Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

Ինչպես պայքարել համավարակային հյուծվածության դեմ

Ինչպես պայքարել համավարակային հյուծվածության դեմ

 COVID-19 համավարակի սպառնալիքի պայմաններում ապրելը քեզ ուժասպա՞ռ է արել։ Եթե այո, դու միայնակ չես։ Ամիսներ շարունակ մարդիկ ամբողջ աշխարհում ստիպված են հարմարվել այն իրավիճակին, որն առաջացել է կորոնավիրուսի պատճառով։ Առողջապահության համաշխարհային կազմակերպության եվրոպական տարածաշրջանային գրասենյակի տնօրեն Հանս Կլյուգեն նշում է. «Շատերը մեծ զոհողություններ են արել, որ կանխարգելեն COVID-19-ի տարածումը։ Բնական է, որ մարդ այսպիսի իրավիճակում կլինի հյուծված, կունենա խանդավառության բացակայություն և անտարբերության զգացում»։

 Եթե համավարակային հյուծվածության նշաններ ես նկատում, մի՛ հուսահատվիր։ Այս լարված ժամանակներում շատերն Աստվածաշնչի օգնությամբ հաղթահարել են կյանքի դժվարությունները։ Այն քեզ էլ կարող է օգնել։

 Ի՞նչ է համավարակային հյուծվածությունը

 Համավարակային հյուծվածությունը հիվանդություն չէ։ Դա տերմին է, որը նկարագրում է մարդու օրգանիզմի արձագանքը համավարակի պատճառով առաջացած տևական անորոշությանը և կտրուկ փոփոխություններին։ Ճիշտ է, տարբեր մարդկանց պարագայում այն տարբեր կերպերով է արտահայտվում, սակայն որոշ ախտանիշներ ընդհանուր են։ Դրանք են՝

  •   խանդավառության պակասը

  •   ախորժակի կորուստը և քնի խանգարումը

  •   դյուրագրգռությունը

  •   սովորաբար առանց դժվարության կատարվող գործերն անելիս լարվածության զգացումը

  •   ցրվածությունը

  •   հուսահատության զգացումը

 Ի՞նչ առումով է համավարակային հյուծվածությունը վտանգավոր

 Համավարակով պայմանավորված հյուծվածությունը լուրջ սպառնալիք է թե՛ մեր, թե՛ ուրիշների առողջության համար։ Եթե չպայքարենք դրա դեմ, գուցե սկսենք աստիճանաբար կորցնել կորոնավիրուսից պաշտպանվելու անվտանգության կանոններին հետևելու ցանկությունը։ Հնարավոր է, որ ժամանակի ընթացքում սկսենք անտեսել վիրուսով վարակվելու վտանգը, չնայած որ այն տարածվում է ու շարունակում է մարդկանց մահվան պատճառ դառնալ։ Սահմանափակումներից հոգնած՝ մենք գուցե ձգտենք ավելի շատ ազատություն ունենալ, ինչը կարող է վտանգի ենթարկել ոչ միայն մեր, այլև ուրիշների կյանքը։

 Այս լարված ժամանակներում շատերը համոզվել են աստվածաշնչյան հետևյալ խոսքերի ճշմարտացիության մեջ. «Եթե նեղության օրը վհատվես, քո ուժը խղճուկ կլինի» (Առակներ 24։10)։ Աստվածաշնչյան սկզբունքները կօգնեն մեզ հաղթահարել ճնշող իրավիճակները, այդ թվում նաև՝ այս համավարակը։

 Աստվածաշնչյան ո՞ր սկզբունքները կօգնեն հաղթահարել համավարակային հյուծվածությունը

  •   Ֆիզիկական հեռավորություն պահպանիր, բայց մի՛ մեկուսացիր

     Ինչ է ասում Աստվածաշունչը. «Իսկական ընկերը.... նեղ օրվա համար է ծնված» (Առակներ 17։17

