Անցնել բովանդակությանը

Նա մխիթարում էր ուրիշներին՝ չնայած իր առողջական խնդիրներին

Նա մխիթարում էր ուրիշներին՝ չնայած իր առողջական խնդիրներին

 Հարավաֆրիկյան Հանրապետությունում բնակվող մի Եհովայի վկա, ում անունը Կլոդին է, հոսպիտալացվեց և լուրջ վիրահատություն տարավ։ Նա լուրջ խնդիրներ ուներ և պետք է որոշում կայացներ, թե որ բուժմեթոդն է ընտրելու։ Թե՛ վիրահատությունից առաջ, թե՛ դրանից հետո Կլոդինը շատ թույլ էր, ցավեր ուներ և սթրեսային վիճակում էր։ Մոտ տասը շաբաթ բուժվելուց հետո անգամ, երբ նա տուն վերադարձավ, դեռ չէր կարողանում նստել։ Բացի այդ՝ COVID-19 համավարակի պատճառով նրան ոչ ոք չէր այցելում։

 Սակայն Կլոդինը որոշեց թևաթափ չլինել և խնդրեց Եհովային, որ ուժ տա իրեն՝ ուրիշներին մխիթարելու համար։ Երբ նա նստել կարողացավ, կապ հաստատեց իր հարևանի քրոջ հետ, ով մի ժամանակ ուսումնասիրել էր Աստվածաշունչը, սակայն հետո դադարեցրել էր։ Կլոդինը Աստվածաշնչից մի քանի մխիթարական մտքեր ասաց այդ կնոջը, և վերջինս որոշեց վերսկսել Աստվածաշնչի ուսումնասիրությունը։ Կլոդինը նրան նաև բացատրեց, թե որքան կարևոր է հաճախել քրիստոնեական հանդիպումներին, և հոգ տարավ, որ նա կարողանա տեսակապով միանալ հանդիպմանը։ Այդ կինը հետևեց Կլոդինի խորհրդին և անգամ մեկնաբանություն տվեց ժողովի ժամանակ։

 Կլոդինը նաև զրուցեց այդ կնոջ կրտսեր քրոջ հետ. վերջինս նույնպես Աստվածաշունչ ուսումնասիրելու ցանկություն հայտնեց։ Աղջիկն անգամ Կլոդինին պատմեց իր մի քանի ծանոթների մասին, ովքեր գուցե ցանկանային Աստվածաշունչ ուսումնասիրել։ Արդյունքում՝ Կլոդինը սկսեց Աստվածաշունչ ուսումնասիրել ևս չորս կանանց հետ։ Սակայն պատմությունը այսքանով չավարտվեց։

Կլոդին

 Քանի որ Կլոդինը անկեղծ հետաքրքրություն էր ցույց տալիս ուրիշների նկատմամբ, ուստի ևս տասը կանանց հետ սկսեց Աստվածաշունչ ուսումնասիրել։ Այժմ Կլոդինը ուսումնասիրություն է անցկացնում 16 հոգու հետ։ Նրանցից ոմանք կանոնավոր ներկա են լինում ժողովի հանդիպումներին։ Այս գործում զբաղված լինելը օգնում է Կլոդինին չկենտրոնանալ իր հանգամանքների վրա։ Նա նաև գիտակցում է, որ կարողանում է մխիթարել ուրիշներին միայն այն բանի շնորհիվ, որ «ամենայն մխիթարության Աստվածն» է իրեն մխիթարում (2 Կորնթացիներ 1։3, 4

 Իսկ ի՞նչ կարծիք ունեն իրենց սովորածի մասին Կլոդինի հետ ուսումնասիրողները։ Կանանցից մեկն ասում է. «Շատ օգուտներ եմ քաղել սովորածիցս, բայց ամենաուշագրավը Աստծու անունը իմանալն էր։ Դա օգնեց, որ մտերմանամ Եհովայի հետ»։ Առաջին կինը, ում հետ Կլոդինը սկսել էր ուսումնասիրել, շուտով պատրաստվում է մկրտվել։ Այս ամենը մեծ ուրախություն է պատճառել Կլոդինին և նպաստել, որ վիրահատությունից հետո շուտ կազդուրվի։