Անցնել բովանդակությանը

ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉԸ ՓՈԽՈՒՄ Է ԿՅԱՆՔԵՐԸ

«Այլևս ինքս ինձնից չեմ ամաչում»

«Այլևս ինքս ինձնից չեմ ամաչում»
  • Ծննդյան տարեթիվը՝ 1963

  • Երկիրը՝ Մեքսիկա

  • Նախկինում՝ փողոցային երեխա, տառապում էր թերարժեքության զգացումով

ԻՄ ԱՆՑՅԱԼԸ

 Ծնվել եմ Մեքսիկայի հյուսիսում գտնվող Սյուդադ Օբրեգոն քաղաքում։ Ես ինը երեխաներից հինգերորդն էի։ Մենք ապրում էինք քաղաքի ծայրամասում, որտեղ հայրս փոքր ֆերմա ուներ։ Դա հաճելի վայր էր։ Մեր ընտանիքը միասնական ու երջանիկ էր։ Ցավոք, երբ ընդամենը հինգ տարեկան էի, փոթորիկը ավերեց մեր ֆերման, և մենք ստիպված եղանք տեղափոխվել մեկ ուրիշ քաղաք։

 Հորս գործերը լավ էին ընթանում։ Բայց միևնույն ժամանակ նա դարձավ հարբեցող։ Դա բացասաբար անդրադարձավ նրա ամուսնության և մեզ՝ երեխաներիս վրա։ Մենք սկսեցինք ծխախոտ օգտագործել, որը գողանում էինք հորիցս։ Առաջին անգամ հարբեցի, երբ ընդամենը վեց տարեկան էի։ Շուտով ծնողներս բաժանվեցին, և ես մխրճվեցի արատավոր սովորությունների ճահճի մեջ։

 Մայրս գնաց ապրելու մեկ ուրիշ տղամարդու հետ և մեզ իր հետ տարավ։ Այդ մարդը նրան փող չէր տալիս, իսկ մորս վաստակած գումարն այնքան չնչին էր, որ չէր բավականացնում մեզ։ Այդ պատճառով մենք՝ երեխաներս, ինչ աշխատանք պատահեր, անում էինք, բայց հազիվ էինք ծայրը ծայրին հասցնում։ Ես կոշիկներ էի փայլեցնում ու վաճառում էի հաց, թերթ, մաստակ և այլ բաներ։ Նաև թափառում էի փողոցներում՝ հարուստների աղբամաններում ուտելիք փնտրելով։

 Երբ տասը տարեկան էի, մի մարդ առաջարկեց ինձ իր հետ աշխատել քաղաքային աղբանոցում։ Ես ընդունեցի առաջարկը և հեռացա դպրոցից ու տնից։ Նա մեկ դոլարից քիչ փող էր վճարում ինձ և աղբանոցից հավաքած ուտելիք էր տալիս։ Ապրում էի մի խրճիթում, որն ինքս էի կառուցել թափոններից։ Իմ շրջապատի մարդիկ անվայել խոսքեր էին օգտագործում և անբարո կյանքով էին ապրում։ Շատերը թմրամոլներ և հարբեցողներ էին։ Դա իմ կյանքի ամենավատ շրջանն էր. ամեն գիշեր լաց էի լինում և վախից դողում էի։ Աղքատ լինելու և թերի կրթություն ունենալու պատճառով շատ էի ամաչում։ Աղբանոցում ապրեցի մոտ երեք տարի, իսկ հետո տեղափոխվեցի Մեքսիկայի մեկ այլ նահանգ։ Այնտեղ աշխատում էի դաշտերում, ծաղիկ և բամբակ էի քաղում, շաքարեղեգ և կարտոֆիլ էի հավաքում։

Երեք տարի ապրել եմ սրա պես մի աղբանոցում

 Չորս տարի անց վերադարձա Սյուդադ Օբրեգոն։ Իմ հորաքույրներից մեկը, որը հեքիմ էր, իր տանը մի սենյակ հատկացրեց ինձ։ Ես մղձավանջներ էի ունենում և այնքան ճնշված էի, որ մտածում էի ինքնասպանության մասին։ Մի գիշեր աղոթեցի Աստծուն. «Տե՛ր, եթե դու կաս, ուզում եմ ճանաչել քեզ, և ես կծառայեմ քեզ հավիտյան։ Եթե կա ճշմարիտ կրոն, ուզում եմ իմանալ՝ որն է այն»։

