ կերպ լիովին պատասխանատու է այս պրոցեսների համար։

 Էվոլյուցիոն տեսությունը ներդաշնա՞կ է Աստվածաշնչին

 Թեիստական էվոլյուցիան ենթադրում է, որ «Ծննդոց» գրքում արարչագործության մասին աստվածաշնչյան արձանագրությունը այդքան էլ ճշգրիտ չէ։ Սակայն Հիսուսը «Ծննդոցի» արձանագրության մասին խոսեց որպես պատմական փաստի (Ծննդոց 1:26, 27; 2:18–24; Մատթեոս 19:4–6)։ Աստվածաշունչն ասում է, որ նախքան երկիր գալը Հիսուսը ապրում էր երկնքում՝ Աստծու հետ, և օգնում էր նրան ստեղծելու «ամեն ինչ» (Հովհաննես 1։3)։ Հետևաբար այն գաղափարը, թե Աստված էվոլյուցիայի միջոցով է ստեղծել կյանքի տարբեր տեսակները, ներդաշնակ չէ աստվածաշնչյան ուսմունքներին։

 Ի՞նչ կարելի է ասել միջավայրի փոփոխվող պայմաններին հարմարվելու բույսերի և կենդանիների ունակության մասին

 Աստվածաշունչը չի նշում, թե մի տեսակի մեջ քանի տարատեսակներ կարող են լինել։ Եվ ոչ էլ հակասում է այն փաստին, որ Աստծու ստեղծած կենդանիների և բույսերի տարբեր տեսակները խաչասերման և նոր միջավայրին հարմարվելու պրոցեսում կարող են որոշակի փոփոխության ենթարկվել։ Ու թեև ոմանք հարմարվողականության պրոցեսները համարում են էվոլյուցիայի տեսակ, սակայն իրականում դրանց արդյունքում կյանքի նոր տեսակ չի առաջանում։

a Աստվածաշնչում գործածված «տեսակ» բառը շատ ավելի լայն իմաստ ունի, քան գիտնականների կողմից գործածվող «տիպ» բառը։ Հաճախ այն, ինչ գիտնականները կոչում են նոր տիպի էվոլյուցիա, ոչ այլ ինչ է, քան տեսակի (ինչ իմաստով, որ այն գործածված է «Ծննդոց» գրքում) ներսում ընթացող փոփոխություն։

b Այս գաղափարը երբեմն անվանում են «միկրոէվոլյուցիա»։