Անցնել բովանդակությանը

Համավարակը չկարողացավ կանգնեցնել նրանց

Համավարակը չկարողացավ կանգնեցնել նրանց

 Վերջին՝ COVID-19, համաճարակի ընթացքում մեր եղբայրներն ու քույրերը փոխել են Աստվածաշնչի մխիթարական ուղերձը ուրիշներին հայտնելու իրենց մեթոդները։ Հրապարակային վկայություն տալու կամ մարդկանց տներ գնալու փոխարեն նրանք բարի լուրը հիմնականում հայտնում են հեռախոսով և նամակներով։ a Շատերն են գնահատում այս ջանքերը, Եհովայի օրհնությունն էլ ակնհայտ է (Առակներ 16։3, 4)։ Ահա մի քանի օրինակ մի երկրից։

 Մինչ համավարակը Հելենը կանոնավոր այցելել էր մի երիտասարդ կնոջ և առաջարկել Աստվածաշնչի ուսումնասիրություն։ Կինը միշտ մերժել էր նրա առաջարկը։ Այնուամենայնիվ, COVID-19-ի սահմանափակումները սկսվելուց մեկ օր առաջ Հելենը նրան տվեց Աստվածաշունչ և «Ի՞նչ է Աստվածաշունչը սովորեցնում մեզ» գիրքը։ Արգելափակման ընթացքում Հելենը կրկին առաջարկեց Աստվածաշնչի ուսումնասիրություն՝ բացատրելով, որ այն պետք է անցկացվի հեռախոսով։ Այս անգամ նա ընդունեց առաջարկը։ Քանի որ այդ կնոջը շատ դուր եկան իրենց քննարկումները, նա խնդրեց Հելենին ամեն օր ուսումնասիրել իր հետ։ Կինը սկսեց նաև կանոնավորաբար հեռախոսով լսել ժողովի հանդիպումները։ Դեռ ավելին, այժմ նա ոչ միայն կիրառում է իր սովորածը, այլև ուրիշներին է պատմում դրանց մասին։

 Մի ժողովում Վկաները որոշեցին նամակներ գրել իրենց տարածքի ոստիկաններին և շնորհակալություն հայտնել նրանց կատարած աշխատանքի համար։ Ոստիկանները շատ էին զարմացել, երբ ստացել էին նամակները։ Նրանցից մեկը ժողովի երեցներից մեկին՝ եղբայր Ջեֆերսոնին, ասել էր. «Ես կարծում էի, թե Վկաները չեն սիրում մեզ»։ Եղբայր Ջեֆերսոնը բացատրել էր, որ դա այդպես չէ։ Ոստիկանները այնքան էին տպավորվել այդ ոգևորիչ և դրական նամակներից, որ դրանք փակցրել էին ոստիկանական բաժանմունքի մուտքի մոտ։ Մեկ ուրիշ ոստիկան էլ հետևյալն ասաց. «Այս նամակները կարող են օգնել, որ մյուսներն էլ լավ վերաբերմունք ունենան մեր հանդեպ»։

 Երկու ռահվիրաներ՝ b Էդնան ու Էդնալինը, տանը ինտերնետ չունենալու պատճառով չէին կարողանում տեսակապով միանալ իրենց ժողովի հանդիպումներին։ Քույրերը որոշեցին զանգել իրենց ոչ Վկա հարևանին և խնդրել, որ վերջինս թույլ տա միանալ իր Wi-Fi-ին։ Նրանք ասացին, որ պատրաստ են վճարել դրա համար, սակայն հարևանը բարյացակամորեն թույլ տվեց՝ առանց գումար պահանջելու։ Էդնան ու Էդնալինը նրան ժողովի հանդիպմանը հրավիրեցին։ Նա չմերժեց քույրերի հրավերը։ Այժմ այդ կինը, նրա երեխաներից մեկը և երկու թոռնուհիները Աստվածաշունչ են ուսումնասիրում և կանոնավոր միանում են ժողովի հանդիպումներին։

 Մեր եղբայրներն ու քույրերը հրավիրեցին իրենց հարևաններին, գործընկերներին և այլ մարդկանց մի հանրային ելույթի, որը ներկայացվելու էր վիրտուալ տարբերակով։ Էլեյնը, ով աշխատում է հիվանդանոցում, սկզբում վարանում էր հրավիրել իր գործընկերներին։ Նա կարծում էր, որ որոշ բժիշկներ թերևս բացասական կարծիք ունեն Վկաների մասին։ Սակայն նա տեքստային հաղորդագրություն ուղարկեց հիվանդանոցի բժիշկներին և նրանց հրավիրեց ելույթը լսելու։ Էլեյնը հատկապես վարանում էր հրավիրել երկու բժիշկների՝ ամուսնական զույգի։ Այդ հարցի շուրջ մտածելուց և դրա մասին աղոթելուց հետո, սակայն, նա հրավեր ուղարկեց նրանց։ Բժշկուհին պատասխանեց. «Ուրեմն դուք ուզում եք, որ ես միանամ ձեր կրոնի՞ն»։ Էլեյնն ասաց, որ այդ հանդիպումը ոչ միայն Վկաների համար է, այլև բոլորի։ Հաջորդ օրը Էլեյնը զարմացավ, երբ զույգը միացավ հանդիպմանը, այն էլ՝ բավականին շուտ։ Էլեյնն ասում է. «Մինչ հանդիպման ավարտը բժշկուհին հաղորդագրություն ուղարկեց ինձ, որտեղ ասվում էր. «Առաջին անգամ էի մասնակցում Եհովայի վկաների հանդիպմանը։ Շատ լավ էր. ես հիացած եմ, շնորհակալություն ինձ հրավիրելու համար»»։

Էլեյն

 Էլեյնը հանդիպմանը հրավիրեց 20 բժիշկների և շատ ոգևորվեց՝ իմանալով, որ նրանցից 16-ը ներկա էին։ Մեջբերելով Պողոսի խոսքերը՝ քույրն ասում է. «Ուրախ եմ, որ համարձակությամբ լցվեցի և «Աստծու բարի լուրը» աշխատակիցներիս պատմեցի» (1 Թեսաղոնիկեցիներ 2։2

 Համավարակը դժվար է եղել բոլորի համար։ Բայց մեր եղբայրներն ու քույրերը այս երկրում և այլուր կարողացել են պահպանել իրենց ուրախությունն ու դրական տրամադրվածությունը և ուրիշներին մխիթարելու ու օգնելու համար անել այն, ինչ կարող են (Գործեր 20։35

a Եհովայի վկաներն իրենց ծառայությունն իրականացնում են տվյալների պաշտպանության վերաբերյալ օրենքներին համապատասխան։

b Ռահվիրաները լիաժամ քարոզիչներ են։