Անցնել բովանդակությանը

ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉԸ ՓՈԽՈՒՄ Է ԿՅԱՆՔԵՐԸ

«Ես ավելի շատ հարցեր ունեի, քան պատասխաններ»

«Ես ավելի շատ հարցեր ունեի, քան պատասխաններ»
  • Ծննդյան տարեթիվը՝ 1976

  • Երկիրը՝ Հոնդուրաս

  • Նախկինում՝ եկեղեցու հովիվ

ԻՄ ԱՆՑՅԱԼԸ

 Ծնվել եմ Հոնդուրասի Լա Սեյբա քաղաքում։ Հինգ երեխաներից կրտսերն էի և ծնողներիս միակ տղա զավակը։ Ես նաև միակն էի մեր ընտանիքում, ով խուլ էր։ Մենք ապրում էինք վտանգավոր թաղամասում և շատ աղքատ էինք։ Մեր նյութական վիճակն ավելի ծանրացավ, երբ հայրս աշխատանքի վայրում դժբախտ պատահարի հետևանքով մահացավ։ Այդ ժամանակ ես մոտ չորս տարեկան էի։

 Մայրս իր ձեռքից եկածն անում էր, որ հոգ տաներ իմ և քույրերիս մասին, բայց նա չէր կարողանում բավականաչափ գումար վաստակել, որպեսզի հագուստ գներ ինձ համար։ Անձրևոտ եղանակին ես հաճախ մրսում էի, քանի որ տաք շորեր չունեի։

 Երբ մեծացա, սովորեցի հոնդուրասյան ժեստերի լեզուն, ինչի շնորհիվ կարողանում էի հաղորդակցվել խուլ մարդկանց հետ։ Բայց մայրս ու քույրերս չգիտեին այդ լեզուն։ Նրանք ինձ հետ հաղորդակցվում էին ընդամենը մի քանի ժեստերի և իրենց հորինած նշանների միջոցով։ Մայրս սիրում էր ինձ և պաշտպանում վտանգներից։ Իր իմացած մի քանի նշանների միջոցով նա զգուշացնում էր ինձ, որ հեռու մնամ այնպիսի չարիքներից, ինչպիսիք են ծխելն ու ալկոհոլը չարաշահելը։ Արդյունքում ես երբեք նման բաների հանդեպ կախվածություն չունեցա, և երախտապարտ եմ նրան դրա համար։

 Երբ փոքր էի, մայրս ինձ տանում էր կաթոլիկ եկեղեցի, բայց ես ոչինչ չէի հասկանում, քանի որ չկար մեկը, որ ժեստերի լեզվով ինձ համար թարգմաներ այնտեղ ասվածը։ Շատ էի ձանձրանում, ուստի տասը տարեկանից դադարեցի եկեղեցի գնալուց։ Այնուամենայնիվ, ուզում էի ավելին իմանալ Աստծու մասին։

 1999 թ.-ին, երբ 23 տարեկան էի, հանդիպեցի մի կնոջ, որը Միացյալ Նահանգներից էր և հարում էր ավետարանական եկեղեցու ուղղություններից մեկին։ Նա աստվածաշնչյան դասեր տվեց ինձ և սովորեցրեց ամերիկյան ժեստերի լեզուն։ Ինձ այնքան դուր եկավ Աստվածաշնչի մասին իմ սովորածը, որ որոշեցի հովիվ դառնալ։ Ուստի տեղափոխվեցի Պուերտո Ռիկո, որպեսզի հաճախեմ խուլերի համար նախատեսված քրիստոնեական ուսումնական կենտրոն։ Երբ 2002 թ.-ին վերադարձա Լա Սեյբա, ընկերներիցս մի քանիսի աջակցությամբ խուլերի համար եկեղեցի հիմնեցի։ Այդ ընկերներիցս մեկը՝ Պատրիսիան, ավելի ուշ դարձավ իմ կինը։

