Անցնել բովանդակությանը

ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉԸ ՓՈԽՈՒՄ Է ԿՅԱՆՔԵՐԸ

«Իմ ձեռքով փորում էի գերեզմանս»

«Իմ ձեռքով փորում էի գերեզմանս»
  • Ծննդյան տարեթիվը՝ 1978

  • Երկիրը՝ Սալվադոր

  • Նախկինում՝ դաժան հանցախմբի անդամ

ԻՄ ԱՆՑՅԱԼԸ

 «Եթե իրոք ուզում ես իմանալ Աստծու մասին, Եհովայի վկաներից մի քայլ անգամ հեռու չգնաս»։ Ես ապշել էի այդ խոսքերից։ Արդեն որոշ ժամանակ էր, ինչ Աստվածաշունչ էի ուսումնասիրում Եհովայի վկաների օգնությամբ։ Բայց որպեսզի հասկանալի լինի արձագանքս, մի փոքր պատմեմ իմ մասին։

 Ծնվել եմ Սալվադորի Կեսալտեպեկե փոքր քաղաքում։ 15 երեխաներից 6-րդն էի։ Ծնողներս ձգտում էին մեծացնել ինձ որպես ազնիվ և օրենքին հնազանդ մարդ։ Բացի այդ, Լեոնարդո անունով մի Եհովայի վկա և ուրիշ Վկաներ ժամանակ առ ժամանակ գալիս էին մեր տուն՝ աստվածաշնչյան գիտելիքներ փոխանցելու նպատակով։ Բայց ես անտեսեցի իմ սովորածը և մեկը մյուսի հետևից սխալ որոշումներ կայացրի։ 14 տարեկանում դպրոցական ընկերներիս հետ սկսեցի ալկոհոլ և թմրանյութեր օգտագործել։ Նրանք հերթով հեռացան դպրոցից և միացան մի հանցախմբի։ Ես հետևեցի նրանց վատ օրինակին։ Մեր օրերը փողոցներում էինք անցկացնում։ Ուրիշներին ստիպում էինք փող տալ մեզ կամ գողություն էինք անում, որպեսզի հագուրդ տանք մեր մեղսալի հաճույքներին։

 Հանցախումբը դարձավ իմ ընտանիքը։ Ես համոզված էի, որ պարտավոր եմ նվիրված լինել նրանց։ Օրինակ՝ մի օր հանցախմբի անդամներից մեկը, թմրադեղի ուժգին ազդեցության տակ, հարձակվեց հարևանիս վրա։ Այդ ուժային պայքարում հարևանիս հաջողվեց առավելության հասնել, և նա զանգահարեց ոստիկանություն։ Բուռն ցասման մեջ ես սկսեցի ծանր մահակով հարվածել նրա մեքենային, որպեսզի նա բաց թողնի ընկերոջս։ Հարևանս խնդրում էր ինձ կանգ առնել, բայց ես ոչինչ չէի ուզում լսել ու մեկը մյուսի հետևից փշրում էի ապակիները և ի վերջո, մեքենան ջարդուփշուր արեցի։

 Երբ 18 տարեկան էի, մեր հանցախումբը բախում ունեցավ ոստիկանների հետ։ Ես պատրաստվում էի ինքնաշեն նռնակ նետել նրանց վրա, բայց այն պայթեց ձեռքիս մեջ, ինքս էլ չհասկացա, թե ինչպես։ Միայն հիշում եմ, որ տեսա արյունաշաղախ ձեռքս և ուշագնաց եղա։ Երբ հիվանդանոցում ուշքի եկա, հասկացա, որ աջ ձեռքս կորցրել եմ, աջ ականջս չի լսում, և աջ աչքս գրեթե կուրացել է։

 Չնայած իմ վնասվածքներին՝ հիվանդանոցից դուրս գրվելուց հետո վերադարձա հանցախումբ։ Կարճ ժամանակ անց, սակայն, ոստիկանները ձերբակալեցին ինձ։ Ես կալանավորվեցի։ Կալանավայրում հանցախմբի անդամների հետ իմ կապն ավելի ամրացավ։ Ամբողջ օրը միասին էինք՝ սկսած նախաճաշից, երբ ծխում էինք մարիխուանայի մեր առաջին գլանակները, մինչև քուն մտնելը։

