Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

Կարո՞ղ ենք հաճեցնել Աստծուն

Կարո՞ղ ենք հաճեցնել Աստծուն

Աստվածաշունչ ընթերցելիս երբևէ մտածե՞լ ես, որ չես կարող լինել այն մարդկանց նման, ովքեր հայտնի են եղել որպես արդար մարդիկ։ Գուցե ասել ես. «Ես անթերի կամ արդար չեմ և միշտ չէ, որ անում եմ այն, ինչ ճիշտ է»։

Հոբը «անարատ և ուղղամիտ մարդ էր» (Հոբ 1։1)

Հոբ նահապետի մասին Աստվածաշունչը խոսում է որպես «անարատ և ուղղամիտ» մարդու (Հոբ 1։1)։ Ղովտի մասին ասվում է, որ նա «արդար մարդ» էր (2 Պետրոս 2։8)։ Իսկ Դավիթը անում էր «այն, ինչը ճիշտ է» Աստծու աչքում (1 Թագավորներ 14։8)։ Սակայն եթե ավելի շատ տեղեկություն ստանանք այս մարդկանց մասին, կտեսնենք, որ 1)  նրանք նույնպես արել են սխալներ, 2) նրանց օրինակից շատ բան կարող ենք սովորել, և որ 3) անկատար մարդիկ կարող են հաճեցնել Աստծուն։

ՆՐԱՆՔ ՍԽԱԼՆԵՐ ԵՆ ԱՐԵԼ

«[Աստված] ազատեց արդար Ղովտին, որը սաստիկ ընկճվել էր այն պատճառով, որ օրենքն արհամարհող մարդիկ անձնատուր էին եղել անառակ վարքին» (2 Պետրոս 2։7)

Հոբը չափազանց ծանր տառապանքներ կրեց, ինչը նրան անարդար էր թվում։ Նա սխալ մտածելակերպ ձեռք բերեց՝ կարծելով, որ Աստծուն չի հետաքրքրում, թե արդյոք նա կպահպանի հավատը իր հանդեպ (Հոբ 9։20–22)։ Հոբը այնքան վստահ էր սեփական արդարության վրա, որ իր ընկերների մեջ այնպիսի տպավորություն ստեղծվեց, թե նա իրեն Աստծուց ավելի արդար է համարում (Հոբ 32։1, 2; 35։1, 2

Ղովտը դանդաղում էր և չէր կարողանում մի պարզ որոշում կայացնել։ Նա սաստիկ ընկճվել էր Սոդոմ և Գոմոր քաղաքների բնակիչների անբարո վարքի պատճառով և այն աստիճան, որ «նրա արդար հոգին տանջվում էր» (2 Պետրոս 2։8)։ Աստված ասաց, որ պատրաստվում է կործանել այդ քաղաքները, և հնարավորություն տվեց Ղովտին ու նրա ընտանիքին փրկվելու։ Ուստի Ղովտը պետք է որ առաջինը հեռանար, սակայն այդ վճռական պահին նա դանդաղեց։ Այդ պատճառով Աստված ուղարկեց իր հրեշտակներին, և վերջիններս բռնեցին նրա, նրա կնոջ և երկու աղջիկների ձեռքից, որ քաղաքից դուրս հանեն (Ծննդոց 19։15, 16

Դավիթը «ամբողջ սրտով հետևեց [Աստծուն]՝ անելով միայն այն, ինչը ճիշտ է [նրա] աչքում» (1 Թագավորներ 14։8)

Դավթի կյանքում եղավ մի պահ, որ նա չկարողացավ ինքնատիրապետում դրսևորել և ուրիշի կնոջ հետ անբարոյություն գործեց։ Դեռ ավելին, իր սխալը ծածկելու համար նա սպանել տվեց այդ կնոջ ամուսնուն (2 Սամուել, 11-րդ գլուխ)։ Աստվածաշնչում ասվում է, որ Դավթի այս արարքը «չար երևաց Եհովայի աչքին» (2 Սամուել 11։27

Ինչպես տեսնում ենք, Հոբը, Ղովտը և Դավիթը սխալներ արել են և որոշ դեպքերում նույնիսկ լուրջ սխալներ։ Բայց կտեսնենք, որ նրանք ամբողջ սրտով ցանկացան հնազանդորեն ծառայել Աստծուն։ Նրանք ցույց տվեցին, որ զղջում են և պատրաստ են անհրաժեշտ փոփոխություններն անելու։ Այդ պատճառով Աստված իր հավանությունը ցույց տվեց նրանց նկատմամբ ու նրանց համարեց հավատարիմ մարդիկ։