 Որպես մեր եկեղեցու հովիվ՝ ես հոնդուրասյան ժեստերի լեզվով քարոզներ էի կարդում, աստվածաշնչյան թեմաներով նկարներ էի ցույց տալիս և բեմականացնում էի այդ պատմությունները, որպեսզի օգնեմ խուլերին հասկանալու դրանք։ Նաև այցելում էի հարևան քաղաքներում բնակվող խուլ մարդկանց, որ թև տամ նրանց և օգնեմ լուծելու իրենց խնդիրները։ Նույնիսկ մեկնեցի միսիոներական շրջագայության Միացյալ Նահանգներ և Զամբիա։ Բայց փաստն այն էր, որ ես բավականաչափ աստվածաշնչյան գիտելիքներ չունեի։ Նրանց միայն ասում էի այն, ինչ ինձ էր ասվել, և ինչ հասկացել էի նկարներից։ Իրականում ես ավելի շատ հարցեր ունեի, քան պատասխաններ։

 Մի օր իմ եկեղեցու որոշ անդամներ սկսեցին ստեր տարածել իմ մասին։ Նրանք ասում էին, թե ես հարբեցող եմ և դավաճանում եմ կնոջս։ Շատ հիասթափված ու բարկացած էի։ Կարճ ժամանակ անց ես ու Պատրիսիան հեռացանք եկեղեցուց։

ԻՆՉՊԵՍ ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉԸ ՓՈԽԵՑ ԻՄ ԿՅԱՆՔԸ

 Եհովայի վկաները հաճախ էին այցելում ինձ ու Պատրիսիային, բայց մենք միշտ հրաժարվում էինք նրանց լսելուց։ Սակայն մեր եկեղեցուց հեռանալուց հետո Պատրիսիան համաձայնեց ուսումնասիրել Աստվածաշունչը մի Վկա զույգի՝ Թոմասի և Լիկսիի հետ։ Ինձ տպավորեց այն, որ թեև նրանք խուլ չէին, բայց գիտեին ժեստերի լեզուն։ Ուստի շուտով ես էլ սկսեցի Աստվածաշունչ ուսումնասիրել։

 Մենք մի քանի ամիս ուսումնասիրեցինք Աստվածաշունչը ամերիկյան ժեստերի լեզվով տեսանյութերի օգնությամբ։ Սակայն երբ մեր ընկերներից ոմանք Եհովայի վկաներին մեղադրեցին մարդկանց հետևորդ լինելու մեջ, դադարեցրինք մեր ուսումնասիրությունը։ Թեև Թոմասը փաստեր ներկայացրեց, որ Եհովայի վկաները չեն հետևում մարդկային առաջնորդների, ես չհավատացի նրան։

 Մի քանի ամիս անց Պատրիսիան խոր դեպրեսիայի մեջ ընկավ և Աստծուն աղոթեց, որ Եհովայի վկաներին կրկին մեր տուն ուղարկի։ Կարճ ժամանակ հետո մեր հարևաններից մեկը, որը Եհովայի վկա էր, Պատրիսիային առաջարկեց Լիկսիին խնդրել, որ այցելի իրեն։ Լիկսին իսկական ընկեր էր։ Նա ամեն շաբաթ այցելում էր Պատրիսիային, որ քաջալերի և Աստվածաշունչ ուսումնասիրի նրա հետ։ Սակայն ես դեռ կասկածներ ունեի Վկաների առնչությամբ։

 2012 թ.-ին Եհովայի վկաները հատուկ քարոզարշավ կազմակերպեցին, որպեսզի մարդկանց առաջարկեն հոնդուրասյան ժեստերի լեզվով դիտել «Ցանկանո՞ւմ եք իմանալ ճշմարտությունը» տեսանյութը։ Լիկսին մեզ էլ ցույց տվեց այն։ Ես ցնցվեցի, երբ դիտեցի այդ տեսանյութը, քանի որ հասկացա, որ իմ սովորեցրած ուսմունքներից շատերը, օրինակ՝ դժոխքի կրակների և անմահ հոգու մասին ուսմունքները հիմնված չէին Աստվածաշնչի վրա։