ԻՆՉՊԵՍ ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉԸ ՓՈԽԵՑ ԻՄ ԿՅԱՆՔԸ

 Երբ կալանավայրում էի, Լեոնարդոն այցելեց ինձ։ Զրույցի ընթացքում նա մատնացույց արեց աջ ձեռքիս դաջվածքը և հարցրեց. «Գիտե՞ս՝ դաջվածքի այս երեք կետերը ինչ են նշանակում»։ «Իհարկե,— պատասխանեցի ես,— սեքս, թմրանյութեր և ռոքնռոլ»։ Բայց Լեոնարդոն ասաց. «Ես ավելի շուտ կասեի՝ հիվանդանոց, բանտ և մահ։ Դու հիվանդանոցում էիր, իսկ հիմա բանտում ես։ Դե գիտես՝ հաջորդը որն է»։

 Լեոնարդոյի խոսքերը ցնցեցին ինձ։ Նա ճիշտ էր։ Իմ ձեռքով փորում էի գերեզմանս։ Լեոնարդոն առաջարկեց ինձ իր օգնությամբ Աստվածաշունչ ուսումնասիրել, և ես համաձայնեցի։ Այն, ինչ սովորում էի Աստվածաշնչից, մղում էր ինձ փոխելու կյանքս։ Օրինակ՝ Աստվածաշունչն ասում է. «Վատ ընկերակցությունները ապականում են օգտակար սովորությունները» (1 Կորնթացիներ 15։33)։ Այսպիսով՝ առաջին բանը, որ պիտի անեի, նոր ընկերներ գտնելն էր։ Ուստի այլևս չգնացի հանցախմբի հավաքույթներին, այլ փոխարենը՝ սկսեցի մասնակցել Եհովայի վկաների՝ բանտում անցկացվող հանդիպումներին։ Այնտեղ հանդիպեցի Անդրես անունով մի բանտարկյալի, որը կալանավայրում էր մկրտվել ու դարձել Եհովայի վկա։ Նա հրավիրեց ինձ նախաճաշել իր հետ։ Դրանից հետո օրս սկսում էի ոչ թե մարիխուանա ծխելով, այլ ամեն առավոտ Անդրեսի հետ աստվածաշնչյան մի համար քննարկելով։

 Հանցախմբի անդամները անմիջապես նկատեցին իմ մեջ տեղի ունեցող փոփոխությունները։ Մի օր պարագլուխներից մեկն ասաց, որ ուզում է խոսել ինձ հետ։ Ես շատ վախեցա։ Չգիտեի, թե նա ինչ կանի ինձ հետ, երբ իմանա մտադրությանս մասին, քանի որ հանցախմբից դուրս գալը գրեթե անհնար է։ Նա ասաց. «Մենք նկատել ենք, որ դու այլևս չես մասնակցում մեր հավաքույթներին, փոխարենը՝ գնում ես Եհովայի վկաների հանդիպումներին։ Ի՞նչ ես մտադիր անելու»։ Ես պատասխանեցի, որ ուզում եմ շարունակել ուսումնասիրել Աստվածաշունչը և փոխել կյանքս։ Որքա՜ն զարմացա, երբ նա ասաց, որ հանցախումբը կհարգի ինձ, եթե փաստեմ, որ իրականում ուզում եմ դառնալ Եհովայի վկա։ Ապա ավելացրեց. «Եթե իրոք ուզում ես իմանալ Աստծու մասին, Եհովայի վկաներից մի քայլ անգամ հեռու չգնաս։ Մենք սպասում ենք, որ դու կդադարես վատ բաներ անելուց։ Շնորհավորում եմ։ Դու ճիշտ ճանապարհի վրա ես։ Վկաները իսկապես կարող են օգնել քեզ։ Նրանք ուսումնասիրել են ինձ հետ Միացյալ Նահանգներում, և ընտանիքիս որոշ անդամներ Եհովայի վկաներ են։ Մի՛ վախեցիր։ Առաջ գնա»։ Ես դեռ վախեցած էի, բայց միևնույն ժամանակ ուրախությանս չափ չկար։ Մտքումս շնորհակալություն հայտնեցի Եհովա Աստծուն։ Վանդակից դուրս եկած թռչնի պես էի ինձ զգում։ Հասկացա Հիսուսի խոսքերի իմաստը. «Դուք ճշմարտությունը կիմանաք, և ճշմարտությունը կազատի ձեզ» (Հովհաննես 8։32

