Անցնել բովանդակությանը

ԱՍՏՎԱԾԱՇՆՉՅԱՆ ՀԱՄԱՐՆԵՐԻ ԲԱՑԱՏՐՈՒԹՅՈՒՆ

Առակներ 22։6. «Կրթիր երեխային ճիշտ ճանապարհի համաձայն»

Առակներ 22։6. «Կրթիր երեխային ճիշտ ճանապարհի համաձայն»

 «Կրթիր երեխային ճիշտ ճանապարհի համաձայն. նույնիսկ երբ նա ծերանա, չի շեղվի դրանից» (Առակներ 22։6, «Նոր աշխարհ թարգմանություն»)։

 «Կրթիր երեխային իր ճանապարհին համեմատ, որ ծերացած էլ՝ չի հեռանալ նորանից» (Առակներ 22։6, «Արարատ» թարգմանություն)։

Առակներ 22։6-ի նշանակությունը

 Այն ծնողները, ովքեր սովորեցնում են երեխաներին սիրել Աստծուն և հարգել նրա օրենքները, կարող են ակնկալել, որ իրենց դաստիարակությունը տևական և դրական ազդեցություն կունենա։

 «Կրթիր երեխային ճիշտ ճանապարհի համաձայն»։ Այս խոսքերը կարելի է նաև թարգմանել «երեխայիդ ճիշտ ուղու վրա դիր»։ «Առակներ» գրքում ծնողներին բազմիցս հորդոր է տրվում վաղ մանկությունից սովորեցնել երեխաներին ճշտի և սխալի մասին (Առակներ 19։18; 22։15; 29։15)։ Այնուամենայնիվ, սիրող ծնողները գիտակցում են, որ իրենց երեխաները, մեծերի նման, ազատ կամք ունեն։ Ուստի փոխանակ երեխաներին պարզապես ասելու, թե ինչ պետք է անեն՝ ծնողները տրամաբանում են նրանց հետ և օգնում դառնալու հասուն ու պատասխանատու անհատներ, ովքեր ունակ են ինքնուրույն ճիշտ որոշումներ կայացնել (2 Օրենք 6։6, 7; Կողոսացիներ 3։21

 Որոշ աստվածաշնչագետներ կարծում են, որ այս արտահայտությունը նշանակում է «դաստիարակել երեխային՝ ըստ իր բնավորության» կամ բնածին հակումների։ Թեպետ այս ձևակերպումը գուցե գործնական թվա, սակայն եբրայերեն «ճիշտ ճանապարհի համաձայն» արտահայտությունը վերաբերում է լավ ու արդար ապրելակերպին։ «Առակներ» գրքում նշվում են երկու ճանապարհներ, որոնցով անհատը կարող է գնալ։ Մեկը կոչվում է «լավ մարդկանց ճանապարհ», «իմաստության ճանապարհ» և «ճիշտ ճանապարհ» (Առակներ 2։20; 4։11; 23։19)։ Իսկ մյուսը կոչվում է «ամբարիշտների ճանապարհ», «հիմարի ճանապարհ» և «չար ճանապարհ» (Առակներ 4։14; 12։15; 16։29)։ Ուստի այն ճանապարհը, որով երեխան պետք է գնա, «ճիշտ ճանապարհն» է՝ կյանքի ուղի, որի մասին սովորում ենք Աստծու Խոսքից՝ Աստվածաշնչից (Սաղմոս 119։105

 «Նույնիսկ երբ նա ծերանա, չի շեղվի դրանից»։ Երբ ծնողը երեխային սովորեցնում է Աստծու բարոյական չափանիշները, ավելի հավանական է, որ երեխան իր ողջ կյանքի ընթացքում կքայլի ճիշտ ուղով։ Սակայն դա չի նշանակում, որ լավ դաստիարակություն ստացած երեխան երբեք «չի շեղվի» ճիշտ ճանապարհից՝ չի անտեսի Աստծու սահմանած օրենքները։ Օրինակ՝ եթե անհատը ժամանակ է անցկացնում այնպիսի մարդկանց հետ, ովքեր խրախուսում են վատ արարքները, գուցե թողնի «ուղղամտության ճանապարհները» և սկսի սխալներ գործել (Առակներ 2։12-16; 1 Կորնթացիներ 15։33)։ Ինչ էլ լինի վերջնական արդյունքում, երբ ծնողները սովորեցնում են իրենց երեխաներին պահել Աստծու չափանիշները, նրանց տալիս են հաջողակ կյանք ունենալու լավագույն հնարավորությունը (Առակներ 2։1, 11

Առակներ 22։6-ի համատեքստը

 Առակներ 22-րդ գլուխը կազմված է կարճ ասույթներից, որոնք օգնում են կյանքի տարբեր բնագավառներում կիրառել Աստծու իմաստությունը։ Այս ասույթներն ընդգծում են Եհովայի a մոտ բարի համբավ ունենալու արժեքը։ Այն հնարավոր է ձեռք բերել՝ դրսևորելով խոնարհություն, առատաձեռնություն և աշխատասիրություն (Առակներ 22։1, 4, 9, 29)։ Ի հակադրություն՝ այլ համարներ ցույց են տալիս, որ նրանք, ովքեր անտեսում են Աստծու չափանիշները և ճնշում են խեղճերին, վատ հետևանքներ կկրեն (Առակներ 22։8, 16, 22-27

 Թեպետ Առակներ 22-րդ գլխի մեծ մասը չի առնչվում երեխաների դաստիարակությանը, սակայն նկարագրում է կյանքի մի ուղի, որն օգնում է ունենալ իսկական երջանկություն և վայելել Աստծու հավանությունը (Առակներ 22։17-19)։ Օգնելով երեխաներին քայլել այդ ուղով՝ ծնողները ցույց են տալիս, որ լավագույնն են ցանկանում իրենց զավակների համար (Եփեսացիներ 6։1-3

 Դիտիր «Առակներ» գրքի մասին այս կարճ տեսանյութը։

a Աստվածաշնչում գրված է, որ Աստծու անունը Եհովա է (Սաղմոս 83։18)։ Տես «Ո՞վ է Եհովան» հոդվածը։