 Հաջորդ շաբաթ գնացի Եհովայի վկաների Թագավորության սրահ, որ խոսեմ Թոմասի հետ։ Նրան ասացի, որ ուզում եմ խուլերին ճշմարտությունը սովորեցնել Աստվածաշնչի մասին, բայց ոչ որպես Եհովայի վկա։ Միտք ունեի նոր եկեղեցի հիմնել խուլերի համար։ Թոմասը գովեց ինձ, որ կրկին եռանդով էի լցվել, բայց հետո ցույց տվեց Եփեսացիներ 4:5-ը, որտեղ ընդգծվում է ճշմարիտ քրիստոնեական ժողովի միասնական լինելու կարևորությունը։

 Նա նաև ինձ տվեց «Եհովայի վկաներ. կենդանի հավատ, մաս 1. խավարից դեպի լույս» ամերիկյան ժեստերի լեզվով տեսասկավառակը։ Այնտեղ ցույց էր տրվում, թե ինչպես էին մի խումբ տղամարդիկ ամենայն ուշադրությամբ ուսումնասիրում Աստվածաշունչը, որ հասկանան հիմնական ուսմունքների մասին ճշմարտությունը։ Տեսանյութը դիտելիս լավ հասկանում էի այդ մարդկանց զգացմունքները։ Նրանց պես՝ ես էլ էի փնտրում ճշմարտությունը։ Այդ ֆիլմը համոզեց ինձ, որ Վկաները ճշմարտությունն են սովորեցնում, քանի որ իրենց հավատալիքները հիմնում են միմիայն Աստվածաշնչի վրա։ Ուստի վերսկսեցի Աստվածաշնչի ուսումնասիրությունը, և 2014 թ.-ին ես ու Պատրիսիան մկրտվեցինք՝ դառնալով Եհովայի վկա։

ԻՆՉ ՕԳՈՒՏՆԵՐ ԵՄ ՍՏԱՑԵԼ

 Ես սիրում եմ Եհովայի վկաների ժողովը, քանի որ այն մաքուր է, ինչպես որ Աստված է մաքուր։ Եհովային երկրպագողների խոսքը վայելուչ է, և նրանք մաքրությամբ են վերաբերվում իրար։ Վկաները խաղաղարար են և քաջալերում են մեկը մյուսին։ Նրանք միասնական են և որ երկրում էլ լինեն ու ինչ լեզվով էլ խոսեն, սովորեցնում են աստվածաշնչյան միևնույն ճշմարտությունները։

 Ինձ դուր է գալիս այն, ինչ Աստվածաշունչը սովորեցնում է իրականում։ Օրինակ՝ իմացել եմ, որ Եհովան Ամենակարող Աստվածն է՝ ողջ երկրի Գերիշխանը։ Նա սիրում է թե՛ խուլերին և թե՛ նրանց, ովքեր կարող են լսել։ Ես թանկ եմ գնահատում իմ հանդեպ Աստծու դրսևորած սերը։ Նաև իմացել եմ, որ երկիրը գեղեցիկ դրախտի է վերածվելու, ու որ մեզ կատարյալ առողջություն ունենալու և հավիտյան ապրելու հնարավորություն է տրված։ Որքա՜ն եմ փափագում տեսնել այն օրը, երբ այդ խոստումները կիրականանան։

 Ես ու Պատրիսիան սիրում ենք Աստվածաշնչի մասին խոսել խուլ մարդկանց հետ։ Այժմ մեր նախկին եկեղեցու մի քանի անդամների օգնում ենք ուսումնասիրելու Աստվածաշունչը։ Սակայն ես այլևս հարցեր չունեմ իմ սովորեցրածների վերաբերյալ, ինչպես որ այն ժամանակ, երբ հովիվ էի։ Եհովայի վկաների օգնությամբ Աստվածաշունչն ուսումնասիրելու շնորհիվ վերջապես գտել եմ իմ հարցերի պատասխանները։