Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

ԴՈՄԻՆԿՅԱՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

«Թագավորության հույսը երազանք չէ»

Էֆրային դե լա Կրուզ

«Թագավորության հույսը երազանք չէ»
  • ԾՆՎԵԼ Է՝ 1918 թ.

  • ՄԿՐՏՎԵԼ Է՝ 1949 թ.

  • ԿԱՐՃ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆ. Չնայած մի քանի անգամ բանտարկվել է ու դաժան ծեծի ենթարկվել, երբեք չի դադարել Աստծու Թագավորության բարի լուրը քարոզել։

1948 ԹՎԱԿԱՆԻՆ ես, կինս՝ Պաուլան, և աղջիկս սկսեցինք մասնակցել Եհովայի վկաների ժողովի հանդիպումներին Բլանկո Արիբայում։ Ամեն անգամ մենք անցնում էին 40 կիլոմետր ճանապարհ։ Երբեք ոչ մի հանդիպում բաց չենք թողել։ 1949 թ. հունվարի 3-ին ես ու կինս մկրտվեցինք։

Վեց ամիս անց մեր ժողովից ոմանց հետ ձերբակալվեցինք ու դատապարտվեցինք 3 ամսվա ազատազրկման։ Մենք ստիպված էինք քնել հատակին։ Օրը մեկ անգամ էինք սնվում, մեզ տալիս էին կանաչ բանան և թեյ։ Պաշտոնյաները բանտից մեզ ազատելիս սպառնացին ու մտածեցին, թե այլևս չենք քարոզի։ Բայց երբ տուն վերադարձանք, սկսեցինք գաղտնի գնալ հանդիպումներին և քարոզել։ Քանի որ կառավարության գաղտնի գործակալները մշտապես հետևում էին մեզ, ստիպված էինք հանդիպումները անցկացնել տարբեր վայրերում՝ մասնավոր տներում, սուրճի պլանտացիաներում կամ ֆերմաներում։ Ամեն անգամ տարբեր տեղերում էինք հավաքվում ու ամեն ժողովի վերջում իմանում էինք, թե որտեղ է լինելու հաջորդը։ Մենք մենակ էինք ծառայության դուրս գալիս, մեր հագին աշխատանքային շորեր էին, որևէ գրականություն կամ նույնիսկ Աստվածաշունչ չէինք օգտագործում։ Անգամ նման զգուշավորություն դրսևորելու դեպքում ես 1949–1959 թթ.-ին յոթ անգամ 3–6 ամսով ազատազրկվել եմ տարբեր բանտերում։

Ես պետք է չափազանց զգույշ լինեի, քանի որ ինձ հետապնդողների մեջ էին նաև իմ հարազատներից ոմանք։ Թեև երբեմն գիշերում էի սարերում կամ մի ֆերմայում, որ ինձ չկարողանան բռնել, սակայն մեկ-մեկ բռնվում էի։ Մի անգամ ձերբակալելուց հետո ինձ ուղարկեցին Լա Վիկտորիա բանտ՝ Սիուդադ Տրուխիլիոյում։ Այնտեղ մի բանտախցում տեղավորում էին 50–60 կալանավորի։ Մեզ կերակրում էին օրը 2 անգամ. առավոտյան՝ եգիպտացորենի ալյուր, իսկ ցերեկը՝ փոքր չափաբաժին բրինձ լոբու հետ։ Ինչ խոսք, բոլոր Վկաները քարոզում էին իրենց բանտակիցներին։ Մենք նաև կանոնավորաբար անցկացնում էինք մեր ժողովները, որոնց ժամանակ ասում էինք այն աստվածաշնչյան համարները, որ հիշում էինք, և պատմում էինք ծառայության ժամանակ մեզ հետ պատահած դեպքերից։

Վերջին անգամ, երբ ազատազրկման մեջ էի, զինվորներից մեկը հրացանի կոթով ծեծեց ինձ՝ հարվածելով գլխիս ու կողերիս։ Թեև առայսօր կրում եմ այդ ծեծի և մյուս հալածանքների հետևանքները, սակայն դրանք ամրապնդել են հավատս, տոկունությունս ու Եհովային ծառայելու վճռականությունս։

Հիմա արդեն 96 տարեկան եմ և ժողովում ծառայող օգնական եմ։ Այլևս չեմ կարողանում երկար քայլել։ Բայց նստում եմ իմ տան առաջ ու քարոզում եմ անցորդներին։ Ինձ համար Թագավորության հույսը երազանք չէ։ Այն իրականություն է, որի մասին քարոզում եմ արդեն 60 տարուց ավելի։ Նոր աշխարհը այսօր էլ այնքան իրական է ինձ համար, որքան այն ժամանակ, երբ առաջին անգամ լսեցի այդ մասին։ *

^ պարբ. 3 Էֆրային դե լա Կրուզը մահացավ, երբ այս հոդվածը դեռ պատրաստվում էր։