Անցնել բովանդակությանը

Գերմանիայում շարժական ցուցատախտակները «արձակուրդ են գնում»

Գերմանիայում շարժական ցուցատախտակները «արձակուրդ են գնում»

Ողջ աշխարհում խոշոր քաղաքներում անցորդները սովոր են տեսնելու շարժական ցուցատախտակներ, որոնց վրա ներկայացված է Եհովայի վկաների կողմից հրատարակված աստվածաշնչյան գրականություն։ Օրինակ՝ Գերմանիայում Վկաները գրականության շարժական ցուցատախտակներ են դնում Բեռլինում, Քյոլնում, Համբուրգում, Մյունխենում և այլ աշխույժ քաղաքներում։

Սակայն արդյո՞ք այս գրավիչ ցուցատախտակները նույնքան արդյունավետ կլինեին փոքր քաղաքներում, որտեղ գերմանացիներն իրենց արձակուրդն են անցկացնում։ Դրանք ինչպե՞ս կընդունեին հյուսիսի քաղաք-հանգստավայրերի և ծովափնյա վայրերի, ինչպես նաև Բալթիկ ու Հյուսիսային ծովերի կղզիների բնակիչները։ Այս հարցերին պատասխանելու համար 2016թ.-ին Եհովայի վկաների՝ Կենտրոնական Եվրոպայի մասնաճյուղը մի հատուկ բան նախաձեռնեց։ Մայիսից հոկտեմբեր ընկած ժամանակահատվածում մոտ 800 Վկաներ, որոնցից մի քանիսը եկել էին նույնիսկ Վիեննայից (Ավստրիա), և որոնք գրականության ցուցատախտակներով ծառայում են խոշոր քաղաքներում, կամավորագրվեցին ցուցատախտակներ դնելու Գերմանիայի հյուսիսում՝ մոտ 60 վայրերում։

«Քաղաքի մի մասը»

Վկաները ջերմ ընդունելության արժանացան։ Կամավորներից մեկը պատմում է. «Մարդիկ հետաքրքրություն էին ցույց տալիս։ Նրանք ընկերական էին, հետաքրքրասեր և պատրաստ զրուցելու»։ Հայդին, որը մեկնել էր Պլյոն քաղաք, ասում է. «Մի քանի օրից մարդիկ մեզ սկսեցին համարել քաղաքի մի մասը։ Ոմանք, մեզ ճանաչելով, ձեռքով էին անում»։ Մի կույր մարդ նշաններով հետևյալն ասաց նրանց. «Դուք ամենուրեք եք»։ Նա և նրա ընկերները տուն էին վերադառնում Գերմանիայի հարավ-արևելքում խուլերի համար անցկացված հավաքույթից։ Նա այնտեղ նույնպես հանդիպել էր Եհովայի վկաների։

Տեղաբնակներից ոմանք նույնիսկ իրենց օգնությունը առաջարկեցին։ Վանգերոգե կղզում մի ոստիկան մոտեցավ Վկաներին և բարյացակամորեն ասաց, թե ինչպես նրանք կարող են ավելի շատ մարդկանց հանդիպել։ Մի անգամ Մյուրիցի Վարեն քաղաքում, երբ նավով շրջելիս նավապետը ուղևորներին ցույց էր տալիս տեսարժան վայրերը, մատնացույց արեց նավահանգստում գտնվող գրականության ցուցատախտակին և ասաց. «Իսկ այնտեղ դուք կարող եք իմանալ Աստծու մասին»։ Մի քանի հանգստացողներ մոտեցան և սկսեցին կարդալ ցուցատախտակների պաստառների վրա գրվածը։

Զբոսաշրջիկներին և տեղացիներին հետաքրքրում էին հետևյալ երեք գրքույկները։

  • «Աստված հոգ տանո՞ւմ է մեր մասին»։ Մի զբոսաշրջիկ ասաց. «Ես երկար ժամանակ ինքս ինձ տվել եմ այս հարցը։ Հիմա, երբ արձակուրդի մեջ եմ, վերջապես ժամանակ ունեմ կարդալու այդ մասին»։

  • «Բարի լուր Աստծուց»։ Մի տարեց մարդ Վկաներին ասաց, որ հիասթափվել է կրոնից։ Նրանք օգնեցին նրան հասկանալու, որ ոչ մի մարդ չի կարող լուծել մեր խնդիրները։ Միայն Աստված կարող է դա անել։ Այդ մարդը ուրախությամբ վերցրեց գրքույկը և խոստացավ կարդալ այն։

  • «Իմ դասը Աստվածաշնչից»։ Մի հայր իր փոքրիկ աղջկան թույլ տվեց վերցնել այդ գրքույկը, որը նախատեսված է հատկապես փոքրիկների համար։ Այդ տղամարդը վերցրեց նաև «Աստվածաշնչի պատմությունների իմ ժողովածուն» գրքի մի օրինակ և ասաց. «Սա օգտակար կլինի ընտանիքիս համար»։

Անցորդները վերցրին ավելի քան 3600 հրատարակություններ։ Որոշ մարդիկ խնդրեցին Վկաներին, որ այցելեն իրենց և շարունակեն զրույցը։

Վկաներին շատ դուր եկավ այս նախաձեռնությունը։ Յորգն ու իր կինը՝ Մարինան, մեկնել էին Բալթիկ ծովի մոտ գտնվող մի վայր։ «Դա մի յուրահատուկ նվեր էր,— ասում են նրանք։— Մենք կարող էինք վայելել Աստծու ստեղծագործությունը և միևնույն ժամանակ ուրիշների հետ խոսել նրա մասին»։ Իսկ 17-ամյա Լուկասը պատմում է. «Ինձ շատ դուր եկավ այն։ Ես ոչ միայն հրաշալի ժամանակ անցկացրի, այլև մի շատ արժեքավոր բան փոխանցեցի ուրիշներին»։