Անցնել բովանդակությանը

ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉԸ ՓՈԽՈՒՄ Է ԿՅԱՆՔԵՐԸ

«Այլևս դաժան մարդ չեմ»

«Այլևս դաժան մարդ չեմ»
  • Ծննդյան տարեթիվը՝ 1973

  • Երկիրը՝ Ուգանդա

  • Նախկինում՝ դաժան, անբարո և հարբեցող

ԻՄ ԱՆՑՅԱԼԸ

 Ծնվել եմ Ուգանդայի Գոմբա մարզում։ Այնտեղ ապրող մարդկանց մեծ մասը շատ աղքատ էր։ Մեր քաղաքում էլեկտրականություն չկար, այդ իսկ պատճառով գիշերները լամպ էինք վառում։

 Ծնողներս հողագործներ էին։ Նրանք Ռուանդայից էին Ուգանդա տեղափոխվել։ Սուրճ և բանան էին աճեցնում, իսկ բանանից պատրաստում էին խմիչք՝ «ուարագե», որը շատ հայտնի է այս տարածքում։ Ծնողներս նաև հավեր, այծեր, խոզեր և կովեր էին պահում։ Իմ մշակույթի և դաստիարակության պատճառով կարծում էի, թե կինը պետք է ամեն հարցում հպատակվի իր ամուսնուն և երբեք չարտահայտի իր կարծիքը։

 Երբ 23 տարեկան էի, տեղափոխվեցի Ռուանդա, որտեղ իմ հասակակիցների հետ պարային ակումբներ էի գնում։ Այնքան շատ էի գնացել այդ ակումբներից մեկը, որ տնօրինությունը ինձ անվճար մուտքի քարտ էր տվել։ Նաև շատ էի սիրում բռնության տեսարաններ պարունակող ֆիլմեր դիտել։ Այդպիսով՝ շրջապատս և ընտրածս զվարճությունները ինձ դարձրել էին դաժան, անբարո և հարբեցող մարդ։

 2000 թ.-ին սկսեցի ապրել մի կնոջ հետ, որի անունը Սկոլաստիկ Կաբագուիրա էր։ Մենք երեք երեխա ունեցանք։ Դաստիարակությանս պատճառով պահանջում էի, որ ինձ դիմավորելիս և որևէ բան խնդրելիս Սկոլաստիկը ծնկի գա։ Ես նաև պնդում էի, որ մեր ողջ ունեցվածքը միայն իմ սեփականությունն է, և որ ես դրա հետ կարող եմ անել այն, ինչ ուզում եմ։ Գիշերները հաճախ էի դուրս գալիս և առավոտյան ժամը երեքին հարբած վերադառնում էի տուն։ Դուռը թակում էի, և եթե Սկոլաստիկը այն ուշ էր բացում, ծեծում էի նրան։

 Այդ ժամանակ ես մի անվտանգության ընկերությունում վերահսկիչ էի աշխատում և բարձր աշխատավարձ էի ստանում։ Սկոլաստիկը փորձում էր համոզել ինձ, որ իր հետ գնամ հիսունականների եկեղեցի՝ հուսալով, որ դա կփոխի ինձ։ Բայց ես չցանկացա նրա հետ գնալ։ Սկսեցի մեկ ուրիշ կնոջ սիրահետել։ Իմ դաժան և անբարո վարքի պատճառով Սկոլաստիկը վերցրեց մեր երեք երեխաներին և գնաց իր ծնողների տուն։

 Մի օր տարեց ընկերներիցս մեկը ինձ հետ խոսեց իմ ապրելակերպի մասին։ Նա հորդորեց ինձ, որ գնամ և հետ բերեմ Սկոլաստիկին։ Նա նաև ասաց, որ իմ հիանալի երեխաները արժանի չեն նման վերաբերմունքի և որ չպետք է իրենց հորից առանձին ապրեն։ Ուստի 2005 թ.-ին ես թողեցի խմելը, բաժանվեցի սիրուհուցս և հետ բերեցի Սկոլաստիկին։ 2006 թ.-ին մենք ամուսնացանք։ Բայց ես դեռ նույն դաժան անձնավորությունն էի և վատ էի վերաբերվում կնոջս։

