Անցնել բովանդակությանը

Եհովայի վկաները քայքայո՞ւմ են ընտանիքը, թե՞ ամրապնդում են այն

Եհովայի վկաները քայքայո՞ւմ են ընտանիքը, թե՞ ամրապնդում են այն

 Մենք՝ Եհովայի վկաներս, ամեն ինչ անում ենք ամրապնդելու համար մեր ընտանիքները և աշխատում ենք օգնել նաև մյուսներին, որ դա անեն։ Այդպես մենք հարգանք ենք դրսևորում Աստծու հանդեպ որպես ընտանիքի Հիմնադրի (Ծննդոց 2:21–24; Եփեսացիներ 3:14, 15)։ Աստվածաշնչի միջոցով նա հայտնում է այն սկզբունքները, որոնք օգնել են աշխարհի տարբեր ծայրերում ապրողներին ամրապնդել իրենց ամուսնությունն ու ընտանիքը և երջանիկ լինել։

Ինչպես են Եհովայի վկաները նպաստում ընտանիքների ամրապնդմանը

 Մենք մեր լավագույնն ենք անում հետևելու համար Աստվածաշնչի խորհուրդներին, քանի որ դրանք օգնում են, որ լինենք ավելի լավ ամուսին, կին և ծնող (Առակներ 31:10–31; Եփեսացիներ 5:22–6:4; 1 Տիմոթեոս 5:8)։ Այդ իմաստուն խորհուրդները օգնում են նույնիսկ այն ընտանիքներին, որոնց անդամները տարբեր կրոն են դավանում (1 Պետրոս 3:1, 2)։ Ահա թե ինչպես են արտահայտվել այն ոչ Վկա մարդիկ, որոնց կողակիցը Եհովայի վկա է։

  •   «Մեր համատեղ կյանքի առաջին վեց տարիները լի էին վեճերով ու հիասթափություններով։ Իսկ այն բանից հետո, երբ Իվետեն դարձավ Եհովայի վկա, ավելի սիրող ու համբերատար դարձավ։ Այդ փոփոխությունը փրկեց մեր ամուսնությունը» (Քլաուիր, Բրազիլիա)։

  •   «Ես դեմ էի, երբ ամուսինս՝ Չանսան, սկսեց Աստվածաշունչ ուսումնասիրել Եհովայի վկաների օգնությամբ, քանի որ մտածում էի, որ նրանք ընտանիքներ են քանդում։ Բայց հիմա համոզված եմ, որ Աստվածաշունչն իրականում օգնել է մեր ամուսնությանը» (Ագնես, Զամբիա)։

 Մարդկանց հետ Աստծու Խոսքի մասին խոսելիս մենք օգնում ենք նրանց տեսնել, թե ինչպես կարող է աստվածաշնչյան իմաստուն խորհուրդներին հետևելը օգնել նրանց

Կրոնափոխությունը ստեղծո՞ւմ է խնդիրներ ընտանիքում

 Պետք է ընդունել, որ երբեմն այդպես է լինում։ Օրինակ՝ Sofres հետազոտական ընկերության 1998թ. հաշվետվության համաձայն՝ 20 ընտանիքներից 1-ում, որտեղ զույգերից մեկը Եհովայի վկա է, խնդիրներ են առաջացել, երբ նա, փոխելով հավատը, դարձել է Վկա։

 Հիսուսը նախապես ասել էր, որ ովքեր հետևեն իր ուսուցումներին, երբեմն խնդիրներ կունենան ընտանիքում (Մատթեոս 10:32–36)։ Պատմաբան Ուիլ Դյուրանտը նշում է, որ Հռոմեական կայսրությունում «քրիստոնյաները մեղադրվում էին ընտանիքներ քայքայելու մեջ»։ a Այսօր էլ Եհովայի վկաներից ոմանց հասցեին նույն մեղադրանքն է հնչում։ Արդյո՞ք սա նշանակում է, որ Վկաներն են տարաձայնությունների պատճառը։

Մարդու իրավունքների եվրոպական դատարան

 Եհովայի վկաներին ընտանիքներ քանդելու մեղադրանքի վերաբերյալ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճռում ասվում էր, որ հաճախ խնդիրների ստեղծման պատճառը ընտանիքի ոչ Վկա անդամների «ընդդիմությունն ու դժկամությունն է՝ ընդունելու և հարգելու իրենց կրոնավոր հարազատների՝ հավատը դավանելու և արտահայտելու ազատությունը»։ Դատարանը նաև ավելացնում էր. «[Այս] իրավիճակը բնորոշ է կրոնապես բաժանված բոլոր ընտանիքներին, և Եհովայի վկաները բացառություն չեն»։ b Նույնիսկ կրոնական անհանդուրժողական մթնոլորտում Եհովայի վկաները ձգտում են հետևել աստվածաշնչյան հետևյալ խորհրդին. «Ոչ մեկին չարի փոխարեն չարով մի՛ հատուցեք.... Եթե հնարավոր է, որքանով որ ձեզանից է կախված, խաղաղություն ունեցեք բոլոր մարդկանց հետ» (Հռոմեացիներ 12:17, 18

Ինչո՞ւ են Եհովայի վկաները մտածում, որ պետք է ամուսնանան միայն իրենց կրոնի անդամի հետ

 Վկաները հետևում են Աստվածաշնչի պատվերին՝ ամուսնանալ «միայն Տիրոջ հետևորդի հետ», այսինքն՝ մեկի, ով իրենց հավատակիցն է (1 Կորնթացիներ 7:39)։ Այս պատվերը աստվածաշնչյան լինելուց բացի նաև գործնական է։ Օրինակ՝ ամուսնության ու ընտանիքի մասին մի ամսագրում 2010-ին լույս տեսած մի հոդված կար, որտեղ ասվում էր, որ «զույգերը, ովքեր նույն կրոնը, սովորություններն ու հավատալիքներն ունեն», նրանց փոխհարաբերություններն ավելի ամուր են։ c

 Այնուամենայնիվ՝ Վկաները չեն խրախուսում իրենց անդամներին բաժանվել ոչ Վկա կողակիցներից։ Աստվածաշունչն ասում է. «Եթե որևէ եղբայր անհավատ կին ունի, և կինը համաձայն է ապրել նրա հետ, թող չթողնի նրան։ Եթե որևէ կին անհավատ ամուսին ունի, և ամուսինը համաձայն է ապրել նրա հետ, թող չթողնի իր ամուսնուն» (1 Կորնթացիներ 7:12, 13)։ Եհովայի վկաներն առաջնորդվում են այս պատվերով։

a Տես «Կայսրը և Քրիստոսը» (Caesar and Christ, էջ 647)։

b Տես «Մոսկվայի Եհովայի վկաները և այլք ընդդեմ Ռուսաստանի» վճիռը, էջ 26–27, պարբ. 111։

c Տես Journal of Marriage and Family, հատոր 72, համար 4, (Օգոստոս, 2010), էջ 963։