Անցնել բովանդակությանը

Ի՞նչ է Աստվածաշունչը ասում ծոմապահության մասին

Ի՞նչ է Աստվածաշունչը ասում ծոմապահության մասին

Աստվածաշնչի պատասխանը

 Աստվածաշնչյան ժամանակներում ծոմապահությունն ընդունելի էր Աստծուն, երբ արվում էր ճիշտ մղումներով։ Բայց երբ մարդիկ սխալ նպատակներով էին ծոմ պահում, Աստված հավանություն չէր տալիս դրան։ Սակայն Աստվածաշունչը այսօր ո՛չ պատվիրում և ո՛չ էլ արգելում է մարդկանց ծոմ պահել։

Աստվածաշնչում հիշատակված որոշ մարդիկ ո՞ր դեպքերում էին ծոմ պահում

  •   Երբ փնտրում էին Աստծու օգնությունն ու առաջնորդությունը։ Երուսաղեմ մեկնող մարդիկ ծոմ պահեցին ցույց տալու համար, որ անկեղծորեն են օգնություն խնդրում Աստծուց (Եզրաս 8:21–23)։ Պողոսն ու Բառնաբասը երբեմն ծոմ էին պահում, երբ ժողովում երեցներ էին նշանակում (Գործեր 14:23

  •   Երբ կենտրոնանում էին Աստծու նպատակի վրա։ Իր մկրտությունից հետո Հիսուսը 40 օր ծոմ պահեց, որ իրեն նախապատրաստի կատարելու Աստծու կամքը (Ղուկաս 4:1, 2

  •   Երբ ցույց էին տալիս, որ զղջում են անցյալում գործած մեղքերի համար։ Աստված Հովել մարգարեի միջոցով անհավատարիմ իսրայելացիներին ասաց. «Վերադարձեք ինձ մոտ ամբողջ սրտով, ծոմ պահելով, լաց լինելով և ողբալով» (Հովել 2։12–15

  •   Երբ նշում էին Քավության օրը։ Իսրայել ազգին Աստծու տված Օրենքում պատվեր էր տրվում ծոմ պահել ամեն տարի նշվող Քավության օրը (Ղևտական 16:29–31 a Տեղին էր այդ առիթով ծոմ պահել, քանի որ իսրայելացիներին այն հիշեցնում էր, որ նրանք անկատար էին և Աստծու ներողամտության կարիքն ունեին։

Ի՞նչ սխալ մղումներով հնարավոր է՝ մարդիկ ծոմ պահեն

  •   Ուրիշներին տպավորելու համար։ Հիսուսը սովորեցրեց, որ կրոնական նկատառումներով ծոմ պահելը խիստ անձնական հարց է, որը վերաբերում է միայն տվյալ անհատին և Աստծուն (Մատթեոս 6։16–18

  •   Իրենց արդար լինելը ցույց տալու համար։ Ծոմապահությունը մարդուն ուրիշներից բարոյապես կամ հոգևորապես գերազանց չի դարձնում (Ղուկաս 18:9–14

  •   Գիտակցաբար մեղք գործելու դիմաց փոխհատուցելու համար (Եսայիա 58:3, 4)։ Աստված ընդունում էր միայն այն մարդկանց ծոմապահությունը, ովքեր դրա հետ մեկտեղ հնազանդվում էին իրեն և սրտանց զղջում էին իրենց գործած մեղքերի համար։

  •   Կրոնական ծիսակարգ կատարելու համար (Եսայիա 58:5–7)։ Այս առումով Աստված նման է ծնողի, որին դուր չի գալիս, երբ իր երեխաները զուտ պարտականությունից մղված են իր հանդեպ սեր արտահայտում և ոչ թե սրտանց։

Ծոմապահությունը պահա՞նջ է քրիստոնյաների համար

 Ո՛չ։ Աստված պահանջում էր, որ իսրայելացիները Քավության օրը ծոմ պահեին, բայց այն բանից հետո, երբ Հիսուսը մեկընդմիշտ քավեց զղջացող մարդկանց մեղքերը, նա չեղյալ արեց այդ պահանջը (Եբրայեցիներ 9:24–26; 1 Պետրոս 3:18)։ Քրիստոնյաները Մովսիսական օրենքի տակ չեն, որի մաս էր կազմում Քավության օրը (Հռոմեացիներ 10:4; Կողոսացիներ 2:13, 14)։ Հետևաբար յուրաքանչյուր քրիստոնյա անձամբ կարող է որոշել՝ ծոմ պահի, թե ոչ (Հռոմեացիներ 14:1–4

