Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

Յոթ խորհուրդ սննդի անվտանգության և առողջ սննդակարգի վերաբերյալ

Յոթ խորհուրդ սննդի անվտանգության և առողջ սննդակարգի վերաբերյալ

 Ինչու է կարևոր, թե ինչ ես ուտում

 Մեր առողջությունը մասամբ կախված է նրանից, թե ինչ ենք ուտում։ Եթե հետևենք սննդի անվտանգության կանոններին և ունենանք առողջ սննդակարգ, կբարելավենք մեր առողջությունը, մինչդեռ անվտանգության կանոններին չհետևելը և անառողջ սնունդը կարող են մեծ վնաս հասցնել մեր օրգանիզմին, ճիշտ ինչպես անորակ վառելիքը՝ մեքենային։ Հնարավոր է՝ վատ հետևանքները միանգամից ի հայտ չգան, բայց ժամանակի ընթացքում դրանք հաստատ կլինեն (Գաղատացիներ 6։7

 Ըստ Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ)՝ բոլոր երկրներում էլ կա թերսնուցման խնդիրը։ «Թերսնուցում» տերմինը վերաբերում է ոչ միայն քիչ սնվելուն, այլ նաև ավելորդ քաշին և գիրությանը։ Շատ հաճախ անառողջ սնունդ և ըմպելիքներ օգտագործելը բարձրացնում է սրտանոթային հիվանդությունների, ինսուլտի, շաքարային դիաբետի և քաղցկեղի առաջացման հավանականությունը։ Ըստ մի հետազոտության՝ 2017 թ. ընթացքում 11 մլն մարդ է մահացել թերսնուցման պատճառով։ ԱՀԿ-ի հայտնած տեղեկությունների համաձայն՝ սննդային թունավորումից ամեն օր մահանում է ավելի քան 1000 մարդ, իսկ հարյուր միլիոնավորներն էլ լուրջ առողջական խնդիրների են բախվում։

 Աստվածաշունչը խրախուսում է մեզ լուրջ վերաբերվել նման հարցերին։ Այնտեղ ասվում է, որ Աստված է «կյանքի աղբյուրը» (Սաղմոս 36։9)։ Կյանքը նվեր է, և մենք ցույց կտանք մեր գնահատանքը այդ նվերի հանդեպ, եթե հոգանք մեր և մեր ընտանիքի առողջության մասին։ Եկեք տեսնենք, թե ինչպես կարող ենք դա անել։

 Չորս խորհուրդ սննդի անվտանգության վերաբերյալ

 1. Ճիշտ պատրաստեք կերակուրը։

 Ինչո՞ւ։ Վնասակար մանրէները a աղտոտված սննդի կամ ջրի միջոցով կարող են ներթափանցել ձեր օրգանիզմ և հիվանդությունների պատճառ դառնալ։

 Առողջապահության մասնագետները խորհուրդ են տալիս հետևյալը։

  •   Նախքան սնունդ պատրաստելը ջրով և օճառով լավ լվացեք ձեր ձեռքերը։ b Տրորեք ձեռքերը առնվազն 20 վայրկյան։ Շփեք ձեռքի երկու կողմերը և մատների արանքը, մի՛ մոռացեք նաև մաքրել եղունգների տակը։ Վերջում ցայեք և չորացրեք ձեռքերը։

  •   Ջրով և օճառով լվացեք կտրատելու տախտակը, սպասքը և այն ամենը, ինչը դիպչելու է ուտելիքին։ Նույն տախտակը մի՛ օգտագործեք ջերմամշակման ենթակա և ոչ ենթակա սննդի համար։

  •   Լվացեք մրգերն ու բանջարեղենը, նաև ախտահանեք դրանք, եթե ապրում եք այնպիսի տարածքում, որտեղ բերքը հնարավոր է՝ ոռոգվել է կոյուղաջրերով։

 2. Իրարից առանձնացրեք եփած և հում մթերքը։

 Ինչո՞ւ։ Հում մթերքի, օրինակ՝ մսի և արյունաջրի մեջ եղող մանրէները կարող են աղտոտել մնացած սննդամթերքը։