     Ինչու է դա կարևոր։ Իսկական ընկերների հետ շփումը կերտիչ է (1 Թեսաղոնիկեցիներ 5։11)։ Իսկ երկարատև մեկուսացումը կարող է վնասել մեր առողջությունը (Առակներ 18։1

     Փորձիր հետևյալը։ Տեսազանգերի, հեռախոսազանգերի, էլեկտրոնային նամակների և հաղորդագրությունների միջոցով կապ պահպանիր ընկերներիդ հետ։ Երբ տրամադրություն չես ունենում, զանգիր նրանց։ Կանոնավոր կապ պահիր նրանց հետ և հետաքրքրվիր նրանց որպիսությամբ։ Պատմեք, թե ինչն է օգնում ձեզ այս ընթացքում։ Մտածիր, թե ինչ լավ բան կարող ես անել ընկերոջդ համար։ Դա երկուսիդ տրամադրությունն էլ կբարձրացնի։

  •   Լավագույնս օգտվիր հանգամանքներիցդ

     Ինչ է ասում Աստվածաշունչը. «Ձեզ համար գնեք հարմար ժամանակը» (Եփեսացիներ 5։16

     Ինչու է դա կարևոր։ Ժամանակդ խելամտորեն օգտագործելով՝ դրական մտավիճակ կպահպանես ու անտեղի չես անհանգստանա (Ղուկաս 12։25

     Փորձիր հետևյալը։ Փոխանակ կենտրոնանալու այն բանի վրա, թե ինչ այլևս չես կարող անել՝ մտածիր այն լավ բաների մասին, որոնցով կարող ես զբաղվել հիմա։ Օրինակ՝ ի՞նչ մտահղացումներ կամ հոբբիներ ունես, որոնց համար նախկինում ժամանակ չկար։ Կարո՞ղ ես ավելի շատ ժամանակ անցկացնել ընտանիքիդ հետ։

  •   Գրաֆիկ կազմիր

     Ինչ է ասում Աստվածաշունչը. «Ամեն ինչ թող.... կարգուկանոնով լինի» (1 Կորնթացիներ 14։40

     Ինչու է դա կարևոր։ Շատերն ավելի հանգիստ և ուրախ են, երբ գրաֆիկով են ապրում։

     Փորձիր հետևյալը։ Այնպիսի գրաֆիկ կազմիր, որը կհամապատասխանի ներկա իրադրությանը։ Ժամանակ սահմանիր, թե երբ ես գնալու աշխատանքի, անելու դպրոցի հանձնարարություններդ կամ տան գործերդ։ Մի՛ մոռացիր նաև հոգևոր գործերի մասին։ Առօրյայում ընդգրկիր նաև զբաղմունքի այլ օգտակար ձևեր։ Օրինակ՝ նպատակ դիր ընտանիքիդ հետ ժամանակ անցկացնել, ավելի հաճախ դուրս գալ և մարմնամարզությամբ զբաղվել։ Ժամանակ առ ժամանակ վերանայիր գրաֆիկդ և անհրաժեշտության դեպքում փոփոխություններ արա։

  •   Հարմարվիր փոփոխվող եղանակներին

     Ինչ է ասում Աստվածաշունչը. «Խորագետը տեսնում է փորձանքը և թաքնվում, բայց անփորձները առաջ են գնում ու պատժվում» (Առակներ 22։3

     Ինչու է դա կարևոր։ Կախված բնակավայրից՝ եղանակների փոփոխության պատճառով թերևս սկսես թարմ օդի ու արևի լույսի պակաս զգալ, որոնք կարևոր են ֆիզիկական ու հոգեկան առողջության համար։

     Փորձիր հետևյալը։ Եթե մոտենում է ձմեռը, այնպիսի փոփոխություններ արա, որ հյուրասենյակն ու աշխատասենյակը հնարավորինս լուսավոր լինեն։ Մտածիր, թե ինչով կարող ես զբաղվել դրսում, եթե նույնիսկ եղանակը ցուրտ է։ Տաք հագնվիր, որ կարողանաս երկար ժամանակ մնալ դրսում։

