Անցնել բովանդակությանը

ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉԸ ՓՈԽՈՒՄ Է ԿՅԱՆՔԵՐԸ

«Թվում էր՝ ունեմ այն ամենը, ինչի մասին կարող էի երազել»

«Թվում էր՝ ունեմ այն ամենը, ինչի մասին կարող էի երազել»
  • ԾՆՆԴՅԱՆ ՏԱՐԵԹԻՎԸ՝ 1962

  • ԵՐԿԻՐԸ՝ Կանադա

  • ՆԱԽԿԻՆՈՒՄ՝ անբարո վարքի տեր մարդ

ԻՄ ԱՆՑՅԱԼԸ

 Ծնվել եմ Մոնրեալում՝ Կանադայի Քվեբեկ նահանգի ամենամեծ քաղաքում։ Ես, քույրս ու երկու եղբայրներս մեծացել ենք ծնողական սիրառատ հոգածության ներքո։ Ապրում էինք Ռոզման գողտրիկ բնակավայրում և միասին հանգիստ ու խաղաղ կյանք էինք վայելում։

 Փոքր տարիքում ինձ գրավում էր Աստվածաշունչը։ Հիշում եմ՝ 12 տարեկանում Նոր Կտակարանում մեծ հաճույքով կարդում էի Հիսուսի կյանքի մասին։ Տպավորված ուրիշների հանդեպ դրսևորած նրա սիրով և կարեկցանքով՝ ուզում էի նրա նման լինել։ Ցավոք, այդ ցանկությունը մարեց, երբ մեծացա ու սկսեցի շփվել վատ վարքի տեր մարդկանց հետ։

 Հայրս սաքսոֆոնիստ էր։ Նա ինձ նվիրել էր իր գործիքը և խոր սեր էր սերմանել երաժշտության նկատմամբ, ինչը դարձավ իմ կյանքի իմաստը։ Երաժշտության նկատմամբ սերս այնքան մեծ էր, որ շուտով կիթառ նվագել սովորեցի։ Ժամանակի ընթացքում մի քանի ընկերներիս հետ ռոք խումբ հիմնեցինք և մեր կատարումներով հանդես եկանք մի քանի շոուներում։ Արդյունքում գրավեցինք երաժշտական արդյունաբերության մեջ ճանաչված որոշ պրոդյուսերների ուշադրությունը, և նրանք մոտեցան ինձ մի շահավետ առաջարկով։ Ես պայմանագիր կնքեցի ձայնագրման մի խոշոր ընկերության հետ։ Ժամանակի ընթացքում իմ երաժշտությունը բավականին հայտնի դարձավ և Քվեբեկում սկսեց կանոնավորաբար հնչել ռադիոյով։

 Թվում էր՝ ունեմ այն ամենը, ինչի մասին կարող էի երազել։ Ես երիտասարդ էի, ճանաչված և այնքան շատ փող էի վաստակում, որ կարող էի սրտիս ուզածն անել։ Ցերեկը մարզվում էի մարզասրահում, հարցազրույցներ ու ինքնագրեր էի տալիս և հանդես էի գալիս հեռուստատեսությամբ։ Երեկոյան նվագում էի և խնջույքների մասնակցում։ Ավելի երիտասարդ տարիքում սկսել էի ալկոհոլ օգտագործել, որպեսզի քաջություն հավաքեի երկրպագուների առաջ դուրս գալու համար, բայց այժմ արդեն թմրադեղեր էի օգտագործում։ Գործում էի առանց մտածելու և անբարո վարք ունեի։

 Ոմանք նախանձում էին իմ ապրելակերպին, քանի որ այնպիսի տպավորություն էի թողնում, թե երջանիկ եմ։ Բայց սրտիս խորքում դատարկության զգացումը խեղդում էր ինձ, հատկապես երբ մենակ էի մնում։ Ինձ ճնշված էի զգում և շատ մտահոգ էի։ Ցավոք, հաջողությանս բարձրակետին իմ պրոդյուսերներից երկուսը մահացան ՁԻԱՀ-ից։ Ես ցնցված էի։ Թեև սիրում էի երաժշտությունը, բայց կյանքը այդ աշխարհում զզվելի էր ինձ համար։

ԻՆՉՊԵՍ ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉԸ ՓՈԽԵՑ ԻՄ ԿՅԱՆՔԸ

 Չնայած որ հաջողության էի հասել, հասկանում էի, որ աշխարհում ինչ-որ բան շատ սխալ է։ Ինչպե՞ս կարող էր այդքան անարդարություն լինել։ Մտածում էի, թե ինչու Աստված ոչինչ չի անում։ Հաճախ աղոթում էի նրան՝ հարցերիս պատասխանները ստանալու համար։ Մի անգամ, երբ շրջագայությունից հետո փոքր-ինչ դադար էի տվել, սկսեցի Աստվածաշունչ կարդալ։ Ու թեև իմ ընթերցածից շատ բան չհասկացա, բայց եզրակացրի, որ աշխարհի վերջը պետք է որ մոտ լինի։