 Առողջապահության մասնագետները խորհուրդ են տալիս հետևյալը։

  •   Գնումներից հետո տուն վերադառնալիս և սննդամթերքը տեղավորելու ժամանակ հում մթերքը՝ հատկապես մսեղենը, և պատրաստի ուտելիքը առանձին պահեք։

  •   Հում միս կտրատելուց հետո՝ նախքան այլ մթերքի անցնելը, մանրակրկիտ լվացեք ձեր ձեռքերը, դանակը և կտրատելու տախտակը։

 3. Հավաստիացեք, որ ջերմամշակման ենթակա մթերքը ինչպես հարկն է եփվել է։

 Ինչո՞ւ։ Վնասակար մանրէները վերանում են բավականին բարձր ջերմաստիճանում։

 Առողջապահության մասնագետները խորհուրդ են տալիս հետևյալը։

  •   Մթերքը պետք է բավականաչափ եփվի։ Ջերմամշակման ենթարկվող յուրաքանչյուր մթերքի, այդ թվում՝ մսի ներսի ջերմաստիճանը պետք է հասնի առնվազն 70°C (160°F), և մթերքը այդ ջերմաստիճանում պետք է եփվի ամենաքիչը 30 վայրկյան։

  •   Ապուրները հասցրեք եռման ջերմաստիճանի։

  •   Պատրաստի կերակուրը ուտելուց առաջ տաքացրեք այնքան, որ սկսի գոլորշի բարձրանալ։

 4. Ճիշտ ջերմաստիճանում պահեք մթերքը։

 Ինչո՞ւ։ Եթե ուտելիքը պահվի 5-60°C (40–140°F) ջերմաստիճանում ընդամենը 20 րոպե, ապա դրա մեջ մանրէների քանակը կկրկնապատկվի։ Ավելին, եթե հում միսը պահվի սխալ ջերմաստիճանում, ապա նրանում առկա որոշ բակտերիաներ կարող են արտադրել թունավոր նյութեր, որոնք չեն վերանա անգամ միսն եփելուց հետո։

 Առողջապահության մասնագետները խորհուրդ են տալիս հետևյալը։

  •   Մանրէների աճը դանդաղեցնելու կամ կանխելու համար մթերքը պահեք ոչ թե գոլ, այլ տաք կամ սառը վիճակում։

  •   Կերակուրը երկու ժամից ավել սենյակային ջերմաստիճանում մի՛ թողեք։ Իսկ եթե սենյակում ջերմաստիճանը 32°C (90°F)-ից բարձր է, թողեք ոչ ավել, քան մեկ ժամ։

  •   Եփված ուտելիքը մինչև մատուցելը շատ տաք վիճակում պահեք։

 Երեք խորհուրդ առողջ սննդակարգի վերաբերյալ

 1. Ամեն օր օգտագործեք տարբեր տեսակի մրգեր և բանջարեղեն։

 Մրգերն ու բանջարեղենը պարունակում են վիտամիններ, միկրոէլեմենտներ և այլ նյութեր, որոնք շատ կարևոր են լավ առողջություն ունենալու համար։ Ըստ ԱՀԿ-ի՝ մարդու օրգանիզմին ամեն օր անհրաժեշտ է առնվազն 400 գրամ միրգ և բանջարեղեն։ Ընդ որում, սա չի վերաբերում օսլա պարունակող արմատապտուղներին, օրինակ՝ կարտոֆիլին։

 2. Մի՛ չարաշահեք ճարպերն ու յուղերը։

 ԱՀԿ-ն խորհուրդ է տալիս սահմանափակել տապակած, պահածոյացված մթերքի և պատրաստի թխվածքների ու այլ անառողջ սննդի օգտագործումը, քանի որ դրանք շատ հաճախ պարունակում են ոչ օգտակար ճարպեր։ Հնարավորության դեպքում ուտելիք պատրաստելիս օգտագործեք չհագեցած ճարպաթթուներ պարունակող բուսական ծագման յուղեր։ c Այս յուղերը ավելի օգտակար են օրգանիզմի համար, քան հագեցած ճարպաթթուներ պարունակող յուղերը։