 Քրիստոնյաները գիտակցում են, որ ծոմապահությունը առանցքային դեր չունի իրենց երկրպագության մեջ։ Աստվածաշունչը ծոմ պահելը երբեք չի կապում երջանկության հետ։ Ի տարբերություն դրա՝ ճշմարիտ քրիստոնյաների երկրպագությանը բնորոշ է ուրախությունը, որը արտացոլում է Եհովայի՝ «երջանիկ Աստծու» անձնավորությունը (1 Տիմոթեոս 1։11; Ժողովող 3։12, 13; Գաղատացիներ 5։22

Սխալ կարծիքներ ծոմապահության հետ կապված Աստվածաշնչի տեսակետի վերաբերյալ

 Սխալ կարծիք։ Պողոս առաքյալը քրիստոնյա ամուսնացած զույգերին խորհուրդ տվեց ծոմ պահել (1 Կորնթացիներ 7:5, «Արարատ» թարգմանություն)։

 Փաստ։ Աստվածաշնչի ամենահին ձեռագրերում 1 Կորնթացիներ 7:5-ում ծոմապահության մասին չի հիշատակվում։ b Ակներևաբար Աստվածաշունչը արտագրողները ծոմապահության մասին ավելացրել են ոչ միայն այս համարում, այլև Մատթեոս 17:21; Մարկոս 9:29 և Գործեր 10:30 համարներում։ Աստվածաշնչի ժամանակակից թարգմանություններից շատերում ծոմապահության մասին այս սխալ հիշատակումը բացակայում է։

 Սխալ կարծիք։ Քրիստոնյաները պետք է ծոմ պահեն՝ ի հիշատակ այն բանի, որ Հիսուսն իր մկրտությունից հետո անապատում 40 օր ծոմ պահեց։

 Փաստ։ Հիսուսը երբեք պատվեր չի տվել ծոմ պահել այդ նպատակով։ Աստվածաշունչը նույնպես չի նշում, որ առաջին դարի քրիստոնյաները այդ նպատակով ծոմ են պահել։ c

 Սխալ կարծիք։ Հիսուսի մահը հիշելիս քրիստոնյաները պետք է ծոմ պահեն։

 Փաստ: Հիսուսն իր աշակերտներին չպատվիրեց իր մահը հիշելիս ծոմ պահել (Ղուկաս 22:14–18)։ Թեև նա ասաց, որ իր աշակերտները ծոմ էին պահելու, երբ ինքը մահանար, սակայն նա ոչ թե պատվեր տվեց դա անել, այլ պարզապես նշեց, թե ինչ էր լինելու (Մատթեոս 9:15)։ Այն քրիստոնյաներին, ովքեր քաղցած էին, Աստվածաշունչը հրահանգ էր տալիս տանը ուտել՝ նախքան Հիսուսի մահվան հիշատակի երեկոն նշելը (1 Կորնթացիներ 11։33, 34

a Աստված իսրայելացիներին ասել էր, որ Քավության օրը նրանք պետք է «ճնշեին իրենց հոգիները», կամ՝ «զրկանքի.... ենթարկէին իրենց մարմինը» (Ղևտական 16։29, 31; «Էջմիածին» թարգմանություն)։ Կարելի է եզրակացնել, որ այս արտահայտությունը վերաբերում է ծոմապահությանը (Եսայիա 58:3)։ Այդ պատճառով «Ժամանակակից անգլերեն թարգմանության» մեջ այդ խոսքերը հետևյալ կերպ են թարգմանված. «Դուք պետք է ոչինչ չուտեք, որպեսզի ցույց տաք, որ ցավում եք ձեր մեղքերի համար»։

b Տես Բրյուս Մ. Մեցգեր, A Textual Commentary on the Greek New Testament, 3-րդ հրատարակություն, էջ 554։

c 40 օր տևող Մեծ պահքի պատմության մասին «Նոր կաթոլիկական հանրագիտարանում» ասվում է. «Առաջին երեք դարերում Պասեքի [Զատկի] տոնին նախապատրաստող ծոմապահությունը մեկ շաբաթից ավելի չէր տևում, սովորաբար տևում էր մեկ կամ երկու օր.... 40 օր տևողությամբ ժամանակահատվածի մասին առաջին անգամ հիշատակվում է Նիկիայի տիեզերական ժողովի (325 թ.) հինգերորդ կանոնում, թեև որոշ գիտակ մարդիկ տարակարծիք են այն հարցում, թե արդյոք այդտեղ խոսքը Մեծ պահքի մասին է» (New Catholic Encyclopedia, 2-րդ հրատարակություն, 8-րդ հատոր, էջ 468)։