ԻՆՉՊԵՍ ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉԸ ՓՈԽԵՑ ԻՄ ԿՅԱՆՔԸ

 Ինձ միշտ հետաքրքրել են հոգևոր հարցերը։ Դեռ երեխա ժամանակ գնում էի տարբեր եկեղեցիներ, սակայն բոլորից էլ հիասթափվեցի։ Այնտեղ գրեթե ոչինչ չէր խոսվում Աստվածաշնչի մասին, և դրանք չէին օգնում ինձ հագեցնելու հոգևոր ծարավս։ Որոշ եկեղեցիներում անտեղի կարևորվում էր փողը, կային եկեղեցիներ էլ, որոնց անդամները անբարո կյանքով էին ապրում։

 Երբ 19 տարեկան էի, քույրերիցս մեկի ամուսինն ասաց ինձ, որ Եհովայի վկաները նրան ցույց են տվել, թե ինչ է Աստվածաշունչը հայտնում կրոնական պատկերների գործածության մասին։ Նա կարդաց Ելք 20:4, 5-ը։ Այնտեղ ասվում է, որ մենք չպետք է կուռքեր շինենք։ 5-րդ համարում գրված է. «Նրանց առաջ չխոնարհվես և չծառայես նրանց, որովհետև ես՝ Եհովաս՝ քո Աստվածը, բացարձակ նվիրվածություն պահանջող Աստված եմ»։ Հետո նա հարցրեց. «Եթե Աստված կուռքեր է օգտագործում, որպեսզի հրաշքներ անի, կամ եթե ցանկանում է, որ մենք օգտագործենք դրանք երկրպագության մեջ, այդ դեպքում ինչո՞ւ է արգելում դրանց գործածությունը»։ Այդ խոսքերը ինձ մտածելու տեղիք տվեցին։ Դրանից հետո մենք մի քանի անգամ զրույցներ ունեցանք աստվածաշնչյան թեմաներով։ Ինձ շատ հաճելի էին այդ զրույցները, և ժամանակը թռչում էր։

 Ավելի ուշ նա ինձ տարավ Եհովայի վկաների ժողովի հանդիպման։ Շատ տպավորվեցի իմ տեսածով ու լսածով։ Նույնիսկ պատանիներն էին մասնակցում ծրագրին և սահուն խոսում բեմից։ Մտածեցի. «Ի՜նչ հրաշալի կրթություն են մարդիկ ստանում այստեղ»։ Չնայած իմ երկար մազերին և անփույթ արտաքին տեսքին՝ Վկաները ջերմորեն ողջունեցին ինձ։ Ժողովի հանդիպումից հետո մի ընտանիք նույնիսկ հրավիրեց ընթրիքի։

 Վկաների օգնությամբ Աստվածաշունչը ուսումնասիրելու արդյունքում ես իմացա, որ Եհովա Աստված սիրող Հայր է և հոգ է տանում մեր մասին՝ անկախ մեր ֆինանսական վիճակից, հասարակական դիրքից, ռասայական պատկանելությունից և ստացած կրթությունից։ Նա իսկապես անկողմնակալ է (Գործեր 10։34, 35)։ Վերջապես հոգևոր կարիքներս բավարարվեցին։ Իմ ներսում եղած դատարկությունը վերացավ։

ԻՆՉ ՕԳՈՒՏՆԵՐ ԵՄ ՍՏԱՑԵԼ

 Իմ կյանքում արմատական փոփոխություններ սկսեցին տեղի ունենալ։ Ես դադարեցի ծխելուց, խմիչքը չարաշահելուց և անվայել խոսքեր ասելուց։ Վիրավորվածության զգացումը, որ ունեի փոքր տարիքից, և մղձավանջներս ի չիք եղան։ Ես հաղթահարեցի խորապես արմատացած թերարժեքության զգացումը, որը, կարծում եմ, մանկությանս տարիների զգացական վերքերի և թերի կրթություն ունենալու պատճառով էր առաջացել։

 Ես հրաշալի կին ունեմ, որը սիրում է Եհովային և մեծապես աջակցում է ինձ։ Այժմ ծառայում եմ որպես շրջագայող վերակացու. այցելում եմ ժողովներ, որ քաջալերեմ և ուսուցանեմ իմ եղբայրներին ու քույրերին՝ իմ հոգևոր ընտանիքին։ Աստվածաշնչի բուժիչ ազդեցության և Աստծու տված գերազանց կրթության շնորհիվ այլևս ինքս ինձնից չեմ ամաչում։

Ես ու կինս ուրախությամբ օգնում ենք ուրիշներին, ինչպես որ ինձ են օգնել