Անցնել բովանդակությանը

ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉԸ ՓՈԽՈՒՄ Է ԿՅԱՆՔԵՐԸ

Ես գտա իսկական հարստություն

Ես գտա իսկական հարստություն
  • Ծննդյան տարեթիվը՝ 1968

  • Երկիրը՝ Միացյալ Նահանգներ

  • Նախկինում՝ գործարար, ով աղոթում էր հարստանալու համար

ԻՄ ԱՆՑՅԱԼԸ

 Մեծացել եմ Նյու Յորքի Ռոչեստր քաղաքում՝ կաթոլիկ ընտանիքում։ Երբ 8 տարեկան էի, ծնողներս բաժանվեցին։ Մայրիկիս հետ ապրում էինք մի համեստ կացարանում, իսկ հանգստյան օրերը հորս հետ էի անցկացնում, որն ապրում էր հարուստների թաղամասում։ Մայրս մեծ դժվարությամբ էր մեծացնում իր վեց երեխաներին, ուստի երազում էի հարստանալ, որ կարողանամ օգնել մորս։

 Հայրս ուզում էր, որ լավ ապագա ունենամ ու հաջողակ լինեմ։ Նրա օգնությամբ ընդունվեցի մի շատ հարգի հյուրանոցային մենեջմենթի դպրոց։ Ես սիրում էի այդ դպրոցը և կարծում էի, որ Աստված պատասխանել է հարուստ և երջանիկ դառնալու իմ խնդրանքին։ Հինգ տարի սովորեցի հյուրանոցային մենեջմենթ, բիզնես իրավունք և կորպորատիվ ֆինանսներ։ Այդ ընթացքում նաև աշխատում էի Նևադայի Լաս Վեգաս քաղաքում գտնվող մի խաղատուն-հյուրանոցում։

Իմ աշխատանքը ներառում էր մոլեխաղերով տարված հարուստների քմահաճույքները կատարելը

 Արդեն 22 տարեկանում այդ խաղատուն-հյուրանոցի փոխտնօրենի օգնականն էի։ Հարուստ ու հաջողակ էի։ Վայելում էի ամենալավ ուտելիքները, խմում էի ամենաթանկ խմիչքները։ Գործընկերներս ասում էին. «Կենտրոնացիր փողի վրա. այս աշխարհում դրանից կարևոր բան չկա»։ Նրանց կարծիքով՝ իսկական երջանկությունը փողի մեջ էր։

 Իմ աշխատանքը ներառում էր մոլեխաղերի համար Լաս Վեգաս այցելած հարուստների ցանկություններն ու քմահաճույքները կատարելը։ Թեև նրանք շատ հարուստ էին, սակայն երջանիկ չէին։ Զգում էի, որ ես էլ երջանիկ չեմ։ Իրականում որքան շատ էի փող աշխատում, այնքան ավելի անհանգիստ էի լինում և անքուն գիշերներ անցկացնում։ Նույնիսկ սկսել էի մտածել կյանքիս վերջ տալու մասին։ Իմ ապրելակերպից հիասթափված՝ Աստծուն խնդրում էի, որ օգնի ինձ՝ գտնեմ իսկական երջանկություն։

ԻՆՉՊԵՍ ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉԸ ՓՈԽԵՑ ԻՄ ԿՅԱՆՔԸ

 Այդ ընթացքում իմ երկու քույրերը դարձել էին Եհովայի վկա և տեղափոխվել էին Լաս Վեգաս։ Թեև ես հրաժարվել էի կարդալ նրանց հրատարակությունները, բայց համաձայնել էի նրանց հետ կարդալ իմ Աստվածաշունչը։ Աստվածաշնչի իմ թարգմանության մեջ Հիսուսի բոլոր խոսքերը կարմիր գույնով էին տպված, և քանի որ ես ընդունում էի այն ամենը, ինչ Հիսուսն ասել էր, քույրերս հենց նրա խոսքերից էին մեջբերումներ անում։ Աստվածաշունչը կարդում էի նաև, երբ մենակ էի լինում։

 Երբ ընթերցում էի Աստվածաշունչը, շատ բաներ ինձ զարմացնում էին։ Օրինակ՝ Հիսուսն ասել էր. «Եւ աղօթք անելիս շատախօս մի՛ լինիք ինչպէս հեթանոսները, որովհետեւ նորանք կարծում են, թէ իրանց շատ խօսելու համար կ’լսուին» (Մատթեոս 6։7, «Արարատ» թարգմանություն)։ Բայց մեր քահանան ինձ Հիսուսի նկարն էր տվել և ասել էր, որ եթե աղոթեմ այդ նկարի առաջ ու տասը անգամ կրկնեմ «Հայր մեր» և «Ավե Մարիա» աղոթքները, ապա Աստված այնքան գումար կտա, որքան ինձ անհրաժեշտ է։ Ես մտածում էի. «Արդյո՞ք նույն խոսքերը նորից ու նորից կրկնելը շատախոսություն չէ»։ Կարդացել էի նաև Հիսուսի հետևյալ խոսքերը. «Երկրի վրա ոչ մեկին ձեզ «հայր» մի՛ կոչեք, որովհետև մեկն է ձեր Հայրը՝ Երկնայինը» (Մատթեոս 23։9)։ Զարմանում էի, թե ինչու ենք մենք՝ կաթոլիկներս, մեր քահանաներին «հայր» անվանում։