 Իմ նախկին ընկերներից ոմանք, սակայն, ինձ փորձելու համար թմրանյութեր էին առաջարկում։ Պետք է խոստովանեմ, որ երբեմն սայթաքում էի։ Բայց բազմաթիվ թախանձագին աղոթքներից հետո ժամանակի ընթացքում հաղթահարեցի արատավոր սովորություններս (Սաղմոս 51։10, 11

 Երբ ազատ արձակվեցի, շատերը վստահ էին, որ ես կվերադառնամ իմ նախկին ապրելակերպին, բայց այդպես չեղավ։ Դրա փոխարեն՝ հաճախ գնում էի կալանավայր, որպեսզի բանտարկյալներին պատմեմ այն, ինչ սովորել էի Աստվածաշնչից։ Վերջապես, նախկին ընկերներս համոզվեցին, որ ես փոխվել եմ։ Ցավոք, դա այդպես չէր նախկին թշնամիներիս պարագայում։

 Մի օր ծառայության ժամանակ ինձ և համագործակցիս անսպասելի շրջապատեցին նախկին մրցակից հանցախմբի զինված անդամները, ովքեր ուզում էին սպանել ինձ։ Իմ համագործակիցը նրբանկատորեն, բայց և անվախորեն բացատրեց, որ ես այլևս հանցախմբի անդամ չեմ։ Այդ ընթացքում ես փորձում էի հանգստություն պահպանել։ Նրանք ինձ ծեծեցին և զգուշացրին, որ այդ տարածք էլ ոտք չդնեմ, ապա իջեցրին իրենց զենքերը և թույլ տվեցին, որ գնանք։ Աստվածաշունչը իսկապես փոխել էր իմ կյանքը։ Նախկինում կփորձեի վրեժ լուծել։ Բայց այժմ հետևեցի 1 Թեսաղոնիկեցիներ 5։15-ի խորհրդին. «Տեսեք, որ ոչ ոք չարի դիմաց չարությամբ չհատուցի ոչ մեկին, բայց միշտ ձգտեք բարին գործել թե՛ միմյանց համար, թե՛ մյուս բոլորի»։

 Եհովայի վկա դառնալուց ի վեր ջանացել եմ ազնիվ մարդ լինել։ Դա հեշտ չի եղել։ Այնուամենայնիվ, Եհովա Աստծու, աստվածաշնչյան խորհուրդների և իմ նոր ընկերների օգնությամբ ես հաջողության եմ հասել։ Երբեք չեմ ցանկանա կրկնել նախկին արարքներս (2 Պետրոս 2։22

ԻՆՉ ՕԳՈՒՏՆԵՐ ԵՄ ՍՏԱՑԵԼ

 Ես տաքարյուն և դաժան մարդ էի։ Համոզված եմ, որ եթե շարունակեի նույն ձևով ապրել, հիմա ողջ չէի լինի։ Աստվածաշնչից սովորածս վերափոխեց ինձ։ Ես հրաժարվեցի իմ վատ սովորություններից ու սովորեցի խաղաղ փոխհարաբերություններ ունենալ նախկին թշնամիներիս հետ (Ղուկաս 6։27)։ Եվ հիմա այնպիսի ընկերներ ունեմ, որոնք օգնում են ինձ զարգացնելու լավ հատկություններ (Առակներ 13։20)։ Ես ապրում եմ իմաստալից ու երջանիկ կյանքով՝ ծառայելով մի Աստծու, ով պատրաստ է ներելու իմ բոլոր վատ արարքները (Եսայիա 1։18

 2006 թ.-ին հատուկ ուսուցում ստացա ամուրի քրիստոնյաների համար նախատեսված դպրոցում։ Մի քանի տարի անց ամուսնացա մի հրաշալի քրոջ հետ, և մենք միասին մեծացնում ենք մեր աղջկան։ Այժմ ուրիշներին սովորեցնում եմ աստվածաշնչյան այն սկզբունքները, որոնք օգնել են ինձ, և ժամանակիս մեծ մասը տրամադրում եմ այդ գործին։ Նաև տեղի ժողովում երեց եմ ծառայում և ձգտում եմ օգնել երիտասարդներին խուսափելու այն սխալներից, որոնք արել եմ նրանց տարիքում։ Գերեզմանս փորելու փոխարեն՝ այժմ կառուցում եմ հավիտենական ապագաս, ապագա, որն Աստված խոստացել է Աստվածաշնչի էջերում։