Անցնել բովանդակությանը

Աստվածաշնչի ուսումնասիրություն՝ հանրային հեռախոսով

Աստվածաշնչի ուսումնասիրություն՝ հանրային հեռախոսով

 Դայանին Բրազիլիայում բնակվող Եհովայի վկա է և լիաժամ քարոզիչ։ Մի օր աստվածաշնչյան բարի լուրը հեռախոսով պատմելիս նա զրուցեց մի երիտասարդ ամուսնական զույգի հետ, որը հետաքրքրություն ցույց տվեց։ Նրանք ասացին Դայանիին, որ տեղափոխվելու են մի հեռավոր գյուղ, որտեղ ո՛չ էլեկտրականություն կա, ո՛չ ինտերնետային կապ։ Բացի այդ՝ այնտեղ ոչ մի Եհովայի վկա չի ապրում։ Աստվածաշնչյան քննարկումները շարունակելու համար զույգը Դայանիին տվեց գյուղի հանրային հեռախոսի համարը։ Նրանք միասին որոշեցին, թե ո՛ր օրը և ո՛ր ժամին հարմար կլինի կրկին զրուցել։

 Պայմանավորված ժամին Դայանին զանգահարեց հանրային հեռախոսահամարին, և զույգը պատասխանեց։ Հաջորդ երկու շաբաթների ընթացքում նրանք հեռախոսով Աստվածաշնչի հիման վրա ևս երեք քննարկում ունեցան։

 Սակայն դրանից հետո զույգն այլևս չպատասխանեց նրա զանգերին։ Այդուհանդերձ, Դայանին չհուսալքվեց ու շարունակեց շաբաթը երեք անգամ զանգահարել հանրային հեռախոսին։ Ամեն անգամ նա Աստվածաշնչից մտքեր էր քննարկում այն մարդու հետ, ով պատասխանում էր զանգին։ Շուտով Դայանին սկսեց գյուղից մի քանի հոգու հետ Աստվածաշունչ ուսումնասիրել։

 Մի օր Դայանին ու նրա ամուսինը հանրային հեռախոսով Աստվածաշնչի ուսումնասիրություն էին անցկացնում մի երիտասարդի հետ։ Գյուղի եկեղեցու առաջնորդը լսեց նրանց զրույցը։ Նա կանգնեց այդ երիտասարդի կողքին, որպեսզի ավելի լավ լսի նրանց քննարկումը։ Այնուհետև եկեղեցու առաջնորդն ասաց, որ ուզում է խոսել Դայանիի ու նրա ամուսնու հետ։ Նա այնքա՜ն էր տպավորվել իր լսածից, որ խնդրեց՝ իր հետ էլ Աստվածաշունչ ուսումնասիրեն։

 Այժմ Դայանին ու նրա ամուսինը այդ հեռավոր գյուղում Աստվածաշնչի վեց ուսումնասիրություն են անցկացնում հեռախոսով, այդ թվում՝ եկեղեցու առաջնորդի հետ։ Բացի այդ՝ ուսումնասիրողներից ոմանք այդ նույն հանրային հեռախոսի միջոցով արդեն մասնակցել են ժողովի հանդիպումներին։ Նրանցից մեկը նույնիսկ նստարան է տեղադրել, որպեսզի ուսումնասիրության ընթացքում նստելու տեղ լինի։

 Դայանին ու նրա ամուսինը երախտապարտ են, որ հնարավորություն են ունեցել Թագավորության լուրը տարածելու այս հեռավոր գյուղում։ Դայանին ասում է. «Եհովան կարող է այնպես անել, որ բարի լուրը հասնի ցանկացած մարդու, նույնիսկ եթե նա ապրում է մեկուսի վայրում»։