 «Հակոբոս» գիրքը կարդալը շրջադարձային եղավ ինձ համար։ Այդ ժամանակ էր, որ սկսեցի մտածել աշխարհում ունեցած իմ հաջողությունների մասին։ Հակոբոս 4-րդ գլխում ասվում է. «Մի՞թե չգիտեք, որ աշխարհի հետ ընկերությունը թշնամություն է Աստծու դեմ։ Ուստի եթե մեկը ցանկանում է աշխարհի ընկերը լինել, Աստծու թշնամին է դառնում» (Հակոբոս 4։4)։ Ինձ հատկապես տպավորել էր 17-րդ համարը. «Եթե որևէ մեկը գիտի այն, ինչ ճիշտ է, բայց չի անում, դա մեղք է» (Հակոբոս 4։17)։ Դրանից հետո կանչեցի քույրերիս և ասացի, որ թողնում եմ խաղատան բիզնեսը, քանի որ այն կապ ունի այնպիսի բաների հետ, ինչպիսիք մոլեխաղերն ու ագահությունն են։ Դրանք այլևս ընդունելի չէին ինձ համար։

«Հակոբոս» գիրքը կարդալը շրջադարձային եղավ ինձ համար։ Այդ ժամանակ էր, որ սկսեցի մտածել աշխարհում ունեցած իմ հաջողությունների մասին։

 Ես ուզում էի բարելավել Աստծու և ընտանիքիս հետ ունեցած իմ փոխհարաբերությունները։ Ուստի որոշեցի պարզեցնել կյանքս, որ դրա համար ժամանակ ունենամ։ Սակայն այդ փոփոխություններն անելն այդքան էլ հեշտ չէր. ես մի քանի առաջարկ ստացա, որոնք ինձ հնարավորություն կտային առաջ գնալու խաղատան բիզնեսում և կրկնակի կամ նույնիսկ եռակի աշխատավարձ ստանալու։ Այդ թեմայի մասին աղոթելուց հետո որոշեցի, որ այդ կյանքն ինձ համար չէ։ Թողեցի աշխատանքս և տեղափոխվեցի մորս մոտ։ Նրա ավտոտնակը վերանորոգելուց հետո սկսեցի այնտեղ ապրել։ Սկսեցի զբաղվել ռեստորանների մենյուների լամինացիայով։

 Թեև Աստվածաշունչն օգնել էր ինձ ճիշտ առաջնահերթություններ դնելու, բայց ես դեռ չէի հաճախում Եհովայի վկաների ժողովի հանդիպումներին։ Մի օր քույրերս ինձ հարցրին, թե ինչու եմ դեմ Եհովայի վկաներին, ես էլ ասացի. «Որովհետև ձեր Աստվածը՝ Եհովան, ընտանիքներ է քանդում։ Միակ ժամանակը, որ ես կարող եմ ընտանիքիս հետ անցկացնել, Սուրբ Ծննդի և ծննդյան տոնակատարություններն են, իսկ դուք չեք տոնում դրանք»։ Քույրս սկսեց լաց լինել և ասաց. «Իսկ որտե՞ղ ես տարվա մնացած օրերին։ Մենք գրկաբաց քեզ ենք սպասում։ Իսկ դու ուզում ես մեզ հետ ժամանակ անցկացնել միայն տոն օրերին, այն էլ՝ պարտադրված»։ Նրա խոսքերը հասան մինչև սրտիս խորքը, ու ես սկսեցի նրա հետ լաց լինել։

 Երբ հասկացա, թե որքան եմ սխալվել, և թե որքան շատ են Եհովայի վկաները սիրում իրենց ընտանիքներին, որոշեցի ներկա լինել նրանց ժողովի հանդիպումներից մեկին, որն անցկացվում է Թագավորության սրահում։ Այնտեղ ծանոթացա Քեվինի հետ, որն Աստվածաշնչի փորձառու ուսուցիչ է։ Նա սկսեց ինձ հետ Աստվածաշունչ ուսումնասիրել։

 Քեվինն ու նրա կինը հավասարակշռված և պարզ կյանք էին վարում, որպեսզի կարողանային հնարավորինս շատ ժամանակ տրամադրել ուրիշներին Աստվածաշունչը սովորեցնելու գործին։ Նրանց եկամուտը նաև թույլ էր տալիս, որ գնային Աֆրիկա և Կենտրոնական Ամերիկա ու մասնակցեին այնտեղ կառուցվող մասնաճյուղերի շինարարությանը։ Նրանք շատ էին սիրում իրար ու շատ երջանիկ էին։ Նրանց տեսնելիս մտածում էի. «Սա հենց այն կյանքն է, ինչի մասին երազում եմ»։

 Քեվինը ինձ մի տեսանյութ ցույց տվեց միսիոներական ծառայության մասին, որից հետո հասկացա, որ դա հենց իմ ուզածն է։ Աստվածաշունչը վեց ամիս ուսումնասիրելուց հետո՝ 1995 թ.-ին, մկրտվեցի ու դարձա Եհովայի վկա։ Այդ ժամանակ Աստծուց հարստություն խնդրելու փոխարեն ես հետևյալն էի խնդրում. «Ինձ ո՛չ աղքատություն տուր, ո՛չ էլ հարստություն» (Առակներ 30։8

ԻՆՉ ՕԳՈՒՏՆԵՐ ԵՄ ՍՏԱՑԵԼ

 Այժմ ես իսկապես հարուստ եմ, հարուստ ոչ թե ֆինանսապես, այլ հոգևորապես։ Հոնդուրասում ծանոթացա իմ թանկագին կնոջ՝ Նուրիայի հետ։ Մենք միասին որպես միսիոներ ենք ծառայել Պանամայում և Մեքսիկայում։ Ես անձամբ եմ համոզվել աստվածաշնչյան հետևյալ խոսքերի ճշմարտացիության մեջ. «Եհովայի օրհնությունն է հարստացնում, և նա ցավ չի ավելացնում դրան» (Առակներ 10։22