ԻՆՉՊԵՍ ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉԸ ՓՈԽԵՑ ԻՄ ԿՅԱՆՔԸ

 2008 թ.-ին Ջոել անունով մի Եհովայի Վկա այցելեց մեզ, և ես լսեցի նրան։ Դրանից հետո մի քանի ամիս շարունակ նա ինձ այցելում էր Բոնավենտուր անունով մի եղբոր հետ, և մենք աստվածաշնչյան խոր քննարկումներ էինք ունենում։ Ես շատ հարցեր էի տալիս։ Հարցերս հիմնականում «Հայտնություն» գրքից էին։ Փորձում էի համոզել, որ Վկաները սխալ են։ Օրինակ՝ հարցնում էի, թե նրանք ինչպես կարող են պնդել, որ Հայտնություն 7։9-ում նշված «մեծ բազմությունը» ապրելու է երկրի վրա, եթե համարում ասվում է, որ նրանք «կանգնած են գահի առջև և Գառան առջև»։ Ջոելը համբերությամբ պատասխանում էր հարցերիս։ Օրինակ՝ նա ցույց տվեց Եսայիա 66։1-ը, որտեղ Աստված երկրի մասին խոսում է որպես իր «ոտքերի պատվանդանի», հետևաբար մեծ բազմությունը կանգնած է երկրի վրա՝ Աստծու գահի առջև։ Հետո կարդացի Սաղմոս 37։29-ը, որտեղ ասվում է, որ արդարները հավիտյան ապրելու են երկրի վրա։

 Ի վերջո համաձայնեցի Աստվածաշնչի ուսումնասիրություն սկսել։ Բոնավենտուրը ուսումնասիրում էր ինձ և Սկոլաստիկի հետ։ Աստվածաշունչը ուսումնասիրելու ընթացքում ցանկացա փոփոխություններ անել իմ կյանքում։ Սովորեցի հարգանքով վերաբերվել կնոջս։ Այլևս չէի ուզում, որ նա ծնկի գար ինձ դիմավորելիս կամ որևէ բան խնդրելիս։ Էլ չէի մտածում, որ մեր ունեցվածքը միայն ինձ է պատկանում։ Սկսեցի չդիտել բռնություն պարունակող ֆիլմեր։ Այս փոփոխություններն անելը դժվար էր։ Դրա համար ինքնատիրապետում և խոնարհություն էր պահանջվում։

Աստվածաշունչն օգնեց ինձ, որ ավելի լավ ամուսին դառնամ

 Դրանից մի քանի տարի առաջ մեր ավագ որդուն՝ Քրիստիանին, տարել էի Ուգանդա, որ ապրեր մեր բարեկամների հետ։ Սակայն Երկրորդ Օրենք 6։4–7 համարները կարդալուց հետո հասկացա, որ Աստծու առաջ ես և կինս ենք պատասխանատու մեր երեխաներին հոգ տանելու համար, որը ներառում էր նաև նրանց՝ Աստծու սահմանած չափանիշները սովորեցնելը։ Բոլորս շատ երջանիկ էինք, երբ նրան տուն բերեցինք։

ԻՆՉ ՕԳՈՒՏՆԵՐ ԵՄ ՍՏԱՑԵԼ

 Ես իմացա, որ Եհովան ողորմած Աստված է։ Ես հավատում եմ, որ նա ներել է ինձ իմ նախկին ապրելակերպի համար։ Շատ ուրախ եմ, որ Սկոլիստիկն էլ սկսեց Աստվածաշունչ ուսումնասիրել։ Մենք մեր կյանքը նվիրեցինք Եհովային և 2010 թ. դեկտեմբերի 4-ին մկրտվեցինք։ Հիմա մենք փոխադարձ վստահություն ունենք և հաճույքով կիրառում ենք աստվածաշնչյան սկզբունքները մեր կյանքում։ Կինս շատ ուրախ է, որ աշխատանքս ավարտելուց հետո անմիջապես տուն եմ գալիս։ Նա նաև շատ է գնահատում այն, որ իրեն հարգանքով և արժանապատվությամբ եմ վերաբերվում, որ անձամբ եմ որոշել թողնել խմելը և որ այլևս դաժան չեմ։ 2015 թ.-ին նշանակվեցի երեց, իսկ մեր հինգ երեխաներից երեքն արդեն մկրտված են։

 Երբ սկսեցի Եհովայի վկաների հետ ուսումնասիրել Աստվածաշունչը, նրանց ասածներին կուրորեն չէի հավատում։ Շատ էի տպավորվում, երբ իմ հարցերի պատասխանները նրանք Աստվածաշնչից էին տալիս։ Սկոլաստիկը և ես համոզվեցինք, որ նրանք, ովքեր պնդում են, թե ճշմարիտ Աստծուն են ծառայում, պետք է նրա չափանիշների համաձայն ապրեն և ոչ թե հնազանդվեն միայն այն օրենքներին, որոնք իրենց է հարմար։ Շատ երախտապարտ եմ Եհովային, որ նա ձգել է ինձ դեպի իրեն, և որ այժմ նրա հոգևոր ընտանիքի մի մասն եմ։ Հետ նայելով իմ կյանքին՝ կարող եմ համոզվածությամբ ասել, որ ցանկացած անկեղծ մարդ կարող է Աստծու օգնությամբ փոխվել և հաճեցնել նրան։