 Մի օր Աստվածաշնչում կարդացի այն դեպքը, երբ Հիսուսը անապատում 40 օր ծոմ էր պահել (Մատթեոս 4։1, 2)։ Մտածեցի, որ եթե նույն բանն անեմ, գուցե Աստված իրեն հայտնի դարձնի ինձ, ուստի ժամկետ որոշեցի, որ ծոմ պահեմ։ Որոշումս իրականացնելուց երկու շաբաթ առաջ երկու Եհովայի վկա թակեցին իմ դուռը, և ես հրավիրեցի նրանց տուն, ասես սպասում էի նրանց։ Ես ուղիղ նայեցի այդ Վկաներից մեկի աչքերին, ում անունը Ժակ էր, և հարցրի. «Ինչպե՞ս կարող ենք իմանալ, որ ապրում ենք այս աշխարհի վերջին օրերում»։ Ի պատասխան՝ նա բացեց իր Աստվածաշունչը և կարդաց 2 Տիմոթեոս 3։1–5 համարները։ Հարցերի տարափ տեղացի նրանց վրա և տպավորվեցի նրանց տված տրամաբանական ու սպառիչ պատասխաններով, որոնք ամեն անգամ հիմնում էին Սուրբ Գրքի վրա։ Մի քանի այցերից հետո հասկացա, որ հարկավոր չէ ծոմ պահել։

 Սկսեցի Վկաների օգնությամբ կանոնավորաբար Աստվածաշունչ ուսումնասիրել։ Ի վերջո, կտրեցի երկար մազերս և սկսեցի հաճախել տեղի Թագավորության սրահում անցկացվող ժողովի բոլոր հանդիպումներին։ Այն ջերմ ընդունելությունը, որին արժանանում էի այդ հանդիպումներին, ավելի շատ վստահեցրեց ինձ, որ վերջապես գտել եմ ճշմարտությունը։

 Ինչ խոսք, Աստվածաշնչի ուսումնասիրության ժամանակ սովորած բաները կիրառելու համար ես պետք է լուրջ փոփոխություններ անեի իմ կյանքում։ Օրինակ՝ պետք է դադարեի թմրադեղեր օգտագործելուց և վերջ տայի անբարո ապրելակերպին։ Նաև պետք է փոխեի իմ եսակենտրոն մտածելակերպը և ավելի շատ հոգատարություն դրսևորեի ուրիշների նկատմամբ։ Լինելով միայնակ ծնող՝ պետք է սովորեի հոգ տանել երկու երեխաներիս զգացական և հոգևոր կարիքների մասին։ Ուստի հրաժեշտ տվեցի երաժշտական կարիերայիս և մի գործարանում ցածր վարձատրվող աշխատանքի անցա։

 Հեշտ չէր անել այս բոլոր փոփոխությունները։ Մինչ ջանում էի հրաժարվել թմրադեղերից, սկսեցի տառապել զրկանքի համախտանիշով և մի քանի անգամ սայթաքեցի (Հռոմեացիներ 7։19, 21–24)։ Հատկապես դժվար էր անբարո կյանքից հրաժարվելը։ Բացի այդ, իմ նոր աշխատանքը ուժասպառ էր անում ինձ, իսկ չնչին եկամուտս հուսահատեցնում էր։ Երեք ամիս պետք է աշխատեի, որ վաստակեի այնքան գումար, որքան վաստակում էի ընդամենը երկու ժամում, երբ երաժիշտ էի։

 Աղոթքը օգնեց ինձ շարունակելու անել այդ դժվար փոփոխությունները։ Ես նաև հասկացա, որ Աստվածաշունչը կանոնավոր կարդալը կենսական է։ Աստվածաշնչից կոնկրետ համարներ ինձ շատ էին քաջալերում։ Դրանցից մեկը 2 Կորնթացիներ 7։1-ն էր, որը հորդորում է քրիստոնյաներին «մաքրել [իրենց] մարմնի և ոգու ամեն պղծությունից»։ Մեկ ուրիշ համար, որը վստահեցրեց ինձ, որ կարող եմ հրաժարվել վատ սովորություններից, Փիլիպպեցիներ 4։13-ն էր։ Այնտեղ ասվում է. «Ամեն բան անելու ի զորու եմ շնորհիվ նրա, ով զորացնում է ինձ»։ Եհովա Աստված պատասխանեց իմ աղոթքներին և օգնեց ի վերջո հասկանալու և կիրառելու աստվածաշնչյան ճշմարտությունը։ Դա մղեց ինձ կյանքս նվիրելու նրան (1 Պետրոս 4։1, 2)։ Ուստի 1997թ.-ին մկրտվեցի և դարձա Եհովայի վկա։

ԻՆՉ ՕԳՈՒՏՆԵՐ ԵՄ ՍՏԱՑԵԼ

 Ես համոզված եմ, որ եթե շարունակեի իմ նախկին կյանքով ապրել, հիմա մեռած կլինեի։ Փոխարենը՝ այժմ իսկապես երջանիկ եմ։ Իմ հրաշալի կինը՝ Էլվին, իսկական օրհնություն է ինձ համար։ Լինելով լիաժամ ծառայողներ՝ մենք միասին ուրախություն ենք ստանում ուրիշներին աստվածաշնչյան գիտելիքներ հաղորդելուց։ Դա ինձ մեծ հաճույք և գոհունակության զգացում է պարգևում։ Ես սրտանց շնորհակալ եմ Եհովային, որ ինձ ձգեց դեպի իրեն (Հովհաննես 6։44