 3. Սահմանափակեք աղի և շաքարի օգտագործումը։

 ԱՀԿ-ն խորհուրդ է տալիս չափահասներին օրական մեկ թեյի գդալից ավել աղ չօգտագործել, իսկ ազատ շաքար օգտագործել ոչ ավել, քան 60 միլիլիտր (12 թեյի գդալ)։ d Շատ պահածոյացված ուտելիքներ և ըմպելիքներ պարունակում են մեծ քանակությամբ շաքար։ Օրինակ՝ սովորական 355 մլ (12 ունցիա) ծավալով զովացուցիչ ըմպելիքը կարող է պարունակել մինչև 50 մլ (10 թեյի գդալ) շաքար։ Թեև այսպիսի ըմպելիքները բարձր կալորիականություն ունեն, բայց օգտակար չեն։

 Աստվածաշնչում ասվում է. «Խորագետը տեսնում է փորձանքը և թաքնվում, բայց անփորձները առաջ են գնում ու պատժվում» (Առակներ 22։3)։ Եթե մեր սնվելու սովորություններում խորագիտություն դրսևորենք և անհրաժեշտության դեպքում փոփոխություններ անենք, ցույց կտանք, որ գնահատում ենք Աստծու կողմից մեզ տրված կյանքն ու առողջությունը։

 Տարածված սխալ կարծիքներ

 Սխալ կարծիք։ Եթե ուտելիքի տեսքը, հոտը և համը նորմալ են, ուրեմն այն անվտանգ է։

 Փաստ։ Մեկ լիտր (1 կվարտ) ջրում պետք է լինի ավելի քան 10 միլիարդ բակտերիա, որպեսզի այն պղտոր տեսք ունենա, սակայն 15-ից 20 վտանգավոր բակտերիան բավական է, որպեսզի մարդը հիվանդանա։ Հավաստիանալու համար, որ այն, ինչ ուտում և խմում ես, ապահով է, պատրաստիր, մատուցիր և պահիր դրանք՝ հաշվի առնելով ջերմաստիճանի և ժամանակի հետ կապված ցուցումները։

 Սխալ կարծիք։ Ճանճերը չեն փչացնում մթերքը։

 Փաստ։ Ճանճերը հիմնականում սնվում են արտաթորանքով և բազմանում են այդպիսի կեղտոտ միջավայրում, այդ իսկ պատճառով իրենց ոտքերի վրա կան միլիոնավոր ախտածին մանրէներ։ Պատրաստի ուտելիքը ճանճերից պաշտպանելու համար այն ամբողջությամբ ծածկիր։

 Սխալ կարծիք։ «Այնքան եմ անառողջ սնվել, որ սննդակարգս փոխելը ինձ ոչնչով չի օգնի»։

 Փաստ։ Գիտնականները պարզել են, որ առողջ սննդակարգը նվազեցնում է վաղաժամ մահվան հավանականությունը, և որքան երկար հետևես այդ սննդակարգին, այնքան ավելի առողջ կլինես։

a Մանրէները, կամ՝ միկրոբները շատ փոքր կենդանի օրգանիզմներ են, որոնք անզեն աչքով տեսանելի չեն։ Դրանց թվին են պատկանում բակտերիաները, վիրուսները և մակաբույծները։ Որոշ մանրէներ օգտակար են, բայց կան նաև վնասակար մանրէներ, որոնք կարող են վտանգել ձեր առողջությունը և անգամ մահվան պատճառ դառնալ։

b Թեև ջուրը հեռացնում է մանրէները, սակայն օճառի հետ այն ավելի արդյունավետ է։

c Չհագեցած ճարպաթթուներ պարունակող յուղերը սենյակային ջերմաստիճանում հեղուկ են, ոչ թե պինդ։

d Ազատ շաքար են համարվում խտացված կամ մշակում անցած շաքարները, օրինակ՝ շաքարավազը, մեղրը, օշարակները և մրգային հյութերը: Այս շարքին չի դասվում թարմ մրգերի և բանջարեղենի, ինչպես նաև կաթի մեջ պարունակվող բնական շաքարը։