Ի՞ՆՉ ԿԱՐՈՂ ԵՆՔ ՍՈՎՈՐԵԼ

Լինելով անկատար՝ չենք կարող խուսափել սխալներից (Հռոմեացիներ 3։23)։ Բայց երբ սխալվում ենք, պետք է ցույց տանք, որ զղջում ենք, և հետո անենք ամեն բան՝ մեր սխալը ուղղելու համար։

Ինչպե՞ս Հոբը, Ղովտը և Դավիթը ուղղեցին իրենց սխալները։ Հոբը սրտով անարատ մարդ էր։ Երբ Աստված տրամաբանեց նրա հետ, նա ուղղեց իր սխալ մտածելակերպը և հետ վերցրեց իր խոսքերը (Հոբ 42։6)։ Սոդոմի ու Գոմորի անբարո մարդկանց մասին Ղովտի տեսակետը լիովին ներդաշնակ էր Աստծու չափանիշներին։ Պարզապես մի որոշ ժամանակով Ղովտը կորցրեց իր հրատապության զգացումը։ Սակայն ի վերջո նա փախավ այն քաղաքներից, որոնք Աստված կործանման դատապարտեց։ Հնազանդվելով Աստծուն՝ Ղովտն անգամ չնայեց հետևում թողած բաներին։ Ինչ վերաբերում է Դավթին, լուրջ մեղք գործելով, նա խախտեց Աստծու օրենքը։ Սակայն անկեղծորեն զղջալով և Աստծու ողորմությունը խնդրելով՝ նա ցույց տվեց, թե ինչպիսին է իրականում իր սիրտը (Սաղմոս 51

Այս մարդկանց հանդեպ Աստծու հավանությունը ցույց է տալիս, որ նա ողջամիտ է իր ակնկալիքներում։ Աստված «լավ գիտի մեր կազմությունը, հիշում է, որ հող ենք մենք» (Սաղմոս 103։14)։ Իսկ ի՞նչ է նա ակնկալում մեզանից՝ իմանալով, որ չենք կարող խուսափել սխալվելուց։

Աստված «լավ գիտի մեր կազմությունը, հիշում է, որ հող ենք մենք» (Սաղմոս 103։14)

ԻՆՉՊԵ՞Ս ԿԱՐՈՂ ԵՆ ԱՆԿԱՏԱՐ ՄԱՐԴԻԿ ՀԱՃԵՑՆԵԼ ԱՍՏԾՈՒՆ

Սողոմոնին տված Դավթի խորհրդից հասկանում ենք, թե ինչպես կարող ենք հաճեցնել Աստծուն. «Դու, որդյա՛կ իմ Սողոմոն, ճանաչիր քո հոր Աստծուն ու ծառայիր նրան լիակատար սրտով» (1 Տարեգրություն 28։9)։ Ի՞նչ է նշանակում ծառայել Աստծուն լիակատար սրտով։ Նշանակում է ծառայել այնպիսի սրտով, որը սիրում է Աստծուն և ուզում է իմանալ ու կատարել նրա կամքը։ Ճիշտ է, այդ սիրտը կատարյալ չէ, բայց փափագում է հնազանդորեն ծառայել Աստծուն և պատրաստ է ուղղվելու։ Աստծու հանդեպ սիրո և հնազանդության շնորհիվ Հոբը կոչվեց «անարատ», Ղովտը՝ «արդար», իսկ Դավիթը «արեց միայն այն, ինչը ճիշտ է» Աստծու աչքում։ Թեև նրանք արեցին սխալներ, բայց կարողացան հաճեցնել Աստծուն։

Լիակատար սիրտը ուզում է կատարել Աստծու կամքը և լի է Աստծուն հնազանդորեն ծառայելու ուժգին ցանկությամբ

Ուստի եթե ունենում ենք բացասական մտքեր, որ չէինք ցանկանա ունենալ, ասում ենք բաներ, որոնց համար ամոթ ենք զգում, կամ անում ենք այնպիսի արարքներ, որոնց համար հետո ափսոսում ենք, կարող ենք քաջալերվել վերը նշված մարդկանց օրինակներից։ Աստված գիտի, որ այսօր չենք կարող լինել կատարյալ։ Այդուհանդերձ, նա ակնկալում է մեզնից, որ սիրենք իրեն ու ձգտենք լինել հնազանդ։ Եթե լիակատար սիրտ ունենք, ուրեմն կարող ենք համոզված լինել, որ հաճեցնում ենք Աստծուն։