     Իսկ եթե ամառ է, դրսում շատ մարդիկ կլինեն, այնպես որ զգույշ եղիր։ Պլանավորիր, թե ուր ես գնալու, և այնպիսի ժամ ընտրիր, որ այդ վայրը մարդաշատ չլինի։

  •   Շարունակիր հետևել կորոնավիրուսից պաշտպանվելու կանոններին

     Ինչ է ասում Աստվածաշունչը. «Իմաստունը վախենում է և հեռու է մնում չարությունից, բայց հիմարը կատաղում է ու ինքնավստահ դառնում» (Առակներ 14։16

     Ինչու է դա կարևոր։ COVID-19-ը մահացու հիվանդություն է, և եթե թուլացնենք մեր զգոնությունը, հնարավոր է՝ վարակվենք։

     Փորձիր հետևյալը։ Կանոնավոր ստուգիր վստահելի աղբյուրները, որպեսզի հավաստիանաս, որ հետևում ես բոլոր կանոններին։ Մտածիր, թե քո քայլերն ինչպես կանդրադառնան քո, քո ընտանիքի, ինչպես նաև ուրիշների վրա։

  •   Ամրացրու փոխհարաբերություններդ Աստծու հետ

     Ինչ է ասում Աստվածաշունչը. «Մոտեցեք Աստծուն, և նա կմոտենա ձեզ» (Հակոբոս 4։8

     Ինչու է դա կարևոր։ Աստված կարող է օգնել, որ հաղթահարես ցանկացած դժվարություն (Եսայիա 41։13

     Փորձիր հետևյալը։ Ամեն օր մի հատված կարդա Աստվածաշնչից։ Սկզբի համար կարող ես Աստվածաշնչի ընթերցանության գրաֆիկից օգտվել։

 Դու կարող ես նաև կապ հաստատել Եհովայի վկաների հետ և ճշտել, թե համավարակի ընթացքում նրանք ինչպես են կազմակերպում ժողովի հանդիպումները, որպեսզի հնարավորության դեպքում դու էլ կարողանաս մասնակցել դրանց և օգուտներ քաղել։ Առայսօր նրանք իրենց ժողովի հանդիպումները, Հիսուսի մահվան հիշատակի երեկոն և եռօրյա համաժողովն անցկացրել են տեսակապի միջոցով։

 Աստվածաշնչյան համարներ, որոնք կօգնեն հաղթահարելու համավարակային հյուծվածությունը

 Եսայիա 30։15. «Ձեր զորությունը հանգստության և ապավինության մեջ կլինի»։

 Նշանակությունը։ Աստծու խորհուրդներին հետևելը մեզ կարող է օգնել, որ հանգստություն պահպանենք այս դժվար ժամանակներում։

 Առակներ 15:15. «Հարստահարվածի բոլոր օրերը վատ են, բայց ուրախ սիրտ ունեցողը միշտ խնջույքի մեջ է»։

 Նշանակությունը։ Դրական բաների վրա կենտրոնանալը կարող է օգնել մեզ ուրախ լինել նույնիսկ դժվար ժամանակներում։

 Առակներ 14։15. «Անփորձը հավատում է ամեն խոսքի, բայց խորագետը կշռադատում է իր քայլերը»։

 Նշանակությունը։ Հետևիր վիրուսից պաշտպանվելու կանոններին և մի շտապիր մտածել, թե դրանք անհարկի սահմանափակումներ են։

 Եսայիա 33:24. «Ոչ մի բնակիչ չի ասի. «Ես հիվանդ եմ»»։

 Նշանակությունը։ Աստված խոստանում է, որ կվերացնի բոլոր հիվանդությունները։