Անցնել բովանդակությանը

ԱՐԴՅՈՔ ՊԱՏԱՀԱԿԱՆՈՒԹՅՈ՞ՒՆ Է

Կողինջի կպչուն լորձը

Կողինջի կպչուն լորձը

 Արդեն երկար ժամանակ է՝ վիրաբույժները փնտրում են այնպիսի բժշկական սոսինձներ, որոնք հնարավոր կլինի օգտագործել վիրաբուժության մեջ, օրինակ՝ կտրված հյուսվածքները միացնելու համար։ Ներկայումս օգտագործվող կպչուն նյութերից շատերը վտանգավոր են ներքին օգտագործման համար։ Դրանք թունավոր են, թաց մակերևույթին չեն կպչում, իսկ չորանալուց հետո էլ չեն ճկվում։ Կողինջի a լորձը ուսումնասիրելով՝ գիտնականները գտել են այս խնդիրների լուծումը։

 Նկատի առնենք հետևյալը: Երբ կողինջը վտանգ է զգում, սկսում է լորձ արտադրել։ Այդ լորձն այնքան կպչուն է, որ կողինջին կարող է սոսնձել թաց տերևին։ Սա պաշտպանական մեխանիզմ է, որը կողինջին հնարավորություն է տալիս առանց շարժունակությունը կորցնելու կպչել առարկայի մակերևույթին։

 Գիտնականները հետազոտել են այս փափկամարմնի լորձը և հայտնաբերել են, թե ինչով է պայմանավորված այդ բնական սոսնձի արդյունավետությունը։ Այն կպչում է և՛ քիմիական կապի, և՛ էլեկտրաստատիկ ձգողության ուժի միջոցով։ Լորձը ներթափանցում է այն մակերևույթի մեջ, որին կողինջը սոսնձվում է, և արտաքին գործոնների ազդեցության ներքո չի կորցնում իր էլաստիկությունը։ Ստեղծելով այնպիսի նյութ, որի հատկությունները նման են կողինջի լորձին՝ հետազոտողները ստացել են ներկայումս բժիշկների կողմից օգտագործվող սոսինձներից շատ ավելի կպչուն սոսինձ։ Այն նույնքան լավ է կպչում հյուսվածքներին, որքան աճառը՝ ոսկորին։

 Մասնագետները համոզված են, որ այս սոսինձը կարող է դառնալ յուրաքանչյուր վիրաբույժի գործիքակազմի մաս և փոխարինել բժշկական ամրակներին (պատանգ) ու թելերին։ Այն կարող է օգտագործվել աճառները վերականգնելու կամ բժշկական սարքերը օրգանիզմում ճիշտ տեղում ամրացնելու համար։ Հետաքրքիր է նաև, որ փորձարկումների ժամանակ այս սոսինձը փակել է խոզի սրտի և առնետի լյարդի վրայի անցքերը։

 Ուսումնասիրելով մեզ շրջապատող բնությունը՝ գիտնականները հիանալի լուծումներ են գտնում շատ խնդիրների համար։ Դոնալդ Ինգբերը, ով սինթետիկ սոսինձ արտադրող ինստիտուտի տնօրեն է, ասում է. «Կարևոր է իմանալ, թե որտեղ փնտրել, իսկ երբ գտնում ես, հասկանալ, թե որտեղ կիրառել»։

 Ի՞նչ եք կարծում։ Կողինջի լորձի մեջ պարունակվող բնական սոսինձը էվոլյուցիայի՞ արդյունք է, թե՞ ծրագրված է եղել։

a Այս փափկամարմինների լատիներեն անվանումը արիոն սուբֆուսկուս է (Arion subfuscus)։