Անցնել բովանդակությանը

Կույր կնոջ աղոթքներն անպատասխան չմնացին

Կույր կնոջ աղոթքներն անպատասխան չմնացին

 Յանմեյը, որը Եհովայի վկա է և ապրում է Ասիայում, Մինգջին անունով մի կույր կնոջ օգնեց, որ անցնի փողոցը։ a Այդ կինն ասաց. «Շնորհակալ եմ։ Թող Աստված օրհնի քեզ»։ Դրանից հետո Յանմեյը Մինգջիին հարցրեց, թե արդյոք կցանկանա հանդիպել և մտքեր քննարկել Աստվածաշնչից։ Նա ասաց, որ ամեն օր աղոթել է, որպեսզի Աստված առաջնորդի իրեն դեպի ճշմարիտ ժողովը։ Ինչո՞ւ էր նա այդպիսի բան խնդրել:

 Մինգջին պատմեց, որ 2008 թ.-ին իր կույր ընկերներից մեկն իրեն հրավիրել էր մի եկեղեցի, որի առաքելությունը հաշմանդամներին օգնելն էր։ Քարոզը լսելուց հետո նա քահանայից հարցրել էր, թե որ գրքից է մեջբերումներն արել։ Քահանան պատասխանել էր՝ Աստվածաշնչից՝ Աստծու ճշմարիտ խոսքից։ Մինգջիի մոտ ուժգին ցանկություն էր առաջացել կարդալու այն։ Նա Բրայլի գրատիպով չինարեն Աստվածաշունչ էր ձեռք բերել և 6 ամսում ավարտել էր դրա 32 հատորները։ Աստվածաշնչի բովանդակությանը ավելի լավ ծանոթանալուց հետո Մինգջին եզրակացրել էր, որ երրորդության ուսմունքը, որը սովորեցնում էին այդ եկեղեցում, սուտ է, և որ Աստված անուն ունի՝ Եհովա։

 Ժամանակի ընթացքում Մինգջին հիասթափվեց եկեղեցու անդամների վարքից։ Նա հասկացավ, որ նրանք չէին ապրում այն չափանիշների համաձայն, որոնց մասին կարդացել էր Աստվածաշնչում։ Օրինակ՝ կույրերին տալիս էին ուտելիքի մնացորդները, իսկ մյուսները թարմ ուտելիք էին ստանում։ Մինգջին վիրավորվել էր այս անարդար վերաբերմունքից և սկսել էր այլ եկեղեցի փնտրել իր տարածքում։ Ահա թե ինչու էր նա աղոթում, որ գտնի ճշմարիտ քրիստոնեական եկեղեցին։

 Յանմեյի բարի արարքը մղեց, որ Մինգջին ընդունի Աստվածաշունչ ուսումնասիրելու նրա առաջարկը։ Որոշ ժամանակ հետո նա այցելեց Եհովայի վկաների ժողովի հանդիպումներից մեկին։ Մինգջին պատմում է. «Երբեք չեմ մոռանա այդ օրը։ Եղբայրներն ու քույրերը ինձ շատ ջերմ ընդունեցին։ Շատ էի տպավորվել։ Չնայած կույր եմ, զգացի, որ այնտեղ մարդիկ անկողմնակալ սեր են դրսևորում միմյանց հանդեպ»։

 Մինգջին հոգևորապես առաջադիմեց և սկսեց կանոնավոր հաճախել ժողովի հանդիպումներին։ Նա շատ էր սիրում Թագավորության երգերը երգել, սակայն դժվարանում էր, քանի որ Բրայլի գրատիպով երգարան չկար։ Ժողովն օգնեց նրան, որ իր երգարանն ունենա։ 22 ժամում նա բոլոր 151 երգերը փոխակերպեց Բրայլի գրատիպով։ 2018 թ. ապրիլին Մինգջին սկսեց մասնակցել քարոզչական ծառայությանը և ամեն ամիս 30 ժամ տրամադրում էր բարի լուրը քարոզելուն։

Գիրքը Բրայլի գրատիպով փոխակերպելը հոգնեցուցիչ աշխատանք է

 Որպեսզի Մինգջիին օգնի նախապատրաստվելու մկրտությանը, Յանմեյը ձայնագրեց «Կազմակերպված ենք՝ կատարելու Եհովայի կամքը» գրքի՝ մկրտվել ցանկացողների համար նախատեսված հարցերն ու աստվածաշնչյան համարները։ 2018 թ. հուլիսին Մինգջին մկրտվեց։ Նա ասում է. «Այդ համաժողովին մեր եղբայրների ու քույրերի դրսևորած սերը շատ էր հուզել ինձ։ Ուրախությունից սկսեցի լաց լինել, որովհետև վերջապես Աստծու ճշմարիտ ժողովին էի միացել» (Հովհաննես 13։34, 35)։ Այժմ Մինգջին լիաժամ քարոզիչ է. նա վճռել է մարդկանց հանդեպ դրսևորել այն նույն սերը, որն իր հանդեպ են ցուցաբերել։

a Անունները փոխված են։